Դդմաշեն
Դդմաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դդմաշեն | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Սևանի շրջան | ||
Համայնքապետ | Ավետիս Ավետիսյան | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Մակերես | 1,86 կմ² | ||
ԲԾՄ | 1798±1 մետր, 1800 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2876[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1508 | ||
Փոստային դասիչ | 1508 | ||
| |||
Հարևան Գեղամավան գյուղի հետ հիմնվել է Մակուի վերաբնակիչների կողմից 1828 թվականին։ Հայտնի է 7-րդ դարում կառուցված Սուրբ Թադևոս եկեղեցիով։
1970-ական և 90-ական թվականներին գյուղում գործել է ձիաբուծարան, որտեղ բուծվել են անգլիական զտարյուն ցեղի ձիեր։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, պատմական թանգարան, գրադարան, մշակույթի տուն, բուժ ամբուլատորիա։ Դդմաշենում է ծնվել կինոռեժիսոր Յուբիկ Մուրադյանը։
Անվան ստուգաբանություն
խմբագրելԳյուղի անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ոմանք պնդում են, որ ձկնառատ Հրազդանի ափի Դդմաշենը Մակվից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի՝ Դուդմա կամ Տուտմա (Դուդմա պարսկերեն նշանակում է ձուկ) անունով։ Սակայն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի գտած 1494 թվականի մի ավետարանում ասվում է. «Արդ գրեցավ սուրբ ավետարանս ի գյուղս Դեմդեմաշեն, ընդհովանով սուրբ Աստվածածինս և Սևանա Սուրբ Առաքելոյն»։ Գիտնականի կարծիքով, Դեմդեմաշենը նույն Դդմաշենն է։ Դդմաշենցի հայտնի բանահավաք Գուրգեն Ստեփանյանը ժխտել է Երվանդ Լալայանի այն վարկածը, թե գյուղի անունը առաջացել է դդում բառից։
Բնակչություն
խմբագրելԱղավնաձորի ազգաբնակչության փոփոխությունը
Պատմություն
խմբագրելՊարսկաստանի Դիադինից և Մակվի շրջանի Տուտմա գյուղից 60 ընտանիք և Արևմտյան Հայաստանի՝ Բայազետի շրջակա գյուղերից 17 ընտանիք եկան այստեղ, 1828 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու շրջադարձային ժամանակաշրջանում։ Դդմաշենի նորաբնակության օրերին գյուղից հեռացան Կարափափախները։ Հինավուրց բնակավայրում իրենց քարավանը կանգնեցրին նորեկները և սուրբ Աստվածածին եկեղեցին կոչեցին սուրբ Թադեոս առաքյալի անունով։ Եկվորների թիվը կազմել է 468 մարդ։ Նրանց մեջ էին տարբեր արհեստներով զբաղվողներ։ Տանուտերը Օհան Միրզոյանն էր։ Գյուղացիները իրենց հետ բերել էին 440 խոշոր, 502 մանր եղջերավոր անասուններ, 40 ձի և ավանակ։ Գործի գցեցին գյուղի 2 ձիթհանները, վերանորոգվեց քանդված 26 ջրաղացներից 5-ը։ Դրանցից էին Մակարի, Սաֆարի, Սեփոյի և ամենամեծը՝ Ասպատուրի ջրաղացը։ Դդմաշենցիները վարձով մշակում էին արքունական հողերը։ 1873 թվականի համաձայն, գյուղի 100 ծխերում ապրում էր 1236 մարդ, որից տղամարդ՝ 630, կին՝ 606:
1928 թվականին ստեղծվեց կոլտնտեսություն։ Սկզբում ընդգրկեց 17 տնտեսություն, նախագահը Ավետիս Ավետիսյանն էր։ Կոլտնտեսության գոյությունը կարճ տևեց, այն շուտով վերացավ։ Կազմվեց կաթնային արտել, ապա 1932 թվականին նորից ձևավորվեց կոլտնտեսություն, որի նախագահն Արմենակ Հայրապետյանն էր։ Կոլտնտեսության երկարամյա նախագահ է եղել Շավարշ Գրիգորյանը։
Դդմաշենցիների մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին
խմբագրելԵրկրորդ աշխարահամարտի տարիներին ռազմաճակատ մեկնեցին 538 դդմաշենցիներ, որոնցից 211-ը չվերադարձավ։ Դդմաշենից կռվին մասնակցեցին մեկ մայոր, 4 կապիտան, 24 լեյտենանտ, 37 սերժանտ։ Բալաբեկ Ստեփանյանը գյուղգործիքների հայտնի վերանորոգող էր, լավ մասնագետ։ Զորակոչվեց՝ կնոջ հույսին թողնելով հինգ փոքրիկներին։ Կինը՝ Աննմանը, փոխարինեց ամուսնուն, ընդգրկվեց կոլտնտեսության աշխատանքներում։ Որբ զավակները պետական հովանավորությամբ հետագայում կիրթ մարդիկ դարձան։
Սիմոն Հակոբյանը տրակտորիստ էր, մեկնեց բանակ, սովորեց տանկային ուսումնարանում, դարձավ կրտսեր լեյտենանտ։ Քաջ հրամանատարը զոհվեց մարտում։
Խաչիկ Յախանյանը մեկնեց կռվի առաջին գիծ։ Մարտի ժամանակ կարողացավ 12 ժամ կասեցնել հակառակորդի գրոհը և իր կյանքի գնով ապահովեց յուրայինների առաջխաղացումը։ Սուրեն Սեդրակյանը սովորեց Հրազդանում, դարձավ կուսշրջկոմի աշխատող, հետո Սևանի շրջկոմի քարտուղար, պատերազմի հենց առաջին օրերին կամավոր մեկնեց գործող բանակ։ Գրիգորյանը օդաչու էր, զոհվեց մարտում։ Քաջի մահով ընկան Շավարշ Հակոբյանը, Հարություն և Վլադիմիր Գրիգորյանները, Գերասիմ Հունանյանը, Վանցետի Գալստյանը, Վարդան Մնացականյանը, Մանուկ Փանոսյանը և ուրիշներ։ Զոհվեցին Արզուման Թադևոսյանի հինգ որդիներից չորսը։ Դդաշենցի Գագիկ Եղիազարյանի տասնութ տարին նոր էր լրացել, երբ կամավոր մեկնեց բանակ։ Կռվեց Վոլգայի ափին, մասնակցեց Դնեպրի, Վիսլայի և Էլբայի անցմանը։ Ռազմաճակատից վերադառնալով՝ բարձրագույն կրթություն ստացավ, դարձավ անվանի մանկավարժ։
Երկու բուհ և սպայական ուսումնարան ավարտած դդմաշենցի կապիտան Գուրգեն Ստեփանյանը Թամանյան դիվիզիայում վաշտի հրամանատար դարձավ, մասնակցեց մարտերին, հասավ Գերմանիա։ Ռազմաճակատից 1945 թվականի վերադարձից հետո զենքը փոխարինեց գրչով և աշխատեց շրջանի մի շարք դպրոցներում։
Դպրոց
խմբագրել1860-ական թվականներից գյուղում գործել են գրագիտական խմբակներ, 1904 թվականին՝ երկդաս դպրոց, որի հովանավորներն են եղել Եգոր Կարապետյանը, Տեր Սահակ քահանա, Տեր Սողոմոնի Տեր Սահակյանը։ Ծխական մեկդասյա երկսեռ դպրոցը, որն ուներ 56 աշակերտ և մեկ ուսուցիչ, հիմնադրվել է 1908 թվականին գյուղի առաջադեմ մարդկանց՝ Ոսկան Հարությունյանի, Միսակ Հակոբյանի, Եգոր Կարապետյանի և Կոստան Պետրոսյանի ջանքերով։ 1909 թվականին ուսուցիչ են աշխատել Երևանի թեմական դպրոցի շրջանավարտները, որոնցից աչքի էր ընկնում վարժապետ Վռամշապուհ Զաքար Բարայանը։ 1912 թվականին եոամյա երկսեռ դպրոցում սովորում էր 57 աշակերտ, այն տեղավորված էր խարխուլ շենքում։ 1915-1916 ուսումնական տարում ունեցել է 50 աշակերտ և մեկ ուսուցիչ, երկու տարի անց՝ երկու դասարան և երկու ուսուցիչ։ 1927-1928 թվականներին բացվեց թերի միջնակարգ դպրոց։ Դպրոցական նոր շենք է կառուցվել 1937 թվականին, երբ այն դարձավ միջնակարգ. առաջին տնօրենը Ռաֆիկ Մարկոսյանն էր։ 1939-1940 թվականներին կրթօջախը տվեց իր առաջին շրջանավարտներին։
Դդմաշենի սրբավայրեր
խմբագրել- Ծառով ձոր - գտնվում է գյուղի հյուսիսային մասում։
- Թուխ մանուկ - գտնվում է գյուղի կենտրոնում, փոքրիկ գետնափոր տնակ է, ներսում խաչքար կա։
- Խաչեր - գտնվում է գյուղի հարավային մասում, մատուռի ներսում կանգուն խաչքար է տեղադրված։
- Թաք խաչ - Ծաղկունք և Դդմաշեն գյուղերի դաշտավայրերը բաժանող տեղում մի փոքրիկ բարձունքի վրա։
- Քրչկոտ խաչ - «Գեշքյաշվան» հանդամասում է։ Մեծ կարծր քար է, կողքին՝ մասրենու թփեր։
- Զիարաթ - գտնվում է «Մեյրան» տանող ճանապարհին, Կաթ-կաթ աղբյուրից երկու-երեք հարյուր մետր դեպի սարի գագաթը։
- Ծակ քար - Կաթ-կաթ աղբյուրի ձորի վերևի մասում մի հսկայական քար է։
- Սուրբ Թադեոս առաքյալի եկեղեցի - գտնվում է փոստի շենքից 50 մ հեռավորության վրա։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 67. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- (անգլերեն) Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 41, available online at the website of the Internet Archive:
- Հայաստանի համայնքների միություն - Դդմաշեն Արխիվացված 2011-08-20 Wayback Machine
- ՄԵՐ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՂՆԻՆԵՐԸ. ՖԱՀՐԱԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դդմաշեն» հոդվածին։ |