Աբրահամ Ա Աղբաթանեցի (անհայտ[1][2], Աղբաթան, Ռշտունիք, Վասպուրական, Հայկական մարզպանություն[1] - մոտ 615[1][2]), հայ հոգևորական գործիչ, մատենագիր, Ամենայն Հայոց կաթողիկոս (607-615)[3]։ Հաջորդել է Մովսես Բ Եղիվարդեցուն։ Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է Ռշտունիք գավառի եպիսկոպոսը[3]։ Նրա օրոք է տեղի ունեցել Վրաց եկեղեցու բաժանումը Հայ Առաքելական եկեղեցուց։

Աբրահամ Ա Աղբաթանեցի
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսԱմենայն Հայոց կաթողիկոս
Ընտրվել է607
Գահակալություն607-615
ԻրավանախորդՄովսես Բ Եղիվարդեցի
ԻրավահաջորդԿոմիտաս Ա Աղցեցի
Ծնվել էանհայտ[1][2]
ԾննդավայրԱղբաթան, Ռշտունիք, Վասպուրական, Հայկական մարզպանություն[1]
Մահացել էմոտ 615[1][2]
Հոգևոր աստիճանկաթողիկոս

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մոտ VI դարի կեսերին, Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառի Աղբաթան գյուղում։ Նախապես եղել է Ռշտունիքի եպիսկոպոսը[3]։ 607 թվականին մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական ժողովին, որին ներկա է եղել 50 եպիսկոպոս և 390 քահանա, սակայն հիշատակվում է միայն 12 եպիսկոպոսների անունները[3][4]։ Ժողովի ժամանակ չի ընտրվում կաթողիկոս, որի պատճառով էլ եպիսկոպոսները Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունու նախաձեռնությամբ նորից են գումարում եկեղեցական ժողով և կաթողիկոս ընտրում Ռշտունյաց Աբրահամ եպիսկոպոսին[3][4]։ Գահ բարձրանալով՝ նորընտիր կաթողիկոսը 607 թվականին նորից ժողով է հրավիրում, որպեսզի համոզվի հատկապես այն գավառների եպիսկոպոսների ուղղափառության մեջ, որոնք 571 թվականի պայմանագրով անցել էին Բյուզանդական կայսրությանը[3][4]։ Այդ ժողովին մասնակցում են միայն 15 եպիսկոպոսներ[3]։

Գործունեությունը խմբագրել

VI-VII դարերում, ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ հայ և բյուզանդական եկեղեցիների միջև սրվել էր պայքարը դավանական հարցերի շուրջ։ Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների, նեստորականների և արևելյան եկեղեցիների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու միջև։ Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերն էլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավանության խնդիրներին։ Չնայած արդեն V դարի վերջին նեստորական եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքը և խրախուսել հակահունական տրամադրությունները։ Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի (VI դարի վերջ) միջոցով հեռացնելով Հայքի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզանական Մորիկ կայսրը (591 թվականից), թույլատրել է Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ Դվինում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում։ Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Չնայած Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավանական միություն հաստատելուց, այնուամենայնիվ 608 թվականին Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը։

Հոգևոր ժառանգությունը խմբագրել

Այդ շրջանի իրադարձությունների, դավանական թեժ պայքարի կարևոր վավերաթղթեր են «Գիրք թղթոցում» պահպանված՝ Աղբաթանեցու եպիսկոպոսական և կաթողիկոսական գործունեությանը վերաբերող թղթերը, շրջաբերական գրությունները՝ ուղղված Վրաց Կյուրիոն կաթողիկոսին, Ցուրտավի Մովսես եպիսկոպոսին, Վրթանես Քերթողին, Վրկանաց մարզպան Սմբատ Բագրատունուն։ Հատկապես Վրաց Կյուրիոն կաթողիկոսին գրած թղթերում Աղբաթանեցին շեշտել է Հայոց, Վրաց և Աղվանից եկեղեցիների միությունը VI դարի սկզբին, երբ նրանք միասնաբար պայքարել են Հույն եկեղեցու նկրտումների և քաղկեդոնականության դեմ («Գիրք թղթոց»)։ Հայոց կաթողիկոսն իր թղթերում կարևոր տեղեկություններ է հաղորդել Դվինի 506 թվականի Ա ժողովի ընդունած որոշումների, Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքորոշման վերաբերյալ։ Ըստ Աղբաթանեցու, Դվինի Ա ժողովի գլխավոր նպատակը Քաղկեդոնի և քաղկեդոնական խնդիրների հանդեպ Հայ եկեղեցու և նրա ավագությունն ու գահերեցությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիների դավանական դրության պարզեցումն էր, միասնական պաշտոնական դիրքորոշման արտահայտումը։

Աղբաթանեցու գրություններն օգտագործել են հետագա դարերի հայ պատմիչներն ու մատենագիրները՝ Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման դեպքերը շարադրելիս, իսկ Ուխտանես եպիսկոպոս պատմիչը Աղբաթանեցու 14 թղթերից 11-ը զետեղել է իր «Պատմություն Հայոց» գրքի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» հատվածում։
Աղբաթանեցին գրել է նաև դավանական բնույթի ճառեր։

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 371.
  4. 4,0 4,1 4,2 «Գիրք թղթոց», էջ 146, 149, 151.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 41  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Նախորդող՝
Մովսես Բ Եղիվարդեցի
Կաթողիկոս
607–615
Հաջորդող՝
Կոմիտաս Ա Աղցեցի