Սուֆիական գրականություն

Սուֆիական գրականություն մասրի՝ الادب الصوفى, սուֆիզմի գաղափարներն արտահայտող ու քարոզող տարալեզու ստեղծագործությունների ամբողջությունը։ Սուֆիզմը մեծ ազդեցություն է գործել միջնադարյան գրականության, հատկապես պոեզիայի վրա՝ գրված արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ուրդու և Մերձավոր ու Միջին Արևելքի այլ լեզուներով։ Սուֆիներն իրենց գրականության մեջ օգտագործել են բանահյուսական տարրեր և, մշակելով բանաստեղծական հատուկ սիմվոլիկա, հատկապես սիրային քնարերգության ձևով արտահայտել են կրոնամիստիկական գաղափարներ ու զգացմունքներ։ Այս կամ այն չափով սուֆիզմի հետ է կապված միջնադարյան Արևելքի գրեթե բոլոր խոշոր բանաստեղծների գրական ժառանգությունը։ Նշանավոր սուֆի բանաստեղծներ են Սանաին (մահացել է մոտ 1140), Աթթարը (ծնվել է մոտ 1119), Ռումին (1207—1273), որոնք իրենց ստեղծագործություններում «աստվածային արդարության» դիրքերից բողոքել են ֆեոդալական ճնշման դեմ, պարսավել ուղղադավան մուսուլմանության ժլատությունն ու երկերեսանիությունը, կրոնական մոլեռանդությունը։ Կիրառված բանաստեղծական ձեվերը ձգտում են մերձենալ ժողովրդի երգին, առակին, հրաշապատում հեքիաթին։ Պարսկերենով (ֆարսի լեզվով) սուֆիական պոեզիայի ծաղկումը վերաբերում է 12- 15 դարերին․։ Հաջորդ դարաշրջանները նույնպես տվել են սուֆիզմի հետ կապված խոշոր բանաստեղծներ։ Առանձին սուֆի–բանաստեղծներ կան Իրանում, Պակիստանում։ Սուֆիզմը պոեզիայի ճանապարհով որոշ ազդեցություն է գործել նաև ոչ մուսուլմանական գրականությունների վրա։ Դա նկատելի է տրուբադուրների քնարերգությունում։ Արևելյան մշակույթի ազդեցությունը հայ մտքի վրա պայմանավորել է նաև սուֆիական սիմվոլիկայի որոշ տարրերի ներթափանցումը հայ գրականություն, տարրեր, որոնք ինչ-որ չափով մոտիկ կամ համահունչ էին քրիստոնեությանը (Կոստանդին Երզնկացու սիրերգությունը, Սայաթ-Նովայի թուրքերեն խաղերը և այլն)։

Ալ-Կավակիբ-ալ-դուրրիյա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 212