Աստվածածնի վերափոխման տոն
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Աստվածածնի վերափոխման տոն | |
---|---|
Տեսակ | դոգմա, գեղարվեստական թեմա, առասպել, entering heaven alive?, կրոնական տոն, տոն, anniversary? և non-working day? |
Ենթադաս | կրոնական տոն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և Anglican Communion? |
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։
Ապա 14 օր անց կրկին ելավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամ, և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։ 12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց, որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։
Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
Տոնվող անունն xd esto será visible
խմբագրելՄարիամ Աստվածածնին նվիրված այս տոնը, որն առավել հայտնի էր Խաղողօրհնեք և Աստվածածին անուներով, Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ նաև անվանման այլ տարբերակներ:Տաղավարային այս տոնը կենցաղում հայտնի էր նաև հետևյալ անվանումներով. Աստվածածնի Զատիկ, Խաղողի զատիկ (Խաղողը Զադագ) (Մուսալեռ), Աստվարածին (Հարք-Բուլանըխ), Աստաձաձին (Վանք-Մեղրի) և այն:Շատ բնակավայրերում Ս.Աստվածածնի Վերափոխումը հայտնի էր նաև Պտուղի տոն հոմանիշ անվանմամբ[1]։
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Աստվածածնի վերափոխման տոնին տոնելի են՝ Մարիամ, Մարո, Մարի, Մարիանույշ, Տիրուհի, Իսկուհի, Սրբուհի, Մաքրուհի, Թագուհի, Լուսիկ, Լուսածին, Լուսաբեր, Լուսամայր, Արփենիկ, Երանյակ, Երանուհի, Արեգ, Արևիկ, Լուսնթագ, Աղավնի, Մարգարիտ, Նազիկ, Նազելի, Տենչելի, Դշխո, Բերկրուհի, Պերճուհի, Անթառամ, Արուսյակ, Կուսինե, Վերգինե, Վերժին, Արշալույս, Գեղանույշ, Գեղանիկ և Երջանիկ անունները[2]։
Ժողովրդական ավանդազրույցներ
խմբագրելՊահպանված ժողովրդական ավանդազրույցներում արտացոլված են և տոնին առնչվող նախապատմական, հեթանոսական և քրիստոնեական շերտերը, որը միաժամանակ մշակութային ժառանգության յուրօրինակ դրսևորում է։ Ըստ ավանդության, <<երբ Նոյն աղավնուն ուղարկում է տեղեկություն բերելու, աղավնին հանդիպում է Քրիստոսին։ Քրիստոսը մի ճութ խաղող է տալիս աղավնուն, օհնում այն, հետո մի բաժակ գինի է վերցնում, խփում խաղողի ողկյուզին և ասում. Տար, տուր Նոյին, որ գինին իմ արյունն է, խաղողը իմ մարմինը, թող հավատա ու վախի ոչ մի նշյուլ չունենա, թող հավատա ու տապանից դուրս հա, իջնի երկիր>>[3]:
Խաղողօրհնեքի արարողությունը
խմբագրելՔրիստոնեության ընթացքում ընդհանրացված սովորույթ էր դարձել առաջին խաղողի ողկույզները քահանային օրհնել տալը[4]։
Տոնը հատկապես տարածված էր այգեշատ շրջաններում, ուր խաղողը եկեղեցիներում օրհնելու արարողությունը որոշակի մրցակցային երանգներ էր ձեռք բերել:Այգետերերը՝ ամենաընտիր խաղողը թաշկինակների մեջ կապած, օրհնելու էին տանում նշանավոր վանքերը կամ եկեղեցիները:Նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր առաջինը տեղ հասնել, որպեսզի առաջին օրհնությունն իրենց խաղողի և այգիների վրա լինի:Խաղողօրհնեքի արարողությունից հետո սրբազան այդ վայրերում այգետերերը կազմակերպում էին խնջույքներ, որից հետո դհոլ-զուռնայի ուղեկցությամն՝ օրհնված խաղողի ողկույզներով վերադառնում էին տները և շարունակում քեֆ-ուրախությունները:Անցյալում խաղողօրհնեքի ծեսը հիմնականում տեղի էր ունենում այգիներում, երբ քահանան մի ձեռքին մկրատը, իսկ մյուսին՝ խաչը բռնած, այցելում էր կամ տվյալ բնակավայրի երեցփոխի այգիները և հենց այնտեղ էլ կատարում խաղողի օրհնության արարողությունը։
ՈՒխտագնացություն
