Առնո Բրեքեր

գերմանացի քանդակագործ

Առնո Բրեքեր (գերմ.՝ Arno Breker), հուլիսի 19, 1900(1900-07-19)[1][2][3][…], Էյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5] - փետրվարի 13, 1991(1991-02-13)[2][3][6][…], Դյուսելդորֆ, Գերմանիա[7][8]), գերմանացի քանդակագործ, ով իր տաղանդը ծառայեցրել է Երրորդ ռեյխին։

Առնո Բրեքեր
գերմ.՝ Arno Breker
Ծնվել էհուլիսի 19, 1900(1900-07-19)[1][2][3][…]
ԾննդավայրԷյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5]
Մահացել էփետրվարի 13, 1991(1991-02-13)[2][3][6][…] (90 տարեկան)
Վախճանի վայրըԴյուսելդորֆ, Գերմանիա[7][8]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Partei und Wehrmacht?
Ժանրհուշարձան
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և գծանկարիչ
ազդվել էԱրիստիդ Մայոլ և Շառլ Դեսպիո
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան
Քաղաքական կուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Arno Breker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստեղծագործական ուղու սկիզբ խմբագրել

Առնո Բրեքերը ծնվել է 1900 թվականին՝ քարտաշ Առնոլդ Բրեքերի և նրա կնոջ՝ Լուիզայի ընտանիքում։ Դեռ դպրոցական տարիներին, հայրական արվեստանոցում նա քարտաշություն է սովորել, ապա կրթությունը շարունակել է Էլբերֆելդի արհեստագործական ուսումնարանում։ 1920 թվականին ընդունվել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա, Վիլհելմ Քրայսի մոտ սովորել է ճարտարապետություն։ Իսկ քանդակագործություն նա սովորել է Հյուբերտ Նետցերի մոտ, որն էլ իր հերթին եղել է Ադոլֆ ֆոն Գիլդեբրանտի աշակերտը։ 1924 թվականին հայտնի գալերիստ Ալֆրեդ Ֆլեխտհայմը դարձել է Բրեքերի պաշտոնական ներկայացուցիչը և հովանավորը[9]։

1925 թվականին Բրեքերն ավարտել է ուսումը։ 1926 և 1927 թվականներին նա նախաձեռնել է իր առաջին ուղևորությունը դեպի Փարիզ, որն այն ժամանակ կերպարվեստի կենտրոնի համբավ էր վայելում։ 1928 թվականից 1932 թվականները ապրել և աշխատել է Փարիզում, չկտրելով կապը Գերմանիայի հետ։ Նա մեծապես ազդվել է Արիստիդ Մայոլի և Չարլզ Դեսպիոյի արվեստից, ովքեր աշխատում էին Օգյուստ Ռոդենի ոճով։ Նա այնտեղ ծանոթացել է գրող և նկարիչ Ժան Կոկտոյի, կինոռեժիսոր Ժան Ռենուարի, պատկերասրահի սեփականատեր Դանիել-Անրի Կաննվեյլերի հետ։ 1932 թվականին Պրուսիայի մշակույթի նախարարության կողմից ստացել է Հռոմեական մրցանակ և մեկ տարի կրթաթոշակ ստանալով անցկացրել է Վիլլա Մասիմոյում։ Ֆլորենցիայում ուսումնասիրել է Միքելանջելոյի աշխատանքները։ 1933 թվականի հունիսին այցելել է Մյունխեն և Բեռլին և որոշել է վերադառնալ Գերմանիա[9]։

Ստեղծագործական վերելքի ժամանակաշրջան խմբագրել

 
Էոս, Առնո Բրեքեր (1939)

1933 թվականի նոյեմբերին Բրեքերը հաստատվել է Բեռլինում։ Ի թիվս այլ բաների նա պատրաստել է նաև նկարիչ Մաքս Լիբերմանի կիսանդրին և հետմահու դիմակը։ 1935-1936 թվականներին ստեղծել է հինգ հարթաքանդակներ «Նորդշտերն» ապահովագրական ընկերության համար՝ Բեռլինի Ֆերբելլիներ պլաց 2 հրապարակում, որոնք հետագայում՝ պատերազմից հետո ապամոնտաժվել են։ 1936 թվականին մասնակցել է Կայսերական մարզադաշտի և Բեռլինի Օլիմպիական մարզադաշտի քանդակապատկերման մրցույթին, որտեղ Մարզական ֆորումի համար ներկայացրել է «Տասնամարտիկ» և «Հաղթողը» արձանները և «Դիոնիսը»՝ Դեբերիցայի Օլիմպիական գյուղի համար։ 1936 թվականին Բեռլինում կայացած Օլիմպիական խաղերի գեղարվեստական մրցույթում Միջազգային օլիմպիական կոմիտեն Բրեկերին շնորհել է արծաթե մեդալ «Տասնամարտիկ» քանդակի համար, որն այնուհետև ցուցադրվել «Օլիմպիադայի արվեստ» ցուցահանդեսում։

Բրեքերը ծանոթանալով Հիտլերի և Շպեերի հետ՝ 1937 թվականին քանդակել է «Պրոմեթևս» քանդակը, որը տեղադրված է քարոզչության նախարարության բակում, ինչպես նաև Հիտլերի և Գեբելսի կիսանդրին։ 1937 թվականի ապրիլի 20-ին Հիտլերը նրան շնորհել է պրոֆեսորի կոչում։ 1937 թվականի մայիսի 1-ին Բրեքերը միացել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության (NSDAP - անդամության համարը 5379989, որը հետագայում փոխարինվել է ավելի կարճ՝ 51562 համարով)։ Մայիսին նա Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի միջազգային ժյուրիի անդամ է եղել, իսկ հունիսին՝ Մյունխենում գերմանական առաջին Մեծ արվեստի ցուցահանդեսի ժյուրի անդամ։

1937 թվականի հոկտեմբերի 16-ին Բրեքերը ամուսնացել է ազգությամբ հույն Դեմետրե Մեսալեյի, Մայոլսյի նախկին մոդելի հետ, ում հետ նա ապրել է շուրջ տասը տարի։

1938 թվականի մայիսի 1-ից նա սկսել է դասավանդել Բեռլինի Միացյալ հանրակրթական ազատ և կիրառական արվեստի դպրոցներում։ 1938 թվականին Հիտլերի հրատապ խնդրանքով Բրեքերը ստացել է Բեռլինի ընդհանուր վերակառուցման ծրագրերի հետ կապված խոշոր պետական պատվեր։ Ավարտել է մի շարք աշխատանքներ ռայխսկանցլերի նոր գրասենյակի համար, այդ թվում «Կուսակցություն» և «Վերմախտ» արձանները։ 1939 թվականի ամռանը սկսվել է Բեռլին-Դալեմ քաղաքում գտնվող Բրեկեր պետական արհեստանոցի շինարարությունը։ 1939 թվականի նոյեմբերին նա ժամանակավորապես հաստատվել է Բեռլին-Գրյունևալդում՝ Վալտեր Ռատենաուի նախկին վիլլայում։

1940 թվականին Բրեքերը դարձել է առաջին նկարիչը, ով Վենետիկի բիենալեում ստացել է Մուսոլինիի անվան մրցանակ։ 1940 թվականի հունիսի 23-ին՝ Ֆրանսիայի հետ Կոմպիենյան զինադադարի կնքումից մեկ օր անց, ճարտարապետ Ալբերտ Շպեերի և Գերման Գիզլերի հետ Բրեքերը՝ որպես գիդ, ուղեկցել է Հիտլերին պարտված Փարիզ կատարած կարճ ճանապարհորդության ընթացքում։

1940 թվականի հուլիսի 19-ին Հիտլերը Բրեքերիին՝ քառասունամյակի կապակցությամբ, պարգևատրել է ՆՍԴԱՊ-ի կուսակցական ոսկե կրծքանշանով և նրան նվիրել է պետության կողմից Օդերբրուքում վերանորոգված Յեկելսբրուխի ամրոցը։

1940 թվականի նոյեմբերին Վյաչեսլավ Մոլոտովը, ով պաշտոնական այցով Բեռլին էր եկել, Բրեքերին փոխանցել է ԽՍՀՄ-ում աշխատելու Ստալինի առաջարկը։ Բերքերը ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի հետ «Կայզերհոֆ» հյուրանոցում տեղի ունեցած իր հանդիպումն այսպես է նկարագրում իր հուշերում.

  Պարզվեց, որ Մոլոտովը ցածրահասակ է ու թիկնեղ, նա ուներ գունատ, անթափանց դեմք և բացակայող հայացքը, որում ոչ մի հույզ չէր արտացոլվում։ Նա հարցրեց ինձ՝ պատրաստ եմ Ստալինի պատվերով Ռուսաստանում մոնումենտալ աշխատանքներ կատարել։ Ռուս թարգմանիչը թարգմանից, թե ինչ ասաց Մոլոտովը.

Ձեր աշխատանքները մեզ վրա մեծ տպավորություն են գործել։ Մեզ մոտ Մոսկվայում կան քարերով երեսպատված բարձր շենքեր։ Նրանք սպասում են հարդարման։ Ստալինը ձեր ստեղծագործությունների մեծ երկրպագուն է։ Ձեր ոճը կոգեշնչի նաև ռուս ազգին․ նա էլ այն կհասկանա։ Մեզ պակասում է ձեր նման կարևորությամբ քանդակագործը։

Ցնցված լինելով՝ ես միայն կարող էի շնորհակալություն հայտնել ինձ ցուցաբերած մեծագույն պատվի համար և մտածելու համար ժամանակ խնդրեցի։
- Առնո Բրեքեր. Im Strahlungsfeld der Ereignisse, S. 148
 

1941 թվականին Բրեքերը դարձել է Կայսերական կերպարվեստի պալատի փոխնախագահ։ Նույն թվականի օգոստոսին ստեղծվել է «Առնո Բրեքերի քանդակագործության արհեստանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Հիմնադիրներ էին Առնո Բրեքերն իր 1000 ռայխսմարկ բաժնեմասով և գերմանական ռայխը՝ ի դեմս շինարարության գլխավոր տեսուչ Ալբերտ Շպեերի՝ 99 000 ռայխսմարկ բաժնեմասով։ Բայց մեկ տարի անց ընկերությունն ամբողջությամբ դարձել է պետության սեփականությունը և կազմել է շինարարության գլխավոր տեսչության մի բաժինը։ Այսպիսով, Շպեերը Բրեքերին կարող էր ուղղակիորեն աշխատանք տալ, և նա էլ, առանց որևէ բան վտանգելու, կարող էր վիթխարի պատվերներ ընդունել։ Մինչ պատերազմի ավարտը Վրիցենում արհեստանոցները հսկայական ծավալների են հասել, որոնց կանոնադրական կապիտալը կազմել է 1 000 000 ռեյխսմարկ։ Բրեքերն աշխատեցնում էր ֆրանսիական ռազմագերիներին, ինչպես նաև Լեհաստանի և Ուկրաինայի անազատ բանվորներին։

1942 թվականին Վիշիի կառավարության հրավերով Բրեքերը Փարիզի «Օրանժերեայում» կազմակերպվել է խոշոր անհատական ցուցահանդես։ Նրա անհատական ցուցահանդեսները կայացել են նաև 1943 թվականին Քյոլնում և 1944 թվականին՝ Պոտսդամում։ 1944 թվականին Լենի Ռիֆենշթայլի ստուդիայում նկարահանվել է «Առնո Բրեքեր-դժվար ժամանակ, ուժեղ արվեստ» կարճամետրաժ մշակութային ֆիլմը։ Հիտլերը Գեորգ Կոլբեի, Ֆրից Կլիմշեի, Յոզեֆ Տորակի հետ միասին Բրեքերին ներառել է հատուկ «աստվածային շնորհով օժտվածների ցուցակում», ինչը նշանակում էր ազատվել ռազմաճակատ զորակոչվելուց։

Հետպատերազմյան տարիներ խմբագրել

1945 թվականի հունվարի 29-ին, Բեռլինի վրա խորհրդային բանակի հարձակման մեկնակրից մի փոքր առաջ, Ալբերտ Շպեերի օգնությամբ Առնո Բրեքերը իր Յեկելսբրուխի կալվածքից (Օբերբարնիմի շրջան) փախել է Բավարիա, նախ՝ Շթարնբերգի լճի ափի մոտ գտնվող Լեյստշտենյան ամրոցը, այնուհետև Պերհա համայնքի Բուխհոֆ ամրոց և վերջում՝ Վեմդինգ։ 1945 թվականի մարտի 21-ին նա Բեռլին է ուղարկել չվճարված հոնորարների ցուցակը, ըստ որի 5,5 միլիոն ռայխսմարկ փոխանցվել է նրա հաշվեհամարին։ Մինչև պատերազմի ավարտը իրեն հասանելիք 27.4 միլիոն ռայխսմարկից Բրեկերը ստացել է 9.1 միլիոնը։ Նա, ևս 60 000 ստացել է, Ալբերտ Շպեերից` որպես «ռայխսնախարարից նվեր»։

 
Վագներ Կոզմինի դիմաքանդակը, քանդակագործ՝ Առնո Բրեքեր, 1982 թվական

Բրեկերի արձանների և հարթաքանդակների հիմնական մասն առանց վնասվելու պահպանվել է Բեռլինի Դալեմ թաղամասում և Բեռլինի մոտակայքում գտնվող Յոկելսբրուխի երկու արվեստանոցներում, ինչպես նաև Մյունխենի Գերմանական արվեստի տուն և Փարիզի Ժամանակակից արվեստներիի թանգարանի պահոցում։ 1945 թվականի ամռանը Բեռլինի արվեստանոցի աշխատանքները, որոնք ամերիկյան օկուպացիոն գոտում էին, պահպանության են հանձնվել Դալեմի Ազգագրական թանգարանին։ Յեկելսբրուխը գտնվում էր խորհրդային օկուպացիոն գոտում։ Համաձայն Բադ-Ֆրայենվալդեի Օդերբրուխի թանգարանի նախկին տնօրեն Օդեր Հանս Ուլրիխ Էնգելի վկայության՝ 1949 թվականին շուրջ 15 բրոնզե արձան և 1 հարթաքանդակ Յեկելսբրուխից տեղափոխվել է Պոտսդամ, իսկ 1950 թվականի ուշ աշնանը հալեցվել են։

Հետագայում Յոկելսբրուխի ստուդիայից երկու քանդակներ՝ «Մարգարե» և «Կոչում», տեղադրվել են Էբերսվալդեում՝ Գերմանիայում խորհրդային ուժերի խմբի կողմից 20-րդ բանակի մարզադաշտում։ Ռեյխկանցլերի այգու Ֆրից Կլիմշի երկու կանացի արձանները, ինչպես նաև Յոզեֆ Տորակի ձիերի երկու քանդակները այդտեղ մնացել են մինչև 1989 թվականի ամառ։

1945 թվականի ապրիլի 28-ին, մինչ Գյորինգի Կարինհալ ամրոցի պայթունը, Բրեկերի «Էոս», «Նրբագեղություն» և «Քայլողը» քանդակները դեն են նետել Մեծ Դելնզեում։ 1990 թվականին ոստիկանության ջրասուզակները դրանք բարձրացրել են լճի հատակից։ «Տասնամարտիկ» և «Հաղթողը» քանդակները մնացել են Օլիմպիական համալիրի մարզական կոմպլեքսում, որը հայտնվել էր Բեռլինի բրիտանական օկուպացիոն գոտում, և մնացել անձեռնմխելի։ ։

 
Կոմպոզիտոր Ֆերենց Լիստի կիսանդրին, քանդակագործ՝ Առնո Բրեքեր
 
Առնո Բրեքեր, գծանկար, գրիչ (1982)

Բեռլինում պահպանվել է նաև Հարավսլավիայի դեսպանատան ճակատին արված Բրեքերի քանդակը ( ներկայումս՝ Գերմանիայի միջազգային քաղաքականության հասարակության շենք) Ռաուխշտրասե 17-18 հասցեում։

