Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի (ֆիլմ)

Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի (ռուս.՝ Они сражались за Родину), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1975 թվականին՝ Սերգեյ Բոնդարչուկի կողմից, ըստ Միխայիլ Շոլոխովի համանուն վեպի։ «Советский экран» ամսագրի կողմից 1976 թվականին ճանաչվել է լավագույն ֆիլմ։

Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի
ռուս.՝ Они сражались за Родину
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1] և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և ընտանեկան հարաբերություններ
ՀիմքՆրանք մարտնչում էին հանուն հայրենիքի (վեպ)
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Բոնդարչուկ
Սցենարի հեղինակՄիխայիլ Շոլոխով և Սերգեյ Բոնդարչուկ
ԴերակատարներՎասիլի Շուկշին, Անդրեյ Ռոստոցկի, Գեորգի Բուրկով, Ինոկենտի Սմոկտունովսկի, Իրինա Սկոբցևա, Իվան Լապիկով, Նատալյա Գունդարևա, Նիկոլայ Գուբենկո, Նոննա Մորդյուկովա, Սերգեյ Բոնդարչուկ, Վյաչեսլավ Տիխոնով և Յուրի Նիկուլին
ՕպերատորՎադիմ Յուսով
ԵրաժշտությունՎյաչեսլավ Օվչիննիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն152 րոպե

Սյուժե խմբագրել

1942 թվականի հուլիսն էր, Հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական ժամանակահատվածներից մեկը։ Մարտերի ժամանակ մեծ թվով զինվորներ կորցրած խորհրդային հրաձգային գունդը նահանջում էր դեպի Ստալինգրադ։ Դադարներից մեկի ժամանակ զինվորները զրուցում են տարբեր թեմաներից, լողանում են գետում, իսկ որոշները քնում։ Գնդի զինվորներից մեկը՝ Պյոտր Լոպախինը, ով զվարճասերի ու կատակախոսի համբավ ուներ, նոր բռնած խեցգետիններով լի դույլով գնում է մոտակա գյուղը՝ աղ բերելու։ Ապավինելով իր շատախոսությանն ու հմայքին, Լոպախինը խնդրանքով դիմում է մի պառավ կնոջ, սակայն հանդիպում է արհամարհական վերաբերմունքի, քանի որ զինվորները նահանջում էին՝ տեղի բնակչությանը թողնելով բախտի քմահաճույքին։ Ծանր խոսակցությունից հետո, որի ընթացքում պարզվում է, որ Լոպախինի զվարճասերի դիմակի տակ թաքնված է բավականին լուրջ մարդ, իր երկրի ճակատագրի համար մտահոգված պառավը կատարում է Լոպախինի խնդրանքը։

Հրամանատարությունը առաջադրանք է տալիս դիրքեր զբաղեցնել տափաստանի կենտրոնում գտնվող բարձունքի վրա և պահել այն։ Դժվարությամբ քարքարոտ տեղանքում խրամատներ փորելուց հետո, գնդի զինվորները դիրքավորվում են և նռնակների ու հակատանկային զենքերի միջոցով ետ են մղում թշնամու տանկերի առաջին գրոհը։ Երկրորդ գրոհից առաջ գերմանական օդուժը ռմբակոծում է գնդի դիրքերը, որի արդյունքում շատ զինվորներ զոհվում են, իսկ Լոպախինի ընկերը՝ շարքային Նիկոլայ Ստրելցովը ծանր կոնտուզիա է ստանում։ Թշնամուն երկրորդ տանկային գրոհը գրեթե հաջողվում է, սակայն ժամանակին օգնության հասած խորհրդային լրացուցիչ ուժերը ետ են շպրտում թշնամուն։ Գիշերը գունդն անցնում է ցորենի այրվող արտով։ Շարքային Իվան Զվյագինցևը, ով նախկինում կոմբայնավար էր, սարսափում է պատերազմի թողած վնասի չափերից։

Հասնելով հերթական գյուղին, զինվորները մարտի են պատրաստվում, իսկ Լոպախինը զվարճախոսելով տեղի կանանց հետ, զինվորների համար կարողանում է կաթ բերել։ Հերթական մարտի ժամանակ նրան հաջողվում է հակատանկային զենքով թշնամու կործանիչ տապալել, որը հարվածելով բլրին, պայթում է։ Որոշ ժամանակ անց, մեկ այլ վայրում գունդը կրկին մարտի է բռնվում թշնամու տանկերի հետ։ Տանկերը ճնշում են գործադրում գնդի պաշտպանական դիրքերի վրա։ Հերոսի մահով զոհվում է երիտասարդ եֆրեյտոր Կոչետիգովը, վերջին շնչում հասցնելով վառելիքի խառնուրդով լի շշով այրել թշնամու տանկը։ Խորհրդային զորքերն անցնում են հակահարձակման, որի ժամանակ շարքային Զվյագինցևը ականանետից արձակված ականի պայթյունից ծանր բեկորային վնասվածք է ստանում։ Գերմանացիները նահանջում են, իսկ երիտասարդ բուժքույրը՝ ծանրամարմին Զվյագինցևին դուրս է բերում մարտադաշտից։ Գնդի վերջին սպային հուղարկավորելուց հետո, գունդը կրկին հեռանում է։

