Ժոզեֆին Բեյքեր (անգլ.՝ Josephine Baker, ի ծնե՝ Ֆրիդա Ջոզեֆին ՄաքԴոնալդ, անգլ.՝ Freda Josephine McDonald, հունիսի 3, 1906(1906-06-03)[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4][5] - ապրիլի 12, 1975(1975-04-12)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[6][5]), ամերիկյան և ֆրանսիական պարուհի, երգչուհի և դերասանուհի։ Նրա պատվին՝ «Բեյքեր», կոչել են Վեներա մոլորակի խառնարաններից մեկը։

Ժոզեֆին Բեյքեր
Ծնվել էհունիսի 3, 1906(1906-06-03)[1][2][3][…]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4][5]
Մահացել էապրիլի 12, 1975(1975-04-12)[1][2][3][…] (68 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[6][5]
ԳերեզմանMonaco Cemetery[7][8] և Պանթեոն (Փարիզ)[9]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ֆրանսիա[10][11]
Ազգությունաֆրոամերիկացի
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտություներգչուհի, էկրանի աստղ, կինոդերասանուհի, փողոցային կատարող, պարուհի, ջազ երաժիշտ, մոդել, դերասանուհի, սպա, հետախույզ, գրող և իրավապահ
ԺանրերԿաբարե[12][13], Մյուզիք-հոլլ[14][15] և ֆրանսիական փոփ երաժշտություն[16][17][18]
ԸնտրանիLes mémoires de Joséphine Baker?
Ամուսին(ներ)Jo Bouillon?
Երեխա(ներ)Akio Bouillon?
Պարգևներ և մրցանակներ
cmgww.com/stars/baker/

Կենսագրություն խմբագրել

Ժոզեֆին Բեյքերը ծնվել է ԱՄՆ-ում՝ Սենթ Լուիսում: Նա հրեական արմատներ ունեցող երաժիշտ, հարվածային գործիքներ նվագող Էդդի Կարսոնի և լվացարարուհի սևամորթ Քերրի ՄաքԴոնալդի ապօրինի դուստրն է։ Աղջիկը մեծանում է շատ համեստ պայմաններում։ 1907 թվականին ծնվում է Ժոզեֆինայի եղբայրը՝ Ռիչարդը։ Դրանից հետո հայրը լքում է ընտանիքին։ 1911 թվականին Ժոզեֆինի մայրը ամուսնանում է երկրորդ անգամ։ Այդ ամուսնությունից Բեյքերն ունենում է ևս երկու քույրեր։ Ռիչարդի և Ժոզեֆինի խորթ հայրը՝ Արթուր Մարտինը որդեգրում է նրանց։ 1917 թվականի հուլիսի 2-ին Ժոզեֆինայի ընտանիքը սարսափ է ապրում. այդ օրը, ըստ տարբեր աղբյուրների, Սենթ Լուիսում մահացան հարյուրավոր մարդիկ։ Այդ իրադարձությունները ցնցեցին Ժոզեֆինային։ Արդյունքնում նա դարձավ ռասիզմի դեմ պայքարի մեծ ջատագովներից մեկը։ Երբ ընդամենը 13 տարեկան էր, մայրը նրան կնության է տալիս Վիլլի Ուելսին, որը տարիքով մեծ էր Ժոզեֆինայից։ 1919 թվականին կայացան նրա առաջին ելույթները «Տեատրե Բուկեր Ուաշինգթոն» (անգլ.՝ Booker Washington Theatre) թատրոնում՝ Սենթ Լուիսում։ Ուելսի հետ ամուսնությունը տևեց ընդամենը մի քանի շաբաթ։ 1921 թվականին Ժոզեֆինան կրկին ամուսնացավ. նրա ամուսինը այս անգամ երկաթուղու վագոնային ուղեկցորդ Վիլլի Բեյքերն էր։ Վերջինիս հետ ամուսնալուծվեցին 1925 թվականին։ Ի դեպ մինչև մահը Ժոզեֆինան կրեց երկրորդ ամուսնու ազգանունը։