Ֆրանսիայի ազատագրումից հետո, 1942 թվականին, Փարիզի ցուցահանդեսին ներկայացված 34 քանդակներ՝ որպես «թշնամու սեփականություն», առգրավվել են Ֆրանսիայի նոր կառավարության կողմից։ 1961 թվականի օգոստոսի 23-ին դրանք աճուրդի են հանվել Դյուրան-Ռյուել հայտնի աճուրդի տանը, և Բրեքերին հաջողվել է 76 000 գերմանական մարկով գնել դրանք Շվեյցարիայի փոխանձանց միջոցով։ Հետագայում նա դրանք տեղադրել է Դյուսելդորֆում գտնվող իր զբոսայգում։

1948 թվականին Բրեկերն անցել է դենացիֆիկացիայի գործընթաց։ Չնայած երրորդ ռեյխում ունեցած արտոնյալ դիրքին, նա համարվել է որպես «ուղեկից» և դատապարտվել է 100 մարկ տուգանքի։ Նրա օգտին վկայություն են տվել ռեժիմի շատ զոհերին ցուցաբերած օգնության փաստերը։ Օրինակ, 1943 թվականի վերջին Բերքերը օգնել է գեստապոյից ազատվել Մայոլի ընկերուհի և մուսա Դինա Վերնիին, որը հրեա էր։ Ինչ վերաբերվում է Պաբլո Պիկասոյին օգնելուն, ապա նրա մասին գիտենք միայն Բրեքերի խոսքերից, որը այդ մասին պատմել է նկարչի մահվանից հետո։

1949 թվականին Բրեքերը հաստատվել է Դյուսելդորֆում, որտեղ այդ ժամանակ հաստատվել էին Ալբերտ Շպեերի շատ նախկին աշխատակիցներ։ Պետական պաշտոնական պատվերները սկսել են փոխհատուցվել մասնավոր անձանց պատվերներով։ Հիտլերի սիրելի քանդակագործի հիմնական հաճախորդներն են դարձել Արևմտյան Գերմանիայի բարձրագույն գործարար շրջանակների ներկայացուցիչները։ 1950-ական թվականների սկզբին Բրեքերը նորից դարձել է ամենապահանջված և ամենաբարձր վարձատրվող քանդակագործը։ Նա քանդակել է նաև Ժան Կոկտոյի (1963 թվական), Ժան Մարեի (1963 թվական), Լյուդվիգ Էրհարդի (1973թվական), Սալվադոր Դալիի (1975 թվական), Կոնրադ Ադենաուերի (1979 թվական), Էռնեստ Յունգերի (1982 թվական),Պյոտր Լյուդվիգի և Իռենա Լյուդվիգի (1986 թվական) դիմաքանդակները։

1960 թվականին նա Փարիզում արհեստանոց է բացել։

1980-1985 թվականներին Քյոլնի մոտակայքում ստեղծվել է «Առնո Բրեկերի թանգարանը»։

Առնո Բրեկերը մահացել է 1991 թվականի փետրվարի 13-ին, Դյուսելդորֆում և թաղվել է քաղաքի Հյուսիսային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arno Breker (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.artfinding.com/Biography/Breker-Arno/10976.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.invaluable.com/artist/breker-arno-yjl57135rc/sold-at-auction-prices/
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  7. 7,0 7,1 7,2 http://www.meaus.com/arno-breker-biography.htm
  8. 8,0 8,1 8,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1500-breker-arno
  9. 9,0 9,1 Wille, Macht und Schicksal. Oldenbourg Wissenschaftsverlag. 1922 թ․ դեկտեմբերի 31. էջեր 96–112. ISBN 978-3-486-74694-5.

Գրականություն խմբագրել

  • Arno Breker: Im Strahlungsfeld der Ereignisse. K. W. Schütz KG, Preußisch Oldendorf 1972
  • Jürgen Trimborn: Arno Breker. Der Künstler und die Macht. Aufbau, Berlin 2011:

Արտաքին հղումներ խմբագրել