Լյուդվիգ Վիլհելմ Էրհարդ (գերմ.՝ Ludwig Wilhelm Erhard, փետրվարի 4, 1897(1897-02-04)[1][2][3][…], Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - մայիսի 5, 1977(1977-05-05)[4][1][2][…], Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), արևմտագերմանական տնտեսագետ, քաղաքական գործիչ։ 1963-1966 թվականներին եղել է ԳՖՀ-ի կանցլեր։ 1966 թվականի մարտից մինչև 1967 թվականի մայիսը եղել է քրիստոնեական-դեմոկրատական միության քարտուղար։

Լյուդվիգ Էրհարդ
գերմ.՝ Ludwig Erhard
 
Կուսակցություն՝ Քրիստոնեական-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Նյուրնբերգի տնտեսագիտական և սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոց, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան և Hardenberg-Gymnasium Fürth?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր փետրվարի 4, 1897(1897-02-04)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4]
Վախճանի օր մայիսի 5, 1977(1977-05-05)[4][1][2][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Թաղված Տեգերենզեի Գմունդ
Քաղաքացիություն  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Ludwig Wilhelm Erhard
Ամուսին Լուիզա Էրհարդ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Լյուդվիգ Էրհարդը ծնվել է Բավարիայում` մանր ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Հայրը եղել է կաթոլիկ, իսկ մայրը` բողոքական-ավետարանական։ Հայրը թույլ է տվել, որ մայրը երեխաներին դաստիարակի իր հավատով։ Արդյունքում Էրհարդը, մնալով բողոքական, քրիստոնեա-դեմոկրատական շրջանականերում հրաշալի համագործակցել է կաթոլիկների հետ[8]։

Էրհարդը միջնակարգ կրթությունը ստացել է Ֆյուրտում և Նյուրնբերգում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարտնչել է հաուբիցային հրետանու կազմում։ 1918 թվականին վիրավորվել է ձախ ուսի հատվածում։ Յոթ վիրահատությունից հետո նրան ֆիզիկական աշխատանքի անկարողության ախտորոշում է տրվել։ Դա հիմնական գործոնն է եղել, որ խոչընդոտել է Էրհարդին մոտակա ժամանակաշրջանում հոր ձեռնարկությունում աշխատելուն։ Վիրավորումը Էրհարդի առողջությանը հասցված երկրորդ ծանր հարվածն էր. երեք տարեկան հասակում նա հիվանդացել էր պոլիոմիելիտով, ինչից հետո ողջ կյանքի ընթացքում պահպանվել էր աջ ոտքի դեֆորմացիան։

Էրհարդը տնտեսագիտություն է ուսանել Նյուրնբերգի Բարձրագույն առևտրական դպրոցում։ 1922 թվականին ավարտելով դպրոցը` ընդունվել է Ֆրանկֆուրտի համալսարան[9]։ Էրհարդը հետագայում հիշել է, որ այստեղ ուսանելու տարիներին եղել է կատարյալ միայնակ։ Որպեսզի չմոռանա սեփական ձայնի տոնը, նա գնացել է զբոսայգի և բարձրաձայն երկար խոսել ինքն իր հետ։ Սակայն նա հաղթահարել է իր միայնակությունը` դառնալով իր ժամանակի` հասարակությանն ամենից շատ ինտեգրված գերմանացիներից մեկը։ Դառնալով ուսանող և առնչվելով Ֆրանկֆուրտի համալսարանում տնտեսագիտության դասավանդման ցածր մակարդակին` Էրհարդը մտել է դեկանատ և համարձակություն հավաքելով` հարցրել, թե որտեղ կարելի է այնուամենայնիվ գիտելիք ստանալ։ Նրան պատասխանել են, որ կա մի մարդ` Ֆրանց Օպենհայմեր անունով։ Էրհարդը գնացել է նրա մոտ և դրանից հետո Օպենհայմերին համարել գերմանացի լավագույն տնտեսագետ-գիտնականներից մեկը, մի մարդ, որ Գերմանիայում ազատական աշխարհայացքի հիմքն է դրել։

1925 թվականին ատենախոսություն պաշտպանելուց հետո սկսել է աշխատել Նյուրնբերգի` Տնտեսական հետազոտությունների ինստիտուտում[9]։ Այնուհետև զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 1942 թվականին նացիստների հետ տարաձայնություն ունենալու պատճառով լքել է ինստիտուտը։ 1943 թվականից Էրհարդը դարձել է հետազոտական ոչ մեծ կենտրոնի ղեկավար, որը ձևավորվել էր Արդյունաբերողների կայսերական միության հովանու տակ։ Այստեղ հիմնական ուշադրություն էր հատկացվում տնտեսական բարեփոխումների մշակմանը, որը պետք է եկել նացիստական ռեժիմի փլուզումից հետո։

