Ոզնու նրբագեղությունը

գիրք

«Ոզնու նրբագեղությունը» (ֆր.՝ L'Élégance du hérisson), ֆրանսիացի վիպասան և փիլիսոփայության ուսուցիչ[1] Մյուրիել Բարբերիի վեպը։ Գիրքը պատմում է դռնապան Ռենե Միշելի կյանքի իրադարձությունների մասին, որի միտումնավոր թաքցված խելքը բացահայտում է փոփոխական, բայց խելացիության առումով վաղահաս աղջիկը՝ Պալոմա Խոսեն։ Պալոման բարձր դասի ընտանիքի դուստր է, որն ապրում է փարիզյան բնակելի շենքերից մեկում, որտեղ էլ աշխատում է Ռենեն։

Ոզնու նրբագեղությունը
ֆր.՝ L'Élégance du hérisson
Գրքի հայերեն թարգմանության շապիկ
ՀեղինակՄյուրիել Բարբերի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էՓարիզ
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչԳալլիմար
Հրատարակման տարեթիվօգոստոս 2008
Պարգև(ներ)

«Ոզնու նրբագեղությունը» լի է մի շարք գրագետ կերպարներով, գրական ստեղծագործությունների, երաժշտության, ֆիլմերի և նկարների մասին ակնարկներով։ Այն ներառում է փիլիսոփայության, դասակարգային գիտակցության և անձնական կոնֆլիկտի հետ կապված թեմաներ։ Վեպի իրադարձություններն ու գաղափարները ներկայացված են վեպի ընթացքում երկու պատմողների՝ Ռենեի և Պալոմայի մտքերի և արձագանքների միջոցով։ Պատմողից պատմող տարբերությունները նշվում են տառատեսակի ձևափոխումով։ Պալոմայի դեպքում շարադրանքն ստանում է նրա օրագրի գրառումների և այլ փիլիսոփայական մտորումների ձևը։ Ռենեի պատմությունը նույնպես նկարագրվում է առաջին դեմքով, բայց ավելի վիպական է և ներկա ժամանակով։

Վեպն առաջին անգամ լույս է տեսել 2006 թվականի օգոստոսին Éditions Gallimard-ի կողմից, վեպը դարձել է բեսթսելլեր։ Հաջորդ տարի Ֆրանսիայում գրքի վաճառքը հասել է երկու միլիոնի։ Այն թարգմանվել է ավելի քան քառասուն լեզուներով և հրատարակվել Ֆրանսիայից դուրս բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում (Gallic Books, Լոնդոն), Միացյալ Նահանգներում (Europa Editions, Նյու Յորք)` արժանանալով քննադատների գովասանքին։

Հայերեն տպագրվել է 2022 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, ֆրանսերենից թարգմանությունը՝ Լուսինե Մուսախանյանի[2]։

Դիպաշար

խմբագրել

Պատմությունը հիմնականում պտտվում է Ռենե Միշելի և Պալոմա Խոսեի կերպարների շուրջ, որոնք միջին դասի Ձախափնյա բնակելի շենքի բնակիչներ են՝ Rue de Grenelle 7 հասցեում՝ Փարիզի ամենանրբագեղ փողոցներից մեկում։ Տունը բաժանված ութ շքեղ բնակարանների, որոնք բոլորը բնակեցված են բուրժուական ընտանիքներով, շենքն ունի բակ և սեփական այգի։

Այրի Ռենեն դռնապան է, որը 27 տարի է ինչ հսկում է շենքը։ Նա գրականության և փիլիսոփայության մեջ ինքնուս է, բայց թաքցնում է դա՝ իր աշխատանքը պահպանելու և շենքի վարձակալների դատապարտումից խուսափելու համար։ Նա նաև ցանկանում է մենակ մնալ, որպեսզի խուսափի վարձակալների հետաքրքրասիրությունից։ Ռենեն դա անում է՝ ձևացնելով, թե ապրում է դռնապանի աղքատիկ սնունդով և ցածրորակ հեռուստացույցով, մինչդեռ իր հետևի սենյակում նա իրականում վայելում է բարձրորակ սնունդ, լսում է օպերա և կարդում Լև Տոլստոյի և Էդմունդ Հուսերլի ստեղծագործությունները։ Նրա տեսակետն այն է, որ աղքատ, տգեղ և առավել ևս խելացի լինելը դատապարտում է մարդուն մեր հասարակության մեջ մութ ու հիասթափված կյանքի, պայման, որը պետք է ընդունել վաղ տարիքում[1]։

Տասներկուամյա Պալոման ապրում է հինգերորդ հարկում իր ծնողների և քրոջ հետ, որոնց նա համարում է մեծամիտ։ Վաղահաս աղջիկը թաքցնում է իր խելքը՝ խուսափելով դպրոցից դուրս մնալուց։ Վրդովված իր շրջապատի արտոնյալ մարդկանցից՝ նա որոշում է, որ կյանքն անիմաստ է, և եթե չգտնի ինչ-որ բան, որի համար արժե ապրել՝ «բուրժուական գոյության դատարկությունից» դուրս[3], ինքն ինքնասպան կլինի հունիսի 16-ին՝ իր տասներեքերորդ տարեդարձին[4]։ Մահից առաջ ծրագրելով այրել բնակարանը՝ նա նաև գողանում է մոր հաբերը։ Առայժմ նա գրանցում է արտաքին աշխարհի իր դիտարկումները, ներառյալ Ռենեի մասին իր ընկալումները։

Ըստ Time Out-ի գրախոս Էլիզաբեթ Վինսենթելիի՝ վեպի ընթացքում Պալոմայի և Ռենեի ճանապարհները հաճախ են խաչվում, բայց միմյանց չեն նկատում[5]։ Չնայած նրանք կիսում են փիլիսոփայության և գրականության հետաքրքրությունները, նրանց միջև ոչինչ չի պատահում մինչև հայտնի ռեստորանային քննադատի մահը, որն ապրում էր վերևի հարկում։ Կակուրո Օզու անունով մի քաղաքակիրթ ճապոնացի գործարար, որի հետ Ռենեն ու Պալոման ընկերանում են, սենյակ է վերցնում նույն բազմաբնակարան շենքում։ Օզուն գալիս է կիսելու Պալոմայի հիացմունքը Ռենեի հետ` այն, որ դռնապանն ունի «նույն պարզ նրբագեղությունը, ինչ ոզնին»[6]։

Վեպի վերջում Ռենեն դուրս է գալիս իր ներքին մեկուսացումից՝ սովորեցնելով երիտասարդ Պալոմային, որ ոչ բոլոր մեծահասակներն են հետամուտ լինում ունայնությանը՝ ի հաշիվ իրենց խելքի և մարդասիրության։ Այնուամենայնիվ, միայն այն բանից հետո, երբ Ռենեն գիտակցում է, որ կյանքի գեղեցկությունը և աշխարհի հետ իր կապերը տալիս են կյանքին ապրելու արժեք, նա մահանում է այնպես, ինչպես Ռոլան Բարտը. նրան հարվածում է լվացքի ֆուրգոնը։ Սա Պալոմային և Օզուին մեծ վիշտ է պատճառում, սակայն ստիպում է Պալոմային ինքնասպանություն չգործել[6]։

Կերպարներ

խմբագրել

Ռենե Միշել

խմբագրել
 
Պալոման Ռենեին նկարագրում է որպես ոզնու նրբագեղություն ունեցող։

Ռենե Միշել` 54-ամյա այրիացած դռնապան։ Նա երբեք չի հաճախել քոլեջ, քանի որ ինքն իրեն միշտ համարել է խեղճ, զգուշավոր և ոչ մի նշանակություն չունեցող անձնավորություն[7]։ Ռենեն սակայն ինքնուս է. նա կարդում է գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտի և ռուս գրող Լև Տոլստոյի ստեղծագործությունները (նույնիսկ իր կատվի անունն է դրել Լեո), արհամարհում է Էդմունդ Հուսերլի փիլիսոփայությունը, պաշտում է 17-րդ դարի հոլանդական նկարները, սիրում է Յասուջիրո Օզուի ճապոնական արտ-հաուս ֆիլմերը և լսում է կոմպոզիտորներ Հենրի Պյորսելի և Գուստավ Մալերի երաժշտությունը[8][9]։

Ռենեն, որ թաքցնում է իր իսկական անձը, որպեսզի համապատասխանի տիպիկ դռնապանի ցածր կերպարին, իրեն ներկայացնում է «այրի, կարճահասակ, տգեղ, թմբլիկ» արտահայտություններով, ասելով թե «ոտքերը պատված են բշտիկներով և առավոտները կարծես մամոնտի պես է շնչում»[6]։ Երբ Պալոման ի վերջո հայտնաբերում է Ռենեի ինքնությունը, նա նկարագրում է վերջինիս իր օրագրում «որպես ոզնու նրբագեղություն ունեցող»[1]։

Պալոմա Խոսե

խմբագրել

Պալոմա Խոսե` տասներեք տարեկանի շեմին վաղահաս աղջիկ, որն ազնվական ընտանիքից է և ապրում է բազմաբնակարան շքեղ շենքում, որտեղ աշխատում է Ռենեն[1][8]։ Լինելով կառավարության նախկին նախարարի և Ֆլոբերից մեջբերումներ կատարող մոր դուստրը[8]` Պալոման հակված է աբսուրդիզմի։ Նա իր քրոջ կրթաթոշակը համարում է «սառը և աննշան», իսկ մոր մշակույթը` «սովորական և անօգուտ»[10]։ Ինքը՝ Պալոման, գնահատում է ճապոնական ստեղծագործությունները, կարդում է մանգա, հոքու և թանկա։ Նա երկու օրագիր է պահում, մեկը կոչվում է «Աշխարհի շարժման օրագիր»՝ գրառելու շրջապատող աշխարհի իր դիտարկումները, իսկ մյուսը՝ «Խորաթափանց միտք»՝ արվեստի, պոեզիայի և մարդկանց մասին իր բազմաթիվ և լայնածավալ մտքերն արձանագրելու համար։ Նա ինքնամփոփ է և իսկապես բարի, թեև ամեն կերպ փորձում է խուսափել մարդկանց դատողություններից։ Պալոման հասկանում է, որ աշխարհն ունի տարբեր դեմքեր, որոնք անտեսանելի են ուրիշներին, և խորապես հասկանում է, թե ինչպես է աշխարհն ընթանում, ինչպես նաև հասուն տարիքի բազմաթիվ վտանգներն ու որոգայթները և ժամանակակից հասարակության բազմաթիվ կեղծավորությունները, հետևաբար որոշում է ոչ բոլորովին մելոդրամատիկ ձևով լուծել խնդիրը` ինքնասպանություն։ Այնուամենայնիվ, պատումի վերջում տեղի ունեցած կտրուկ շրջադարձը Պալոմայի համար ի հայտ է բերում մի զարմանալի նոր ճշմարտություն՝ գեղեցկություն, որն իմաստ է տալիս մեր կյանքին։

Այլ կերպարներ

խմբագրել

Վեպում Բարբերիի ստեղծած այլ կերպարներից են Կակուրո Օզուն՝ ճապոնացի կիրթ գործարարը և Մանուելան՝ պորտուգալացի հավաքարարը։ Վարձակալ Օզուն կիսում է Պալոմայի հիացմունքը Ռենեի թաքնված խելացիության վերաբերյալ և դարձնում է նրան մարդամոտ (նաև այնպես է թվում, որ ամբողջ գիրքը շարժման մեջ է պահում), իսկ Մանուելան պատասխանատու է բնակարանների զուգարանների մաքրման համար և Ռենեի միակ իսկական ընկերն է[9]։

Բովանդակություն

խմբագրել

Ոճի և կերպարների զարգացում

խմբագրել

Բարբերին ստեղծեց Ռենեի կերպարը, քանի որ նա «ներշնչված էր զուսպ, քաղաքավարի դռնապանի գաղափարով, որը շրջում է կարծրատիպեր և միևնույն ժամանակ ստեղծում ազդեցիկ զավեշտական տպավորություն»[11]։ Հեղինակի կարծիքով Ռենեն «սոցիալական քննադատության դուռ է բացում»[11]։ Time ամսագրին տված հարցազրույցում Բարբերին նշել է, որ ստեղծել է կերպարներ, «որոնք սիրում են այն, [ինչ նա անում է], և ովքեր թույլ են տվել [նրան] ապրեցնել ամենը իրենց միջոցով»[6]։ Բարբերին գիրքը նվիրել է իր ամուսնուն՝ սոցիոլոգ Ստեֆանին, որի հետ գրել է գիրքը[10]։

Վեպի երկու պատմողները՝ Ռենեն և Պալոման, փոխարինում են միմյանց յուրաքանչյուր նոր գլխում, թեև առաջինը գերիշխում է ամբողջ ընթացքում[8]։ Վեպը բաղկացած է գլխավոր հերոսների «օրագրերից», իսկ վերնագրերի ոճերն ու տառատեսակները փոխվում են ընթացքում՝ ազդարարելով պատմողների կերպարային փոփոխությունը[12]։

Քննադատների մեծ մասը Բարբերիի պատումը համարում են էսսեիստական։ Առանձին գլուխները ավելի շատ նման են էսսեների, քան գեղարվեստական ոճի[8]։

Թեմաներ

խմբագրել

Բարբերին վեպի մեջ ներառել է մի քանի թեմաներ։ Շատ են հղումներ կատարվում փիլիսոփայությանը։ Բարբերին խոստովանում է, որ մասնակցել է «փիլիսոփայության երկար, ձանձրալի դասընթացների» և մեկնաբանում է. «Ես ակնկալում էի, որ դա կօգնի ինձ ավելի լավ հասկանալ այն, ինչ ինձ շրջապատում է, բայց այդպես չստացվեց։ Գրականությունն ինձ ավելին է սովորեցրել։ Ինձ հետաքրքրում էր այն փիլիսոփայությունը, որն իրոք կարող է տեղ ունենալ մարդու կյանքում։ Ես ուզում էի լուսավորել այս գործընթացը։ Այստեղից ծնվեց փիլիսոփայությունը գեղարվեստական ստեղծագործության մեջ խարսխելու ցանկությունը. դարձնել այն ֆիզիկապես ավելի իրական և նույնիսկ զվարճալի»[11]։

Գրքում առկա են նաև դասակարգային գիտակցության և բախման թեմաներ։ Վեպի դիրքորոշումը ֆրանսիական դասակարգային խտրականության և կեղծավորության դեմ քննադատները մեկնաբանել են որպես բավականին արմատական, չնայած որոշ ֆրանսիացի քննադատներ նշել են, որ դա վեպը դարձնում է սոցիալական կարծրատիպերի ոչ նուրբ երգիծանք[6]։ Վեպում կան նաև գրական ակնարկներ՝ հղումներ կոմիքսներին, ֆիլմերին, երաժշտությանը և նկարներին[11]։

Հրատարակություն

խմբագրել

«Ոզնու նրբագեղությունը» գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2006 թվականի օգոստոսին L'élégance du hérisson վերնագրով ֆրանսիական առաջատար հրատարակչության` Éditions Gallimard-ի կողմից[13]։ Վեպի նախնական տպաքանակը 4000 օրինակ էր, սակայն հաջորդ տարի տպվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ[14]։ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին Éditions Gallimard-ը լույս է ընծայել վեպի հիսուներորդ վերահրատարակությունը[15]։

France Voice ծրագիրը օգնություն է տրամադրել Gallimard-ին վեպն այլ լեզուներով թարգմանելու և Ֆրանսիայից դուրս հրապարակման հարցում։ PEN ամերիկյան կենտրոնի հետ համագործակցությամբ French Voice-ը ամեն տարի ֆինանսավորում է մինչև տասը ժամանակակից ֆրանսերեն և ֆրանկոֆոն ստեղծագործությունների թարգմանությունն ու հրատարակումը։ «Ոզնու նրբագեղությունը» 2005 թվականից 2008 թվականներին կազմակերպության կողմից ընտրված 30 աշխատանքներից մեկն էր[16]։

Վեպի թարգմանության իրավունքները վաճառվել են 31 երկրներում, և այն թարգմանվել է կես տասնյակ լեզուներով[6][17]։ Գրող Էլիսոն Անդերսոնը թարգմանել է «Ոզնու նրբագեղությունը» անգլերեն որպես «The Elegance of the Hedgehog» և այս տարբերակը լույս է տեսել 2008 թվականի սեպտեմբերին Europa Editions-ի կողմից։ Միացյալ Թագավորությունում իրավունքները գնել է Gallic Books հրատարակչությունը, որը մասնագիտացած է ֆրանսերեն թարգմանությունների մեջ[13]։

Հայաստանում գրքի թարգմանության իրավունքը ձեռք է բերել «Զանգակ» հրատարակչությունը` թարգմանելով այն 2022 թվականին[2]։

Ընդունելություն

խմբագրել

«Ոզնու նրբագեղությունը» գիրքը քննադատները և մամուլը դիտարկել են որպես հրատարակչական ֆենոմեն[1][12][13][18]։ Վեպի լույս ընծայումից հետո այն զգալի աջակցություն է ստացել գրավաճառների կողմից[15]։ Վեպը Բարբերիին արժանացրել է 2007 թվականի Ֆրանսիական գրավաճառների մրցանակի[7][15], 2007 թվականին արժանացել է Brive-la-Gaillarde Reader's Prize-ի և Ֆրանսիայում Prix du Rotary International-ի կողմից[12]։ «Ոզնու նրբագեղությունը» էկրանավորվել է Le hérisson (2009) ֆիլմում[6][15][19]։

Վեպը դարձել է բեսթսելեր Ֆրանսիայում[8][15]` ունենալով 1,2 միլիոն օրինակի վաճառք[17]։ Այն տպագրվելուց հետո 102 շաբաթ շարունակ մնացել երկրի ամենավաճառվողների ցանկում[6], ավելի երկար, քան ամերիկացի վիպասան Դեն Բրաունի ամենավաճառվող գրքերը[12]։ Գրախոս Վիվ Գրոսկոպի կարծիքով՝ վեպի փիլիսոփայական տարրը մասամբ բացատրում է նրա գրավչությունը Ֆրանսիայում, որտեղ փիլիսոփայությունը մնում է առանցքային հարց[1]։ Անդերսոնը համաձայնվել է՝ մեկնաբանելով, որ վեպը հայտնի է դարձել Ֆրանսիայում, քանի որ «այն պատմություն է, որտեղ մարդկանց հաջողվում է հաղթահարել իրենց դասակարգային պատնեշները»[13]։ Վեպը ջերմ արձագանքի է արժանացել նաև Կորեայում[6], իսկ Իտալիայում վաճառվել է ավելի քան 400,000 օրինակով[12]։ Վեպի լույս ընծայումն օգնել է մեծացնել Բարբերիի առաջին վեպի՝ Une Gourmandise-ի վաճառքը[15]։

Միացյալ Թագավորությունում վեպի հրապարակումից մեկ շաբաթ անց The Guardian-ը հոդված է հրապարակել անգլերենով հրատարակված ֆրանսիական բեսթսելլերների մասին՝ կենտրոնանալով «Ոզնու նրբագեղությունը» գրքի վրա։ Այդտեղ գրող Էլիսոն Ֆլուդը պնդում էր, որ «թարգմանվող գեղարվեստական գրականությունը հեշտ չէ վաճառել բրիտանացիներին, և ֆրանսիական գեղարվեստական գրականությունը, թերևս, ամենադժվարն է բոլորից»[13]։ Ակցիաների գնորդ Ջոնաթան Ռուփինը կանխատեսել է, որ վեպը կպայքարի Միացյալ Թագավորությունում ընթերցողներ ձեռք բերելու համար, քանի որ ըստ նրա. «Միացյալ Թագավորության շուկայում սյուժեն այն է, ինչ մարդիկ ուզում են, ավելին, քան որևէ այլ բան», իսկ վեպի սյուժետային գիծը նրա գլխավոր կողմը չէ[13]։

Քննադատական արձագանք

խմբագրել

«Ոզնու նրբագեղությունը» դրական արձագանք է ստացել քննադատների կողմից։ Իտալական La Repubblica թերթի համար հայտնի ամենավաղ ակնարկում Մաուրիցիո Բոնոն գրել է. Բանաձևը, որը Ֆրանսիայում ավելի քան կես միլիոն ընթերցողի ստիպեց սիրահարվել «Ոզնու նրբագեղությունը» գրքին, ի թիվս այլ բաղադրիչների` խելացի հումորը, նուրբ զգացողությունները, հիանալի գրական և փիլիսոփայական ֆոնը և բարդ, սակայն նշանակալից ճաշակն է»[20]։ Ֆրանսիական Elle ամսագրի գրախոս Նատալի Ասպեսին այն համարում է «վերջին տարիների ամենահուզիչ և արտասովոր վեպերից մեկը»[10]։ Գովաբանելով վեպը The Guardian-ի համար իր գրախոսության մեջ՝ Յան Սամսոնը գրել է. «Ոզնու նրբագեղությունը» ձգտում է հզորության և հավակնում փիլիսոփայության. ի վերջոն, այն հիասքանչ է»[9]։ Գրոսկոպը կարծիք է հայտնել, որ վեպը «խորը, սակայն հասանելի գիրք է, որը նրբագեղորեն անցնում է գրական և կոմերցիոն գեղարվեստական գրականության սահմանագիծը»[1]։ Նա հավելել է. «խելացի, տեղեկատվական և հուզիչ, այն ըստ էության փիլիսոփայության շառաչ է՝ միահյուսված պլատոնական սիրո պատմությանը»[1]։

Էկրանավորում

խմբագրել

Վեպը էկրանավորվել է «Ոզնին» (ֆր.՝ Le hérisson) ֆիլմում, որը թողարկվել է Ֆրանսիայում 2009 թվականի հուլիսին, որտեղ նկարահանվել են Ժոզիան Բալասկոն՝ Ռենե Միշելի դերում, Գարանս Լը Գիլերմիկը որպես Պալոմա Խոսե և Տոգո Իգավան՝ Կակուրո Օզուի դերում[21]։ Երաժշտությունն ստեղծել է Գաբրիել Յարեդը։ Ֆիլմի իրավունքները գնել է NeoClassics Film-ը և այն ԱՄՆ-ում թողարկվել է ընկերության կողմից օգոստոսի 19-ին։ Փառատոններում ֆիլմի ընդունելությունը դրական է եղել։ Այն հաղթել է մի շարք կինոփառատոներում, ինչպիսիք են` Filmfest DC 2011-ը, Best of Fest Palm Springs 2011-ը, Seattle International Film Festival 2010 և 2010 Col-Coa Film Festival-ը, ընդհանուր առմամբ նվաճել է ինը կինոմրցանակ։

