Կայծոն
Կայծոն կամ Ամանակ, միջնադարյան ամրոց, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորափոր գավառում (այժմ՝ Լոռու մարզի Շնող գյուղի տարածքում, Ալավերդի քաղաքից 24 կմ արևելք), Դեբեդ գետի աջափնյա եռանկյունաձև հրվանդանի վրա։
Տեսակ | Ամրոց |
---|---|
Տեղագրություն | Լոռու մարզ |
Վարչական միավոր | Շնող գյուղ |
Երկիր | Հայաստանի Հանրապետություն |
Կազմված է մասերից | Գաղտնուղի, Գերեզմանոց, Գերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի Սբ. Գևորգ, Զանգակատուն և Մատուռ Սբ. Աստվածածին («Տերունական խաչարձան») |
Կառուցված | 10-11-րդ դարեր |
Կառուցող | Գրիգոր Մագիստրոս |
Բաց է հանրության համար | այո |
ՆկարագրությունԽմբագրել
Կայծոն ամրոցը գտնվում է ներկայիս Շնող գյուղի տարածքի հյուսիս-արևմտյան մասի եռանկյունաձև հրվանդանին: Տեղացիները այդ վայրը անվանում են Վենձ քարի գլուխ: Գյուղի ընդհանուր տարածքի նկատմամբ ոնի իշխող դիրք: Աչքի է ընկնում բնական պաշտպանական հուսալի և նպաստավոր պայամններով, պարագծով եզերված է բարձր, մեծ մասամբ անմատչելի ժայռերով: Հրվանդանը հյուսիսճարևմտյան երկարությամբ հարում է Դեբեդ գետի կիրճին, հարավային կողմից Առվի ձորն է՝ փոքրիկ գետակով, իսկ արևելյան կողմից շրջափակված էհեղեղատներից առաջացած ոչ խորը ձորակով:
Հրվանդանը եզերող ժայռերի տարբեր աստիճաններում կան դժվարամերձ քարայրեր, որոնց ապավինել են տեղի բնակիչները հարձակումների և ավարառությունների ժամանակ.
«... ունի քարափի մեջ ցցած փայտե սեպեր, որոնց բռնելով և թե վրան կանգնելով, բարձրանալից են եղել» - Գ Երզնկյանց, Հնությունք հայրենյաց. Կայծոն կամ Շնող, «Արձագանք», 1895 թվական, համար 30, էջ 3
|
Ամրոցի տարածքը անմատչելի է հարավ-արևմտյան և հյուսիսային կողմերից, որտեղ ուղղաձիգ, գահավեժ ժայռերն ունեն ավելի քան 35 մ բարձրություն: Տափարակի չափը ամենաերկար մասում 580 մ է, ամենալայն մասում՝ 256 մ, մակերեսը կազմում է 6.5 հա: Այն ունի ոչ մեծ թեքություն՝ արևելք-արևմուտք ուղղությամբ: Ներկայումս տափարակը կառուցված է բնակելի տներով, հիմնականում շինված վերջին տասնամյակներում.
ՇինարարությունԽմբագրել
Ամրոցի շինարարությունը վերագրում են Հոլում Վասակին, ով ապրելիս է եղել Բագրատունիների ժամանակաշրջանում և գտնվել է նրանց հովանու ներքո[1][2][3][4] և հանդիսացել է նրան զորավարներից մեկը: Նրա նախնիները պատկանել են Կամսարականների տոհմին[5]:
Պատմություն և հիշատակություններԽմբագրել
Ամրոցի շինարարության ժամանակին վերաբերվող ամենավաղ տեղեկատվությունը հայ մատենագրության մեջ պատկանում է 13-րդ դարի պատմիչ Մխիթար Այրիվանեցուն, որը խոսելով Գրիգոր Մագիստորսի մասին, գրում է.
«Սա է որդին Հոլում Վասակայ՝ շինողին Բջնոյ, Կայենոյ և Կայծոնոյ» - Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860 թվական, էջ 58-59
|
Կայծոնը մի շարք բերդերի հետ պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան շառավիղներին: Վարդան պատմիչը հիշատակում է, որ Աշոտ Ողորմածի մահից (977 թվական) հետո նրա կալվածքները բաժանվում են երեք որդիների՝ Սմբատի, Գագիկի և Գուրգենի միջև.
«... և կրտսեր եղբայրն ժառանգէ զՏաշիր Սեւորդւովքն Ձորոյգետին. և զԿայեն և զԿայծոն, զԽորխոռունիք՝ որ ի Խոռայ շինեցաւ, որ է Խոշոռնի ր Խոռակերա, և զբզնունիք՝ որ է Բազկերտ ՝ի գաւառն Տաշրայ. և այլ բերդք անուանիք եհաս Գուրգենայ, զոր Վիրք Սոմխէթ կոչեն[6]» - «Մեծին Վարդանայ Բարձրբերդեցւոյ Պատմութւին տիեզերական», Մոսկվա, 1861 թվական, էջ 122
|
Գագիկ Ա-ի (990-120 թվականներ) մահից հետո նրա ավագ որդուն՝ Հովհաննես–Սմբատին (1020-1041 թվականներ) բաժին է ընկնում
«... զԱնի և զՇիրակ, զսուրբ Գրիգոր Ձորովն Աշոցաց, զԱնբերդ և զդաշտն Այրարատեան, զԿայեան և զկայծոն և զՏավուշ գավառն Սեւորդեաց» - Վարդան Արևելցի, Հաւաքումն պատմութեան, էջ 92
|
Կայծոն ամրոցի տերերի շարքում հիշատակվում է նաև Գրիգոր Մագիստրոսը (990-1058 թվականներ), որն իր իշխանության կենտրոն ունենալով Բջնի բերդը, տեր է դառնում նաև Կայան և Կայծոն բերդերին: Գրիգոր Մագիստրոսը երկար չի իշխում.
«... տայ զԲջնի ՝ի Մոնոմախն, զԿայեան և զԿայծոն, զոր ընդ ձեռամբ իւր ունէր, և առնու զդքսութիւնն Միջագետաց[7]» - Հ. Մանանդյան, «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հ. Գ, Երևան, 1952 թվական, էջ 405
|
Համաձայն 1063 թվականին գրված վավերագրերից մեկի՝ Կայծոնը մի շարք այլ բնակավայրերի և բերդերի հետ նվիրվել է Հաղպատի վանքին.
Սելջուկ-թուրքերը սուլթան Արփ-Արսլանի գլխավորթույամբ 1064-1065 թվականներին գրավեցին Հայաստանի զգալի մասը, այդ թվում՝ Գուգարքը: Վրաց թագավորությունը՝ Դավիթ Շինարարի օրոք հզորանալով, խլեց այն սելջուկներից և միացրեց Վրաստանին: 13-րդ դարի անանուն վրացի պատմիչի վկայությամբ, Թամար թագուհին (1184-1213 թվականներ) Իվանե Զաքարյանին արքունի մեծ վեզիր նշանակելիս նվիրում է նրան մի շար քաղաքներ և բերդեր, որոնց թվում նաև Կայծոն բերդը.
Գեղարդի վանքի արձանագրություններից մեկում ևս նշվում է, որ Իվանեի տիրապետության սահմանները տարածվում էին.
«առ ի Կայենով եւ Կայծոնով մինչև /ի Բարկուշատ եւ մինչ/ ի Յականա եւ մինչ ի Նախճաւան եւ անդի մինչ ի Կարս...[8]» - Գ. Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոյշանք հայոց պատմության մեջ, հատոր Բ, Երևան, 1936 թվական, էջ 13
|
13-րդ դարի առաջին կեսին թաթար-մոնղոլների ասպատակությունները կասեցրին երկրի տնտեսական-մշակույթային զարգացումը և պատճառ դարձան բնակչության զանգվածային արտագաղթի: Առանձնապես տուժեցին այն գավառները, որոնք գտնվում էին Զաքարյանների տիրապետության տակ: Այդ ժամանակ Կայծոն ամրոցն կորցրել էր իր պաշտպանական հենակետային նշանակությունը, քանի որ դրանից հետո ամրոցի այդօրինակ դերի վերաբերյալ հիշատակություններ չկան:
18-րդ դարի երկրորդ կեսին լեզգիների պարբերական արշավանքների վերաբերյալ պահպանվել են բազմաթիվ արձանագրություններ.