խմբագրելՀայաստանի շատ բնակավայրերում տոնը վերածվել էր երիտասարդության ծանոթության, շփման, աղջիկների և նորահարսների գեղեցկության ցուցադրման մի յուրատեսակ արարողության:Տոնի կապակցությամբ կազմակերպվում էին ուխտագնացություններ:Յուրաքանչյուր բնակավայր ունի Տիրամորը նվիրված ուխտագնացության իր սրբատեղին:Հին երևանցիների և մերձակայքի բնակչության համար այն հիմնականում Նորքի Ս.Սաստվածածին եկեղեցին էր՝ իր մրգառատ այգիներով:Ջավախքցիների համար՝ Վարձիայի Վերափոխման տաճարն էր, Շիրակի բնակչության համար՝ Ալեքսանդրապոլի Ս.Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին, Օձունի և մերձակա բնակավայրերի համար՝ Օձունի Ս.Աստվածածին (նաև՝ Խաչգունդ կամ Խաչգոնդ) եկեղեցին, Զնաբերդի համար (ուր այդ տոնը հայտնի էր <<Մադաղ>> անունով)՝ գյուղի բարձր լեռնային Խաչի յուրդ ամառանոցի տարածքում գտնվող Ս.Աստվածածնի մատուռը, մեղրեցիների համար՝ Մեծ թաղի Ս.Աստվածածին եկեղեցին և այլն[5]:Արցախի հայերը գնում էին ուխտագնացության պատմական ՈՒտիքի նահանգի Գարդման գավառում՝ ներկայիս Դաշքեսանի շրջանում գտնվող Պանդի սարի վրա գտնվող Պանդի սուրբը, զոհաբերություններ անում,զբոսախնջյուքներ կազմակերպում, միմյանց հյուրասիրում, ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը մնում ուխտավայրում[6]։
Ավանդույթներ
խմբագրելԿոտայքի մարզի Բջնի գյուղում այդ օրը համարվում է ուխտի օր, քանի որ գյուղի գլխավոր եկեղեցին Աստվածածնի անունով է, իսկ գյուղի ընտանիքներից շատերը այդ օրը կատարում են Մատաղ[7]։
Ուխտագնացություններն ուղեկցվում էին մատաղի արարողություններով։ Սովորաբար զոհաբերում էին ուլ, ոչխար, և աքլոր։ Այդ տոնին համեմատաբար շատ մատաղներ էին խոստանում, քանի որ Աստվածամայրը ժողովրդի կողմից ոչ միայն սիրելի էր, այլև՝ զորավոր, իրենց իղձերը ու ցանկություններն ամբողջությամբ իրականացնող։ Կանայք հատկապես շատ էին սիրում այդ տոնը թե՛ հիվանդության, թե՛ վշտի, և թե ծննդաբերության ժամանակ և միշտ դիմում էին Սրբի օգնոււթյանը։ Սուրբ Աստվածածնի օգնությանը դիմում էին նաև երաշտի ժամանակ։ Գյումրիում, օրինակ, երբ երաշտ է լինում, Տերտերը Սուրբ Կույսի պատկերը (նկարը) բռնած, տիրացուների հետ առջևից, իսկ ժողովուրդը հետևից, աղոթում էին, իսկ կանայք երկնքին նայելով արտասվում, որ երկինքը խղճա, և անձրև գա։ Այդպես շրջում էին քաղաքի փողոցներով և դուրս գալիս դաշտ։ Ուշագրավ է, որ չի եղել դեպք, որ այդ արարողությունների արդյունքում անձրև չգար։
Մուսալեռցիները կենցաղում բավական տարածված էր Սուրբ Աստվածածնի տոնին հարիսայի մատաղ-օրհնության արարողությունը։ Մեղրեցիները՝ Մեծ թաղի Ս.Աստվածածին եկեղեցում, օրհնել էին տալիս խաղողը և այնուհետև տոնախմբություն կազմակերպում բազարի չինարիերի պուրակում։ Խնջույքները ուղեկցվում էրին երգերով ու պարերով։
Տոնի հաջորդ երկուշաբթին մեռելոց էր։ Գնում էին գերեղմանոց, հարազատների գերեզմանոցններին խունկ ծխում, մոմ վառում և քահանային օրհնել տալիս մերձավոր հանգուցյալների շիրիմները։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ Մկրտչյան, Սամվել (2010). Տոներ. Երևան: Գասպրինտ. էջեր 107–111.
- ↑ 2011 թվականի Րաֆֆի օրացույց, Թեհրան։
- ↑ Մկրտչյան, Սամվել (2010). Տոներ. Երևան: Գասպրինտ. էջ 107.
- ↑ Խառատյան-Առաքելյան, Հրանուշ (2005). Հայ ժողովրդական տոները. Երևան. էջ 229.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մկրտչյան, Սամվել (2010). Տոներ. Երևան: Գասպրինտ. էջ 109.
- ↑ Խառատյան-Առաքելյան, Հրանուշ (2005). Հայ ժողովրդական տոները. Երևան. էջ 231.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ https://qahana.am/post/search?q=%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B2
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աստվածածնի վերափոխման տոն կատեգորիայում։ |