Սահականուշ Մատինյան

հայ նկարչուհի

Սահականուշ Սահակի Մատինյան (նոյեմբերի 4, 1921, Երևան, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 21, 1993, Երևան, ՀՀ), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1967), ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Սահականուշ Մատինյան
Ծնվել էՆոյեմբերի 4, 1921
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1993
Մահվան վայրԵրևան, ՀՀ
Ազգությունհայ
Քաղաքացիություն
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Սահականուշ Մատինյանը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 4-ին, Երևանում, մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Սահակ Մատինյանը, Թումանյանի մերձավորներից էր։ Նրա պապերը մոտ երկու հարյուր տարի առաջ հիմնել են Լոռվա Համզաչիման (ներկայումս՝ Մարգահովիտ) գյուղը։ Սահակը ուսումն ավարտելուց հետո աշխատել է Բաքվում՝ Միրզոևի նավթահանքային գրասենյակում։ 1905 թվականին՝ ռուսական հեղափոխությունից հետո, ձերբակալվում է, երկու տարի անցկացնում Պետերբուրգի բանտում, գալիս Թիֆլիս, ապա՝ Համզաչիման, ուր ստեղծում է տնտեսական արտել, խնայդրամարկղ, կոոպերատիվ։ Վերադառնալով Թիֆլիս՝ անցնում է Իգդիր, ամուսնանում Փեփրոնե Փահլավունու հետ և տեղափոխվում Երևան, աշխատում բուհական համակարգում։ Մայրը՝ Փեփրոնե Մատինյանը, հայոց լեզվի և գրականության բազմամյա ուսուցչուհի, 1947 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման։ Եղբայրը՝ ջութակահար Աթիկ Մատինյանը, նույնպես Հայաստանի վաստակավոր մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմում ծանր վիրավորվելուց հետո ընդունվում և փայլուն ավարտում է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, որոշ ժամանակ աշխատում Մոսկվայի Դրամատիկական թատրոնի նվագախմբում, ապա վերադառնում է Երևան և մինչև կյանքի վերջը դասավանդում Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակում և Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ կրթելով ջութակահարների մի քանի սերունդ։

Սահականուշ Մատինյանը 1936 թվականին ընդունվել և 1941 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստական ուսումնարանը։ Երազում էր ուսումը շարունակել Մոսկվայում կամ Լենինգրադում, սակայն պատերազմը խանգարեց։ 1941 թվականին նա ընդունվում և 1945 թվականին ավարտում է Երևանի Պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի բաժինը, երկու տարի աշխատում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում որպես նկարչուհի։ Իսկ երբ 1945 թվականին Երևանում բացվում է Գեղարվեստի ինստիտուտը, նա անմիջապես ընդունվում և 1951 թվականին գերազանցությամբ ավարտում է գեղանկարչության բաժինը՝ նույն տարին դիպլոմային՝ «Մայրություն» կոմպոզիցիոն աշխատանքով մասնակցելով հանրապետական ցուցահանդեսին։ Այնուհետև իր աշխատանքները ներկայացրել է գրեթե բոլոր հանրապետական ցուցահանդեսներին, ստեղծագործական գործուղումների է մեկնել Լենինգրադ, Մոսկվա, Պրահա։ Արժանացել է պետական պարգևների, իսկ 1967 թվականին՝ Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման։

1958 թվականին Նկարիչների միության անդամ դառնալու համար նրան երաշխավորել են Արա Բեքարյանը, Հովհաննես Զարդարյանը, Ցոլակ Ազիզյանը՝ գնահատելով նրա ստեղծագործությունները որպես պրոֆեսիոնալ, գրագետ, ճաշակով, գունագեղ, հասկանալի...

Բայց նաև մանկավարժությունն էր նրա կոչումը, և 1946 թվականից մինչև կյանքի վերջը ֆրանսերեն ու գեղանկարչություն էր դասավանդում իր հարազատ, արդեն Փանոս Թերլեմեզյանի անունը կրող Գեղարվեստական ուսումնարանում։ Նրա ուսանողները սիրով են հիշում իրենց դասատուին, ով ոչ միայն փորձառություն էր հաղորդում նրանց շնորհքին, այլևսերմանում էր աշխատասիրություն, բարություն, գեղեցկությունը տեսնելու, վերարտադրելու հմտություն. «Իսկ ֆրանսերենը Մատինյանի շնորհիվ ողջ կյանքի համար դարձավ մշակույթի լեզու... »:

Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ Ֆրանսիայի հանդեպ։ 1989 թվականին, ընկերուհու հրավերով, մեկնեց Ֆրանսիա, շրջեց, այցելեց հայտնի թանգարաններն ու վերադարձավ մի տեսակ փոխված, խաղաղված. վերջապես իր աչքերով տեսել էր այն ժողովրդի մշակույթը, այն երկիրը, որն իր համար երկրորդ հայրենիք էր դարձել դեռ վաղ երիտասարդությունից։

1998 թվականի նոյեմբերի 11-ին, ծննդյան 77-ամյակի կապակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Սահականուշ Մատինյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը (հետմահու)։ Եղբոր զավակները՝ Յուրի և Գոհար Մատինյանները, մեծ թվով աշխատանքներ նվիրել են նրա արվեստը գնահատող և սիրող մարդկանց։ Այժմ այդ նկարները գտնվում են անհատական հավաքածուներում՝ Երևանում, Մոսկվայում, Նանտում, Վարշավայում, Նյու Յորքում, Բոստոնում։ Որոշ գործեր հանգրվանել են Հայաստանի ազգային պատկերասրահի[1] պահոցներում։

Փխրուն առողջությամբ այս զարմանալի կինը մինչև իր վախճանն աշխատում էր սիրով ու նվիրումով։ Սահականուշ Մատինյանն իր մահկանացուն կնքեց 1993 թվականի սեպտեմբերի 21-ին, Երևանում։ Նրա աճյունը հանգչում է Երևանի Կենտրոնական գերազմանատանը[2]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Սահականուշ Մատինյանի ստեղծագործություններից հանրությանը ներկայացվել են Հայաստանի ազգային պատկերասրահում 1998 թվականի նոյեմբերի 11-ին կազմակերպված հետմահու ցուցահանդեսի ժամանակ։ Նրա աշխատանքները ներկայացվել են նաև 2005 թվականի հոկտեմբերի 17-ից 26-ը Նանտում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ։

2019 թվականին Երևանի SarGallery պատկերասրահում, «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ, ներկայացվել են նաև Սահականուշ Մատինյանի ստեղծագործություններից[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Սևանի ափին
  • Ինքնադիմանկար (1945, ՀԱՊ)[4]
  • Նելլին (1958, Կին նկարիչների համամիութենական ցուցահանդես, Մոսկվա, Բաքու)
  • Զովունի գյուղը (1967, ՀԱՊ)
  • Աղջկա դիմանկար (Աբովյանի Բարեկամության թանգարան)
  • Պատանի հնագետը (1967, Երևանի 2750-ամյակին նվիրված ցուցահանդես)
  • Ծխախոտագործուհին (Վանաձորի պատկերասրահ)
  • Ուսանողուհի Իրինայի դիմանկարը (Ժամանակակից արվեստի թանգարան)
  • Հարդարանքի սեղան (Կին նկարիչների ցուցահանդես)
  • Նատյուրմորտ (1981, ՀԱՊ)[5]
  • Գեղարդ (1984, ՀԱՊ)[6]
  • Սաղմոսավանք (1988)
  • Կակաչներ (ՀԱՊ)[7]
  • Մայրը մանկան հետ (ՀԱՊ)[8]
  • Սևան (ՀԱՊ)[9]

Մեջբերումներ Սահականուշ Մատինյանի մասին խմբագրել

  Անուշը մեկն է այն արվեստագետներեն, որ իր կյանքը նվիրած է արվեստին (նկարչությանը), ստացած է մասնագիտական կրթություն, տիրապետելով կատարելապես նկարչության իր արվեստին, կանոնավոր աշխատած է ամբողջ կյանքը, կատարելագործվելով իբրև արվեստագետ։ Եղած է պարկեշտ, արժանապատիվ մարդ, իր գործը՝ գեղեցիկ, հաճելի, առողջ, զվարթ, դիտողի մեջ չի արթնացնում տագնապներ, չի հարձակվում դիտողի վրա։ Իր գործին էությունը «մտերմությունն» է։ Այսպես եմ որակում։ Իր նկարներու գույները մաքուր և ներդաշնակ են, բազմազան։ Հաջողությամբ նկարում է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ։ Մեկ խոսքով, իր գործը կարող է զարդարել բնակարանի մը պատը կամ հանրային տեղ մը՝ ուրախություն պատճառելով։ Անուշ Մատինյանը սիրո և հարգանքի արժանի արվեստագետ է։  
  Սահականուշ Մատինյանի ստեղծագործություններին մեր արվեստասերներն առաջին անգամ ծանոթացան Հայաստանի ազգային պատկերասրահում 1998 թվականին կազմակերպված՝ նկաչուհու հետմահու ցուցահանդեսում։ Նրա ժառանգության ընտրանին ներկայացնող այդ ցուցահանդեսը արժանացավ ջերմ ընդունելության։ Հեղինակը հանրությանը ներկայացավ որպես ազնվական նկարագրի տեր վրձնի մշակ, որ 1950-60-ական թվականների մեր արվեստի հուզախռով, նորի սպասման ժամանակներին, իր աշխատանոցում առանձնացած՝ քնարական, պայծառ հույզեր է շաղ տվել, աննկատ ու անաղմուկ...
- Շահեն Խաչատրյան (արվեստաբան)
 
  Ես հաճախ եմ մտածել, թե՝ բացի ոճից ու ինքնատիպությունից, ինչով են Սահականուշի աշխատանքները տարբերվում ուրիշներից։ Եվ գտել եմ. մեր մեծ երախտավորների շունչն է դա, ում աշակերտել է նկարչուհին. Սարյան, Գյուրջյան, Արա Սարգսյան, Ադամյան, Դրամբյան, ճարտարապետ Սահինյան... Հավանում եմ, սիրում եմ իմ գործընկերուհու նկարները  
  Մատինյանը շատ է աշխատել հատկապես դիմանկարի ժանրում. նրան հետաքրքրում է բնորդի հոգեվիճակը, ներաշխարհը։ Նկարչուհին առանց ավելորդ մանրամասների, ոչ միայն հայացքի, այլև կեցվածքի միջոցով վեր է հանում տվյալ անձի բնավորությունը ու գունային զուսպ կոլորիտով լրացնում այն։ Իսկ նրա նատյուրմորտներն ու բնանկարները անմիջական են, մեղմ ու քնքուշ
- Հեղինե Աբրահամյան (Հայաստանի վաստակավոր մանկավարժ)
 
  Սահականուշ Մատինյանը մեկն էր այն նկարչուհիներից, ովքեր շարունակելով հայկական գեղանկարչության լավագույն ավանդույթները, հիմք դրեցին թող թույլ տրվի ասելու՝ մի շատ ուրույն տեսակի ՝ կանացի գեղանկարչությանը, որ դիտողին անմիջապես հուշում է նուրբ, ավելի զգացմունքային տրամադրության մասին  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  2. Սահականուշ Մատինյան, Կատալոգ. Երևան: Տիգրան Մեծ.
  3. Նկարչուհիների կտավները՝ «Նուրբ տեսանկյուն»-ում
  4. «Մատինյան Սահականուշ Սահակի | Ինքնադիմանկար - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «Մատինյան Սահականուշ Սահակի | Նատյուրմորտ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «Մատինյան Սահականուշ Սահակի | Գեղարդ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. «Մատինյան Սահականուշ Սահակի | Կակաչներ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. «Մատինյան Սահականուշ Սահակի | Մայրը մանկան հետ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. «Մատինյան Սահականուշ Սահակի | Սևան - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.