Արգինայի կաթողիկոսարան, Ամենայն Հայոց կաթողիկոսության չորրորդ նստավայրը Վաղարշապատից (301-484), Դվինից (484-931) ու Աղթամարից (927-947) հետո, որտեղ կաթողիկոսները գահակալել են շուրջ կես դար՝ 944-992 թվականներին։

Հիմնադրում

խմբագրել

Բագրատունիների մայրաքաղաքը 10-րդ դարում Կարսից Շիրակավանում հաստատվելուց հետո Անանիա Ա Մոկացին Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու մահից կարճ ժամանակ անց կաթողիկոսարանը Աղթամարից տեղափոխել է 6-7-րդ դարերից անառիկ ամրոցով հայտնի, Շիրակավանին մոտ գտնվող Արգինա գյուղաքաղաքը։

 
Արգինայի կաթողիկե

Խաչիկ Ա Արշարունու պատվերով, ըստ 10-11-րդ դարերի պատմիչ Ասողիկի, ճարտարապետ Տրդատը սրբատաշ քարով կառուցել է Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկեն, երեք համանման եկեղեցիներ, վերակառուցել կաթողիկոսարանի շենքերը։ Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է՝ երկու զույգ որմնամույթերով, արտաքին ճակատներում առանց կամարաշարի։ Այստեղ Տրդատն առաջին անգամ կիրառել է եկեղեցու ներսակողմին դեպի վեր դինամիկ շարժում հաղորդող որմնամույթերի ջլատումները՝ հնարք, որը հետագայում ավելի կատարելագործված իրականացրել է Անիի Մայր տաճարում։ Խաչիկ Ա Արշարունին Կաթողիկեն զարդարել է ոսկեթելով գործված վարագույրներով, ոսկե ու արծաթե անոթներով ու ջահերով, Արգինայի կաթողիկոսարանին կից բացել բարձրագույն դպրոց ու մատենադարան, բազմաթիվ ձեռագրեր հավաքել այդտեղ և ընդօրինակել տվել նորերը։ Խաչիկ Ա Արշարունին ամփոփվել է Արգինայի Կաթողիկեի հյուսիսային կողմում շինված դամբարանում։

Արգինայի կաթողիկոսարանին կից 10-րդ դարում գործել է մեծ համբավ վայելող վարդապետարան։ Այնտեղ աստվածաբանության հետ ուսանել են իմաստասիրություն, հռետորություն, մեկնողական արվեստ։ Դասավանդել են Հնձուց վանքի նախկին առաջնորդ Հովսեփ վարդապետը, Թեղենյաց մենաստանից՝Կիրակոսը, Աղվանքից՝ Սարգիսը և այլն։ Արգինայի բարձրագույն դպրոցում սովորել են նաև աշխարհականները։

Կաթողիկոսարանի տեղափոխում Արգինայից

խմբագրել

Հայաստանի անկախության կորստից (1045) հետո Արգինայի Կաթողիկեն վերածվել է բերդ-եկեղեցու, նրա ծածկի վրա բարձրացվել են պատեր, և այդ լրացուցիչ ծանրությունը հետագայում նույնպես դարձել է եկեղեցու ավերման պատճառ։ 20-րդ դարի սկզբին դեռ պահպանվել էին Կաթողիկեի հյուսիսային պատը և արևմտյան պատի մի մասը, արևմտյան մուտքը՝ 1012 թվականի արձանագրությամբ (այժմ Կաթողիկեի, ինչպես և կաթողիկոսարանի շենքերի ու Արգինայի մյուս երեք եկեղեցիների հետքերն անհետացել են)։ Կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին կաթողիկոսարանի հետ միասին Արգինայից Անի է տեղափոխել նաև մատենադարանը և վարդապետարանը։

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։