Հաղարջենի հայկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Քարաբեկածաղկավորներ
Ընտանիք Կոկռոշազգիներ
Ցեղ Հաղարջենի
Տեսակ Հաղարջենի հայկական
Լատիներեն անվանում
Ribes armenum


Հաղարջենի հայկական (լատին․՝ Ribes armenum), կոկռոշազգիների ընտանիքի, հաղարջենի ցեղի ծածկասերմ բույս։

Տերևաթափ թուփ է, մինչև 1 մ բարձրությամբ և ճյուղերի մուգ գորշավուն կեղևով։ Տերևները խոշոր են, սովորաբար 5 սմ-ից լայն, հիմքում՝ սրտաձև, ոչ լրիվ հնգաբլթակ (բլթակները եռանկյուն են), խոշոր ատամնաեզր։ Տերևի ներքևի կողմը, տերևակոթունը և երիտասարդ ընձյուղները ծածկված են դեղին, կետանման, բուրումնավետ գեղձերով։ Վերևի կողմից տերևները մերկ են։ Ծաղկաբույլերը կազմված են 4-9 կապտակարմրավուն կամ վարդամոխրագույն, երբեմն կանաչավուն ծաղիկներից։ Հատապտուղները սև են, մերկ, գտնվում են 0,6-1 սմ երկարության պտղակոթունների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիսին։ Ծաղկաթափը արագ է կատարվում[1]։

Տիպիկ հայկական բույս է (էնդեմ), որը հանդիպում է միայն Հայաստանի տարածքում՝ Վայքում, որտեղ աճում է վերին լեռնային գոտում, անտառների եզրերին, քարքարոտ վայրերում[1]։

Պարունակում է մեծ քանակությամբ երկաթի, ֆոսֆորի, կալցիումի հեշտ յուրացվող աղեր, շաքարներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ), 2-4 % կիտրոնաթթու[1]։

Նկարագրություն

խմբագրել

1 մ բարձրությամբ թուփ է։ 5 սմ երկարությամբ տերևները պատված են բազմաթիվ դեղին գեղձերով։ Բաց մանուշակագույն կամ վարդամոխրագույն պսակաթերթերով ծաղիկները խմբված են 4-9-ական մինչև 5-6 սմ երկարությամբ ողկույզներում։ Երկար կոթուններով պտուղները մերկ են և սև[2]։

Տարածվածություն

խմբագրել

Հանդիպում է միայն Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) և Դարեղեգիսի (Ջերմուկ) ֆլորիստիկական շրջաններում[2]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, միջին և վերին լեռնային գոտում, ժայռոտ և քարքարոտ տեղերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[2]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է և Հայաստանի էնդեմիկ։ Հայտնի է երկու պոպուլյացիա, որոնց միջև տարածությունը 200 կմ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 18։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.