Վեպում հիշատակվող հայտնի անձինք

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Գրող Մյուրիել Բարբերին ևս Էկոլ Նորմալի շրջանավարտ է, ինչպես և նրա հերոսուհի Կոլոմբա Ժոսսը և նրա ծանոթ Տիբերը։

Մեջբերումներ

խմբագրել
  Ո՞վ է ազնվական կինը։ Նա, ում չի դիպչում գռեհկությունը, եթե անգամ շրջապատված է դրանով։  
  Որտե՞ղ է գեղեցկությունը։ Մեծ բաների մեջ, որոնք, ինչպես մյուսները, դատապարտված են մահվան, կամ փոքր բաների մեջ, որոնք, չհավակնելով ոչնչի, գիտեն պահի մեջ հավերժության բողբոջ դրվագել։  
  Ի՞նչ է անում Արվեստը մեզ համար։ Այն ձև է տալիս և տեսանելի դարձնում մեր զգացողությունները և այդպիսով դրանց վրա դնում հավերժության կնիքը։ Այդ կնիքը կրում են բոլոր այն ստեղծագործությունները, որոնք առանձնահատուկ ձևի միջոցով կարողանում են մարմնավորել մարդկային զգացմունքները։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Groskop, Viv (2008 թ․ սեպտեմբերի 14). «Confessions of a clever concierge». The Guardian. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 «Ոզնու նրբագեղությունը». zangak.am.
  3. «The Elegance of the Hedgehog». The New Yorker. 2008 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «The Hedgehog (2009) plot summary». IMDb. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  5. Vincentelli, Elisabeth (2008 թ․ օգոստոս). «The Elegance of the Hedgehog». Time Out. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Crumley, Bruce (2008 թ․ օգոստոսի 27). «Muriel Barbery: An Elegant Quill». Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 Zipp, Yvonne (2008 թ․ հոկտեմբերի 20). «The Elegance of the Hedgehog». The Christian Science Monitor. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 James, Caryn (2008 թ․ սեպտեմբերի 5). «Thinking on the Sly». The New York Times. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. 9,0 9,1 9,2 Samson, Ian (2008 թ․ հոկտեմբերի 25). «Just say yes». The Guardian. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. 10,0 10,1 10,2 Aspesi, Natalie (2007 թ․ հոկտեմբերի 16). «Hidden Treasures». Elle. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Lamanda, Laura (2007 թ․ օգոստոսի 25). «Nouvelle Philosophe: Interview with Muriel Barbery». La Repubblica. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Kuitenbrouwer, Kathryn (2008 թ․ հոկտեմբերի 25). «Little Miss Prickly». The Globe and Mail. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Flood, Alison (2008 թ․ սեպտեմբերի 11). «Too spiky for British readers?». The Guardian. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  14. Clarke, Suzanna (2008 թ․ հոկտեմբերի 13). «Elegance of the Hedgehog unveils intelligent characters». The Courier-Mail. Queensland Newspapers. Վերցված է 2003 թ․ փետրվարի 21-ին.(չաշխատող հղում)
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Beuve-Méry, Alain (2007 թ․ հոկտեմբերի 2). «Run Hedgehog, Run!». Le Monde. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  16. «The Elegance of the Hedgehog to Receive Support from the French Voices Program». Frenchculture.org. 2008 թ․ մարտի 21. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. (չաշխատող հղում)
  17. 17,0 17,1 «The Elegance of the Hedgehog». Gallicbooks.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. Dirda, Michael (2008 թ․ սեպտեմբերի 14). «Michael Dirda on 'The Elegance of the Hedgehog'». The Washington Post. էջ 2. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին.
  19. Le hérisson (official website).
  20. Bono, Maurizio (2007 թ․ սեպտեմբերի 22). «The Elegance of the 'Caviar Left'». La Repubblica. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  21. «The Hedgehog (2009)». IMDb. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել