Մարիա Բուրգունդացի (ֆր.՝ Marie de Bourgogne,փետրվարի 13, 1457, Բրյուսել[1] - մարտի 27, 1482, Բռյուգե, Ֆրանսիայի թագավորություն[1]), 1477 թվականից՝ Բուրգունդիայի դքսուհի, Հոլանդիայի կոմսուհի, Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախի միակ դուստրն ու ժառանգորդը։

Մարիա Բուրգունդացի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր փետրվարի 13, 1457
Ծննդավայր Բրյուսել[1]
Վախճանի օր մարտի 27, 1482 (25 տարեկան)
Վախճանի վայր Բռյուգե, Ֆրանսիայի թագավորություն[1]
Թաղված Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի
Դինաստիա Վալուաներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Կարլոս Խիզախ[2]
Մայր Իզաբելլա դե Բուրբոն[2]
Ամուսին Մաքսիմիլիան I[2]
Զավակներ Ֆիլիպ I[2], Մարգարեթ Ավստրիացի և Ֆրանց ֆոն Հաբսբուրգ[3]
Մարիա Բուրգունդացու ձեռքի հավակնորդները։ Մանրանկար Ֆիլիպպ դե Կոմինեսի «Հուշեր» ձեռագրից, 1518-1524 թթ.

Կենսագրություն խմբագրել

 
Մարիա Բուրգունդացուն որսի ժամանակ հետապնդում է մահը

1477 թվականի հունվարին՝ հոր մահից հետո, Մարիան ժառանգեց Բուրգունդիայի դքսությունը և դարձավ այն տարիների ամենացանկալի հարսնացուն Եվրոպայում։ Մարիայի ժառանգության մեջ էին մտնում ներկայիս Ֆրանսիայի հյուսիս-արևելյան շրջանները՝ Բուրգունդիան, Լոթարինգիայի ու Էլզասի զգալի մասը, ինչպես նաև Ֆրանշ Կոնտեն, Ֆլանդրիան, Էնոն և Բրաբանտը։ Ֆրանսիայի Լյուդովիկոս XI թագավորը, զավթելով Բուրգունդիայի արևմտյան մասը, այդ բռնազավթումը արդարացնելու համար առաջարկեց քսանամյա Մարիային դառնալ իր յոթամյա որդու կինը։ Դքսուհու հպատակների մեծ մասը դեմ էր ֆրանսիական տիրապետությանը։ Մարիայի ձեռքին հավակնում էր նաև Սրբազան Գերմանական կայսրության կայսր Ֆրիդրիխ III[4] որդի Մաքսիմիլիան Հաբսբուրգը։ 1477 թվականի օգոստոսի 14-ին Մարիա Բուրգունդացին ամուսնացավ Մաքսիմիլիանի հետ (հետագայում՝ Սրբազան Գերմանական կայսրության կայսր Մաքսիմիլիան I): Մարիան մահացավ 1482 թվականին 25 տարեկան հասակում հեմոթորաքսից, որն առաջացել էր որսի ժամանակ ձիուց ընկնելու հետևանքով։ Ֆիլիպպ դե Կոմինեսը իր «Հուշերում» գրում է.

  Չորրորդ տարում նա մահացավ, ընկնելով ձիուց կամ տենդից, բայց, ամենայն հավանականությամբ, ընկնելու պատճառով։ Որոշ մարդիկ ասում են, որ նա հղի էր։ Դա մեծ դժբախտություն էր, քանզի նա բարի, առատաձեռն ու սիրելի էր հպատակների համար… Նա շատ էր սիրում ամուսնուն և ուներ բարի համբավ։ Նրա մահը տեղի ունեցավ 1482 թվականին[5]։  

Մարիա Բուրգունդացին թաղված է Բրյուգեի Աստվածամոր եկեղեցում` հոր կողքին։

Ընտանեկան հարաբերություններ խմբագրել

Պահպանվել են Մաքսիմիլիանի նամակները` ուղղված իր ընկեր Զիգմունդ Պրյուշենկին։ Դրանցից մեկում կա նրա ապագա կնոջ արտաքինի նկարագրությունը.

  Նա գեղեցիկ է, բարեպաշտ, առաքինի, ինչի համար ես շնորհակալ եմ Աստծուն։ Կառուցվածքով փխրուն, ձյունաճերմակ մաշկով, մազերը` շագանակագույն, փոքր քիթ, դեմքի նուրբ դիմագծեր, աչքերը միաժամանակ շագանակագույն ու մոխրագույն՝ գեղեցիկ ու պարզ։ Իմ տեսած կանանցից ամենագեղեցիկն է։  

Հարսանիքի ժամանակ հարսնացուն ոսկեզօծ զգեստով էր, իսկ փեսացուն՝ արծաթե զրահով։ Պսակադրությունից հետո նորապսակները տեղավորվեցին համատեղ ննջարանում՝  հազվագյուտ երևույթ այն ժամանակներում անվանի ընտանիքներում, երբ ամուսինները տարբեր սենյակներ էին ունենում։

Մաքսիմիլիանը կնոջից հետո ապրեց 37 տարի և, ժամանակակիցների վկայությամբ, այդ բոլոր տարիներին «նրա մասին հիշելիս, չէր կարողանում զսպել արցունքները»։ Նա պատվիրում էր դիմանկարներ, հատում էր դրամներ նրա պատկերով, գրել է երկու երկ նրա մասին՝ «Teuerdank» և «Weisskunig»[6]:

Սերունդները խմբագրել

Նրա որդի Ֆիլիպ Ավստրիացին, որը մոր մահվան պահին չորս տարեկան էր, շարունակեց Հաբսբուրգների արքայատոհմը և դարձավ նրանց երկու ճյուղերի՝ իսպանական ու ավստրիական, հիմնադիրը։

Մարիայի դուստրը՝ Մարգարեթ Ավստրիացին, Իսպանական Նիդերլանդների շտատհալտերն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Мария Бургундская // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kindred Britain
  3. Lundy D. R. The Peerage
  4. Шимов Я. Австро-Венгерская империя. — М.: Изд-во Эксмо, 2003. — С. 50—52.
  5. Филипп де Коммин. Мемуары / Пер. Ю. П. Малинина. — М.: Наука, 1986. — С. 229.
  6. Дело об охотничьей птице

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Բուրգունդացի» հոդվածին։