Համլետ Պետրոսյան

հայ պատմաբան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Պետրոսյան (այլ կիրառումներ)

Համլետ Լենսերի Պետրոսյան (1955, փետրվարի 19, Խնածախ, ԼՂՀ Ասկերանի շրջան), պատմաբան, հնագետ, մշակութաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2012)։

Համլետ Լենսերի Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 19, 1955(1955-02-19) (65 տարեկան)
ԾննդավայրԽնածախ, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունպատմաբան, հնագետ և մշակութաբանություն
ԱշխատավայրՀայաստանի ազգագրության թանգարան և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Համլետ Պետրոսյանը ծնվել է 1955 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Խնածախ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1972 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1972-1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում` հնագիտություն մասնագիտացումով: 1978-1981 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում` ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ: 1984 թվականին «Գառնին 9-14-րդ դարերում. պատմա-հնագիտական ուսումնասիրություն» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: 2004 թվականին «Խաչքարերի ծագումը, գործառույթը, իմաստաբանությունը. պատմա-հնագիտական ուսումնասիրություն» թեմայով պաշտպանել է ատենախոսություն` ստանալով պատմական գիտությունների դոկտորի աստիճան: 2012 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

Գիտական հետաքրքրությունների հիմնական բնագավառներն են մերձավորարևելյան և հայ միջնադարյան մշակույթը և հնագիտությունը, ավանդական աշխարհընկալումը, ինքնությունը և պատկերագրությունը[1]:

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

1978-1980 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում` որպես հնեազգագրության բաժնի վարիչ, 1981-2007 թվականներին՝ հնագիտության և ազգագրության ինստիտուտում` նախ որպես գիտաշխատող, 1988 թվականից` որպես ավագ գիտաշխատող: 2007 թվականի մարտից Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչն է[2]:

Որպես փորձագետ մասնակցել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի, Բաց հասարակության ինստիտուտի քսանից ավելի հետազոտական ծրագրերի: Աղքատության հաղթահարման ռազմավարական Ծրագրի շրջանակներում մշակել է Աղքատության հաղթահարման մշակութային համակարգը: «Հայաստան» հիմնադրամի հանձնարարությամբ կազմել է Մշակութային հուշարձանների համակարգչային շտեմարանի հայեցակարգն ու գործառական մեխանիզմները, ստեղծել և տնօրինում է www.khachkar.am, www.Tigranakert.am ինտերնետային կայքերը, ՀՀ և Արցախի խաչքարերի թվային շտեմարանը, ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ` Լեռնային Ղարաբաղի իսլամական հուշարձանների թվային շտեմարանը:

Հեղինակ է տասից ավելի մենագրությունների, հարյուր հիսունից ավելի հոդվածների և հրապարակումների, որոնք լույս են տեսել Հայաստանում և արտասահմանում[3]: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների (Թբիլիսի, Օդեսա, Սուխումի, Բերկլի, Վիտորիա, Հռոմ, Ժնև, Լոս-Անջելես, Նիկոսիա, Փարիզ, Ֆլորենցիա, Լիոն, Լյուբլյանա, Երուսաղեմ), 1998 թվականին գիտական հետազոտություն է անցկացրել Միչիգանի պետական համալսարանում (ԱՄՆ):

Անդամակցում է Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդին, Մշակութաբանության գծով գիտական կոչումներ շնորհող մասնագիտական խորհրդին:

Հանդիսանում է ԵՊՀ և Ֆլորենցիայի համալսարանի համատեղ «Մետաքսի ճանապարհ. Հայաստան» գիտական ծրագրի համաղեկավարը. «Ջուղայի գերեզմանոցի թվային հայրենադարձություն» ծրագրի (Սիդնեյի կաթոլիկ համալսարան) գիտական խորհրդատուն:

Հնագիտական պեղումներԽմբագրել

Մասնակցել է Դվինի, Արտաշատի, Գառնիի, Սպիտակի հնագիտական պեղումներին, ինքնուրույն պեղումներ է կատարել Սիսիանում, Աղիտուում, Աքորիում, Երնջատափում, Գեղարքունիքում, Լեռնային Ղարաբաղում: 2003 թվականից ղեկավարում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը, որն ընդարձակածավալ պեղումներ է իրականացրել Շուշիում, Հանդաբերդում: Հայտնաբերել և պեղում է Արցախի Տիգրանակերտը[4][5]:

ՊարգևներԽմբագրել

  • ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ
  • ԼՂՀ վարչապետի հուշամեդալ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ նախագահի մրցանակ (2009, «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» (Երևան, Փրինթինֆո, 2008) գրքի համար)

ԵրկերԽմբագրել

  • Khachkar, Yerevan, Zangak, 2015.
  • Хачкар, Ереван, Зангак, 2015.
  • Խաչքար, Երևան, Զանգակ, 2015[6]:
  • Հանդաբերդի վանքը և նրա պեղումները (համահեղինակ Լ. Կիրակոսյան, Վ. Սաֆարյան) Երևան, 2009:
  • Մշակութային հետազոտություններն Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ (համահեղինակ Լ. Կիրակոսյան), Երևան, 2009:
  • Armenia in the Cultural Context of East and West. Ceramics and Glass (4th-14th centuries, co-authors Kalantaryan A., Melkonyan H., etc.), Yerevan, 2009.
  • Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008:
  • Պատմություններ աղքատության մասին (համահեղինակներ Հ. Խառատյան, Հ. Պիկիչյան և ուր.), Երևան, հ. 1, 2001, հ. 2, 2007։
  • Հին Հայաստանի ոսկին (համահեղինակներ Ա. Քալանթարյան, Պ. Ավետիսյան և ուր.), Երևան, 2007:
  • Գինին հայ ավանդական մշակույթում (համահեղինակներ Ս. Հարությունյան, Ա. Քալանթարյան և ուր.), Երևան, 2005։
  • Armenian Folk Arts, Culture and Identity (coauthors L. Abrahamian, H. Marutyan etc.), Bloomington and Indianapolis, Indiana Univ. Press, 2001.
  • Գառնին IX-XIV դարերում, Երևան, 1988։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Համլետ Լենսերի Պետրոսյան»։ ysu.am։ Վերցված է 2016-10-07 
  3. «Hamlet L. Petrosyan | Yerevan State University - Academia.edu»։ yerevan.academia.edu։ Վերցված է 2016-10-07 
  4. «Համլետ Պետրոսյան. Տիգրանակերտը եզակի հուշարձան է»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-10-07 
  5. «Տիգրանակերտը քաղաքային կենցաղ է ունեցել.Համլետ Պետրոսյան»։ Հայաստանի Հանրային Ռադիո։ Վերցված է 2016-10-07 
  6. «Khachkar.am»։ khachkar.am։ Վերցված է 2016-10-07 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են