Դվինի կաթողիկոսարան
Դվինի կաթողիկոսարան Ամենայն Հայոց Կաթողիկոսության երկրորդ աթոռանիստը Վաղարշապատից հետո, որտեղ կաթողիկոսները գահակալել են 484-931 թվականին։ Հայաստանի նկատմամբ պարսիկների ու բյուզանդացիների դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով, հայ նախարարների նախաձեռնությամբ, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք հայրապետական աթոռը Վաղարշապատից տեղափոխվել է Դվին։ 4-րդ դարի 30-ական թվականներից Դվինը եղել է Արշակունիների թագավորության մայրաքաղաքը, Արշակունիների անկումից (428) հետո՝ մարզպանական Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային խոշոր կենտրոն, ունեցել է եպիսկոպոսական առանձին վիճակ։
Պարսկական շրջան
խմբագրելԳրիգոր Ա Լուսավորիչը, վերադառնալով Կեսարիայից (302), «Դվնադաշտի» եպիսկոպոս է կարգել Դիմառիոս Ալեքսանդրացուն (Հովհան Մամիկոնյան)։ Այդ ժամանակ էլ հեթանոսական մեհյանի տեղում կառուցվել է Դվինի եռանավ քրիստոնեական տաճարը։ Դվինի կաթողիկոսարանը մեծ դեր է խաղացել երկրի ազգային-ազատագրական շարժման, քաղաքական ուժերի միավորման, պետականության ամրապնդման, մշակութային կյանքի բարգավաճման, Հայ առաքելական եկեղեցու հիմքերի ամրապնդման, աղանդավորական շարժումների դեմ մղվող պայքարի գործում։ Դվինի կաթողիկոսարանում գումարված ժողովներում քննարկվել ու կանոնակարգվել են դավանական, եկեղեցական ու ազգային հարցեր (տես Դվինի եկեղեցական ժողովներ)։ Կաթողիկոսարանը տեղափոխելուց հետո կառուցվել է կաթողիկոսի պալատը, վերակառուցվել եռանավ տաճարը, որը, Գրիգոր Ա Լուսավորչի նշխարներն իր մեջ ամփոփելով, ստացել է սուրբ Գրիգոր Կաթողիկե անվանումը։ 478-490 թվականներին՝ կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունու օրոք, երկրի տանուտեր ընտըրված Վահան Մամիկոնյանի աջակցությամբ նորոգվել և կառուցվել են եկեղեցիներ Դվինում, Վաղարշապատում, Մզուրում, Տեկորում և այլուր։
6-րդ դարի 60-ական թվականներին պարսիկներն ուժեղացրել են կրոնական հալածանքները։ Քրիստոնեության հանդեպ անհանդուրժողականությամբ հայտնի, ազգությամբ պարսիկ մարզպան Սուրենը (564-571) Դվինում և մի շարք գավառներում հիմնել է կրակապաշտական մեհյաններ, փակել Դվինի կաթողիկոսարանը՝ գանակոծելով Հովհաննես Բ Գաբեղենացի կաթողիկոսին։ Կաթողիկոսական պալատը խլվել է կաթողիկոսից, իսկ Կաթողիկեն վերածվել մթերանոցի։ Այս պայմաններում բռնկված ապստամբության ընթացքում (571-572 թվականներին Վարդան (Կարմիր) Մամիկոնյանի գլխավորությամբ) պարսիկներն այրել են Կաթողիկե սուրբ Գրիգոր եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներ Մովսես Բ Եղիվարդեցին և տեղապահ Վրթանես Քերթողը մնացել են ավերված քաղաքում և չեն լքել Դվինի կաթողիկոսարանը։
Այս շրջանում ուժեղ պայքար է սկսվել քաղկեդոնականության դեմ։ Հատկապես աննպաստ էր բյուզանդական Մավրիկիոս (Մորիկ) կայսրի (582-602) վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ 591 թվականի պարսկա-բյուզանդական պայմանագրով Հայաստանը բաժանվել է երկու մասի։ Մավրիկիոսի ջանքերով բյուզանդական կողմում՝ Ավանում, հաստատվել է հայկական քաղկեդոնական հակաթոռ կաթողիկոսություն, որը տիրացել է ապստամբության ժամանակ Կարին տարված Դվինի կաթողիկոսարանի զգեստներին և սպասքին։ Աբրահամ Ա Աղբաթանեցի և Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների օրոք վերականգնվել է Դվինի Կաթողիկեն, կառուցվել Հայրապետանոցի նոր շենքը։ Այդ շրջանում ավելի է սրվել դավանական պայքարը քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների միջև, և Վրաց եկեղեցին, ընդունելով քաղկեդոնականություն, բաժանվել է Հայ եկեղեցուց։
Արաբական շրջան
