Ագաթանգեղոս Կրիմսկի
Ագաթանգեղոս Եֆիմովիչ Կրիմսկի (ռուս.՝ Агафа́нгел Ефи́мович Кры́мский, հունվարի 15, 1871, Վլադիմիր-Վոլինսկի (այժմ՝ Ուկրաինական ԽՍՀ Վոլինսկի մարզում)- հունվարի 25, 1942, Ղազախական ԽՍՀ Կաստանայի մարզ), ուկրաինացի խորհրդային արևելագետ, սլավոնագետ, հայագետ, բանասեր-պատմաբան, գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1900)։
Ագաթանգեղոս Կրիմսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3 (15), 1871 |
Ծննդավայր | Վլադիմիր-Վոլինսկի, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 25, 1942[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանայ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1896), Լազարյան ճեմարան (1892) և Pavlo Galagan College? (1889) |
Մասնագիտություն | բանաստեղծ, մարդաբան, պատմաբան, համալսարանի դասախոս, գրող և թարգմանիչ |
Աշխատանք | Լազարյան ճեմարան, Կիևի համալսարան |
Աշխատավայր | Շևչենկոյի անվան համալսարան և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ծնողներ | հայր՝ Q4242928? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ստորագրություն | |
Ahatanhel Krymsky Վիքիպահեստում |
Տ. Շևչենկոյի անվան գիտական ընկերության (Լվով) իսկական անդամ (1903), Ուկրաինական ԽՍՀ ԳԱ հիմնադիր ակադեմիկոս (1918)։
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է (1892) Մոսկվայի արևելագիտական լեզուների ինստիտուտի (Լազարյան ճեմարան) և համալսարանի պատմա֊բանասիրական ֆակուլտետը (1896)։
Կրիմսկին տիրապետել է բազմաթիվ ժողովուրդների լեզուների, գիտեր նաև հայերեն թե աշխարհաբար, թե գրաբար։
1918 թ. Կիև տեղափոխվելուց հետո Կրիմսկին դարձել է Ուկրաինական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կազմակերպիչներից մեկը, որի անդամն ու առաջին «մշտական քարտուղարը» շուտով ընտրվել է ինքը։ Այդ տարիներին նրա ղեկավարությամբ էր աշխատում ՈւՍՍՀ գիտությունների ակադեմիայի թուրքագիտական հանձնաժողովը, որի ամենաառաջնակարգ խնդիրն էր ուսումնասիրել XVI —XVII դդ. Ուկրաինայում ապրած հայերի թուրքալեզու գրչությունը, իսկ մասնավորապես Կամենեց֊ Պոդոլսկի հայկական դատարանի փաստաթղթերը, որոնք պատմական և իրավագիտական կարևորագույն աղբյուրներ էին։ Այդ տեքստերից ստացած տեղեկությունները գիտնականը հրապարակել է իր «Թուրքերը, նրանց լեզուներն ու գրականությունները» (1930) ուկրաիներեն տպագրված էնցիկլոպեդիկ աշխատության մեջ։
Մանկավարժական գործունեություն
խմբագրելՄանկավարժական գործունեությունն սկսել է 1898 թվականից Լազարյան ճեմարանում, որը շարունակվել է 20 տարի։ Նա եղել է ճեմարանի արաբական բանասիրության և մուսուլմանական Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսոր, իսկ աոանձին շրջաններում նա դասախոսել է նաև արևելագիտական այլ առարկաներ, օրինակ՝ պարսկական ու թուրքական բանասիրություն։
Լազարյան ճեմարանում Կրիմսկու գիտա-մանկավարժական գործունեությունը շարունակվել է մինչև 1918 թվականը։ Երբ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակից հետո, նոր ժամանակի պահանջներին համապատասխան, դրվել է ճեմարանի վերակառուցման հարցը, Ագաֆանգել Կրիմսկին այս հարցի քննարկման գործում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել։ Ճեմարանի պրոֆեսորներ Կ․ Կոստանյանի, Աշոտ ներսիսյանի, Լևոն Մսերյանցի, հայ մշակույթի գործիչներ Վահան Տերյանի, Պողոս Մակինցյանի և ուրիշների հետ մեկտեղ նա ընտրվել է 1918 թ. հիմնադրված «Գիտական հիմունքով հայագիտության դասավանդման» հանձնաժողովի անդամ, որի նախագահն էր Նիկողայոս Մառը։
1918-1928 թվականներին Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս քարտուղարն էր, 1929-1937 թվականներին՝ արևելյան գրականության ու մշակույթի ամբիոնի ղեկավարը, միաժամանակ՝ Կիևի համալսարանի պրոֆեսոր (1918-1941)։
Գիտական աշխատություններ
խմբագրելՀեղինակ է շուրջ 1000 գիտական աշխատությունների և գրական ստեղծագործությունների, տիրապետել է 34 լեզուների։ Զբաղվել է սեմագիտության, իսլամի, արաբների, պարսիկների և թուրքերի պատմության ու գրականության, արաբերենի, ուկրաիներեն լեզվաբանության և այլ հարցերով, թարգմանել բազմաթիվ երկեր։ Գիտական կարևոր արժեք ունեն «Թուրքիայի և նրա գրականության պատմություն» (ռուսերեն, հ. 1-2, 1910-1916), «Արաբական նոր գրականության պատմություն» (ռուսերեն, 1971) և այլ աշխատություններ, որոնցում Կրիմսկին բազմիցս օգտվել է հայ պատմիչների երկերից։ Գրական երկերից ուշագրավ են «Անդրեյ Լագովսկի» (ռուսերեն, 1905) վեպը, «Արմավենու ճյուղեր» (ռուսերեն, 1901-1922) բանաստեղծությունների երեք գրքերը ևս։
Լազարյան ճեմարանում Կրիմսկին գրել է իր գիտական աշխատությունների մեծ մասը, որոնք նվիրված են ինչպես արաբական աշխարհին, այնպես էլ պարսիկներին, թուրքերին, իսկ մասամբ նաև սեմական ժողովուրդներին։ Դրանք են՝ «Պատմություն Պարսկաստանի, նրա գրականության և դերվիշական ուսմունքի» (հատ. 1—2, 1903), «Պատմություն արաբների, նրանց խալիֆաթի, նրանց հետագա ճակատագրի և համառոտ ակնարկ արաբական գրականության» (1903), «Դասախոսություններ XVI դարի արևելագիտության պատմության» (1903), «Արաբական պոեզիան...» (1906), «Արաբական ձեռագրերի նկարագրության շուրջը...» (1907), «Արաբների և արաբական աշխարհիկ ու հոգևոր գրականության պատմություն» (1911) և բազմաթիվ այլ ուսումնասիրություններ։
Կրիմսկու արևելագիտական հետազոտությունների մեծ մասը հրապարակվել է Լազարյան ճեմարանի գիտական աշխատությունների «Труды по востоковедению» սերիայով, իսկ հետագայում դրանք վերահրատարակվել են մի քանի անգամ։ Երկար ժամանակ այդ աշխատությունները եղել են գիտության համապատասխան բնագավառում ռուսաց լեզվով միակ ձեռնարկները։
Կրիմսկու «Մուսուլմանական աշխարհը ու նրա ապագան» գիրքը թարգմանվել է հայերեն և 1906 թվականին հրատարակվել Էջմիածնում։ Ագաֆանգել Կրիմսկու գրչին են պատկանում «Անդրեյ Լագովսկի» վեպը, «Պատմվածքներ և էսքիզներ ուկրաինական կյանքից», «Պոեզիա» ժողովածուն և «Արմավենու ճյուղեր» բանաստեղծությունների ժողովածուները։
Կրիմսկին հատուկ ուսումնասիրություններ է նվիրել Անդրկովկասի, Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանը։ Առանձնակի ուշադրության են արժանի ռուսերեն «Կաբալա» (1934) և «Շաքի» (1938) աշխատությունները, որոնցում հայկական ու արաբական աղբյուրների տեղեկությունների համադրությամբ փորձել է ներկայացնել հին ու միջնադարյան Աղվանքի և Հայաստանի հյուսիսարևելյան նահանգների քաղաքական ու մշակութային փոխհարաբերությունների իրական պատկերը։ Դեռևս 1894 թվականից ուշադրություն է դարձրել Կամենեց-Պոդոլսկի (Ուկրաինայի ԽՍՀ) հայ-ղփչաղական փաստաթղթերի վրա և 1930-1934 թվականներին ղեկավարել դրանց ուսումնասիրումը։ Կրիմսկին ունի նաև անտիպ աշխատություններ (Կիև, Ուկրաինայի ԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտական գրադարանի ձեռագրերի բաժին), որոնց թվում՝ «Հայերի պատմություն», «Անդրկովկասի պատմություն», «Պարթևստան և Արշակունիներ»։ «Նախաօսմանյան թուրքական պետությունը Փոքր Ասիայում» չհրատարակված (պահպանվում է տպարանային առանձնատիպը) աշխատության մեջ Կրիմսկին բացահայտել է օսմանյան Թուրքիայի հայահալած քաղաքականությունը, եվրոպական իտերությունների դատապարտելի դերը և դրանց աղետավոր հետևանքները հայ ժողովրդի համար։
Կոչումներ և պարգևներ
խմբագրել1940 թվականին բանասիրության բնագավառում Կրիմսկու մատուցած ծառայությունները գնահատվել են Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և գիտության վաստակավոր գործչի կոչումով, իսկ 1941 թվականին նշվել են նրա ծննդյան 70, գիտական֊ գրական գործունեության 50 և մանկավարժական գործունեության 40-ամյակները։ Այլոց թվում հանդես է եկել նաև Կիևի համալսարանի պրոֆեսոր, արաբ Տ. Գ. Կեզման. հեղինակը արաբերեն բանաստեղծությամբ ջերմորեն շնորհակալություն էր հայտնել հոբելյարին արաբ ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո, նրա կյանքի, պատմության ու արվեստի ուսումնասիրության մեջ խորամուխ լինելու համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Крымский Агафангел Ефимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #122179463 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Աղբյուրներ
խմբագրել- Ս․ Գ․ Ամիրյան «Ա․ Ե․ Կրիմսկի» (Ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1972, էջ 117-124
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 689)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագաթանգեղոս Կրիմսկի» հոդվածին։ |