Կլոդ Լորեն
Կլոդ Լորեն (ֆր.՝ Claude Lorrain, Claude Gellée, Claude Le Lorrain, 1600[1][2][3][…], Շաման - նոյեմբերի 23, 1682[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ[7]), Բարոկկո ժամանակաշրջանի ֆրանսիացի գեղանկարիչ։ Իր ռոմանտիկական-լիրիկական գեղանկարչությամբ բնանկարի ասպարեզում նախանշել է կլասիցիզմը։
Կլոդ Լորեն ֆր.՝ Claude Gellée | |
---|---|
Ծնվել է | 1600[1][2][3][…] |
Ծննդավայր | Շաման |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1682[4][5][6][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[7] |
Քաղաքացիություն | Լոթարինգիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | կլասիցիզմ |
Ժանր | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆետե գյուղը, Seaport with the Embarkation of Saint Ursula?, Մովսեսին գտնելու տեսարանը, Ծովի նավահանգիստը մայրամուտին և Liber Veritatis? |
Ուսուցիչ | Ագոստինո Տասսի, Գոֆրեդո Ուոլս և Claude Deruet? |
Ներշնչվել է | Անիբալե Կարաչի և Դոմենիկինո |
Ազգականներ | Ժան Դոմինիկ |
ստորագրություն | |
Claude Lorrain Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿլոդ Լորենը ծնվել է 1600 թվականին, այդ ժամանակաշրջանում անկախ Լոթարինգիայի (Lorrain) դքսությունում, գյուղացու ընտանիքում։ Շուտ է որբացել։ Նկարչության նախնական գիտելիքները ստացել է Ֆրայբուրգ իմ Բրայսգաուում փայտի վրա հմուտ փորագրող իր ավագ եղբորից։ 1613-1614 թվականներին իր հարազատներից մեկի հետ մեկնել է Իտալիա։ Ծառայելով բնանկարիչ Ագոստինո Տասսիի տանը` սովորել է գեղանկարչական որոշ տեխնիկական հնարքներ և հմտություններ։ 1617-1621 թվականներին Լորենն ապրել է Նեապոլում, Գոտֆրիդ Ուելսի մոտ ուսումնասիրել է հեռանկարչություն և ճարտարապետություն և բարելավել է բնանկարչությունը՝ Հռոմում գտնվող Պաուլ Բրիլի ուսանողներից Ագոստինո Տասիի ղեկավարությամբ, որտեղ դրանից հետո Լորենն անցկացրել է իր ողջ կյանքը, բացառությամբ երկու տարիների (1625-1627), երբ Լորենը վերադարձել է հայրենիք և բնակվել Նանսիում։ Այստեղ նա գեղազարդարել է եկեղեցու կամարը և նկարել ճարտարապետական հիմնապաստառներ Լոթարինգիայի դուքսի պալատական նկարիչ Կլոդ Դերյուեի պատվերով աշխատանքներում։
1627 թվականին Լորենը կրկին մեկնել է Իտալիա և հաստատվել Հռոմում, որտեղ էլ ապրել է մինչև իր մահը (1627-1682)։ Սկզբնական շրջանում նա պատվերով կատարել է դեկորատիվ աշխատանքներ, այսպես կոչված «բնանկարային որմնանկարներ», բայց հետագայում նրան հաջողվել է դառնալ պրոֆեսիոնալ «բնանկարիչ» և կենտրոնանալ հաստոցային աշխատանքների վրա։ Ստեղծել է օֆորտային աշխատանքներ, սակայն 1642 թվականին թողել է փորագրությունը՝ վերջապես ընտրելով նկարչությունը։
1637 թվականին Վատիկանում Ֆրանսիայի դեսպանը Լորենից գնել է երկու նկար, որոնք այժմ գտնվում են Լուվրում՝ «Հռոմեական ֆորումի տեսարան» և «Նավահանգիստ Կապիտոլիումի հետ»։