Կարիերա խմբագրել

 
Ժոզեֆինա Բեյքերը կատակերգական ներկայացման ժամանակ

Ստեղծագործական կարիերան Ժոզեֆինայի մոտ սկսվեց 16 տարեկան հասակից։ Նա այդ ժամանակ ելույթ ունեցավ Ֆիլադելֆիայի «Ստանդարտ թատրոնում» (անգլ.՝ Standard Theatre): Ավելի ուշ նա տեղափոխվեց Նյու Յորք։ Այստեղ աշխատանք գտավ մի վոդևիլում, որի հետ կես տարի շարունակ շրջագայեց ամբողջ երկրով մեկ։ 1923 թվականից մինչև 1924 թվականը Ժոզեֆինան Նյու Յորքում «Shuffle Along» երաժշտական կատակերգությունում երգում էր խոռի կազմում։ Հանդես էր գալիս նեգրուհու ռևյուով՝ «The Chocolate Dandies»: Նյույորքյան «Plantation Club» ակումբում ելույթներից հետո Ժոզեֆինան աշխատանք գտավ «La Revue Nègre»-ում։ Սրա պրեմիերան տեղի ունեցավ Փարիզում, 1925 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Շանզ Էլիզեի թատրոնում»։

Իր պարով Ժոզեֆինը սրընթացորեն հմայեց փարիզյան հասարակությանը։ Առաջին անգամ Ֆրանսիայի հասարակությունը ծանոթացավ չառլստոն պարի հետ։ Դրա լավագույն մեկնաբանը հենց ինքը Ժոզեֆինան էր։ Արտիստուհու համար ասում էին, որ նա այլևս գրոտեսկային սևամորթ պարուհի չէ, այլև իսկական «Սև Վեներա», ով երազներում հաճախ այցելել է պոետ Շառլ Բոդլերին։ Հետագայում «La Revue Nègre» ներկայացումը ճանապարհորդեց դեպի Բրյուսել և Բեռլին։ 1926-1927 թվականներին Ժոզեֆինա Բեյքերը դարձավ Ֆոլի Բերժերի աստղը։ Իր հայտնի բանանային կիսաշրջազգեստով նա երկու ռևյու էր ներկայացնում հասարակությանը։ Բեռլինյան հրաշալի ելույթներից հետո գերմանացի նուդիստները Ժոզեֆինային համարեցին ազատության սիմվոլը և հրավիրեցին ելույթներ ունենալ իրենց համայնքներում։ Սակայն արիտիստուհին քաղաքավարի մերժեց նուդիստներին[20]։ Հատկանշական է, որ Ժոզեֆինայի պարի մեջ տեսանելի էին հասլայի, չեչոտկայի, հիփ հոփի, բրեյքի բազում տարրեր, որոնք ի հայտ եկան տարիներ հետո միայն։

 
Ժոզեֆինա Բեյքերը իր հայտնի բեմական զգեստով՝ բանանայի կիսաշրջազգեստով, Ֆոլի Բերժեր, 1927 թվական

1926 թվականի ավարտին մեծ շքեղությամբ ու պերճանքով Ժոզեֆին Բեյքերը ամուսնացավ։ Նրա ամուսինը սիցիլիացի քարտաշ Ջուզեպպե Պեպիտո Աբատինոն էր։ Վերջինս այդ ժամանակ ելույթ էր ունենում Ժոզեֆինայի հետ միասին։