Նույնանման ողբերգության մասին, այս անգամ պարսից Աղա Մահմեդ խանի կողմից 1795-1797 թվականներին՝ Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ, հիշատակում է Վարդան Օձնեցին[9]:
Վրաց Գեորգի թագավորը Աղա Մահմեդ խանի հրոսակներից խույս տված և Վրաստանին ապավինած Ղարաբաղի մելիքներին, 1799 թվականին ռուսաց կայսեր հրովարտակի համաձայն, շնորհում է մի շարք գյուղեր, որոնց թվում և Շնողը[10]:
Ամրոցը ուշ շրջանում հիշվում է Սանահնի վանքի առաջնորդ Հարություն Տեր-Բարսեղյնցին նվիրված հիշատակագրություններից մեկում, որը թվագրված է 1834 թվականով[11]:
ԿառուցվածքԽմբագրել
Կայծոն ամրոցի պաշտպանական կառույցներից շատ քիչ մասն է պահպանվել: Դրանք պարսպապատերի մնացորդներն են մոտ 10 մ երկարությամբ՝ ամրոցի տարածքի արևելյան անկյունաձև մասի երկու կողմերում: Հյուսիսային կողմի մնացորդներն ունեն 3-3.5 մ, իսկ հարավային կողմինը՝ 1.5-1.8 մ բարձրություն: Պատը տեղական բազալտե քարի խոշոր անմշակ կտրոններից է, կիկլոպյան տիպի (առանց շաղախի օգտագործման) միաշերտ շարվածքով: Առանձնապես խոշոր են հյուսիսային կողմի քարերը, որոնց զգալի մասը ունի 1 մ x 0.9 մ x 1.2 մ չափեր:
Ամրոցի հիմնական մուտքը գտնվել է արևելյան կողմում, որտեղ տափարակը նեղ պարանոցով միանում է գյուղի ընդհանուր տարածքին: Ամրոցի հիմնական մուտքի ընտրությունը կատարված է ռազմա-պաշտպանական խնդիրները, նաև բնական պայմաններըվարպետորեն հաշվի առնելով: Ճանապարհ, հրվանդանին չհասած, թեքվում է հարավ և ընդհուպ մոտենալով ժայռերին ուղղվում է դեպի հրվանդան, դրանով իսկ հնարավորություն տալով ամրոցի պաշտպանական ուժերին շատ նպաստավոր դիրքերից, հենց ամրոցի մատույցներում դիմագրավել հակառակորդի ուժերին: Ամրոցն ունեցել է օժանդակ մուտք հարավային կողմից, որտեղ ժայռերը նվազ թեքությամբ իջնում են դեպի ձոր:
Ամրոցի ջրամատակարարման խնդիրը լուծվել է Սուրբ Սարգիս բլրի արևելյան կողմի («Խէչի եդի կըռան») ձորում բխող աղբյուրի շնորհիվ: Աղբյուրը գտնվում է ամրոցից բարձր տեղում, որը հնարավորություն է տալիս բլրի լանջով գցված կավե խողովակներով ջուրը ինքնահոսով հասցնել ամրոց:
Կայծոն ամրոցն ունեցել է գաղտնուղի: Ամրոցի հարավ-արևմտյան մասում ավտոճանապարհի լայնացման աշխատանքների ժամանակ բացվել է հրվանդանի կողմից դեպի ձորն իջնող գաղտնուղի՝ թունելի ձևով, առանց ամրացման և արհեստական ծածկի[12][13]:
Ամրոցում գտնվող հուշարձաններԽմբագրել
Ամրոցի տարածքում պահպանված հուշարձանները փոքրաթիվ են՝ երկու եկեղեցիներ, խաչքարեր և տապանաքարեր: Հնարավոր է, որ ամրոցը ստորը ներկայացված հուշարձաններից բացի, ունեցել է այլ կառուցվածքներ՝ ջրամբար, բաղնիք, պալատական շենք և այլն, սակայն նրանց մասին որևէ տեղեկատվություն չի պահպանվել:
Անանուն եկեղեցիԽմբագրել
Եկեղեցին գտնվում է ամրոցի արևմտյան մասում, հարավային քարափից ընդամենը 6 մ հեռավորության վրա: Եկեղեցուց պահպանված է պատը և աբսիդի մասը: Այն երկթեք կտուրով միանավ դահլիճ է՝ 690 սմ x 430 սմ ընդհանուր չափերով: Աղոթասրահը (380 սմ x 282 սմ) արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան աբսիդով, որի երկու կողմերում գրեթե սիմետրիկ դասավորված են 40 սմ x 35 սմ չափեր ունեցող պատուհաններ: Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան կողմից: Բեմի մասը լուսավորվում է 22 սմ և 60 սմ չափով պատուհանից:
Եկեղեցին կառուցված է տեղական բազալտի կոպտատաշ մանր քարերից՝ կապակցված կրաշաղախով: Ստորին շարքերը և անկյունային մասերը համեմատաբար խոշոր, կիսամաքրատաշ քարերից են, որոնց մեծը մասը ներկայումս հանված է և եկեղեցու հիմքերի հետ կապված են միայն պատի կես հաստությամբ: Պատերը բարակ են՝ 70-75 սմ: Ծածկը եղել է կիսագլանաձև թաղից՝ առանց ենթաթաղային կամարների: Թաղի ստորի շարքի մանցորդներ պահպանվել են հյուսիսային պատի վրա: Թաղը շարված է եղել երկայնական շարքերով մանր քարերից: Եկեղեցին եղել է սվաղված. աբսիդի և հյուսիսային պատի վրա ներքուստ կան սվաղի մնացորդներ: Կտուրի ծածկից ոչինչ չի պահպանվել:
19-րդ դարի վերջին եկեղեցին ամբողջական ձևով կանգուն է եղել[14]: Նրա շուրջը հին գերեզմանատունն է: Հարավ-արևմտյան մասում գտնվել է Ավետիս քահանայի տապանաքարը՝ ՈԽԷ (1198 թվական) թվագրությամբ: Եկեղեցին կառուցվել է ավելի վաղ՝ 10-րդ դարից ոչ ուշ:
Սուրբ Գևորգ եկեղեցիԽմբագրել
Սուրբ Գևորգ եկեղեցին տեղադրված է հրվանդանի կենտրոնական մասում՝ գրեթե երկայնական առանցքի վրա և համեմատաբար լավ է պահպանված: Պատկանում է երկթեք կտուրով եռանավ դահլիճների տիպին: Հատակագծում այն ուղղանկյուն է՝ 1633 սմ x 986 սմ չափերով: Աբսիդը և ավանդատները արևելյան կողմից սահմանափակված են ընդհանուր պատով: Աղոթասրահը (1085 սմ x 812 սմ) երկու զույգ սյուներով բաժանված է երեք նավերի: Կենտրոնական նավը կրկնակի անգամ լայն է եզրայիններից: Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից: Աղոթասրահը լուսավորվում է հարավային ճակատի զույգ և ամրևտյան ճակատիկենտրոնական մեկ պատուհաններից: Եկեղեցու նավերը, ավանդատները, ծածկված են կիսագլանաձև թաղերով: Նավերի թաղերի տարածական կոշտությունը մեծացվում է ենթաթաղային զույգ կամարների միջոցով, որոնք թաղի հարթությունից դուրս են գալիս 16 սմ չափով:
Եկեղեցու պատերը ներսից շարված են բազալտե մանր կոպտատաշ, իսկ դրսից՝ խոշոր սրբատաշ քարերով: Կամարները, որմնակամարները, սյուների միակտոր բները, ինչպես նաև աբսիդի, դռների և պատուհանների եզրերը նույնպես սրբատաշ բազալտից են: Ճակատային հարթություններ պարզ են՝ առանց դեկորատիվ հնարքների: Եկեղեցու քիվը պահպանվել է միայն երկայնական ճակատներում. այն դեղնականաչավուն ֆելզիտից է՝ պարզ գոգավոր արմատով: Հարավային մուտքի առանցքով՝ մուտքից 1 մ բարձրության վրա գտնվող քարի վերին ձախակողմյան անկյունում նշված է եկեղեցու կառուցման տարեթիվը՝ 1893 թվական:
Սուրբ Աստվածածին մատուռ («Տերունական խաչարձան»)Խմբագրել
Կայծոն ամրոցի հետ ժամանակագրական կապի մեջ է ամրոցի տարածքի հյուսիս-արևելյան գոգավոր մասում գտնվող խաչարձան-մատուռը՝ միմյանց կից երեք խաչքարեր, ագուցված ուղղանկյուն կառուցվածքի խորշի մեջ: Խորշը արևմտյան կողմից է և վերևից ավարտվում է կիսաշրջանագծային կամարով: Ի տարբերություն կառուցվածքի մյուս մասերի, որոնք մանր կոպտատաշ բազալտից են, կամարի ճակատային քարերը դեղնականաչավուն ֆելզիտից են: Միջին խաչքարից վերև պատի մեջ թողնված է խորշ՝ 57 սմ x 47 սմ չափերով, որի մեջ տեղադրված է հավասարաթև խաչ: Խաչքարերն աչքի են ընկնում շքեզ քանդակազարդումներով, որոնք հորինվածքային գտնվում են փոխադարձ կապի մեջ: Երեք խաչքարերի համար էլ հորինվածքային հիմնակազմ մոտիվը ծաղկած խաչն է՝ զուգակցված բուսական տարրերի (նռան, խաղողի ողկույզների, ոստերի) հորինվածքների հետ: Հյուսիային կողմի վերնամասում և միջին կաչքարերը պսակված են հավասարաթև զույգ խաչերի և երկրաչափական ձևերի համադրական մոտիվով, իսկ հարավային կողմինը՝ ցանցկեն նրբին հյուսվածքով: Քանդակներն աչքի են ընկնում հստակ գծագրությամբ, նկարվածքի պարզությամբ: Հարավային խաչքարի քիվի վերին գոտում կա արձանագրություն՝ Ս[ՈՒՐ]Բ Տ[Է]ՐՈՒՆԱԿԱՆՈՂ, որից և խաչքարը ստացել է Տերունական անունը: Հայտնի է նաև Սուրբ Աստվածածին անվամբ: Խաչաթևերը եզերող կիսակլոր շրջանակից դուրս՝ անկյունային մասերում փորագրված է խաչքարի թվականը՝ ՈՀԱ (1222 թվական): Խաչքարերի հորինվածքային փոխադարձ կապից երևում է, որ դրանք նույն ժամանակի գործեր են: Խաչքարերի առջևի մասում մեկ շարքում խոշոր բազալտե սալերից տապանաքարեր են, որոնցից մեկի վրա հստակորեն կարդացվում է ՎԱՆԵՆԻ անունը: Խաչքարերը ծառայել են որպես մահարձաններ կամ գերեզմանական կառույցի մաս: Խաչքարերի տեղադրությունից երևում է, որ դրանք իրենց տեղում չեն՝ նախապես եղել են առանձին պատվանդանների վրա: Խաչարձան-ատուռն առնված է մոտ 10 մ x 13 մ արտաքին չափերով ուղղանկյուն պարսպի մեջ, որի արևմտյան կողմից դուռն է:
Տես նաևԽմբագրել
- ՀՀ վանական համալիրների ցանկ
- Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
- ՀՀ տաճարների ու եկեղեցական համալիրների ցանկ
- Արցախի վանական համալիրների ցանկ
- Սյունիքի մարզի ամրոցների և բերդերի ցանկ
- Արագածոտնի մարզի ամրոցների և բերդերի ցանկ
- Արարատի մարզի ամրոցների և բերդերի ցանկ
- Արմավիրի մարզի ամրոցների և բերդերի ցանկ
- Գեղարքունիքի մարզի ամրոցների և բերդերի ցանկ
- Լոռու մարզի ամրոցների և բերդերի ցանկ
- Կոտայքի մարզի ամրոցների և բերդերի ցանկ
- Շիրակի մարզի ամրոցների և բերդերի ցանկ
- Վայոց Ձորի մարզի ամրոցների և բերդերի ցանկ
- Տավուշի մարզի ամրոցների և բերդերի ցանկ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Գրիգոր Մագիստրոսի թթերը», Առաջարան, Ալեքսանդրապո;, 1910 թվական, էջ ԻԷ
- ↑ «Սմբատայ Սպարապետի տարեգիրք», Վենետիկ, 1956 թվական, էջ 6-7
- ↑ Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Ե, Երևան, 1962 թվական, էջ 49
- ↑ Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973 թվական, էջ 8-9
- ↑ Ղ. Ալիշան, Շնորհալի եւ պարագայ, Վենետիկ, 1873 թվական, էջ 23
- ↑ «Հավաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լուսաբանեալ», Վենետիկ, 1862 թվական, էջ 90
- ↑ Վարդան Արևելցի, Հաւաքումն պատմութեան, էջ 99
- ↑ Ղ. Ալիշան, Այրարատ բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, 1890 թվական, էջ 340
- ↑ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր թիվ 4331, էջ 70ա
- ↑ Ռոստոմ-Բեդ Երզնկյանց, Հնախոսական տեղագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից սրբոյ Նշանի, Վաղարշապատ, 1886 թվական, էջ 125
- ↑ Հիշատակագրությունը 1.8 մ x 0.2 մ չափերով մարմարե սալի վրա է, որը ներկայումս գտնվում է Սանահնի վանքի Ամենափրկիչ եկեղեցում:
- ↑ Ս. Զալալյանց, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս Ա, Տփղիս, 1842 թվական, էջ 82-83
- ↑ Գ. Երզնկյանց, Հնությունք հայրենյաց. Կայծոն կամ Շնող, «Արձագանք», 1895 թվական, համար 30, էջ 3
- ↑ Մ. Բարխուդարյան, Արցախ, Բաքու, 1895 թվական, էջ 388