խմբագրելԴվինի կաթողիկոսարանի հեղինակության բարձրացման, եկեղեցական, շինարարական, պետական, քաղաքական հարցերում մեծ դեր է խաղացել Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը։ Նրա շինարարական գործերից առաջինը Դվինում կառուցված սուրբ Սարգիս վկայարանն է, որտեղ ամփոփվել են 640 թվականի աշնանը արաբների կողմից Դվինը գրավելու ժամանակ զոհվածների ոսկորները։ Շնորհիվ Դվինի կաթողիկոսարանի ճկուն գործունեության, արաբական տիրապետության սկզբնական շրջանում նկատվել է որոշակի բարեհաճ վերաբերմունք հոգևոր դասի նկատմամբ, թեև 702 թվականին, ոստիկան Աբդալլահի ժամանակ, Սահակ Գ Ձորոփորեցի կաթողիկոսին շղթայակապ ուղարկել են Դամասկոս։
Արաբները բնավ չեն խառնվել եկեղեցական ներքին ինքնավարության խնդիրներին։ Դվինի կաթողիկոսարանի գոյության ընթացքում Հայ եկեղեցու ամենանշանավոր հայրերից էր Հովհաննես Գ Օձնեցին։ Նրա օրոք Դվինի կաթողիկոսարանն անհաշտ պայքար է մղել պավլիկյանների, պատկերամարտների, երևութականների և այլ աղանդավորական շարժումների դեմ։ 8-րդ դարի կեսից կտրուկ փոխվել է արաբների վերաբերմունքը հայ հոգևոր և քաղաքական ներքին ինքնավարության նկատմամբ։ Չդիմանալով արաբների ոտնձգություններին՝ Դավիթ Ա Արամոնեցի կաթողիկոսը Դվինի կաթողիկոսարանից հեռացել է Արամոնք գյուղը։ Արաբների դեմ ապստամբություններին մասնակցելու և խրախուսելու համար սկսվել է հոգևորականների հալածանքներ, ավերվել, քանդվել են եկեղեցիները, հափշտակվել է եկեղեցական սպասքը։ Եսայի Ա Եղիպատրուշեցի կաթողիկոսի մահից հետո թալանվել են Դվինի կաթողիկոսարանի գանձերը։ Հովսեփ Բ Փարպեցի կաթողիկոսի օրոք երկրի ոստիկան Հուզայման ձեռք է բարձրացրել Դվինի կաթողիկոսարանի կալվածքների վրա (Կավակերտ, Հոռոմոց Մարգ, Արտաշատ) և ի վերջո յուրացրել Արտաշատն իր դաստակերտներով։
Արաբների տիրապետության դեմ հայերի տևական պայքարը, որն ավելի ուժեղացել էր 9-րդ դարի սկզբին, ավարտվել է Հայոց թագավորության վերականգնումով։ Այս շրջանում Դվինի կաթողիկոսարանը մեծ դեր է խաղացել հայոց պետականության հաստատման, հոգևոր և քաղաքական ուժերի համախմբման գործում։ 9-րդ դարի 50-ական թվականներին տիրել է շուրջ 40-ամյա խաղաղություն։ Ի վերջո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը փաստորեն երկրի տիրակալ Աշոտ Բագրատունուն Հայոց թագավոր է օծել (885)։ Դվինի կաթողիկոսարանը ծանր կացության մեջ է ընկել 863 թվականի, ապա 893 թվականի երկրաշարժերից հետո, երբ ավերվել են նաև եկեղեցական բոլոր կառույցները։ Գևորգ Բ Գառնեցին տեղափոխվել է Զվարթնոց։
Հայոց կաթողիկոսությանը մեծ հարված է հասցրել Բագրատունիների և Ատրպատականի ամիրաների պայքարը Դվինի համար, որն ավարտվել է Սմբատ Ա թագավորի (890-914) սպանությամբ։ Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսի՝ Դվինի կաթողիկոսարանի վերականգնման ջանքերն անհաջողության են մատնվել։ Դվինը արաբ զորապետ Նըսըրի գրավելուց հետո՝ նա թողել է Դվինի կաթողիկոսարանը և Վասպուրականի հայ թագավոր Գագիկ Արծրունու (908-943) հրավերով 927 թվականին մեկնել Աղթամար։ Քիչ անց այդտեղ է հաստատվել նաև Հայոց կաթողիկոսությունը։ Կաթողիկոսարանի վերացումից հետո ստեղծվել է եպիսկոպոսական վիճակ, որը գոյատևել է մինչև 13-րդ դարի 30-40-ական թվականները, երբ մոնղոլները գրավել և վերջնականապես ավերել են քաղաքը։
Աղթամարում (927-947) հաստատվելուց հետո հայոց կաթողիկոսական աթոռը տեղափոխվում է Արգինա, ապա՝ մայրաքաղաք Անի (992-1058), որին հաջորդում են աթոռի չորսդարյա դեգերումները։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Հովհան Մամիկոնյան, Պատմութիւն Տարօնոյ, Երևան, 1941։
- Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1996։
- Թովմա Արծրունի և անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Երևան, 1985։
- Տեր-Մկրտչյան Կ., Հայոց եկեղեցվո պատմություն, հատոր 1, Վաղարշապատ, 1908։
- Օրմանյան Մ․, Ազգապատում, հատոր 1, ԿՊ, 1912։
- Ղաֆանդարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, հատոր 1, Երևան, 1952։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |