Եզնակող
Եզնակող | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Եզնակող (Bupleurum) L., 1753 |
Եզնակող (լատ.՝ Bupleurum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ- ում՝ 9 տեսակ՝
- Եզնակող կլորատերև (Bupleurum rotundifolium),
- Եզնակող բազմատերև (Bupleurum polyphyllum),
- Եզնակող բարձր (Bupleurum exaltatum) և այլն։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, թփուտներում, չոր, քարքարոտ լանջերին և այլն։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևներն ամբողջական են, ամբողջաեզր, տարբեր ձևերի։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ դեղին, կարմրավուն, կանաչավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը կողքերից թեթևակի սեղմված է, նեղ կողերով, հարթ կամ կնճռոտ, գոգավորություններում՝ 1 կամ 3-5 յուղանցքերով։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ածխաջրեր, սապոնիններ, ֆենոլային միացություններ, կումարիններ, ֆլասվոնիդներ և այլն։ Արմատների եփուկն օգտագործում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող, վերքերն ապաքինող միջոց։
Տեսակների տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել
- Եզնակող Կոզո-Պոլյանսկին (Bupleurum kosopoljanskyi) բնաշխարհիկ է, հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի անտառներում ու մացառուտներում,
- Եզնակող սակավաճաճանչը-(Bupleurum pauciradiatum)՝ Տավուշի և Սյունիքի մարզերի անտառների բացատներում և թփուտներում,
- Եզնակող Սոսնովսկուն (Bupleurum sosnowskyi)՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի լեռնատափաստաններում և անտառի բացատներում։ Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |