Բեռնի պատկերասրահ (գերմ.՝ Kunstmuseum Bern), պատկերասրահ Շվեյցարիայի Բեռն քաղաքում։ Հիմնադրվել է 1849 թվականին՝ որպես «Բեռնի արվեստի միության հավաքածու»։ Համադաշնության ամենահին արվեստի թանգարանը բացվել է 1879 թվականին սեփական շենքում, որի մշտական հավաքածուն ներառում է գործեր, որոնք ստեղծվել են ինչպես միջնադարում, այնպես էլ 21-րդ դարում։ Թանգարանում կազմակերպվում է ժամանակավոր ցուցահանդեսներ, ինչպես նաև ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ցուցադրություններ։ Հավաքածուն բաղկացած է ավելի քան 3000 նկարներից և քանդակներից, ինչպես նաև 48000 գծանկարներից, տպագրություններից, լուսանկարներից, տեսանյութերից և ֆիլմերից։

Բեռնի պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակհիշողությանն առնչվող հաստատություն, պատկերասրահ և museum collection?
Երկիր Շվեյցարիա[1][2]
ՏեղագրությունԲեռն
ՎայրKunstmuseum und Kunsthistorisches Seminar (building)?
Մասն էlist of cultural properties in Bern / Inner City (West)?
ՀասցեHodlerstrasse 8–12, 3011 Bern[1]3011Hodlerstrasse?
Հիմնադրվել է1879
ՏնօրենՆինա Ցիմմեր
Կայքkunstmuseumbern.ch(գերմ.)(անգլ.)(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Բեռնի արվեստի թանգարանի ստեղծման պատմությունը կապված է Բեռնում առաջին արվեստի դպրոցի հիմնադրման հետ (1779)։ 1805 թվականին նախկին Ֆրանցիսկյան վանքի շենքում բացվել է Բեռնի ակադեմիան։ Ֆրանսիայի կառավարության կողմից նվիրաբերված անտիկ արձանների գիպսային պատճենների պատրաստման համար այստեղ կազմակերպվել է «անտիկ սրահ»։ Այդ արձանների կրկնօրինակները հիմք են հանդիսացել «Պետական արվեստի հավաքածուի» ստեղծման համար։ 1820 թվականին թանգարանը գնել է լրագրող-արվեստագետ և արվեստի դիլեր Զիգմունդ Վագների հավաքածուի մի մասը։ Յոհաննես Դյունցի, Նիկլաուս Մանուելի և Յոզեֆ Վերներ Կրտսերի աշխատանքները հիմք են հանդիսացել «Հայրենական գեղանկարչության թանգարանի» ստեղծման համար։

1813 թվականին հիմնադրված Բեռնի գեղարվեստի ընկերության (Bernische Kunstgesellschaft) նպատակը ոչ միայն գաղափարների փոխանակումն էր, այլև տեղական արվեստին աջակցելը։ Ընկերության անդամների գործունեությունը ներառում էր արվեստի գործերի հավաքագրումը և ցուցահանդեսների կանոնավոր կազմակերպումը։ 1840-1854 թվականներին ընկերությունը երկու տարին մեկ կազմակերպում էր շվեյցարական արվեստի ցուցահանդեսներ։

Մինչև 1864 թվականը Բեռնի արվեստի հավաքածուները ցրված էին տարբեր ժամանակավոր վայրերում՝ ուշ գոթական Անտոնիեհաուսում, տաճարի կողքին գտնվող բարոկկո վանքում և Էրլախերհոֆի սենյակում։ 1849 թվականին Պետական արվեստի հավաքածուն վերջնականապես միացվում է Արվեստի ընկերության հավաքածուին և ներկայացվում ֆրանսիական եկեղեցու երգչախմբում, այդ պատճառով էլ 1849 թվականը համարվում է Բեռնի արվեստի թանգարանի ստեղծման տարի։ 1864 թվականից հավաքածուն տասնհինգ տարի ցուցադրվել է նորակառույց Դաշնային պալատի (1852-1857) արևմտյան թևում։

Բեռնի գեղարվեստի ընկերությունը 1888-1894, 1901-1906 թվականներին ղեկավարել է Հորացիո Էդուարդ Դավինեն, ով ծառայել է որպես Բեռնի արվեստի թանգարանի տեսուչ և թանգարանին է նվիրել ժամանակակից նկարիչների գործերի իր անձնական հավաքածուն։

2015 թվականին հիմնադրվում է «Բեռնի արվեստի թանգարան – Պաուլ Կլեեի կենտրոն» (Kunstmuseum Bern - Zentrum Paul Klee) հիմնադրամը, որը մասնագիտորեն ղեկավարում է Բեռնի այդ երկու հաստատությունները։

Հավաքածու խմբագրել

 
Նիկլաուս Մանուել Դոյչ XVI դար

Բեռնի պատկերասրահի տանիքի տակ հավաքված են տարբեր երկրների արվեստագետների և քանդակագործների աշխատանքները, որոնք ստեղծվել են տարբեր դարաշրջաններում։ Այդտեղ կարելի է տեսնել 14-15-րդ դարերի իտալացի վարպետների արվեստի գործեր, այդ թվում՝ Դուչչոյի, Ֆրա Անջելիկոյի և շատ ուրիշների կտավներ։ Հավաքածուն հիմնված է 1820 թվականին Բեռն կանտոնի կողմից ձեռք բերված տասնյակ նկարների վրա։ Այդտեղ ներկայացված է իտալական Տրեչենտոն (օրինակ՝ Դուչչո դի Բուոնինսենյա), 15-րդ դարի բեռնյան արվեստ (Նիկլաուս Մանուել, Ալբերտ Անկեր, Ֆերդինանդ Հոդլեր), ֆրանսիական արվեստ (Էժեն Դելակրուա, Գյուստավ Կուրբե, Սալվադոր Դալի և Անդրե Մասոն), գերմանական էքսպրեսիոնիզմ (Էռնստ Լյուդվիգ Կիրխներ և այլն) և արվեստի նոր ուղղություններ Ջեքսոն Պոլլոքից մինչև մեր օրերը։

 
Մադոննան մանկան հետ 15-րդ դար, Ֆրա Անջելիկո

Բավականին բազմազան է շվեյցարացի նկարիչների աշխատանքներին նվիրված ցուցադրությունը, որոնց թվում առանձնահատուկ տեղ է հատկացված բեռնցի ավանգարդիստ նկարիչ Պաուլ Կլեեին, ում աշխատանքների թիվը թանգարանի հավաքածուում գերազանցում է 2 հազարը։ Այստեղ ներկայացված են նաև այլ ազգերի ներկայացուցիչ նկարիչների՝ Ալբերտ Անկերի, Կունո Ամիեի, Նիկլաուս Մանուելի, Ֆերդինանդ Հոդլերի, Ֆրանց Գերչի, Առնոլդ Բյոկլինի և այլոց աշխատանքները։ Թանգարանում ցուցադրվում են նաև հայտնի ռուս նկարիչ, աբստրակցիոնիզմի ակունքներում կանգնած Վասիլի Կանդինսկու կտավները։

 
Հարբեցողը, Ալբերտ Անկեր

1944 թվականին Կունստհալլեի նախկին տնօրեն Մաքս Հագլերը դարձել է Բեռնի պատկերասրահի տնօրեն և թանգարանի քաղաքականությունը փոխվել է դեպի միջազգային արվեստի հավաքածու ստեղծելու ուղղությամբ։ Հագերը Պաուլ Կլեեի աշխատանքները համարոել է թանգարանի հավաքածուի ամենակարևոր մասը։ Պաուլ Կլեեի այրու՝ Լիլի Կլեեի մահից հետո, Բեռնի մի խումբ կոլեկցիոներներ հիմնել են Կլեեի ընկերությունը (1946), որի հիման վրա էլ մեկ տարի անց ստեղծվել է Պաուլ Կլեեի հիմնադրամը։ 1952 թվականից Պաուլ Կլեեի աշխատանքները պահվում են Բեռնի պատկերասրահում։ 2005 թվականին Պաուլ Կլեեի աշխատանքների մեծ մասը նվիրաբերվել է Պաուլ Կլեեի կենտրոնին։

Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված գեղեցիկ շենքում պահվում է նկարչի մոտ 4000 աշխատանքներ, այն Պաուլ Կլեեի նկարների, ջրաներկի և գծանկարների աշխարհի ամենակարևոր հավաքածուն է, ինչպես նաև արխիվային և կենսագրական նյութեր Կլեեի տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործությունների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Բեռնի պատկերասրահի հավաքածուում դեռևս պահպանվում են նկարչի գործեր, օրինակ նրա 1932 թվականի պունտիլիստական գլուխգործոցը՝ Ad Parnassum-ը (Պառնասում)[3]։

