Փոլին Դոնալդա (անգլ.՝ Pauline Donalda, իրական անունը՝ Փոլին Լայթսթոուն[3], մարտի 5, 1882(1882-03-05)[1], Մոնրեալ[2] - հոկտեմբերի 22, 1970(1970-10-22)[1], Մոնրեալ[2]), կանադացի երգչուհի (սոպրանո), Մոնրեալի օպերայի գիլդիայի ուսուցիչը և հիմնադիրը։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1904 թվականին՝ Նիսում։ Էնրիկո Կարուզոյի հետ հանդես է եկել Քովենթ-Գարդենում[3]։

Փոլին Դոնալդա
Բնօրինակ անունանգլ.՝ Pauline Donalda
Ի ծնե անունանգլ.՝ Pauline Lightstone
Նաև հայտնի է որպեսPauline Donalda
Ծնվել էմարտի 5, 1882(1882-03-05)[1]
Մոնրեալ[2]
Երկիր Կանադա
Մահացել էհոկտեմբերի 22, 1970(1970-10-22)[1] (88 տարեկան)
Մոնրեալ[2]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱմուսինMischa-Léon?
Պարգևներ
Կանադայի միաբանության սպա

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Փոլին Լայթսթոունը ծնվել է 1882 թվականի մարտի 5-ին Մոնրեալում։ 11 երեխայից բաղկացած հրեական ընտանիքում եղել է երրորդ երեխան։ Փոլինի ծնողները ռուս ներգաղթյալ Միխայիլ Լիխտենշտեյնն է և լեհուհի Ֆաննի Գոլդբերգը, Կանադա են ներգաղթել մոտավորապես 1868 թվականին, ամուսնացել են Մոնրեալում և ազգանունը փոխել Լայթսթոուն[3][4]։ Ծնողները փորձել են երեխաներին տալ լավ կրթություն, այդ թվում՝ երաժշտական։ 7 տարեկանում Փոլինն առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել «Մոխրոտը» պիեսում՝ մարմնավորելով թագուհուն։ 10 տարեկանում հաղթել է երգի մրցույթը։ Երգչախմբի կազմում հաջող անհատական ելույթներից հետո՝ 1901 թվականին, Հրեական կոնգրեսում երգչախմբի ղեկավարը գնահատել է աշակերտուհու ներուժը և կազմակերպել ունկնդրում Վիկտորիայի Թագավորական քոլեջի երաժշտական տնօրենի մոտ։ Փոլինը քոլեջում սովորելու համար ստացել է լրիվ կրթաթոշակ, քոլեջի տնօրենը նրան խորհուրդ է տվել սովորել նաև Եվրոպայում։ Այն բանից հետո, երբ Մետրոպոլիտեն օպերան հաստատել է նրա ունակությունները, Փոլինը սըր Դոնալդ Սմիթ լորդ Ստրաչկոնի աջակցությամբ 1902 թվականին մեկնել է Ֆրանսիա։ Սմիթը նրան ամսական 50 դոլար կրթաթոշակ է շնորհել՝ ապրելու և սովորելու ծախսերը հոգալու համար։ Փոլինն իր բարեգործի պատվին ընտրել է «Փոլին Դոնալդա» բեմական անունը։ Երգել սկսել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Էդմունդ Դուվերնիի մոտ, նաև ուսումնասիրել է բեմական վարպետություն, ֆրանսերեն և իտալերեն[5]։

Օպերային գործունեություն խմբագրել

Երկու տարի սովորելուց հետո նա առաջին անգամ ելույթ է ունեցել 1904 թվականի դեկտեմբերի 30-ին Նիսում՝ գլխավոր դեր կատարելով Մանոն օպերայում։ Քննադատները գրել են[5]. «Փոլին Դոնալդան հանդգնում է հանրության առաջ առաջին անգամ հայտնվել Մանոնի դերով։ Միայն նա քաջություն ունեցավ դա անել և հաջողություն ունեցավ։ Նա ունի անսովոր նուրբ մարմնակազմություն. ուժեղ, գերազանց և ճկուն ձայն. նրա նրբագեղությունն ու ինտելեկտն ընդգծվում են հրաշալի խաղով և շողշողացող աչքերով, որոնք անկեղծ են կյանքի համար կամ լի են սիրով»։

