Անդրանիկ Իոսիֆյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Անդրանիկ Իոսիֆյան (ռուս.՝ Андроник Гевондович Иосифьян, հուլիսի 8 (21), 1905[1] կամ հուլիսի 21, 1905[2], Ծմակահող, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - ապրիլի 13, 1993[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր (1941), ԳԱԱ ակադեմիկոս (1950, թղթակից անդանդամ՝ 1946)[3]։
Անդրանիկ Իոսիֆյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8 (21), 1905[1] կամ հուլիսի 21, 1905[2] Ծմակահող, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | ապրիլի 13, 1993[1] (87 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[1] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճարտարագետ և էլեկտրատեխնիկ |
Հաստատություն(ներ) | All-Russian Electrotechnical Institute?[2] և All-Russian Scientific Research Institute of Electromechanics?[2] |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2][1] |
Ալմա մատեր | Ադրբեջանի տեխնիկական համալսարան (1930)[2] |
Կոչում | ակադեմիկոս[2] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1941) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Andronik Iosifyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնդրանիկ Իոսիֆյանը ծնվել է 1905 թ. Լեռնային Ղարաբաղում։ Նրա հայրական տունը Ծմակահող գյուղում գրեթե նույնությամբ պահպանվել է։ Պապը հոգևորական էր, հայրը՝ նույնպես։ Դպրոցում դասավանդում էր կրոնի պատմություն, հայոց լեզու։ Անդրանիկը 5 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Թեմիրխանշուր, այժմ Բույնաքս քաղաք՝ Մախաչկալայից ոչ հեռու, ուր հայրը քահանա էր նշանակվել հայկական եկեղեցում։ 1918 թվականին հեղափոխական խառնաշփոթում սկսվեցին հայերի ջարդերը։ Ընտանիքը ստիպված տեղափոխվեց Թուրքմենստան։ Հետո վերադարձավ Ղարաբաղ՝ հայրենի Ծմակահող գյուղը։ Մեկ տարին չանցած Ղարաբաղում հաստատվեցին խորհրդային կարգեր, և քանի որ 15-ամյա Անդրանիկը միակն էր գյուղում, որ տիրապետում էր ռուսերենին, նրան տվեցին կոմերիտական տոմս, երեք հրացան, հանձնարարեցին հավաքել ջոկատ և պաշտպանել գյուղը հրոսակներից։ 1922 թ-ին Անդրանիկ Իոսիֆյանը կամավոր զինվորագրվում է կարմիր բանակին։ Ծառայում է կապի բատալիոնում որպես հեռախոսավար, աշխատում է խորհրդային առաջին էլեկտրական երկաթուղու վրա որպես էլեկտրամոնտաժող։ 20 տարեկանում Իոսիֆյանն ավարտում է լուսժողկոմի հանրակրթական կուրսերը և ընդունվում Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Այստեղ ի հայտ են գալիս հայ երիտասարդի հնարամտությունն ու բնատուր տաղանդը։
30-ական թվականներից սկսած խորհրդային կառավարությունը Անդրանիկ Իոսիֆյանի գիտական գործունեությունը պահում էր գաղտնի։ Հայրենական պատերազմի տարինաերին նա ղեկավարում էր ռազմական նշանակության գործարան՝ ստեղծելով զենք և զինամթերք։ Հայազգի գիտնականը, պատերազմից հետո էլ շարունակում էր մնալ քողարկված։ Նա ռազմական և տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկն էր, ում անունները հայտնի են դառնում մահից հետո միայն։ Առաջին տիեզերանավերը ամբողջությամբ հագեցած էին Իոսիֆյանի ստեղծած եզակի էլեկտրասարքավորումներով։ Մասնագետներն Իոսիֆյանի անունը դասում էին Կուրչատովի, Կորոլյովի և Կելվիշի կողքին։