Դադարի Ժամանակ շարքային Նեկրասովը, ով չորս երեխաների հայր էր, զինվորներին զվարճացնում է ծիծաղելի պատմությամբ, թե ինչպես է վախեցրել մի պառավ կնոջ, ով կարծել էր, թե Նեկրասովը գիշերն ուզում է իրեն բռնաբարել։ Բժշկական գումարտակում Զվյագինցևին վիրահատում են առանց թմրաքուն ապահովելու և նրա ոտքերից ու մեջքից բազմաթիվ բեկորներ են հեռացնում։

Գունդը հանգրվանում է հերթական գյուղում, սակայն պահեստում այլևս մթերք չկա, իսկ տեղի բնակիչները հրաժարվում են կերակրել նահանջող զինվորներին։ Լոպախինը փորձում է հրապուրել գյուղի կանանցից մեկին՝ Նատալյային և օգնում է նրան տնտեսության մեջ։ Գիշերը նա ցանկանում է գայթակղել կնոջը, սակայն վերջինս մթության մեջ հարվածում է Լոպախինի աչքին։ Առավոտյան Լոպախինը տեսնելով մթերքնեփրով լի սեղանը, կարծում է, որ իր ծրագիրն այնուամենայնիվ աշխատել է։ Նատալյան ցավով պատասխանում է, որ ինքն ամուսին ունի, ով հիմա գտնվում է հոսպիտալում, իսկ կերակուրը տեղացի կանայք պատրաստել են այն բանի համար, որ գնդի ավագը գյուղի նախագահին պատմել է հակառակորդի դեմ զինվորների կողմից մղված ծանր մարտի մասին։ Նատալյան ավելացնում է, որ տեղի բնակիչները պատրաստ են տալ ամեն ինչ, միայն թե զինվորները պաշտպանեն իրենց։

Լոպախինը ամբոխի մեջ նկատում է Նիկոլայ Ստրելցովին։ Պարզվում է, որ վերջինս փախել էր բժշկական գումարտակից։ Չնայած կոնտուզիային և լիակատար խլությանը, Ստրելցովը միանում է իր մարտական ընկերներին։ Ժամանած գնդապետը սրտանց շնորհակալություն է հայտնում մարտիկներին և համբուրում է գնդի դրոշը, որը ողջ ֆիլմի ընթացքում ջանասիրաբար պահպանվել էր։ Խորհրդային մեծաքանակ զորքը շարժվում է դեպի Ստալինգրադ։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Վասիլի Շուկշին Պյոտր Լոպախին
Վյաչեսլավ Տիխոնով Նիկոլայ Ստրելցով
Սերգեյ Բոնդարչուկ Իվան Զվյագինցև
Գեորգի Բուրկով Ալեքսանդր Կոպիտովսկի
Յուրի Նիկուլին շարքային Նեկրասով
Իվան Լապիկով ավագ Պոպրիշչենկո
Նիկոլայ Գուբենկո լեյտենանտ Գոլոշչյոկով
Անդրեյ Ռոստոցկի եֆրեյտոր Կոչետիգով
Եվգենի Սամոյլով գնդապետ Մարչենկո
Նոնա Մորդյուկովա Նատալյա Ստեպանովնա
Ինոկենտի Սմոկտունովսկի վիրաբույժ
Իրինա Սկոբցևա ավագ բուժքույր
Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա Գլաշա
Տատյանա Բոժոկ բուժքույր

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Սերգեյ Բոնդարչուկ սցենարիստ
Սերգեյ Բոնդարչուկ, Վլադիմիր Դոստալ ռեժիսոր
Վադիմ Յուսով օպերատոր
Վյաչեսլավ Օվչիննիկով կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Լոպախինի կերպարը Վասիլի Շուկշինի վերջին դերն էր։ Նա մահացել է նկարահանումների ժամանակ, գիշերը՝ քնի մեջ[2]։ Լոպախինին կրկնօրինակել է Իգոր Եֆիմովը, իսկ դրվագներից երկուսում Շուկշինի փոխարեն նկարահանվել է Յուրի Սոլովյովը[3]։
  • ԽՍՀՄ կինոթատրոններում կինոնկարը դիտել է 40,6 միլիոն հանդիսատես[4]։
  • Ֆիլմը ժամանակին կրկնօրինակվել էր նաև հայերեն լեզվով։
  • 2016 թվականին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մերձակայքում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված ֆիլմի հերոսներին[5]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0073488/
  2. «Теплоход «Дунай»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  3. «Юрий Соловьев: я не считаю себя двойником Шукшина». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  4. Они сражались за Родину . kinopoisk.ru.
  5. Министр обороны России совместно с коллегами из СНГ открыл скульптурную композицию «Они сражались за Родину» : Министерство обороны Российской Федерации