 
Պառնասում, Պաուլ Կլեե

Բացի Բեռնի պատկերասրահի կողմից կատարված գնումներից, մեծաքանակ հավաքածուն հիմնականում բաղկացած է նվիրատվություններից, կտակված կամ թանգարանում թողնված աշխատանքներից։ Վինտերտուրի կոլեկցիոներներ Արթուր Հանլոզերի և Հեդի Հանլոզեր-Բյուլերի որդին Հանս Հանլոզերը, ով արվեստի պատմություն է դասավանդել Բեռնում, 1946 թվականին թանգարանին է նվիրել Ֆելիքս Վալոտոնի «Եվրոպական շարժում» և Վինսենթ վան Գոգի «Խունացած արևածաղիկներ» կտավները։ Հագլերը նաև ընկերական հարաբերությունների մեջ էր արվեստի ստեղծագործությունների վաճառքով զբաղվող և կոլեկցիոներ Ժորժ Ֆ. Կելլերի հետ։ Նրանից հետո Բեռնի արվեստի թանգարանին հանձնվեց Կելերի հավաքածուն (Պոլ Սեզանի, Էդգար Դեգայի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Անրի Մատիսի, Խայիմ Սուտինի, Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի ստեղծագործությունները)։

1954 թվականին բեռնցի ձեռներեց Հերման Ռուպֆի հավաքածուն (Պիկասոյի, Ժորժ Բրաքի և Ֆովիստների, ինչպես նաև Ֆերնան Լեժեի, Խուան Գրիսի և Անդրե Մասոնի գործերը) տեղափոխվել են Բեռնի պատկերասրահ։ 1961 թվականին Էռնստ Կրեյդոլֆի ասոցիացիան նրա աշխատանքներն ի պահ է հանձնել Բեռնի պատկերասրահին։ Բացի այդ, 1960-ականներին Նել Ուոլդենի և Մարգարիտ Արփ-Հագենբախի նվիրատվությունները հարստացրել են թանգարանի հավաքածուն։ 1979 թվականին Օտմար Հյուբեր հիմնադրամը թանգարանին է նվիրել Պիկասոյի, Կլեեի, Ֆրանց Մարկի, Ալեքսեյ ֆոն Յավլենսկու և Վասիլի Կանդինսկու լավագույն աշխատանքները։ Բեռնցի կոլեկցիոներներ Անն-Մարիի և Վիկտոր Լյոբի հիմնադրամը հարստացրել է թանգարանի ժամանակակից արվեստի բաժինը Իոհաննես Իտտենի, Վիկտոր Վազարելիի, Կամիլ Լուի Գրեյզերի, Մաքս Բիլլի և Ռիչարդ Պոլ Լոհսենի, Ֆուչիո Ֆոնտանանի և Պիեռո Մանձոնիի, Ժան Թեգլիի և Խեսուս Ռաֆայել Սոտոյի կոնստրուկտիվիզմի և հետպատերազմյան ավանգարդի բնագավառի բացառիկ գործերով։

1980-ականներին Բեռնի արվեստի թանգարանն ընդունել է Մերետ Օպենհայմի ժառանգությունը, ինչպես նաև բազմաթիվ նվիրատվություններ, օրինակ, Էբերհարդից Վ. Կորնֆելդից և Մարլի Խ. Կորնֆելդից։

1992 թվականին Յոհաննես Իտտեն հիմնադրամը միացել է Բեռնի պատկերասրահին։ Հիմնադրամի ակտիվները պահվում են արվեստի թանգարանում և ընդգրկում են Յոհաննես Իտտենի ավելի քան 100 գործեր, ինչպես նաև օրագրեր և ուսանողական աշխատանքներ։

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Բեռնի արվեստի թանգարանի հավաքածուն համալրվել է ժամանակակից արվեստի ստեղծագործություններով, մասամբ Բեռնի պատկերասրահի նկարիչ և կոլեկցիոներ Թոնի Հերբերի և Art Today Foundation հիմնադրամի, ինչպես նաև նոր հիմնադրամների հետ համագործակցության շնորհիվ։ Գործընկերային Gegenw ART, Kunsthalle Bern և Բեռնի լուսանկարչության, կինոյի և տեսանկարահանումների հիմնադրամի ակտիվների շնորհիվ Բեռնի արվեստի թանգարանում է գտնվում Շվեյցարիայի ժամանակակից արվեստի կարևորագույն հավաքածուներից մեկը։

Թանգարանի բազմաթիվ ցուցանմուշներ գտնվում են արխիվային շինությունում։ Ընդհանուր առմամբ թանգարանում առկա է ավելի քան 4 հազար նկար և քանդակ, ինչպես նաև 48 հազար գծանկարների ու փորագրությունների հավաքածու։ Թանգարանի աշխատակիցները պարբերաբար ձեռք են բերում արվեստի նոր աշխատանքներ՝ համալրելով ցուցանմուշների հավաքածուն։ Բացի մշտական ցուցադրություններից, Բեռնի պատկերասրահում անցկացվում են տարբեր ժամանակավոր ցուցադրություններ։