Ով էր Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանը։ Ինչի համար էր խորհրդային կառավարությունը նրան բազմիցս պարգևատրել պետական և Լենինյան մրցանակներով, սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումով, Մոսկվայի պաշտպանության համար մեդալով, 4 անգամ՝ Լենինի, 2 անգամ՝ Աշխատանքային կարմիր դրոշի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։ Նա երեք անգամ ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ և արժանացել ակադեմիկոսի կոչման։
Գիտության զարգացման մեջ ունեցած դերը
խմբագրելԴեռևս ուսանողական տարիներին նա նկարագրում է էլեկտրական թնդանոթի իր գյուտը և ուղարկում Մոսկվա։ Բանակի սպառազինման տեխնիկական շտաբում հետաքրքրվում են երիտասարդ գյուտարարի առաջարկով և անմիջապես հրավիրում նրան Մոսկվա։ Բանակի շտաբը Իոսիֆյանին ուղեգրում է համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտ իր առաջարկն իրականացնելու համար՝ որպես դիպլոմային աշխատանք։ Այստեղ նա աշխատում է ակադեմիկոս Շենֆերի ղեկավարությամբ, համագործակցում Նիկեյևիչի հետ, որոնց էլ ամբողջ կյանքում համարում էր իր ուսուցիչները։ Էլեկտրատեխնիկական ինստիտուտում անցկացրած տարիներին Իոսիֆյանը դրսևորվում է որպես փայլուն ինժեներ, գյուտարար և շուտով գլխավորում է լաբորատորիա, այնուհետև կոնստրուկտորական բյուրո։ 30-ական թվերին Խորհրդային միությունում ուղղաթիռ ստեղծելու ուղղությամբ փորձեր էին կատարվում։ Թռչող սարքը պետք է լիներ փոքր, թեթև, անաղմուկ։ Իոսիֆյանը առաջիններից մեկն էր, որ ստեղծեց հեռակառավարվող էլեկտրական ուղղաթիռ՝ “հելիկոպտեր”։ Այն ուներ 2 մետր տրամագծի պտուտակ, որն աշխատում էր ոչ թե ավիացիոն բենզինով, այլ էլեկտրական մալուխով սնուցվող շարժիչով։ Նախատեսված էր զանազան դիտարկումների, հետախուզման և հրետանու կրակը ուղղորդելու համար։ 1941 թ.-ին ուղղաթիռը փորձարկվեց։ Այն իր հետ բարձրացնում էր օդաչուին և մի քանի պտույտ կատարում տարածքի շուրջը։ Սկսված համաշխարհային պատերազմը կասեցրեց աշխատանքներն այս ուղղությամբ։ 1935 թ.-ին նույն էլեկտրատեխնիկական ինստիտուտում Իոսիֆյանը ստեղծում է ռազմական էլեկտրոնիկայի լաբորատորիա, որը հովանավորում էր Մարշալ Տուխաչևսկին։ Շուտով Իոսիֆյանի լաբորատորիան ստեղծում է նավային հրանոթների նշանառության ջերմալոկացիոն համակարգ, որը 8 կմ շառավղով հայտնաբերում էր հակառակորդի նավը՝ որսալով նրա ծխնելույզների տաքությունը։ Այս աշխատանքը արժանացավ Ստալինյան մրցանակի։ Բայց Իոսիֆյանին զրկեցին պարգևներից և իր ստեղծած լաբորատորիայից։ Նրա հորը, որ նախկինում հոգևորական էր, 1936 թ.-ին Բաքվում ձերբակալում են և գնդակահարում։ Դրանից հետո, ինչպես ընդունված էր, որդուն հեռացնում են կուսակցությունից և ուղարկում ուրիշ լաբորատորիա որպես շարքային աշխատող։ Այդ տարիներին Իոսիֆյանը իրագործեց փայլուն մի գյուտ՝ աշխարհում առաջինը ստեղծելով էլեկտրամեքենա, առանց կոնտակտների։ Նա կատարելագործեց այսպես կոչված “Սելսին”-ը, որը ապահովում է չափիչ սարքերի տվյալների սինխրոն փոխանցում։ Մասնագետների կարծիքով այս գյուտն իր նշանակությամբ հավասարազոր էր հեռախոսի կամ հեռագրի գյուտի, ինչը կարող էր անել միայն ինքնատիպ մտածողությամբ օժտված ինժեները։ Իոսիֆյանի ոչ կոնտակտային Սելսինի արտոնագրերը անմիջապես գնեցին Անգլիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Իտալիան, ինչն ինքնին արտառոց փաստ էր։ Դրանից հետո Իոսիֆյանին վերականգնեցին կուսակցության մեջ և թույլ տվեցին ստեղծել իր լաբորատորիան։ 1939 թ.-ին Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում, որը կրում էր “Ապագայի աշխարհը” խորագիրը, Խորհրդային միությունը ներկայացրել էր Մագնիտագորսկի կոմբինատի մակետը իր հրավառարաններով և քաղաքի շենքերով։ Ցուցահանդեսի այցելուները զարմացած դիտում էին, թե ինչպես մոտ 60 մետրանոց երկաթուղով շոգեքարշերի և վագոնների մոդելները անընդհատ շարժվում էին, առանց մարդկային որևէ միջամտության։ Ինժեներական այս մտահղացումը իրականացրել էր Իոսիֆյանը։ Նա առաջին անգամ աշխարհում ստեղծել էր փոփոխական հոսանքի գծային շարժիչ։ Երկաթգծի երկայնքով վազող էլեկտրամագնիսական դաշտն իր ետևից քաշում էր գնացքը շարժակազմի հետ։ 1940 թ.-ին Իոսիֆյանը պաշտպանում է դոկտորական դիսերտացիան և ստանում է պրոֆեսորի կոչում։ Ընդամենը 35 տարեկանում նա արտոնագրել էր 13 գյուտ։ 1941 թ.-ին երբ սկսվեց պատերազմը, Իոսիֆյանը նշանակվեց թիվ 627 գործարանի տնօրեն, որն արտադրելու էր ռազմական էլեկտրատեխնիկա։ Երիտասարդ ինժեներ, գրող, ֆանտաստ Ալեքսանդր Կազանցևի հետ Իոսիֆյանն ստեղծեց հեռակառավարվող փոքրիկ հրասայլեր, որոնք նախատեսված էին օգտագործել որպես հակատանկային միջոց Մոսկվայի փողոցներում, եթե այն գրավեին ֆաշիստները։ 1942 թ.-ին Կերչի թերակղզում այդ հրասայլակներով պայթեցվեց հակառակորդի 9 տանկ, իսկ 1944 թ.-ին Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ժամանակ, հրասայլակների օգնությամբ հնարավոր եղավ վերացնել թշնամու կրակակետերը, որոնք մինչ այդ ոչնչացրել էին մի ամբողջ խորհրդային դիվիզիա։ Պատերազմի տարիներին Իոսիֆյանի ղեկավարած գործարանն արտադրում էր հատուկ ռազմական տեխնիկա պարտիզանների համար։ 1942 թ.-ին այս աշխատանքների համար Անդրանիկ Իոսիֆյանը պարգևատրվեց Լենինի շքանշանով, իսկ պատերազմից հետո թիվ 627 գործարանը դարձավ գիտահետազոտական ինստիտուտ՝ հետագայում ստանալով էլեկտրոմեխանիկայի համամիութենական ինստիտուտ անվանումը։ Անդրանիկ Իոսիֆյանի հիմնադրած այս գիտական օջախը հսկայական դեր ունեցավ գիտության ու էլեկտրատեխնիկական արդյունաբերության զարգացման գործում։ 1949 թ.-ին նորաստեղծ ՏՈւ-4 ռմբակոծիչներն արդեն մասնակցում էին Կարմիր հրապարակում զինվորական շքերթի, որոնց պատրաստման հիմնական աշխատանքները մեկ տարի առաջ ստանձնել էր Իոսիֆյանը։ Նրա աշխատանքների արդյունքում Սովետական Միությունում հայտնվում են էմալապատ լարեր, ներծծվող լաքեր և ուրիշ նյութեր, որոնք անհրաժեշտ են ավիաշինությունում։ Այս հիմքի վրա ծնվեց ավիացիոն էլեկտրատեխնիկան։ Այն հետո առանձնացավ՝ ստեղծելով սեփական հիանալի կոնստրուկտորական բյուրոներ, բայց հիմքը դրեց Իոսիֆյանը։ Ստրատեգիական ինքնաթիռ ստեղծելու համար Տուբոլևը պարգևատրվեց Ստալինյան մրցանակով։ Իոսիֆյանն այդ ժամանակ հասցրել էր հերթական անգամ զայրացնել, ինչպես ինքն էր ասում, “Կրեմլի տերտերներին” և կրկին զրկվել պարգևներից։ 1956 թ. Իոսիֆյանը Երևանում հիմնադրում է իր ղեկավարած համամիութենական էլեկտրամեխանիկայի ինստիտուտի մասնաճյուղը։ Այն ինչ արել է Անդրանիկ Իոսիֆյանը Հայաստանի և իր հարազատ Ղարաբաղի համար, դժվար է գերագնահատել։ Ա մեն անգամ երբ նա գալիս էր Հայաստան և մեկնում Ղարաբաղ՝ իր հայրենի գյուղ, անպայման մեկ կամ երկու բեռնատար մեքենա էլեկտրատեխնիկական սարքեր էր տանում։ Խնդրում էր իր աշակերտներին այդ ամենը բեռնել մեքենաները, և նվեր ուղարկվում Ղարաբաղի դպրոցներին, տեխնիկումներին։ Հայաստանի էլեկտրատեխնիկական գիտության և արդյունաբերության գրեթե բոլոր ուղղությունները նախանշել և կյանքի է կոչել Անդրանիկ Իոսիֆյանը։ 50-ականների սկզբին Մոսկովյան ինստիտուտում Իոսիֆյանը իր շուրջը հավաքեց մի խումբ երիտասարդ գիտնականների, որոնք սկսեցին ստեղծել թվային հաշվողական մեքենաներ։ ԽՍՀՄ-ում կիբեռնետիկան դեռևս համարվում էր կեղծ գիտություն և աշխատանքները տարվում էին գրեթե գաղտնի։ Շուտով ստեղծվեց խորհրդային առաջին թվային փոքրածավալ հաշվողական մեքենան Մ3-ը։ Դա խորհրդային առաջին համակարգիչներից մեկն էր։ Եվ արդեն 56 թվականին այդ համակարգչի առաջին նմուշները թողարկվեցին Իոսիֆյանի ինստիտուտում։ Դրանց համար ստեղծվեց նաև ծրագրային ապահովում՝ ներառյալ արտադրության ամբողջ փաստաթղթերը։ Հենց Մ3 մեքենան էլ հիմք հանդիսացավ Երևանում մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի ստեղծմանը, որի առաջին տնօրենը դարձավ Սերգեյ Մերգելյանը։ 1956 թ.-ին Իոսիֆյանի ջանքերով գիտության այդ նոր, հեռանկարային ուղղությունը մուտք գործեց Հայաստան։ Երևանում հիմնված մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը երկար տարիներ համարվում էր Հայաստանի խոշոր գիտահետազոտական կենտրոններից մեկը։ Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը հիմնադրումից ընդամենը 3 տարի հետո ստեղծեց երկու հաշվիչ մեքենա՝ “Արագած” և ”Երևան”, իսկ 5 տարի հետո՝ ԽՍՀՄ-ում առաջին կիսահաղորդիչներով աշխատող հաշվիչ մեքենան՝ “Հրազդան”-ը։
Հրթիռաշինություն
խմբագրել50-ական թվականներին բուռն զարգացում ապրեց հրթիռային տեխնիկան և տիեզերքի հետազոտությունը։ Կառավարության որոշմամբ Անդրանիկ Իոսիֆյանը նշանակվեց միջմայրցամաքային բալիստիկական հրթիռների և տիեզերական ապարատների էլեկտրասարքավորումների գլխավոր կոնստրուկտոր։ Սերգեյ Կորոլյովի, Միխայիլ Յանգելի հետ միասին նա ԽՍՀՄ-ի գլխավոր կոնստրուկտորների խորհրդի անդամ էր։ Շուտով Կորոլյովը ստեղծեց նորագույն զենք՝ բալիստիկ հրթիռ Ռ7։ Այդ հրթիռը նախ տիեզերք բարձրացրեց առաջին արբանյակը, իսկ հետո նաև Յուրի Գագարինի “Վոստոկ” տիեզերանավը։ Բոլոր այդ հրթիռներն ու արբանյակները հագեցած էին եզակի սարքավորումներով, որոնք նախագծում և ստեղծում էր Իոսիֆյանը՝ իր ինստիտուտում։ Այս աշխատանքների համար 1961 թ.-ին Անդրանիկ Իոսիֆյանը պարգևատրվեց սոցիալիստական աշխատանքի հերոսի ոսկե աստղով։ Անդրանիկ Իոսիֆյանը պատերազմից հետո ամուսնանում է Այիսիա Սերգեևսկայայի հետ։ Այիսիան ավարտել էր Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանը։ Միաժամանակ սովորել և ավարտել էր Մոսկվայի համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը։
Իոսիֆյանը հաճախ էր ամառային արձակուրդներն անցկացնում հայրենի Ծմակահող գյուղում։ Մի քանի անգամ Ղարաբաղ է բերել նաև մոսկովյան իր ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներին։ Իոսիֆյանը Ծմակահողի Տերեշկովայի անվան կոլտնտեսության պատվավոր նախագահն էր։ Օգնում էր գյուղի էլեկտրաֆիկացման, ջրագծերի ու ճանապարհների անցկացման գործում և նույնիսկ կազմակերպեց փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը։ Իոսիֆյանի գլխավորությամբ ստեղծվել են “Մետեոր” համակարգի արբանյակները, որոնք ունեին մի շարք առավելություններ մինչ այդ եղած խորհրդային և ամերիկյան արբանյակների համեմատ։ Մետեորի արևային մարտկոցներն ունեին անկախ կողմնորոշում դեպի արևը, այնպես, որ ստանային առավելագույն էներգիա ուղեծրի ցանկացած դիրքում։
Սովետա-Բուլղարական համատեղ Ինտերկոսմոս Բուլղարիա 1300 արբանյակի ստեղծման ու շահագործման ծրագրի գիտական ղեկավարը դարձյալ Իոսիֆյանն էր։ Ըստ Իոսիֆյանի այդ ծրագիրը հնարավոր էր դարձնում օգտվել իոնային շերտի և մագնիսական միջավայրի ակադեմիական ուսումնասիրության համար նախատեսված գիտական սարքերից՝ պրակտիկ խնդիրների՝ Հայաստանում հնարավոր երկրաշարժերի կանխագուշակման համար։
Ըստ Իոսիֆյանի՝
“Իմաստությունը ապագայի համար անհանգստությունն է”։
“Իմաստունը նա է, ով կառուցում է գյուղն ափին և մտածում, որ մի օր ջրհեղեղ է լինելու”։
Աշխատություններ
խմբագրել1974 թ.-ին Անդրանիկ Իոսիֆյանը ստիպված եղավ թողնել Էլեկտրամեխանիկայի ինստիտուտի տնօրենի պարտականությունները։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա փորձեց տարանջատել գիտնականի և ադմինիստրատորի գործառույթները, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի գիտությանը։ Սակայն նա շարունակում էր մնալ ինստիտուտի գլխավոր կոնստրուկտորը։
Կյանքի վերջում Իոսիֆյանն արդեն 34 գյուտի հեղինակ էր՝ բոլորն էլ իրականացրած և աշխատող։
Դեռ 50 ական թվականներից սկսած Իոսիֆյանը զբաղվել է էլեկտրամագնիսական դաշտի տեսությամբ և հրապարակել բազմաթիվ աշխատանքներ։
Նրա առաջարկություններն ու հոդվածները չէին ընդունվում որոշ ֆիզիկոսների շրջանում, բայց դա նրան չէր հուսահատեցնում։ Նա շարունակում էր աշխատել այդ տեսության վրա։
Ուսումնասիրելով Մաքսվելի, Ֆարադեյի և Պլանկի գաղափարները՝ Իոսիֆյանն առաջարկեց էլեկտրադինամիկայի դիֆերենցիալ հավասարումների նոր համակարգ, որը փաստորեն լրացնում էր Մաքսվելի հիմնական հավասարումները։ Ֆիզիկոս տեսաբանները սա համարեցին հանդգնություն և խիստ քննադատեցին։ Իոսիֆյանն ասում էր.
“Ես Մաքսվելի տեսությանը դեմ չեմ, այլ միայն ասում եմ, որ Իոսիֆյանի տեսությունը նույնպես գոյության իրավունք ունի”։
Տեսաբան ֆիզիկոսները չէին ընդունում Իոսիֆյանի առաջ քաշած տեսությունը նույնիսկ այն բանից հետո, երբ 1974 թ.-ին ամերիկացի ֆիզիկոս Յանգը իր գրավիտացիայի տեսության մեջ ստացավ գրեթե նույն հավասարումները, որ առաջարկել էր Իոսիֆյանը 15 տարի առաջ[4]։
1993 թ.-ի ապրիլի 12-ին տիեզերագնացության օրվա հաջորդ գիշերը, ավարտվեց Անդրանիկ Իոսիֆյանի կյանքը։
Երկեր
խմբագրել- Великие стройки коммунизма и задачи советской науки и техники․- Ереван, Изд-во АН АрмССР, 1951, 34 с.
- Вопросы единой теории электромагнитного и гравитационно-инерциального полей.- Ереван, Изд-во АН АрмССР, 1959, 32 с.
- Вопросы электромагнитодинамики и гравитации.- Москва, Б. и., 1990, 255 с.
- Вопросы электромеханики.- Москва, Энергия, 1975, 228 с.[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Անդրանիկ Իոսիֆյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյան
- Rockets and People Volume I
- Rockets and People Volume II
- Rockets and People Volume III
- ЦНИИ РТК - Энциклопедия космонавтики Արխիվացված 2011-10-04 Wayback Machine
- К 100-летию А.Г. ИОСИФЬЯНА: Ученый, который крайне нужен сегодня Արխիվացված 2011-10-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Իոսիֆյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 380)։ |