Յոհան Պետեր Էքերման (գերմ.՝ Johann Peter Eckermann, ծնվ. 21 սեպտեմբերի, 1792, Վինզեն, Բրաունշվեյգ-Լյունեբուրգ - մահ. 3 դեկտեմբերի, 1854, Սաքսեն-Վայմար Վայմար), գերմանացի գրականագետ, բանաստեղծ։ Հայտնի է Գյոթեի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ, եղել է մեծ գրողի բարեկամը և քարտուղարը։

Յոհան Պետեր Էքերման
գերմ.՝ Johann Peter Eckermann
Ծնվել էսեպտեմբերի 21, 1792(1792-09-21)[1][2][3][…]
ԾննդավայրWinsen, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[4]
Վախճանվել էդեկտեմբերի 3, 1854(1854-12-03)[2][3][5][…] (62 տարեկան)
Վախճանի վայրՎայմար, Գերմանական միություն[4]
ԳերեզմանHistorical Cemetery, Weimar
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, փիլիսոփա, ուսուցիչ և գրադարանավար
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Հաննովերի թագավորություն
ԿրթությունԳյոթինգենի համալսարան
Ուշագրավ աշխատանքներConversations with Goethe?
Изображение автографа
 Johann Peter Eckermann Վիքիպահեստում

Էքերմանի ծնողները

խմբագրել
 
Տեսարան Վինզեն քաղաքից. հեռվում երևում է Սուրբ Մարիամ եկեղեցին:

Հայրն առաջին ամուսնությունից ուներ երկու որդի, որոնցից մեկը, լինելով նավաստի, երկար տարիների ծովային ճանապարհորդությունից հետո անհետ կորել էր։ Իսկ մյուս որդին մի քանի անգամ դեպի Գրենլանդիա կատարած ճանապարհորդությունից հետո, որտեղ զբաղվել էր կետի և շնաձկան որսով, վերադարձել էր Համբուրգ և այնտեղ ապրում էր իր համեստ միջոցներով։ Իսկ երկրորդ ամուսնությունից Էքերմանի հայրն ուներ նաև երկու մեծ դուստր։ Յոհան Պետերն արդեն տասներկու տարեկան էր, որ քույրերը թողել էին հայրական տունը և ծառայության մտել նախ Վինզենում, ապա Համբուրգում։ Իր հիշողություններում Էքերմանը պատմում է, որ իրենց ընտանիքի ապրուստի հիմնական աղբյուրը մի կով էր, որը ոչ միայն ամենօրյա կաթ էր տալիս, այլև տարեկան մեկ հորթ և հնարավորություն ստեղծում երբեմն մի քանի գրոշի կաթ վաճառել։ Էքերմաններն ունեին նաև մի փոքրիկ վարելահող, որը նրանց բավարարում էր տարեկան անհրաժեշտ բանջարեղենով։ Հայրը մանր առևտրական էր, վաճառում էր տարբեր ապրանքներ, և այդ գործը նրան ստիպում էր հաճախ բացակայել տնից ու ոտքով շրջել բնակավայրերում։ Մայրը զբաղվում էր թել մանելով և կանացի գլխարկների կարուձևով, և այդ արհեստը ևս ընտանիքի համար որոշ չափով գումար վաստակելու աղբյուր էր։

Կյանքի վաղ տարիները

խմբագրել
 
Վինզեն քաղաքը 1650 թվականին:

Էքերմանի կենսագրական տվյալներին ծանոթանում ենք նրա ինքնակենսագրականից, որը նա, կցել է իր «Զրույցներ Գյոթեի հետ» ստեղծագործությանը՝ որպես ներածություն։ Ծնվել է 1792 թվականի սեպտեմբերի 21-ին, Ներքին Սաքսոնիայի Վինզեն քաղաքում։ Եղել է երկրորդ անգամ ամուսնացած ծնողների վերջին զավակ, և մանկությունն անցել է ծերունի հոր և մոր հետ, միայնության մեջ։ Յոհան Պետերի մանկական զբաղմունքը տարվա եղանակների հետ փոխվում էին. գարունը բացվելուն պես, երբ Էլբայի սովորական հեղեղները մեղմանում էին, ամեն օր ուղևորվում էր ամբարտակի և առափնյա ծանծաղուտների մոտ աճող եղեգները հավաքելու, որը փռում էր գոմում՝ կովի համար։ Իսկ երբ գյուղի մերձակա մարգագետիններում սկսում էր կանաչին տալ առաջին խոտը, մյուս երեխաների հետ նա ամբողջ օրը կով էր արածեցնում։ Ամռանը մշակում էր իրենց փոքրիկ հողամասը, իսկ ամբողջ տարին՝ մեկ ժամվա ճանապարհ հեռու գտնվող անտառից չոր փայտ էր կրում օջախի համար։ Հնձի ժամանակ փոքրիկ Յոհան Պետերը շաբաթներով թափառում էր դաշտերում, հասկ հավաքում, իսկ ավելի ուշ, երբ ծառերը մերկանում էին, նա կաղին էր հավաքում ու վաճառում ունևոր բնակիչներին, որոնցով նրանք իրենց սագերն էին կերակրում։

Ունենալով այսպիսի բազմազբաղ մանկություն, Էքերմանը միայն ժամանակ առ ժամանակ է այցելում դպրոց և գրել-կարդալ գիտեր շատ դժվարությամբ։ «Ես պատկերացում չունեի այն մասին, որ աշխարհում գոյություն ունեին այնպիսի առարկաներ, ինչպիսին են պոեզիան և գեղարվեստը»։ Այսպես լրանում է նրա տասնչորս տարին։

Էքերմանի նկարչական տաղանդի դրսևորումը

խմբագրել

Մի երեկո Յոհան Պետերը ծնողների հետ նստած է լինում սեղանի շուրջ, երբ աչքին է ընկնում Համբուրգից վերադարձած հոր ծխախոտի տուփը, որի վրա ձիու գեղեցիկ նկար էր պատկերված։ Նա շատ է հավանում այն և իսկույն մի թուղթ ու գրիչ վերցնում և սկսում է աննկատ արտանկարել։ Ավարտելուց հետո, երբ ցույց է տալիս ծնողներին, նրանք շատ են ուրախանում և մեծ հիացմունք հայտնում։ Շուտով տղայի նկարչական ձիրքի մասին հայտնի է դառնում գյուղում և հարևան բրուտը նրան ուրվապատկերներով մի քանի տետր է տալիս, որոնք իր համար ծառայում էին որպես նմուշ՝ ափսեներ և սկուտեղներ ծաղկազարդելու համար։ Դրանք նա ամենայն մանրամասնությամբ արտանկարում է երկու տետրի մեջ, որոնք գյուղում շուտով ձեռքից ձեռք են անցնում և հասնում գյուղի տանուտեր Մեյերին։ Տանուտերն առաջարկում է Էքերմանին ուղարկել Համբուրգ՝ մի լավ վարպետի մոտ նկարչություն սովորելու։ Սակայն տղայի ծնողները, լինելով այնպիսի տեղանքի բնակիչներ, որտեղ մարդիկ հողագործությունից ու անասնապահությունից բացի գրեթե ոչնչով չէին զբաղվում, նկարիչ ասելով հասկանում էին պատեր և լուսամուտներ ներկող։ յդ պատճառով էլ նրանք կտրականապես մերժում են տանուտիրոջ առաջարկը, ասելով, որ դա շատ կեղտոտ ու վտանգավոր գործ է, և այդպիսի աշխատանքի ընթացքում մարդ շատ հեշտությամբ կարող է վիզը կոտրել՝ ընկնելով բարձր հարկերից։ (Բանն այն է, որ գերմաներենում «նկարիչ» և «ներկարար» հասկացությունները արտահայտվում են միևնույն բառով)։

