Արփի լճի ջրամբար
Արփի լճի ջրամբար, Առփս, Արփա, Արփալիճ, Արփի լիճ, նախկինում լիճ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ակունքում, Աշոցքի սարահարթում, Ամասիա գյուղից մոտ 16,5 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրության 2023 մետր։
Արփի լճի ջրամբար | |
---|---|
Տեսակ | ջրամբար |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Շիրակի մարզ |
Երկարություն | 7,3 կմ |
Լայնություն | 4,3 կմ |
ԲԾՄ | 2025 մետր |
Խորություն | 8 մետր |
Մակերես | 22 կմ² |
Ծավալ | 105 000 000 մ³ |
Աշխարհագրական տեղադրություն | Աշոցքի սարահարթ |
Ավազանի տարածք | 220 կմ² |
Ավազանի երկիր | Հայաստան |
Լիճ հոսող գետ | Եղնաջուր, Կարմիրջուր, Ձկնուտ, Բալըխլի և Լորագետ |
Լճից հոսող գետ | Ախուրյան |
Ձևավորում | 1951 |
Ունի տեկտոնահրաբխային ծագում։ 1946 թվականից 1951 թվականներին լիճը արհեստականորեն մեծացվել է՝ ջրային ռեսուրսների կուտակման նպատակով։ Շահագործման է հանձնվել 1951-ին։ Այսպիսով Արփիջրամբարի մակերևույթը 4,5 (20,6) կմ²-ից հասել է մինչև 22 (22,5) կմ², միջին խորությունը՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ, նախկինում ՝ 1,6 մ), ջրահավաք ավազանը 220 կմ² է։ Ծավալը հասցվել է մինչև 100 միլիոն մ³ (նախկինում 5 միլիոն մ³): Ջրամբարի երկարությունը 7,3 կմ է, լայնութ 4,3 կմ։
Պատվարը երկաթբետոնե է, բարձրությունը 10 (11,2) մ, երկարությունը՝ 80 մ[1][2]։
Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ։ Ոռոգում է Շիրակի դաշտի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Արմավիրի ջրանցքները։ Կա մակույկային երթևեկություն։ Ձմռանը սառցակալում է։ Հատակը տղմոտ է, հարուստ՝ ձկներով (ծածան, կողակ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս)։ Կա ձկնաբուծական և ձկնորսական տնտեսություն։
Ֆաունա
խմբագրելԼճի մերձակայքում ապրում են ավելի քան 100 տեսակի թռչուններ։ Նրանցից մի քանիսը ներառված է Կարմիր գրքի մեջ։
Ջրլող թռչուններից լճի տարածքում բնակվում են՝ մրտիմն (Anas crecca), փոքր սուզակ (Tachybaptus ruficollis), սպիտակ արագիլ (Ciconia ciconia), կռնչան բադ (A. platyrhynchos), կարմրագլուխ սուզաբադ (Aythia ferina), սևակապույտ սուզաբադ (A. fuligula), կարմիր բադ (Tadorna ferruginea), ծովային քարադր (Charadrius alexandrinus), մորակտցար (Gallinago gallinago), կրկնակտցար (G. media), հայկական որոր (Larus armenicus), Sterna albifrons: Կարմիր գրքի մեջ ջրլող թռչուններից ներառված են՝ գանգրափետուր հավալուսն (Pelekanus crispus), սև արագիլ (Ciconia nigra), Tadorna tadorna, մոխրագույն կռունկ (Grus grus):
Ֆլորա
խմբագրել80 ընտանիքի, 269 ցեղի մոտ 670 տեսակի բարձրակարգ բույսեր են աճում «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։ Տեսակներով հարուստ բազմատեսակ ընտանիքներից են` հովանոցազգիները (Apiaceae), բարդածաղկազգիները (Asteraceae), մեխակազգիները (Caryophyllaceae), լոբազգիները (Fabaceae), շրթնածաղկավորները (Lamiaceae), հացազգիները (Poaceae), գորտնուկազգիները (Ranunculaceae), վարդազգիները (Rosaceae), խլածաղկազգիները (Scrophulariaceae): 19 տեսակները ներառված են Հայաստանի Կարմիր Գրքում` գետնասող ցեղակից (Asperula affinis), գազ կորասերմ (Astragalus campylosema), կատվախոտ բրդատերև (Valeriana eriophylla), եզնակող Սոսնովսկու (Bupleurum sosnowsky), հիրիկ սիբիրյան (Iris sibirica), հաղարջենի հայկական (Ribes armenum), կարծրածաղիկ բազմամյա (Scleranthus perennis), դորոնիկում Բալանզայի (Doronicum balansae), գրամոսցիադիում տևապտուղ (Grammosciadium pterocarpum), հապալասենի ճահճային (Vaccinium uliginosum), թրաշուշան Ջավախքի (Gladiolus dzhavakheticus), սոխ ժայռի (Allium rupestre), կատվատոտիկ կովկասյան (Antennaria caucasica), անթեմ կովկասյան (Anthemis caucasica), գազ գնդաձև (Astragalus globosus), ջրաշուշան դեղին (Nuphar lutea), գազ չորասեր (Astragalus xerophylus), հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjani), մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii): Այս բույսերի շարքում Հայաստանի համար էնդեմիկ է հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjani), 2-ը էնդեմիկ են անդրկովկասի համար` եզնակող Սոսնովսկու (Bupleurum sosnowsky), կատվախոտ բրդատերև (Valeriana eriophylla), 6-ը էնդեմիկ են Հայկական բարձրավանդակի` գազ կորասերմ (Astragalus campylosema), գազ պարսկական (Astragalus persicus), դորոնիկում Բալանզայի (Doronicm balansae), անթեմ կովկասյան (Anthemis caucasica), գազ գնդաձև (Astragalus globosus), գազ չորասեր (Astragalus xerophylus),5-ը էնդեմիկ են Կովկասի համար` թրաշուշան կովկասյան (Gladiolus caucasicus), թրաշուշան բարակ (Gladiolus tenuis), հիրիկ եղանի (Iris furcata), մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii), կատվատոտիկ կովկասյան (Antennaria caucasica): Այստեղ կան բազմաթիվ գրավիչ ու դեկորատիվ բույսեր. Խոլորձներ (Orchids) տրաունշտայներա գնդաձև (Traunsteinera shpaerica), դակտիլորիզ կատաոնյան (Dactylorhiza cataonica), դակտիլորիզ էվքսինյան (Dactylorհiza euxina), թրաշուշանների տեսակներ` թրաշուշան կովկասյան (Gladiolus caucasicus), թրաշուշան Ջավախքի (Gladiolus dzavakhetius), թրաշուշան Կոչիի (Gladiolus kotschyanus), թրաշուշան բարակ (Gladiolus tenuis), շնդեղ Շովիցի (Colchicum szovitsii), դորոնիկում Բալանզայի (Doronicm balansae), հիրիկներ (irises)` հիրիկ ցանցավոր (Iris reticulate), հիրիկ թզուկային (Iris pumila), հիրիկ եղանի (Iris furcata), կակաչների տեսակներ` կակաչ հայկական (Papaver armeniacum), կակաչ արևելյան (Papaver orientale), կակաչ կեղծառևելյան (Papaver psevdoorientale), մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii), շուշան Շովիցի (Lilium szovisianum), որոնք հայտնի են Կովկասում և Արևելյան Թուրքիայում։ Կովկասյան էնդեմիկ և հազվագյուտ շուշանաբանղար վարդագույնը (Chaerophyllum roseum) աճում է միայն վերին Ախուրյանի, Իջևանի և Սևանի շրջաններում։ Antennaria caucasica-ը էնդեմիկ է Կովկասի համար և աճում է միայն վերին Ախուրյանի, Ապարանի և Գեղամայի որոշ մասերում` մերձալպյան և ալպիական մարգագետիններում։ Ջրաշուշան դեղին (Nuphar luteum) ներկայումս Հայաստանում աճում է միայն Արփի լճի շրջակայքում։ Արփի լճի մոտակայքում աճում է շատ հազվադեպ ցինգերիա Բիբերշտեյնին (Zingeria biebersteiniana): Գորտնուկ Արագածի (Ranunculus aragazii) և հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjanii) էնդեմիկ են Հայաստանի համար և աճում են տարածքում[3][4]։
-
Հիրիկ թզուկային
-
Հիրիկ կեղծկովկասյան
-
Գնարբուկ գարնանային
-
Կակաչ արևելյան
Կլիման չափավոր ցամաքային է[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 22 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 146 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ «Озеро Арпи». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Արփի լճի բույսերը
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփի լճի ջրամբար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 155)։ |