Արվեստի թանգարանի շենքը Հոդլերշտրասսեում (Hodlerstrasse 8-12) կառուցվել է 1876-1878 թվականներին Օյգեն Շտետլերի ղեկավարությամբ։ 1879 թվականին թանգարանը տեղափոխվել է նոր շենք։ Քաղաքի ծայրամասում Վիլհելմի ոճով և Շտետլերի նոր Վերածննդի դիզայնով կառուցված շքեղ շինությունը նման է դաշնային քաղաքային պալատին։ Շենքի ճակատային մասում՝ քանդակագործ Ռաֆայել Կրիստենի կողմից քանդակված երկու կլոր մեդալիոնների վրա պատկերված են Զևսի և Միներվայի պատկերները։ 1932-1936 թվականներին ճարտարապետներ Կարլ Ինդերմյուլենը և Օտտո Սալվիսբերգը կառուցել են նոր ժամանակակից կողային մասնաշենք, որը կից է Շտետլերի շենքին։

Գուրլիտի հավաքածու խմբագրել

2014 թվականի մայիսին թանգարանը ճանաչվել է գերմանացի կոլեկցիոների Կոռնելիուս Գուրլիտի միակ ժառանգորդ՝ կապված 2012 թվականին Մյունխենի արվեստի գործերի հայտնագործության հետ[4][5][6]։ Մյունխենում և Զալցբուրգում Գուրլիտի տներում իշխանությունները հայտնաբերել են ավելի քան 1400 արվեստի գործեր, որոնցից շատերը նացիստների կողմից կասկածվել են եվրոպացի հրեաներից գողանալու մեջ։ Թանգարանին վեց ամիս ժամանակ է տրվել՝ որոշելու, թե արդյոք կընդունի կտակարանը և դրա պայմանները[7]։ Ամենակարևոր դրույթը պահանջել է, որ թանգարանն ուսումնասիրություն կատարի նկարների ծագման վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում փոխհատուցի նախնական սեփականատերերի ժառանգներին։ Թանգարանի տնօրեն Մաթիաս Ֆրեյները խոստացել է, որ դա կանի, եթե ընդունի կտակարանը[8]։ Գերմանական կառավարությունը հորդորել է թանգարանին ընդունել հավաքածուն՝ չեզոք վայր ապահովելու համար, որտեղ կարող են շարունակվել իր պատմության հետազոտությունները (մտահոգություն է եղել, որ եթե հավաքածուն ցրվի Գուրլիտի հեռավոր ազգականների մեջ, երաշխիք չի լինի, որ նրանք ճիշտ կանցկացնեն հետազոտությունը)։ Ընդունել-չընդունելու հարցի որոշելը պահանջել է թանգարանի խորհրդից, նրա իրավաբանական թիմից ու շվեյցարացի դոնորներից զգալի դրամահավաքը, որպեսզի թանգարանը չհիմնվի գերմանական ֆինանսավորման վրա, որը կարող էր խաթարել ծագման հետազոտության չեզոքությունը[9]։

2018 թվականի օգոստոսին Fake or Fortune հաղորդաշարի մի դրվագում թանգարանի տնօրեն դոկտոր Նինա Ցիմմերը խնդրում է թիմին հետաքննել, թե որն է Գուրլիտ հավաքածուի միակ բրիտանական արվեստի գործը[10]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. Ad Parnassum — Die Ausstellung rund um das Meisterwerk. Արխիվացված 2021-07-23 Wayback Machine: paulkleezentrum.ch, abgerufen am 10. Mai 2014.
  4. «Press Release». www.kunstmuseumbern.ch. 2014 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  5. «'Nazi art' hoarder Gurlitt makes Swiss museum sole heir». BBC News. 2014 թ․ մայիսի 7. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  6. «Le Musée des beaux-arts de Berne légataire du « trésor nazi » de Cornelius Gurlitt». Le Monde. Reuters and AP. 2014 թ․ մայիսի 7. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  7. «Possible Rodin and Degas works found at Gurlitt home». BBC. 2014 թ․ հուլիսի 24. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  8. Lane, Mary M. (2014 թ․ նոյեմբերի 20). «Swiss Museum Close to Accepting Trove of Nazi Art». The Wall Street Journal. էջ A12. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  9. «Swiss museum to accept Gurlitt 'Nazi art'». BBC News. 2014 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  10. «Hildebrand Gurlitt's Disputed Henry Moore Will Have a Starring Role in the BBC's Hit Art Detective Series». artnet News. 2018 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Kunstmuseum Bern». artfacts.net (անգլերեն). Artfacts. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնի պատկերասրահ» հոդվածին։