Ծառայությունը տարբեր կառույցներում

խմբագրել

Յոհան Պետերի շնորհալիությունը նկատում են պաշտոնավոր մարդիկ, որոնք սկսում են հոգ տանել նրա զարգացման մասին։ Նախ նա հնարավորություն ստացավ բարձրաստիճան մարդկանց երեխաների հետ մասնավոր դասերի հաճախել, որի ընթացքում սովորում է ֆրանսերեն, լատիներեն և երաժշտություն։ Յոհան Պետերին նաև ապահովում են լավ հագուստով։ Պատանին ցանկանում էր դպրոցից հետո ուսումը շարունակել գիմնազիայում, որպեսզի ստանակ գիտական կրթություն, բայց նրա ծնողները դրա հնարավորությունը չունեին, բացի դրանից, կարիքը ստիպում էր որքան հնարավոր է շուտ անցնել մի այնպիսի աշխատանքի, որի եկամուտով կարողանար հոգալ ոչ միայն իր կարիքները, այլև օգնել արդեն ծեր ծնողներին։ Շուտով տեղական իրավաբաններից մեկը նրան իր մոտ աշխատանքի է ընդունում՝ գրագրության և այլ մանր աշխատանքների համար։ Այդ ժամանակահատվածում Էքերմանին է վստահվում նաև դատապաշտպանական որոշ ծանր գործեր, որոնք կատարում է հաջողությամբ։ 1810 թվականին Էքերմանը պաշտոն է ստանում Լյունեբուրգի հարկադրումների դիրեկցիայի գրասենյակում, իսկ երկու տարի անց նշանակվում է Բևենսենի քաղաքապետի քարտուղար։

Զինվորական ծառայությունը

խմբագրել
 
Էքերմանի դիմանկարը (նկարիչ՝ Յոհան Յոզեֆ Շմելլեր, 1824 թ.)

1813 թվականի գարնանը Բևենսենին են մոտենում կոզակական զորքերը՝ տեղի բնակչությանը հույս ներշնչելով ազատվելու ֆրանսիական տիրապետությունից, և Էքերմանը վերադառնում է հայրենիք՝ նպատակ ունենալով մտնել հայրենիքի պաշտպանության համար ձևավորվող խմբերի մեջ։ Ամառվա վերջին նա արդեն որպես կամավոր մտնում է կիլմանսեգյան հրաձգային կորպուսը։ Տարեվերջին այդ զորամիավորումը հարձակումներ է գործում Մեքլենբուրգի, Հոլշտայնի և Համբուրգի ուղղություններով՝ նապոլեոնյան բանակի մարշալ Լուի Նիկոլա Դավուի գլխավորած զորքերի դեմ։ Ամռանը գերմանական զորքերը հասնում են մինչև Ֆլանդրիա և Բրաբանտ։ Այստեղ նա ծանոթանում է նիդերլանդցի մեծ նկարիչների կտավներին՝ այցելելով տարբեր եկեղեցիներ ու թանգարաններ։ Դրանք առաջին նկարներն էին, որ նա տեսնում էր, և միայն այստեղ է հասկանում է, թե ինչ է նկարչությունը։ Նա տեսնում է աշակերտական մի շարք ստեղծագործություններ, որոնք մրցանակի էին արժանացել տարբեր մրցույթներում, և մեծ դառնություն զգում, որ կյանքի բերումով ինքը չկարողացավ նման ճանապարհ անցնել։ Սակայն որոշում է չհանձնվել. Տուրնեում ծանոթանալով մի երիտասարդ նկարչի հետ, նրանից ձեռք բերում տուշ, մեծ չափսի նկարի թուղթ և որոշում արտանկարել մի մեծ նկար։ Ինչպես ինքն է հիշում, գործի հանդեպ մեծ տենչը փոխարինում է հմտության և ղեկավար ունենալու պակասին, և նա հաջողությամբ ավարտում է դեմքերի ուրվագծերը։ Էքերմանը նոր էր սկսել ձախ կողմից ստվերագծել նկարը, երբ հանկարծ մեկնելու հրաման է ստացվում՝ ընդհատելով իրեն հաճելի այդ աշխատանքը։ Կիսատ մնացած մասում նա մի քանի պայմանական տառերով նշում է լույսի ու ստվերի հաջորդականությունը՝ հուսալով, որ հանգստի պահերին կկարողանա ավարտել նկարը։ Էքերմանն այդ նկարը փաթաթում է և թաքցնում զինվորական կերակրամանի մեջ, որը, ջրամանի հետ Տուրնեից մինչև Համմելն ձգվող ճանապարհին կրում է մեջքին։

