Սեմյուել Մորզե
Սեմյուել Ֆինլի Բրիզ Մորզե (անգլ.՝ Samuel Finley Breese Morse, ապրիլի 27, 1791[1][2][3][…], Չալզթաուն, Բոստոն, ԱՄՆ[4] - ապրիլի 2, 1872[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][4]), ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար։ Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրներից է և առաջին նախագահը։ 1837 թվականին հայտնագործել է էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը, որը կոչվում է Մորզեի կոդ։
Սեմյուել Մորզե անգլ.՝ Samuel Finley Breese Morse | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1791[1][2][3][…] |
Ծննդավայր | Չալզթաուն, Բոստոն, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 2, 1872[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][4] |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի քոլեջ և Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Երկեր | Մորզեի այբուբեն |
Մասնագիտություն | գյուտարար, ֆիզիկոս, քանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, լուսանկարիչ և գրող |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան և Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Ամուսին | Սառա Էլիզաբեթ Գրիսվոլդ |
Ծնողներ | հայր՝ Ջեդիդիա Մորզ, մայր՝ Էլիզաբեթ Բրիզ Մորզ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Ամերիկայի հնավաճառության միություն |
Երեխաներ | Leila Morse?, Samuel Arthur Breese Morse, Jr.? և Charles Walker Morse? |
Ստորագրություն | |
Samuel Finley Breese Morse Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍեմյուել Մորզեն ծնվել է 1791 թվականին Մասաչուսեթսում, հարուստ ամերիկյան ընտանիքում։ Հայրը հայտնի աշխարհագրագետ էր և հոգևորական։ Երիտասարդ Սեմյուելը քոլեջը ավարտելուց հետո Բոստոնում կլերկ է աշխատում, բայց նկարչությամբ ոգևորված 1811 թվականին մեկնում է Անգլիա՝ արվեստ ուսանելու։ 1813 թվականին Մորզեի Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիային ներկայացված «Մահացող Հերակլեսը» նկարը ոսկե մեդալի է արժանանում, սակայն 1815 թվականին ԱՄՆ վերադարձած նկարիչը գնահատականի չի արժանանում։ Տասը տարի Մորզեն համեստ կյանք է վարում, ապրուստի միջոց հայթայթելով դիմանկարչությամբ։
Սեմյուել Մորզեն լինելով շփվող և ընկերասեր մարդ, ծանոթություններ է հաստատում և Նյու Յորքում նկարում բազմաթիվ դիմապատկերներ։ Նրա ընկերների շարքում էին քաղաքագետ Լաֆայետը, վիպասան Կուպերը և անգամ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը։ 1825 թվականին Սեմյուել Մորզեն հիմնում է Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիան (անգլ.՝ National Academie of Sesing) և դառնում առաջին նախագահը։ 1829 թվականին նրան գործուղում են Եվրոպա, ուսումնասիրելու նկարչական դպրոցների կազմակերպումը։
Երկրորդ ճանապարհորդության ժամանակ Մորզեն ծանոթանում է Դագերի հետ և հետաքրքրվում էլեկտրականության ասպարեզում վերջին հայտնագործություններով։ Մինչև 1836 թվականը Մորզեն դասավանդում է գեղանկար և զբաղվում քաղաքականությամբ։ Երբ նրան ցույց են տալիս հեռագրի մոդելը, նա ամբողջովին տրվում է գյուտարարությանը։ 1837 թվականին Մորզեն զարգացնում է հեռագրում կետերի և գծերի օգտագործման գաղափարը. որը աշխարհում հայտնի է որպես Մորզեի այբուբեն։ Նրան հաջողվեց ամերիկյան կոնգրեսից որոշ մարդկանց հետաքրքրել իր գաղափարներով և 1843 թվականին ստացավ 30000 $՝ Բալթիմորից Նյու Յորք հեռագրական գիծ կառուցելու համար։ 1844 թվականի մայիսի 24-ին գիծը աշխատեց և Մորզեն ներքաշվեց դատական քաշքշուկների մեջ։ Երկար պայքարից հետո՝ 1854 թվականին Գերագույն դատարանը ճանաչեց Սեմյուել Մորզեի հեղինակային իրավունքները։
Թերթերը, երկաթգիծը և բանկերը միանգամից օգտագործում գտան հեռագրին։ Հեռագրագծերը պատեցին աշխարհը և Մորզեի փառքն ու դրամագլուխը բազմապատկվեցին։ 1858 թվականին տասը Եվրոպական երկրներից իր գյուտի համար ստացավ 400 000 ֆրանկ։ Կյանքի վերջում Մորզեն զբաղվում էր բարեգործությամբ՝ հոգում էր դպրոցների, համալսարանների, հոգևորականների և աղքատ նկարիչների ծախսերը։ Մահացել է 1872 թվականին 81 տարեկան հասակում։ Հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության գյուտերից հետո հեռագրի գյուտը հետին պլան մղվեց, բայց Մորզեի հիասքանչ դիմապատկերները հայտնի են ողջ աշխարհին։ Սեմյուել Մորզեի 1837 թվականի հեռագրական ապարատը պահպանվում է ԱՄՆ Ազգային թանգարանում, իսկ քաղաքամերձ տունը պահպանվում է որպես պատմական հուշարձան։
Այդ պահին, իհարկե, չգիտակցվեց այդ գյուտով կատարված մարդկության ամենամեծ հայտնագործություններից մեկը՝ տվյալների թվայնացման և տվյալների թվային փոխանակման եղանակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Samuel Finley Breeze Morse (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Staiti P. J. Morse, Samuel F(inley) B(reese) // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T059745
- ↑ 5,0 5,1 5,2 Mabee C. Encyclopædia Britannica
- ↑ https://www.invent.org/inductees/samuel-f-b-morse
Արտաքին հղումներ
խմբագրել- Սեմյուել Մորզեն դասարան․ամ֊ում Արխիվացված 2016-09-06 Wayback Machine
- Սեմյուել Մորզեի համառոտ կենսագրականը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյուել Մորզե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 53)։ |