Իր անհավանական պարի, զգեստների ու հանդերձավորման պատճառով Ժոզեֆինային արգելեցին հանդես գալ Վիեննայում, Պրահայում, Բուդապեշտում և Մյունխենում։ Այս արգելանքը էլ ավելի հրապուրիչ ու պահանջված էին դարձնում Ժոզեֆինին հասարակության համար։ «Ջուլիո Չեզարե» (Giulio Cesare) նավի վրա Ժոզեֆինան նույնպես ելույթ է ունեցել զանազան համարներով։ Այստեղ հանդիպել է հայտնի ճարտարապետ ու նկարիչ Շառլ Էդուար լը Կորբյուզիեի հետ։ վերջինս հիանում է նրանով ու նկարում։ Որպես բնորդուհի Ժոզեֆինան հանդես է գալիս մերկ վիճակում։ Այնքան տպավորված էր նրա տեսքով ու պարով, որ Շառլը նոր շինությունները կառուցեց՝ ոգեշնչված դրանցից։ Իր ամենահայտնի կառույցներից մեկը՝ «Սավոյ» (ֆր.՝ Villa Savoye) վիլլան կառուցեց անմիջապես հանդիպումից հետո՝ տպավորված Ժոզեֆինայով։

 
Ժոզեֆինա Բեյքերը 1949 թվականին։ Լուսանկարիչ՝ Կառլ վան Վեխտեն:

Հարավային Ամերիկայում և Արևելյան Եվրոպաում հյուրախաղերից հետո Ժոզեֆինն առավել հաճախ սկսեց հանդես գալ որպես երգչուհի։ Նրա ամենահայտնի երգերը դարձան՝ «J’ai deux amours», «Aux Îles Hawai» և «Pretty Little Baby»-ը։ Որպես դերասան նա նույնպես մեծ հայտնիություն ստացավ։ Խաղացել է մի շարք ֆիլմերի գլխավոր դերերում, զորօրինակ՝ «La Sirène des Tropiques» (1927 թվական), «Zouzou» (1934 թվական), «Tam-Tam» (1935 թվական)։ Նա արագորեն դարձավ զվարճանքի ժանրի ամենահաջողակ ամերիկուհին Ֆրանսիայում. և դա այն ժամանակ, երբ հետապնդվում էր սեփական հայրենիքում ռասիզմի հողի վրա

1937 թվականին Ժոզեֆինա Բեյքերին շնորհվեց ֆրանսիական քաղաքացիություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտիստուհին գտնվում էր Ֆրանսիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Ելույթ էր ունենում ֆրանսիացի զինվորների և սպաների համար։ Աշխատում էր Դիմադրության շարժման և հետախուզության կազմում։ Ժոզեֆինան ստանում է օդաչուի որակավորում, դառնում է լեյտենանտ։ Պատերազմի ավարտից հետո պարգևատրվում է Դիմադրության և Ազատագրման մեդալներով, Զինվորական նշանով իսկ ավելի ուշ՝ 1961 թվականին պարգևատրվում է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։

1947 թվականին Ժոզեֆինն ամուսնանում է Ժո Բույոնի հետ, որն իր նվագախմբի ղեկավարն էր։ Նրանք ապրեցին իրար հետ մինչև 1957 թվականը։ Ամուսնալուծվեցին 1961 թվականին։

Ապրելով Ֆրանսիայում, Ժոզեֆինը 1950-ական թվականներից սատարել է ԱՄՆ-ում «Քաղաքացիական շարժմանը»։ Նա հանդես է եկել ռասիզմի դեմ պայքարով։ Դրա հիանալի դրսևորումը կայացավ նրանում, որ Ժոզեֆինա Բեյքերը որդեգրեց 12 որբերի՝ մաշկի տարբեր գույն ունեցող։ Այսպիսով նա ունեցավ ընտանիք և ապրեց Պերիգորի ռենեսանսի ժամանակների Միլանդ շատոյում՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ 1956 թվականին Բեյքերը հայտարարեց, որ թաղնում է բեմական կյանքը։ Սակայն 1961 թվականին տոնեց իր վերադարձը իսկ 1973 թվականին հաջողությամբ ելույթ ունեցավ Քարնեջի հոլում։

1975 թվականի ապրիլի 8-ին կայացավ «Joséphine» շոուի պրեմիերան, որտեղ հայտնի պարուհին նշեց իր բեմական գործունեության հիսնամյակը։ Շուտով Ժոզեֆինի մոտ հայտնաբերվեց ուղեղի արյունազեղություն։

1975 թվականի ապրիլի 12-ին, վաթսունութ տարեկան հասակում, իր մահկանացուն կնքեց Ժոզեֆինա Բեյքերը։

Նա առաջին ամերիկուհին էր, ում հուղարկավորեցին զինվորական կարգով։ Հուղարկավորված է Մոնակոյում։

Մեմուարներ խմբագրել

Ժոզեֆին Բեյքերը գրել է մի շարք կենսագրական գրքեր։ Ամեն անգամ հրատարակել է նոր ու ձևափոխած տարբերակները՝ նվիրված անձնական կյանքին և կարիերային։

Կերպարը արվեստում խմբագրել

  • 1991 թվականին էկրաններ բարձրացավ «Ժոզեֆինա Բեյքերի պատմությունը» ֆիլմը, որը նկարահանվել է HBO կողմից։ Բեյքերի դերը կերտեց Լին Ուիտֆիլդը։ Վերջինս դերի համար արժանացավ «Էմմի» մրցանակի, որպես «լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում» (դառնալով առաջին սևամորթ դերասանուհին այդ կատեգորիայում)։
  • «Եռյակը Բելվիլից» մուլտֆիլմի սկզբում կա Ժոզեֆինա Բեյքերի նմանակման տեսարանը։
  • Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում գլխավոր հերոսը տեսնում է պարող Ժոզեֆինային։
  • Դիսնեյյան անիմացիոն «Անաստասիա» ֆիլմում, երբ Սոֆիի երգի ներքո հերոսները զբոսնում են Ելիսեյան դաշտերում և Փարիզի այլ տեսարժան վայրերով, կարելի է տեսնել Ժոզեֆինա Բեյքերի կերպարը (ընձառյուծով տիկինը)։
  • Բեյքերի կերպարը հանդես է գալիս Ումբերտո Էկոյի «Թագուհի Լոանի խորհրդավոր հուրը» գրքի գլխավոր հերոսի հուշերում։
  • Ժոզեֆինա Բեյքերին է նվիրված Boney M. երաժշտական խմբի «Everybody Wants to Dance Like Josephine Baker.» երգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/theater/show/42001/The-Sensational-Josephine-Baker/overview
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 մահվան վկայական — P. 15.
  6. 6,0 6,1 6,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/01439680701443085
  7. https://www.lepoint.fr/societe/monaco-hommage-a-josephine-baker-avant-son-entree-au-pantheon-29-11-2021-2454330_23.php
  8. https://www.lefigaro.fr/culture/il-y-a-46-ans-paris-faisait-ses-adieux-a-josephine-baker-20211127
  9. https://www.elysee.fr/emmanuel-macron/2021/08/23/pantheonisation-de-josephine-baker
  10. Review/Design; When America Stole the Runway From Paris Couture
  11. 11,0 11,1 11,2 11,3 https://www.servicehistorique.sga.defense.gouv.fr/dossier-individuel/josephine-baker-1906-1975
  12. http://www.zazzle.com/josephine+baker+posters
  13. http://www.zazzle.com/josephine+baker+art
  14. http://www.gettyimages.com/detail/news-photo/josephine-baker-american-artist-of-music-hall-sitting-in-news-photo/56227300
  15. http://bedazzled.blogs.com/bedazzled/2013/12/about-the-new-sandrose-reissue-on-guerssen-from-eden-to-rose-castles-made-of-sand-by-astro-mocker-.html
  16. http://www.barnesandnoble.com/w/paris-oh-que-jaime-paris/283829?ean=727031706922
  17. https://www.fye.com/s/product/2795475/Fernandel-Grandes-Chansons
  18. http://www.ebay.com/sch/i.html?_nkw=josephine+baker+signed
  19. 19,0 19,1 Joséphine Baker
  20. Филипп Пушен, Ив Риу (Philippe Pouchain, Yves Riou). Блистательная Жозефина Бейкер / Josephine Baker En Couleur (Биографический фильм). Франция: Cinétévé / Lobster. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)