Ծառայության ավարտը և վերադարձը հայրենիք

խմբագրել

1814 թվականին հրաձգային կորպուսը կազմացրվում է, Էքերմանը վերադառնում է հայրենի տուն։ Հայրը մահացել էր, իսկ մայրն ապրում էր մեծ քրոջ մոտ, որն այդ ընթացքում ամուսնացել և ապրում էր իրենց հայրական տանը։ Հայրենիքում Էքերմանը շարունակում է իր նկարչական վարժությունները։ Նախ ավարտում է Բրաբանտից բերած այն նկարը, իսկ հետո, չգտնելով արտանկարելու հարմար որևէ բան, ձեռնարկում է Ռամբերգի՝ պղնձի վրա կատարած փորագրանկարների արտանկարումը։ Սակայն շուտով զգում է, որ այս բնագավառում իր գիտելիքները չափազանց քիչ են. շատ քիչ գաղափար ուներ մարդու և կենդանիների մարմինների կազմության մասին, ինչպես նաև ծառերի տարատեսակների կամ երկրի վերնաշերտի մասին, ինչի պատճառով քիչ թե շատ հաջողված բան ստեղծելու համար ստիպված էր մեծ ջանքեր թափել։ Ուստի որոշում է գնալ մի լավ վարպետի մոտ և ամեն ինչ նորից սկսել։ Եվ Էքերմանը որոշում է աշակերտության մտնել Հաննովերում բնակվող Ռամբերգի մոտ։ Իր նվիրական երազանքն իրականացնելու համար Էքերմանը 1815 թվականի ձմռանը միայնակ և ոտքով բռնում է մոտ քառասուն ժամվա այդ ճանապարհը և մի քանի օրից հաջողությամբ հասնում Հաննովեր և իսկույն գնում Ռամբերգի մոտ ու հայտնում նրան աշակերտելու իր ցանկությունը։ Նշանավոր վարպետը, նայելով Էքերմանի փորձերը, համոզվում է, որ նա տաղանդավոր է, սակայն հասկացնում է, որ արվեստը հաց է փնտրում, իսկ արվեստի տեխնիկային տիրապետելը շատ ժամանակ է պահանջում, ուստի անիմաստ է հուսալ, թե արվեստով այդ սկզբնական ժամանակաշրջանում Էքերմանը կկարողանա ապրուստի միջոցներ վաստակել։ Միաժամանակ Ռամբերգը պատրաստակամություն է հայտնում կարողացածին պես օգնել նրան՝ տալով իր բազմաթիվ ուրվանկարներից ընդօրինակելու համար։ Հաննովերում Էքերմանը բնակվում է իր մի ընկերոջ տանը, որտեղ էլ սկսում է ընդօրինակել այդ ուրվանկարները։ Առաջադիմությունն անվիճելի էր, Էքերմանը սկսել էր ավելի ու ավելի հմտությամբ վբերարտադրել տարբեր պատկերները, երբ առողջությունը վատացավ, և դողի պատճառով այլևս չէր կարողանում մատիտ բռնել։ Բժիշկը հայտնում է, որ հիվանդության պատճառը ծառայության ժամանակ կատարած հոգնեցուցիչ ռազմերթերն են եղել, որից հետո այդպես տքնաջան աշխատանքը ավելի է հյուծել նրան։ Էքերմանը քիչ-քիչ կազդուրվում է բուժման արդյունքում, սակայն նկարչական ուսումը շարունակելու մասին արդեն մտածել չէր կարող։