 

Օկուպացված արևմտյան տարածքների կառավարման մարմիններում

խմբագրել

1945 թվականի սեպտեմբերին Էրհարդը դարձել է Բավարիայի տնտեսության պետական նախարար, ապա դրամավարկային հարցերի հատուկ բաժանմունքի ղեկավար, իսկ 1948 թվականի մարտին` Բիզոնիայի տնտեսական կառավարման տնօրեն։

Արդեն 1946 թվականին, զբաղեցնելով Բավարիայի տնտեսության նախարարի պաշտոնը, Էրհարդը ակտիվորեն պնդել է բարեփոխումների անցկացման անհրաժեշտության գաղափարը։ Բարեփոխումները հռչակվել են 1948 թվականի հունիսի 18-20-ին, ընդ որում, Էրհարդն իրականացրել է գերմանական տնտեսության ազատականացման իր սեփական գործողությունները։ Ամերիկյան տարբերակը ենթադրում էր ռայխսմարկի փոխարեն (Վայմարի հանրապետության և Երրորդ Ռայխի դրամական միավոր) կայուն արժույթ ներմուծել (բարեփոխման ընթացքում ներմուծված գերմանական մարկը կիրառվել է մինչև եվրոյին անցումը)։ Էրհարդը սրա հետ մեկտեղ հրաժարվել է պետական պլանավորումից և ապրանքների գնագոյացման կենտրոնացված եղանակից` գերմանացի արտադրողներին ընձեռելով գործունեության լիակատար ազատություն։ Էրհարդը շարունակել է աջակցել ազատական դիրքորոշմանը և ելույթ է ունեցել ֆինանսական կայունության օգտին` չնայած 1948-1949 թվականների ահռելի դժվարություններին և սոցիալ-դեմոկրատների կոշտ ընդդիմությանը։

Գերմանիայի կառավարությունում

խմբագրել
 
Լյուդվիգ Էրհարդը կնոջ` Լուիզայի հետ, 1963

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ձևավորումից հետո Էրհարդը դառնում է քրիստոնեա-դեմոկրատ և Կոնրադ Ադենաուերի կառավարությունում (1949-1963) զբաղեցնում տնտեսության նախարարի պաշտոնը` հետագայում նրան փոխարինելով դաշնային կանցլերի պաշտոնում։ Նա շատ բան է արել գերմանական տնտեսական հրաշքի համար[10]։

Բարեփոխումների ճակատագիրը վճռվել է Կորեական պատերազմի սկսվելուց հետո։ Հումքի գինը, որն արտահանում էր գերմանական տնտեսությունը, աճել էր մոտ 67 %-ով, մինչդեռ երկրից արտահանվող ապրանքի գինը` միայն 17 %-ով։ Տնտեսական արագ աճ կարելի էր ապահովել միայն արտաքին շուկայի և այնտեղից մրցակիցների դուրս մղման շնորհիվ։ Եթե տնտեսությունն այդ ժամանակ մրցունակ չլիներ, ճգնաժամը կարող էր խորացնել տնտեսության վիճակը։ Նոր գլոբալ պատերազմի հետ կապված խուճապը առաջացնում է գնման խառնաշփոթ։ Կանցլեր Ադենաուերի և տնտեսության նախարարի միջև սուր կոնֆլիկտ է ծագում, որը դուրս է գալիս կուսակցական ղեկավարության նեղ շրջանակից։ Ստիպված փոխզիջումներ են լինում, որոնք արտաքին տնտեսական ոլորտում սահմանափակումներ են թույլ տալիս։ Դա թույլ է տալիս ժամանակ շահել։ Այնուհետև պատերազմը սկսում է աշխատել հօգուտ Գերմանիայի։ Էժան աշխատուժով կայուն տնտեսությունը սկսում է լցնել համաշխարհային շուկան, որն ապրանքի խիստ կարիք ուներ։ Շնորհիվ ցածր հարկերի` գերմանական համախառն ներքին արդյունքը 1950-ական թվականներին ամենաբարձրն էր զարգացած երկրների շրջանում, իսկ գների աճը` ամենից ցածրը։

Էրհարդն ամբողջությամբ հրաժարվում է կարգավորման մեքենայություններից, որ շատ տարածված էին արևելքում և ակտիվորեն օգտագործվում էին նրա նախորդների կողմից։ Նա Գերմանիան բնորոշել է որպես արևմտյան մշակույթի և շուկայական տնտեսության երկիր` այն դարձնելով «ընդհանուր շուկայի» հենասյուներից մեկը։

