Դվինի երկրաշարժ (863), երկրաշարժ, որը տեղի է ունեցել 863 թվականի փետրվարի 13-ին Դվին քաղաքում[1]։

Դվինի երկրաշարժ
Տեսակերկրաշարժ

9-րդ դարի ընթացքում Դվինը միակ «մարդաշատ» քաղաքն էր մուսուլմաններով գերակշռություն ունեցող Հայաստանում։ Քաղաքը մաս էր կազմում Աբբասյան խալիֆայության և ուներ բազմազգ բնակչություն[1]։

Պատմաբան Հովհաննես Դրասխանակերտցին (X դ.) հայտնում է, որ երկրաշարժը ազդել է Դվինի թագավորական նստավայրի վրա։ Նա երկրաշարժը թվագրում է որպես իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու մահվանը հաջորդած իրադարձություն[1]: Հովհաննեսի պատմածի համաձայն՝ երկրաշարժը մեծ վնաս հասցրեց քաղաքի տներին, պաշտպանական պատերին և պալատներին։ Ստորգետնյա ցնցումները ավերածություններ առաջացրին քաղաքում։ Շատ մարդիկ զոհվեցին առաջնային ցնցումից։ Կենդանի մնացածները փախան քաղաքի շուկաներ և փողոցներ՝ վախենալով, որ իրենց բնակության վայրերը կփլուզվեն։ Եղանակային պայմանների պատճառով երկրաշարժը վերապրածներից շատերը տառապում էին նաև ցրտահարությունից։

Պատմաբան Ստեփանոս Ասողիկը (X-XI դդ.) երկրաշարժը թվագրում է Աշոտ Բագրատունու գահակալության տարիներին։ Ըստ պատմաբանի, երկրաշարժը տեղի է ունեցել Մեծ պահքի շրջանում՝ Փոքր շաբաթ օրը։ Նրա վկայության համաձայն՝ երկրաշարժը շատ մարդկանց կյանք խլեց և քանդեց «շքեղ» տները։ Նա հայտնում է, որ ցնցումները տևել են երեք ամիս[1]։

Իսկ պատմաբան Մովսես Կաղանկատվացին (10-ից 11-րդ դար) պնդում էր, որ ցնցումները տևել են մի ամբողջ տարի, որին զոհ է գնացել 120,000 մարդ։ Նա իրադարձությունը թվագրում է հայկական տոմարի 318-րդ տարեթվով, որը համապատասխանում է քրիստոսից հետո 869 և 870 թվականներին[1]։

Փետրվարի 13-ի ամսաթիվը վերցված է գրիգորյան օրացույցի X դարի պատարագային տեքստից։ Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Դեմետրիոս Սալոնիկցու տոնի ընթացքում։ Բյուզանդական պատարագային օրացույցում Դեմետրիոս Սալոնիկցու տոնը հոկտեմբերի 26-ին է և ոչ թե փետրվարի 13-ին։ Կոստանդնուպոլսում եղել է երկու երկրաշարժ, որոնք թվագրվել են Դեմետրիոս Սալոնիկցու տոնի օրը. մեկը՝ 740 թվականի հոկտեմբերի 26-ին, իսկ մյուսը՝ 989 թվականի հոկտեմբերի 26-ին։ Երկու երկրաշարժերն էլ հիշատակվել են բյուզանդական պատարագի ժամանակ[1]։

Պատմաբան Թովմա Արծրունին (11-րդ դար) համեմատել է այս երկրաշարժը 893 թվականի Դվինի երկրաշարժի հետ՝ հաղորդելով, որ այն 893 թվականի երկրաշարժից պակաս կործանարար էր։ Նա երկրաշարժը թվագրում է որպես Զաքարիա Ա-ի Ձագեցու կաթողիկոսության շրջանի իրադարձություն, Հայաստանի գերության յոթերորդ տարին։ Դա կհամապատասխանի քրիստոսից հետո 859 և 860 թվականներին[1]։

Պատմաբան Սամուել Անեցին (12-րդ դար) երկրաշարժը թվագրում է հայկական օրացույցի 312 թվականով[1]։

Առաջնային աղբյուրներում երկրաշարժը թվագրվում է 861-ից 869 թվականներին։ Ժամանակագրության անորոշությունները կարող են պայմանավորված լինել այդ ժամանակ Հայաստանում օգտագործվող տարբեր ժամանակագրական համակարգերով։ Միջնադարյան պատմաբանները դժվարանում էին որոշել այս երկրաշարժի ստույգ ամսաթիվը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Guidoboni, Traina, 1995, p. 121-123

Աղբյուրներ խմբագրել

  • Guidoboni, Emanuela; Traina, Giusto (1995), A new catalogue of earthquakes in the historical Armenian area from antiquity to the 12th century, Annals of Geophysics