Առաջնելույթից հետո Փոլինը ստացել է եռամյա պայմանագիր Քովենթ-Գարդենում (Լոնդոն)։ Նրա առաջին ելույթը եղել է 1905 թվականի մայիսին «Կարմեն» օպերայում կատարելով Միքայելայի դերերգը։ Երկու շաբաթ անց «Ֆաուստում» խաղացել է Մարգարիտայի դերը, որը բարձր է գնահատվել անգլիացի քննադատների կողմից[6]։ 1905 թվականի հունիսին Նելլի Մելբան, որը «Բոհեմ» օպերայում խաղացել է գլխավոր դեր, հիվանդացել է, և դերն առաջարկել են 23-ամյա Փոլինին՝ երգչուհիների ձայների միանմանության պատճառով[4]։ Նա միայն 4 օր է օպերայի փորձ արել, ընդ որում՝ տեքստը ֆրանսերենից վերափոխել է իտալերենի։ Այդ օպերայում Էնրիկո Կարուզոյի հետ նրա խաղը բարձր է գնահատվել։ Իր առաջին խաղաշրջանում նա «Դոն Ժուան» օպերայում երգել է Ցեռլինայի հատվածը (կազմում եղել են Էնրիկո Կարուզոն, Անտոնիո Սքոթին, Էմմի Դեստինը, Մարսել Ժուռնեն)։ Հաջորդ խաղաշրջանին «Ռիգոլետտո» օպերայում նրա խաղընկերն է եղել Կարուզոն, իսկ «Տրավիատա» օպերայում՝ Ջոն ՄաքՔորմակը[7]։ Փոլին Դոնալդան 9 տարի ելույթ է ունեցել Քովենթ Գարդենում, խաղացել է նաև Բրյուսելում գտնվող Լա Մոննում, Փարիզում գտնվող Օպերա-Կոմիկում և Նյու Յորքում գտնվող Մանհեթեն-կենտրոնում։ 1906 թվականին Փոլինն ամուսնացել է բարիտոն Փոլ Սևիյակայի հետ[5]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Փոլինի Ավստրալիայով մեկ շրջագայությունը չեղարկվել է, և երգչուհին ռազմական տարիներն անց է կացրել Կանադայում[3]։ Նա շատ է ելույթ ունեցել Կարմիր խաչի, Հայրենասիրական հիմնադրամի աջակցության համար։ Փոլինը Եվրոպա է վերադարձել 1917 թվականին։ Սևիյակայի հետ ամուսնալուծությունից հետո ամուսնացել է դանիացի տենոր Միշա Լեոնի հետ (այս ամուսնությունը նույնպես ավարտվել է ամուսնալուծությամբ)։ Օպերային հյուրախաղերով նա մեկնել է Կանադա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Հունգարիա, Հոլանդիա, Գերմանիա, Իռլանդիա, Ուելս և Շոտլանդիա։ Փոլին Դոնալդան հանդես է եկել հայտնի օպերային կատարողների, երաժիշտների և դիրիժորների՝ Լենդոն Ռոնալդի, Միխայիլ Էլմանի, Իգնացի Պադերևսկու և Եփրեմ Ցիմբալիստի հետ։ Փոլինի գործունեությունը շարունակվել է 1905 թվականից մինչև 1922 թվականը, երբ նա հեռացել է բեմից։

Ուսուցչական գործունեություն խմբագրել

1922 թվականին Փոլինը Փարիզում ստուդիա է բացել, որտեղ, մինչև 1937 թվականին Մոնրեալ վերադառնալը, դասավանդել է սկսնակ կատարողներին։ Ստուդիայում եղել է հիանալի ակուստիկա, մասնագիտական լուսավորությամբ բեմ և 100 հոգու համար նախատեսված դահլիճ։ Դոնալդայի դասախոսական դասարան հաճախ են այցելել հայտնի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Փոլ Դյուքը և Վենսան Դ'Էնդին, որոնք դիտել են աշակերտների ելույթները, որոնցից շատերը հետագայում դարձել են հայտնի կատարողներ[4]։ Իր հայրենի քաղաքում 1942 թվականին ստեղծել է օպերայի գիլդիան և գլխավորել այն մինչև 1969 թվականը։ Օպերային գիլդիայի կազմակերպած առաջին ելույթը տեղի է ունեցել 1942 թվականի մայիսի 3-ին, ներկայացվել են «Գեղջկական ասպետությունից», «Կարմենից», «Սևիլյան սափրիչից» տեսարաններ[4]։ Դոնալդայի ղեկավարած գիլդիան բեմադրել է 29 օպերա և աշխատանք է տրամադրել կանադացի կատարողներին[5]։

Մրցանակներ և հիշատակ խմբագրել

Փոլին Դոնալդան արժանացել է բազմաթիվ մրցանակների, նա Կանադայի շքանշանի սպա է՝ «արվեստի մեջ նրա ներդրման համար, հատկապես օպերայում՝ որպես Մոնրեալի օպերայի գիլդիայի հիմնադիր և երգչուհի»[8]։ 1966 թվականին Մոնրեալի քաղաքացիների խորհուրդը Փոլինին շնորհել է Մոնրեալի պատվավոր քաղաքացու մրցանակ[5]։ Դոնալդան 1954 թվականին դարձել է ՄաքԳիլի համալսարանի երաժշտության պատվավոր դոկտոր[4]։ Չնայած համեմատաբար կարճ օպերային գործունեությանը՝ Դոնալդան հայտնի է դարձել իր հատուկ ձայնով և լավ խաղով։ Արվել են Փոլինի ելույթների 9 ձայնագրություն, որոնք ներառված են Կանադայի մեծագույն ձայների ձայնագրություններում (Great Voices of Canada / Les Grandes voix du Canada, vol 1 (Analekta AN@ 7801, 7803, 1993))[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.thecanadianencyclopedia.ca/en/article/pauline-donalda-emc/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Pauline Donalda». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Pauline Lightstone Donalda, soprano, voice teacher and administrator (1882-1970)». Library and Archives Canada. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 M.Forster, 2011, էջ 124-126
  6. Eric McLean (1982 թ․ մարտի 6). «Pauline Donalda: a gem in glittering opera world». The Montreal Gazette. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  7. Irving Guttman. «Pauline Donalda: A Tribute». Opera Canada, Vol. 50, No. 2, 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  8. «Pauline Donalda, S.M.». Order of Canada. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Merna Forster 100 more canadian heroines. — Toronto: Dundurn, 2011. — 488 p. — ISBN 1554889707