1639 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը Լորենին պատվիրել է յոթ աշխատանք (որոնք ներկայումս գտնվում են Պրադո թանգարանում), դրանցից երկուսը ճգնավորներով բնանկարներ են։ Մյուս պատվիրատուների թվում են եղել Հռոմի պապ Ուրբան VIII-ը (4 աշխատանք), կարդինալ Բենտիվոլիոն, իշխան Կոլոննան։
1634 թվականից Լորենը հանդիսացել է Սուրբ Ղուկասի ակադեմիայի (Արվեստի ակադեմիա) անդամ։ Ավելի ուշ՝ 1650 թվականին, նրան առաջարկել են դառնալ այդ Ակադեմիայի ռեկտոր, բայց Լորենը հրաժարվել է նման պատվից՝ նախընտրելով հանդարտ աշխատանքը։
Բարոկկոյի դարաշրջանում բնապատկերը համարվել է երկրորդական ժանր։ Սակայն, Լորենը ճանաչում է ստացել և ապրել բավական բարեկեցիկ պայմաններում։ Նա վարձակալել է մեծ, եռահարկ տուն Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Իսպանիայից հրապարակից ոչ հեռու։ Նրա հարևանն է եղել Նիկոլա Պուսենը, որին այցելել է 1660-ականներին։
Լորենը ամուսնացած չի եղել, բայց ունեցել է դուստր (Ագնեսը)` ծնված 1653 թվականին, որին էլ կտակել էր իր ամբողջ ունեցվածքը։ Լորենը մահացել է Հռոմում, 1682 թվականին։
Ստեղծագործություն
խմբագրելՍկզբում Լորենը կտավի կամ պղնձի վրա նկարել է հովվերգական պատկերներով փոքր աշխատանքներ, ապա՝ նավահանգիստները, մայրամուտով։ Ժամանակի ընթացքում դասական արվեստագետների ազդեցության ներքո նրա ստեղծագործություններն ավելի ու ավելի մասշտաբային են դարձել՝ գրական սյուժեներով (Լորենը հատուկ կրթություն չի ստացել, եղել է ինքնուս, բայց կարդացել և գրել է ֆրանսերեն ու իտալերեն)։ Հետագայում նկարչի աշխատանքներն ավելի ու ավելի ինտիմ բնույթ են ստացել և առանձնացել շատ նրբանկատ կառուցվածքով (հաճախ դրանք դրվագներ են եղել Վերգիլիոսի «Էնեական»-ից)։
Նկարիչը մեծ հմտությամբ պատկերել է արևի լույսի խաղը օրվա տարբեր ժամերին, առավոտյան թարմությունը, կեսօրվա տապը, մթնշաղի մելամաղձոտ մթնշաղը, տաք գիշերների սառը ստվերները, հանգիստ կամ փոքր-ինչ ցնցող ջրերի փայլը, մաքուր օդի թափանցիկությունն ու թեթև մառախուղով ծածկված հեռավորությունը։ Նրա աշխատանքներում կարելի է առանձնացնել երկու յուրաձևություն` գործունեության վաղ շրջանի հետ կապված գործերը նկարված են խիստ, խիտ, ջերմ գույներով, ուշ շրջանում դրանք ավելի սահուն են, սառը տոնով։ Այն պատկերները, որոնցով սովորաբար աշխուժանում են նրա բնանկարները, հիմնականում վերաբերվում են ոչ թե նրա վրձնին, այլ նրա ընկերների՝ Ֆ. Լաուրի, Յա. Միլի, Ֆր. Ալեգրիի և Ն. Կոլոնբելի։
Լորենը, ի տարբերություն Պուսսենի, դուրս է եկել մետաֆիզիկական (ակադեմիական) բնապատկերից։ Նրա ստեղծագործություններում լույսը միշտ կարևոր է եղել։ Նա առաջինն է, ով ուսումնասիրել է արևի լույսի խնդիրը, առավոտ և երեկո, առաջինը, ով լրջորեն հետաքրքրվել է մթնոլորտով, դրա լույսի հագեցվածությամբ։ Նրա ստեղծագործություններն ազդել են եվրոպական բնանկարչության, մասնավորապես, անգլիացի նկարիչ Ուիլյամ Թյորների (19-րդ դարի սկիզբ) ստեղծագործությունների զարգացման վրա։
