Արցախի Հանրապետության թանգարաններ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ
(Վերահղված է ԼՂՀ թանգարաններից)

Արցախի թանգարաններ, թանգարանային հաստատություններ Արցախում։

Պատմություն խմբագրել

Արցախի Հանրապետությունում կան տարբեր ուղղվածության բազմաթիվ թանգարաններ, այդպիսիններից են Տիգրանակերտի հնագիտական, Արցախի պետական (Ստեփանակերտում), Ասկերանի, Շուշիի, Մարտունիի, Մարտակերտի, Քաշաթաղի, Հադրութի՝ Արթուր Մկրտչյանի անվան, Քարվաճառի պատմաերկրագիտական, Զոհված ազատամարտիկների և Անհետ կորած ազատամարտիկների (երկուսն էլ՝ Ստեփանակերտում), Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղի Մարտական փառքի թանգարանները, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով), Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում՝ գեներալ, խորհրդային Միության հերոս Միքայել Պարսեղովի, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի, Մարտունիի շրջանի Ննգի գյուղում՝ քաղաքական գործիչ Բոգդան Կնունյանցի, Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում՝ կուսումնական և պետական գործիչ Ալեքսանդր Բեկզադյանի տուն-թանգարանները և այլն։

Տիգրանակերտի հնագիտական թանգարան խմբագրել

 
Տիգրանակերտի թանգարան

Տիգրանակերտի հնագիտական թանգարանը գործում է մ. թ. ա. 1-ին դարում Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի տարածքում (ներկայումս՝ պատմամշակութային արգելոց) գտնվող 18-րդ դարի ամրոցում։

Թանգարանի 3 սրահներում ներկայացված են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի պեղումներով հայտնաբերած մ. թ. ա. 5-րդ դարից մինչև մ. թ. 17-րդ դարերի գտածոներ։ Հատկապես արժեքավոր է 5-6-րդ դարերին վերագրվող մոտ 8 սմ տրամագծով կավե սկավառակը, որի մի երեսին՝ շրջանի մեջ, փորագրված է հավասարաթև խաչ, մյուսին՝ տղամարդու դիմապատկեր՝ հայերեն արձանագրությամբ. վերջինս Արցախի տարածքում հայտնաբերված հայերեն ամենահին արձանագրություններից է։

Բազմաթիվ ցուցադրափեղկերում ներկայացված է պեղումների ընթացքը, հայերեն, ռուսերեն և անգլերեն մանրամասն տեղեկություններ են տրվում տեղանքի պատմության, պեղումների ու գտածոների վերաբերյալ։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան խմբագրել

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1939 թվականին Ստեփանակերտում։ Թանգարանում պահվում են ավելի քան 50 հազար պատմամշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Ցուցանմուշները համալրվել են հատկապես վերջին տարիներին ԼՂՀ տարածքում կատարվող հնագիտական պեղումներով հայտնաբերված պատմահնագիտական և մշակութային գտածոներով։

Ունի հնագիտության (վաղքարեդարյան գործիքներ, բրոնզե իրեր, ուրարտական կավանոթներ, հայկական, հռոմեական, պարսկական, արաբական արծաթե և պղնձե դրամներ և այլն), միջին դարերի (Ամարասի, ինչպես նաև բերդերի ու ամրոցների մասին վկայություններ ու լուսանկարներ), ազգագրության (կենցաղային հնագույն իրեր, գորգագործության դազգահներ 18-20 դարերի ձեռագործ գորգեր, կարպետներ, ասեղնագործ իրեր, տարազներ, արծաթե զարդեր և այլն), նոր (արցախահայության 1918-1928 թվականների ազգ-ազատագրական պայքարի, 1920 թվականի Շուշիի ողբերգական դեպքերի, ԼՂ-ի՝ Ադրբեջանական հյուսիսային բռնակցման մասին դրվագներ և նյութեր, ներկայացված են նաև գիտության և մշակույթի տարբեր բնագավառների արցախցի անվանի գործիչները, 4 մարշալները և այլն) և նորագույն (նյութեր Արցախյան շարժման, Արցախյան ազատագրական պատերազմի, ԼՂՀ-ի կայացման և ամրապնդման մասին) բաժինները։

Շուշի քաղաքի պատմության թանգարան խմբագրել

 
Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի շենքը

Շուշի քաղաքի պատմության (1992-ին պատմաերկրագիտական) թանգարանը բացվել է 1992 թվականի մայիսի 28-ին՝ փոխգնդապետ Եսայի Ղարամյանցի երկհարկանի առանձնատան մեջ, որը կառուցվել է 19-րդ դարի կեսերին։ Ցուցադրությունն սկսվում է Շուշի բերդաքաղաքի և շրջակա բնակավայրերի մանրակերտով։ Հնագիտական բաժնում ներկայացված է պեղածո հարուստ հավաքածու, որը հավաստում է, որ Շուշին, որպես բնակավայր գոյություն է ունեցել մ.թ.ա.XII-VIII դարերում և հայտնի արհեստավորական կենտրոն է եղել հելլենիստական ժամանակաշրջանում։

Ազգագրության բաժնում ցուցադրված են արհեստագործական իրեր, հնամենի կահույք և այլն, որոնք վկայում են, որ քաղաքը 19-րդ դարում եղել է մշակութային խոշոր կենտրոն։ Կան դրվագներ Շուշիի 1920 թվականի մարտյան ողբերգական դեպքերից։ Դարաբաղյան պատերազմին վերաբերող ցուցասրահում, ի թիվս բազմաթիվ լուսանկարների և այլ ցուցադրությունների, Շուշիի ազատագրման՝ ՛՛Հարսանիք լեռներում՛՛ ռազմագործողության (1992 թվականի մարտի 8-ի՝ լույս 9-ի գիշեր) մանրակերտն է։

Զոհված ազատամարտիկների թանգարան խմբագրել

Զոհված ազատամարտիկների թանգարանը հիմնադրվել է 2002 թվականին Ստեփանակերտում՝ «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Ներկայացված են շուրջ 3 հազար ազատամարտիկների դիմա նկարներ, որոշ անձնական իրեր (փաստաթղթեր, նամակներ, ինքնաշեն զենքեր, համազգեստներ և այլն), պատերազմ, լուսանկարներ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ՊԲ-ի ստորաբաժանումների և ազատամարտիկների զորաշարժերի քարտեզներ, սխեմաներ և այլն։

Թանգարանի առջև տեղադրված է խաչքար-հուշաղբյուր՝ «Օրհնյալ ես դու, հայ նահատակ» մակագրությամբ, ինչպես նաև պատերազմի բովով անցած ինքնաշեն 3 թնդանոթ և 1 «Գրադ» կայան։

Ստեփանակերտի պատկերասրահ խմբագրել

 
Ստեփանակերտի պատկերասրահ

Ստեփանակերտ քաղաքի պատկերասրահը հիմնադրվել է 1982 թվականի փետրվարի 10-ին։ Տնօրեն է նշանակվել Ռոբերտ Արսենի Ավետիսովը (ծնունդով Ստեփանակերտցի, 1939Արցախի Հանրապետություն ռազմական գործողություններ սկսվելու կապակցությամբ պատկերասրահը դադարեցրել է իր գործունեությունը։ Երկար ընդմիջումից հետո, 2001 թվականի հուլիսի 12-ին պատկերասրահը վերաբացվել է և ժամանակավոր տեղակայվել Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջին հարկի դահլիճում։ Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն է նշանակվել՝ Ելենա Գեորգիի Դադայանը, ով մինչ օրս էլ համարվում է պատկերասրահի տնօրենը։

2013 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ արդեն նորակառույց Ստեփանակերտի պատկերասրահի բացումը, որը զուգորդվել է մայրաքաղաքի գեղեցիկ տոնի հետ[1]։

Պատկերասրահը գտնվում է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, Սասունցի Դավիթ 6 հասցեում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։