Մուտքը գրական ասպարեզ

խմբագրել

Քիչ ժամանակ անց Էքերմանը պաշտոն է ստանում մի զինվորական գերատեսչական հանձնախմբում, որը զբաղվում էր հաննովերյան բանակի մատակարարման գործով։ Շուտով հասնելով նյութապես ապահով վիճակի, Էքերմանը հնարավորություն է ստանում ուշադրությունը կրկին սևեռել արվեստին։ Այդ ընթացքում մի ընկերոջ շնորհիվ ծանոթանում է ժամանակի հայտնի բանաստեղծ Թեոդոր Կերների «Քնար և սուր» ժողովածուի ստեղծագործություններին, որոնք նրա վրա մեծ ազդեցություն են թողնում։ Եվ որոշում է փորձել, թե արդյոք ինքն էլ չի կարող բանաստեղծություններ գրել։ Գերմանական զորամասերի վերադարձը Ֆրանսիայից դրա համար հարմար առիթ է ծառայում. ոչ վաղ անցյալում ռազմերթերի ընթացքում կրած դժվարությունների թարմ տպավորության տակ, երբ իրենք այդպես զրկանքներ էին կրում, իսկ քաղքենի մարդիկ ամեն ինչով ապահովված ապրում էին իրենց տներում, որոշում է այդ հակադրությունը շարադրել բանաստեղծորեն, և ազդելով մարդկանց հույզերի վրա, ավելի սրտագին ընդունելություն նախապատրաստել զինվորների համար։ Իր սեփական ծախսերով նա մի քանի հարյուր օրինակով տպագրում է այդ բանաստեղծությունը և տարածում քաղաքում։ Այն սպասածից ավելի լավ արդյունք է ունենում, և շատերը նրան ոգևորում են շարունակել քայլերն այս ոլորտում։ Դրանից հետո բանաստեղծությունը նույնիսկ տպագրվում է պարբերական մամուլում և առավել լայն տարածում գտնում։ Նույնիսկ ժամանակի կոմպոզիտորներից մեկը դրա համար երաժշտություն է գրում և վերածում երգի։

Դրանից հետո Էքերմանը սկսում է հաճախ ստեղծագործել, գրեթե շաբաթական հրապարակելով մեկ բանաստեղծություն։ Դրան զուգահեռ սկսում է կարդալ տարբեր հանրահայտ բանաստեղծների գործերը՝ ձգտելով առավել զարգացնել իր ունակությունները։ Այս ընթացքում է, որ նա լսում է Գյոթեի անունը՝ առաջին անգամ ընթերցելով նրա բանաստեղծությունների ժողովածուն։ Գյոթեի ստեղծագործությունը առավել բարերար ազդեցություն է թողնում դեռ երրորդ տասնամյակը չբոլորած Էքերմանի վրա, ինչպես ինքն է հիշում՝ այդուհետ այդ երգերով էր ապրում։ Այնուհետև սկսում է խորությամբ ծանոթանալ Շեքսպիրի, Հոմերոսի և Սոֆոկլեսի գործերին։

Էքերմանը շուտով նկատում է, որ այդ բարձր ստեղծագործություններից ինքն ի վիճակի է յուրացնել միայն այն, ինչը համամարդկային է, իսկ առանձնահատուկ արժեքները, ինչպես օրինակ լեզվական կամ պատմական, գիտական մեծ իմացություն և կրթվածություն են պահանջում, ինչը հնարավոր էր ստանալ միայն դպրոցներում ու համալսարաններում։ Նաև նրան հաճախ ասում են, որ բանաստեղծն առանց, այսպես կոչված, դասական կրթության, չի կարող իր լեզուն օգտագործել վարպետությամբ ու արտահայտիչ կերպով։ Այսպիսով, նա շուտով Հաննովերի գիմնազիայում դասավանդող մի բանասերից սկսում է աշխատանքից ազատ ժամերին լատիներենի ու հունարենի դասեր առնել, իսկ մեկ տարի անց իր այդ ուսուցչի առաջնորդությամբ գնում է տնօրենի մոտ՝ ընդունելության քննություն հանձնելու։ Այսպես սկսվում է 25-ամյա Էքերմանի ուսումնառությունը 10-20 տարեկան դասընկերների միջավայրում։ Սակայն ուժերի գերլարումը՝ մի կողմից աշխատանք, մյուս կողմից՝ ուսում, կրկին հյուծեցին Էքերմանի առողջությունը, և նա ստիպված եղավ 1817 թվականի գարնան սկզբին թողնել ուսումը։ Բայց մասնավոր դասեր առնելը շարունակում է։

