Գուրգեն Ստեփանյան

հայ մանկավարժ

Գուրգեն Խաչատուրի Ստեփանյան (1910, Դդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Գուրգեն Ստեփանյան
Ծնվել է1910
ԾննդավայրԴդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Ստեփանյանը ծնվել է 1910 թվականին, Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում։ Կամո քաղաքում միջնակարգն ավարտելուց հետո աշխատանքի է անցել նախ Դդմաշենի, ապա՝ Հրազդանի շրջանի Քաղսիի դպրոցներում, դասավանդել է հայոց լեզու։ Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է 1940 թվականին, 1948 թվականին ավարտել է նաև նույն համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը[1]։

1942 թվականին Ստեփանյանը ընդունվել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանը, որն ավարտելուց հետո, վաշտի հրամանատարի պաշտոնով, մեկնել է ռազմաճակատ։ 1942 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1943 թվականին Ստեփանյանը տեղափոխվել է հայկական փառաբանված 89-րդ դիվիզիա և նշանակվել 526-րդ գնդի 9-րդ վաշտի հրամանատար։ Վերխնեբականսկի հյուսիս-արևմտյան մատույցներում 526-րդ գունդը ճեղքելով թշնամու պաշտպանության երկրորդ գիծը գրավել է այն։ Մարտական առաջադրանքը կատարելու համար ավագ լեյտենանտ Ստեփանյանն արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ Նրա մարտական ճանապարհը Կովկասից հասել է Գերմանիա։ Գուրգենը երեք անգամ վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել է շարք[1]։

1945 թվականին զորացրվելուց հետո Ստեփանյանը անցնել է մանկավարժական աշխատանքի, դասավանդել է մայրենի լեզու, պատմություն, աշխատել է միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ, տնօրեն։ Ստեփանյանը ընտրվել է Հայաստանի ուսուցիչների համագումարների պատգամավոր, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով, բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով։ Վաստակաշատ մանկավարժն անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է աշխատել Չարենցավանի դպրոցում[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ խմբագրել