Վերջին տասնամյակների ընթացքում (1660-1680) Լորենը ավելի դանդաղ է աշխատել, բայց միշտ հաջողությամբ։ Այդ ժամանակահատվածին է վերաբերվում «Օրվա ժամանակները» շարքը։ Հետագա աշխատանքներում Լորենը ինքն է նկարել պատկերները, դրանք տեղադել մտացածին շենքերում, թեմատիկորեն դրանք հռոմեացի բանաստեղծների, հատկապես Օվիդիուսիի և Վիրգիլիոսի ստեղծագործությունների պարզ մեկնաբանություններն են` «Դելոսի ափի տեսարանը Էնեասի հետ» (1672, Ազգային պատկերասրահ, Լոնդոն), «Պառնաս» (Գեղարվեստի թանգարան (Բոստոն))։
Լորենի վերջին աշխատանքը՝ «Ասկանիան, Սլվինի եղնիկներին որսալիս» (Էշմոլի թանգարան, Օքսֆորդ), ավարտվել է նկարչի մահվան տարում և համարվում է իսկական գլուխգործոց։
Կամ իր ստեղծագործությունների մասին հուշերը պահելու ցանկությունից, կամ նպատակ ունենալով փաստաթղթեր ստեղծել իր ստեղծագործությունները գողացած և նկարելու ոճը կեղծած բազմաթիվ սպեկուլյանտներին բացահայտելու համար, Լորենը բնանկարների մեծ մասը ուրվագծել է գրիչով նկարված բննկարներով և կազմել դրանց էսքիզների հավաքածուն՝ «Liber veritatis» («Ճշմարտության գիրք») վերնագրով, (200 գծանկար, որոնք գտնվում էին Անգլիայի Դևոնշիր նահանգի դուքսի մոտ)։ Հետագայում այդ ժողովածուն 1774 թվին լույս է տեսել Ռիչարդ Իրլոմի ֆաքսիմիլային փորագրություններում։
Լորրենը գերազանց տիրապետել է փորագրման ասեղին և 1630-1662 թվականներին իր նկարներից կատարեց 46 փորագրություն։ Լորրենի նկարները կարելի է գտնել Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր պատկերասրահներում։ Հատկապես դրանք շատ են Անգլիայի պետական և մասնավոր հավաքածուներում, Լուվրում, Հռոմում գտնվող Պալացցո Դորիայում, Մյունխենի պինակոտեկում, Դրեզդենի պատկերասրահում և Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում. վերջինս պարունակում է 12 նկար, այդ թվում՝ «Օրվա չորս ժամանակը», գուցե նկարչի բոլոր աշխատանքներից ամենաուշագրավը։
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն իր քարտուղար Յոհան Պետեր Էքերմանի հետ նկարչի ստեղծագործության մասին զրույցի ժամանակ նշել է.
Պատկերասրահ
խմբագրել-
«Հռոմեական բնապատկեր»: Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարան:
-
«Պավել Հռոմեացու նավարկությունը», Դալիջայի պատկերասրահ, Լոնդոն:
-
«Նավահանգիստ»: Հին պինակոտեկ, Մյունխեն:
-
«Բնապատկեր», Ցինցինատիի գեղարվեստական թանգարան, ԱՄՆ
-
Նկարչի հուշարձանը Մյունխենում
-
Նկարչի հուշարձանը Նանսիում, Ռոդենի աշխատանք
Գրականություն
խմբագրել- J. Р. Voiard, Eloge historique de C. G., Нанси, 1839;
- Ch. Blanc, Histoire des peintres de toutes les écoles;
- M-me E. Pattison, Cl. Lorrain, sa vie et ses oeuvres, Париж, 1884;
- Friedlander W., Claude Lorrain, Берлин, 1921;
- Rothlisberger М., Claude Lorrain. The paintings, v. 1—2, Лондон, 1963.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Claude Lorrain
- ↑ 2,0 2,1 KulturNav — 2015.
- ↑ 3,0 3,1 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 Лоррен Клод // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Լորեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 663)։ |