Ուսումը Գյոթինգենի համալսարանում

խմբագրել

1821 թվականին Էքերմանը կրկին գտնվում էր զինվորական ծառայության մեջ, երբ խնդրում է իր վերադասներին՝ ազատել աշխատանքից ուսումը շարունակելու համար։ Նրանք շատ բարյացակամորեն ընդառաջում են՝ նույնիսկ երկու տարի տարեկան թոշակ հատկացնելով կրթական ծախսերը հոգալու համար։ Նույն թվականին նա մեկնում է Գյոթինգեն և ընդունվում տեղի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Ընտրում է այդ մասնագիտությունը, քանի որ իրեն հովանավորող անձինք օգնում են պայմանով, որ «հաց բերող» մասնագիտություն ընտրի։ Սակայն այդ ամբողջ ընթացքում նրա սիրտն ու հոգին նվիրված էր պոեզիային։ Ուսման տարիներին հատկապես հետաքրքրությամբ էր լսում ազգագրության և պատմության դասախոսությունները։ Երկրորդ ուսումնական տարում սկսում է ավելի շատ ժամանակ հատկացնել բանասիրությանը։

Հանդիպումը Գյոթեի հետ

խմբագրել
 
Գյոթեն իր աշխատասենյակում (1834 թ.)

1822 թվականին Էքերմանը դուրս է գալիս համալսարանից՝ դրամական միջոցների սպառման պատճառով, ինչպես նաև պոեզիայի հիմունքների մասին իր գաղափարները զարգացնելու նպատակով և հաստատվում Հաննովերից ոչ հեռու մի գյուղում։ Նա սկզբում գրում է տեսական այն հոդվածները, որոնք իր կարծիքով կարող էին օգնել ոչ միայն երիտասարդ տաղանդների ծննդին, այլև քննադատաբար յուրացնելու բանաստեղծական ստեղծագործությունները. այդ հոդվածները նա վերնագրում է «Ակնարկներ պոեզիայի մասին»։ Հաջորդ տարում ավարտելով այն, ձեռագիրն ուղարկում է Վայմարում ապրող Գյոթեին՝ կարծիքի համար և խնդրում բարեկամական մի քանի խոսք գրել հրատարակիչ ֆոն Գոթային։ Էքերմանը փոքրիկ մի նամակի հետ, որով տեղեկություններ էր հաղորդել իր կյանքի ու կրթության մասին, ուղարկում է նաև առաջին բանաստեղծությունների գրքից մեկ օրինակ, որից հետո ոչ միայն գրավոր պատասխան է ստանում մեծ գրողից, այլև Վայմարից եկած մարդկանցից իմանում է, որ Գյոթեն լավ կարծիք է կազմել իր և իր բանաստեղծությունների մասին և ուզում է «Արվեստ և հնություն» գրական ամսագրում խոսել այդ մասին։ Դրանից հետո նա ցանկանում է հանդիպել մեծ գրողին և շուտով ոտքով ճամփա է ընկնում դեպի Վայմար։ Գյոթեն ջերմորեն ընդունում է նրան և մի քանի այդպիսի հանդիպումներից ու զրույցներից հետո Էքերմանին առաջարկում դառնալ իր քարտուղարը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Эккерман Иоганн Петер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Babelio (ֆր.) — 2007.

Աղբյուրներ

խմբագրել
  • Էքերման, «Զրույցներ Գյոթեի հետ», Երևան, 1975 թ.:
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Պետեր Էքերման» հոդվածին։