HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիծեռնակ (այլ կիրառումներ)

«Ծիծեռնակ», խորհրդային շրջանի հայկական պատկերազարդ մանկական ամսագիր նախադպրոցական և դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Հանդիսացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և Համամիութենական պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի հրատարակություն։ Առաջին անգամ լույս է տեսել 1978 թվականին, Երևանում (1965-1977 թվականներին Պիոներ ամսագրի ամենամսյա հավելվածն էր։ Խմբագիրներ՝ Մ. Հարությունյան, Ա. Սահինյան, Ժ. Մադոյան (1978 թվականից), Էդվարդ Միլիտոնյան 1982-1992, Անուշ Վարդանյան 1992։

Հանդեսի նպատակն է եղել երեխաներին դաստիարակել խորհրդային գաղափարախոսության, ընկերասիրության ոգով, սեր արթնացնել ուսման, մայրենի լեզվի, աշխատանքի, արհեստների, արվեստի ու գրականության, սպորտի նկատմամբ։ Տպագրել է չափածո և արձակ թարգմանական գործեր։ Մանուկների համար գրած ստեղծագործություններով թղթակցել են հայ խորհրդային գրողները։

«Ծիծեռնակ» ամսագիրն համարվել է խորհրդային Հայաստանի առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը, որը հրատարակվել է 1929 թ Երևանում սկզբնական «Հոկտեմբերիկ» անվանումով։

Ամսագրում տպագրվում էին Թումանյանի, Աղայանի, Չարենցի, Խնկոյանի և մի բազմաթիվ այլ անվանի բանաստեղծների ու գրողների գործերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամսագրի աշխատանքն ընդհատվեց։ Խմբագրության ողջ անձնակազմը մեկնեց ռազմաճակատ։ Հինգ տարի անց այն վերահրատարակվեց, իսկ 1965 թվականին վերանվանվեց «Ծիծեռնակ»։ «Ծիծեռնակի» առաջին խմբագիրը եղել է Ժենյա Մադոյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 125 CC-BY-SA-icon-80x15.png