Առան (պարս.` اَرّان (Արան), արաբերեն տարբերակում` Ալ-Ռան, Ռան[1][2]), երկրամաս Մեծ Հայքի արևելքում։ Նախապես ընդգրկել է Խաչեն և Տրտու (Թարթառ) գետերի միջին և ստորին ավազանները կամ Արցախ նահանգի Առանռոտ, Ուտիքի Առանձակ գավառները։

Պատմական ակնարկ խմբագրել

 
Առանը Կասպից ծովից արևմուտք

Ըստ Մովսես Խորենացու, Առանի և նրա իշխանական տների անունների ծագումը կապվում է ավանդական նախահայր, հայկազուն Առանի հետ, ով ըստ ավանդության, համարվում էր Առանշահիկների նախահայրը։ Նշված տարածքը Առան են անվանել նաև պարսկական հնագույն աղբյուրները։ Արաբական որոշ աղբյուրներում Առանը, իբրև աշխարհագրական հասկացություն, տարածվել է Երասխ գետից մինչև Կովկասյան լեռնաշղթան։ Արաբական ավելի ուշ աղբյուրներում Առանը վերստացել է իր նախկին իմաստը։

Արաբ ճանապարհորդ Իբն Հաուկալը հիշատակում է երկու Առանների մասին, հավանաբար ի նկատի ունենալով Կուրից հարավ գտնվող տարածքները և Կուրից հյուսիս` Շիրվանը։ Ռուս արևելագետ Վասիլի Բարտոլդը նշում է, որ Առանը հինավուրց Աղվանքի անվանումն է[3]։ Այն ներառում էր նաև ժամանակակից Բաքու քաղաքը և ավելի նեղ իմաստով` Արաքսի և Կուրի միջագետքը։

Նախկինում Առանի տարածքը մտել է Հայաստանի կազմի մեջ և հայկական ազդեցությունն այդ երկրամասի վրա եղել է բավականին մեծ[4], քանի որ դարեր շարունակ այն եղել է Մեծ Հայքի անբաժանելի մասը[5]։ Առանը կիսաէթնիկ երկրամաս էր։ Կուր գետի ձախակողմյան ափերին բնակվող Աղվանքի ցեղերը[6] խոսում էին Իբերա-կովկասյան լեզվաընտանիքին պատկանող դաղստանյան լեզուներով[7]։ Հարավային մերձկասպյան շրջաններում ապրում էին պարսկալեզու հինավուրց կասպերը, որոնք գտնվում էին Պարսկաստանի ազդեցության ոլորտում[8], իսկ արևմտյան մարզերում ապրում էին հայերը[9]։ Այդ մասին հաղորդում է 10-րդ դարի արաբ հեղինակ Իսթախրին. «Ճանապարհը Պարտավից դեպի Դվին, անցնում է հայերի հողերով և այդ բոլոր քաղաքները Աշոտի որդի Սմբատի թագավորության մեջ են»։ Երկրամասում էր գտնվում հայկական ֆեոդալական Խաչենի իշխանությունը[9]։

Սկսած 7-րդ դարից, Առանի արևելյան մասի բնակչությունը աստիճանաբար իսլամացվում էր։ Այդ ժամանակ Առանի տարածքը գտնվում էր արաբական Խալիֆայության կազմի մեջ։ 970 թվականից մինչև 1075 թվականն ընկած ժամանակահատվածում Առանի հարթավայրային տարածքներում իշխում էր Շադդադյանների քրդական տոհմը։ 11-րդ դարի կեսերից Առանը ենթարկվել է սելջուկների ներխուժմանը և աստիճանաբար սկսել է թյուրքացվել։ 13-րդ դարի հեղինակը նշում է, որ. «Տիեզերքի բնակելի տարածքներից ոչ մեկում չկան այնքան շինություններ, որքան Առանում։ Ուրիշ ոչ մի տեղ չկա թյուրքերի այդքան շատ կուտակում։ Ասում են, այնտեղ կան մինչև հարյուր հազար թյուրքական հեծյալներ»[10]։

Սելջուկների կողմից Առանը միացվեց Արաքս գետից հարավ գտնվող պարսկական Ադրբեջան կոչվող պատմական մարզին և այդ ժամանակներից ի վեր այլևս չունեցավ սեփական արքայատոհմ[11]։ Ավելի ուշ այն մտել է Մոնղոլ-թաթարների պետության կազմի մեջ, Կարակոյունլուների և Ակկոյունլուների տերությունների կազմի մեջ, իսկ 16-րդ դարում` Սեֆյանների պետության կազմի մեջ։ Սկսած 14-րդ դարից երկրամասի Առան անվանումը վերջնականապես մոռացվեց և պահպանվեց միայն պատմական ու գրական աղբյուրներում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В. Ф. Минорский. История Ширвана и Дербенда X-XI веков. — М.: Издательство восточной литературы, 1963.
  2. W. Schulze The Language of the ‘Caucasian Albanian’ (Aluan) Palimpsest from Mt. Sinai and of the ‘Caucasian Albanian’ inscriptions 2003
  3. V. V. Barthold An Historical Geography of Iran. — Princeton University Press, 2014. — P. 227.
  4. Ган К. Ф. Опыт объяснения кавказских географических названий // Сборник материалов для описания местностей и племен Кавказа. — 1909. — Т. 40.
  5. Всемирная история, том 2. Энциклопедия: в 10-ти т./Ред. А. Белявский, Л. Лазаревич, А. Монгайт.- М., 1956 г
  6. Дион Кассий (II—III вв.), «Римская История», кн. XXXVI, гл. 54, 1; кн. XXXVI, гл.54, 4, 5; кн. XXXVII, гл. 2, 3, 4; кн. XXXVI, гл.53, 5; 54, 1; Аппиан (I—II вв.), «Римская История», Митридатовы войны, 103; Плутарх (I—II вв.), «Сравнительные жизнеописания», Помпей, гл. 34-35
  7. Шнирельман В. А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье / Под ред. Алаева Л. Б. — М.: Академкнига, 2003. — С. 196.
  8. Կաղապար:Из
  9. 9,0 9,1 А. Л. Якобсон, Из истории армянского средневекового зодчества (Гандзасарский монастырь), стр. 447—448:
  10. Аджаиб ад-дунья. (Чудеса мира). М. Наука. 1993. Часть 4
  11. 11,0 11,1 Академик В.В.Бартольд. Сочинения / Ответственный редактор тома А.М.Беленицкий. — М.: Наука, 1965. — Т. III. — С. 335. — 712 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 524