1963 թվականին, երբ Ադենաուերն անցել է թոշակի, Էրհարդը փոխարինել է նրան կանցլերի պաշտոնում։ Սակայն Էրհարդի ուղղագիծ կառավարումը, որ շատ լավ աշխատում էր սուր կոնֆլիկտների տարիներին, պիտանի չէր նոր դարաշրջանի տնտեսական հիմնական կուրսը դառնալու համար։ 1966 թվականին նրա կողմնակիցները նրան փաստացի ստիպում են թողնել պաշտոնը։ Ընդհուպ իր մահը 1977 թվականին Էրհարդը մնացել է Բունդեսթագի պատգամավոր[11]։

Ընտանիք

խմբագրել

Էրհարդի կինը` Լուիզան (1893-1975, օրիորդական ազգանունը` Լոտտեր), եղել է տնտեսագետ։ Նա 1914 թվականին ամուսնացել էր փաստաբան Ֆրիդրիծ Շուստերի հետ, ով մեկ տարի անց մահացել էր ռազմաճակատում։ Առաջին ամուսնությունից նա ունեցել է դուստր` Էլյանորա անունով։ 1923 թվականին ամուսնացել է Լյուդվիգ Էրհարդի հետ, ում քույրը եղել է իր ընկերուհին։ Էրհարդն ու Լուիզան ունեցել են ընդհանուր դուստր` Էլիզաբեթ անունով։

Պատմական դեր

խմբագրել
 
Լյուդվիգ Էրհարդ. հուշարձան Ֆյուրտում

Լյուդվիգ Էրհարդը առաջինն էր աշխարհում նոր տիպի լիբերալ բարեփոխումների առումով։ Նա աշխատել է այնպիսի պայմաններում, երբ պետության միջամտությունը տնտեսության մեջ իրականություն էր։

Նա հասկացել էր, որ սոցիալիստական գաղափարների զգալի ազդեցության պայմաններում հնարավոր չէ չձեռնարկել բնակչության սոցիալական պաշտպանությանն ուղղված լայն միջոցառումներ։ Սակայն Էրհարդի համար կարևոր էին տնտեսության ազատության ու ֆինանսական կայունության հարցերը։ Կենտրոնացվածությունն ու գնաճը նրա գլխավոր թշնամիներն էին։ Էրհարդը ձգտում էր նվազագույնի հասցնել էտատիզմի դրսևորումները, սակայն չպայքարել այն ուժերի դեմ, որոնց ցանկանում էր տեսնել իր կողքին։ Սա նրա ռազմավարությունն էր, որը ստացել է «սոցիալական շուկայական տնտեսություն» անվանումը։ Նա շեշտը դնում էր շուկայականի և ոչ ամենևին սոցիալական ապահովության վրա։ Էրհարդը միշտ փորձում էր ժողովրդին բացատրել իր վարած կուրսի առանձնահատկությունը։ «Ես պատրաստ եմ,— նշում էր նա,— գերմանացի ամեն քաղաքացու առանձին համոզել այնքան ժամանակ, մինչև նա չամաչի, որ արտարժույթի կայունության ուղղությամբ ջանք չի գործադրում»։

«Բավական է Լյուդվիգ Էրհարդը անդրադառնար իր սիրելի զավակին` շուկայական տնտեսությանը, և նրա մեջ արթնանում էր փայլուն հռետորը, որ իր ոգևորությամբ վարակում էր ունկնդիրներին.... Նա տիրապետում էր համոզելու արվեստին` իր նկատմամբ վստահություն ներշնչելով»,— ասել է քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Ֆրանց Յոզեֆ Շտրաուսը։

Էրհարդը պարգևատրվել է Մեծ խաչի շքանշանով Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Эрхард Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 30 : Экслибрис — Яя. — С. 245.
  5. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/32207
  6. http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  7. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  8. Травин Д., Маргания О. Европейская модернизация
  9. 9,0 9,1 Творец «экономического чуда» Людвиг Эрхард // Патрушев А. И. Германские канцлеры от Бисмарка до Меркель. — М.: Издательство Московского университета, 2009.
  10. Александр Смирнов Людвиг Эрхард. Возрождение Германии и немецкое экономическое чудо Արխիվացված 2018-02-25 Wayback Machine
  11. Травин Д. Людвиг Эрхард. Drang nach Westen
  12. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana S.E. Prof. Dott. Ludwig Erhard, Ministro dell’Economia della Repubblica Federale Tedesca(իտալ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Էրհարդ» հոդվածին։