Նեոգեն կամ նեոգենի ժամանակաշրջան (/ˈniːəˌdʒiːn/ [nee-uh-jeen][1] նեո․․․ և հունարեն՝ γένος - ծնունդ, հասակ), ապարների շերտախումբ, որ առաջացել է Երկրի երկրաբանական պատմության նախավերջին ժամանակաշրջանում։ Նեոգենը մտնում է կայնոզոյի դարաշրջանի մեջ՝ հաջորդելով պալեոգենի ժամանակաշրջանին և նախորդելով անթրոպոգենի ժամանակաշրջանին։ Նեոգենի տևողությունը ռադիոլոգիական մեթոդներով սահմանվում է 28 միլիոն տարի։

Ստորաբաժանում

խմբագրել

Նեոգենը ստորաբաժանվում է երկու մասի՝ միոցեն և պլիոցեն, որոնք անջատել է անգլացի երկրաբան Չ․ Լայելը՝ 1833 թվականին։ Անվանումն առաջարկել է ավստրիացի երկրաբան Մ․ Հյոռնեսը (1853)։ Նեոգենի ապարներն ամենուրեք տրոհվում են երկու կոմպլեքսի՝ միոցենի (ծովային նստվածքներ) և պլիոցենի (կավերի, ավազների, գիպսերի շերտախմբեր)։ Իտալիայի և Հունաստանի պլիոցենում դիտվում են բազմաթիվ հրաբխային հաստվածքներ[2]։

Առանձնահատկություններ

խմբագրել

Նեոգենն ալպիական ծալքավոր սիստեմի ավարտման ժամանակաշրջանն է, որն արտահայտվում է բազմաթիվ լեռնաշղթաների (Ալպեր, Կարպատներ, Բալկանեոգեններ, Ատլաս, Ապենիններ, Կովկաս, Ղրիմ, Պոնտական և Տավրոսի լեռներ, Բելուջուստան, Հիմալայներ) բարձրացումով։ Միաժամանակ հզոր ծալքավոր մարզեր են ստեղծվում Խաղաղ օվկիանոսի եզրամասերում (Կամչատկա, Սախալին, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Նոր Գվինեա, Կորդիլիերաներ, Անդեր)։ Ինտենսիվ լեռնակազմությունը ուղեկցվել է ուժեղ հրաբխականությամբ։ Ուղղաձիգ տատանողական շարժումների հաճախականությունը պայմանավորել է ջրավազանների չափերի ու եզրագծերի անընդհատ փոփոխություն և աստիճանական մեկուսացում օվկիանոսներից։ Նեոգենի վերջում դիտվել է ցրտեցում, որը լեռնային շրջաններում առաջացրել է սառցապատումներ։

Մեծ փոփոխություններ են կատարվել ցամաքային ֆաունայի և ֆլորայի կազմում։ Հանդես են եկել այժմ ապրող կաթնասունների շատ տեսակներ։ Ուշ միոցենում Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև կապի առկայության շնորհիվ կատարվել է ֆաունայի տեղաշարժ մի մայրցամաքից մյուսը։ Ավստրալիան ամբողջ Նեոգենի, ինչպես և պալեոգենի, ընթացքում մնացել է մեկուսացված բացարձակապես ստորին կաթնասունների (պարկավորներ, միանցքանիներ) համար։ Ծովային ֆաունայում հատկապես բազմազան և առատ են փափկամորթները, ֆորամինիֆերները, օստրակոդները, որոնց զգալի մասն ապրում է մինչև այժմ։ Բուսականությունն ունեցել է գրեթե ժամանակակից կազմ։ ՀԽՍՀ տարածքում սահմանափակ զարգացում ունեն միոցենի նստվածքները (Երևանյան գոգավորություն), որոնք ներկայացված են հզոր լճային (լագունային) առաջացումներով՝ կավերով, ավազաքարերով, գիպսի և քարաղի շերտերով ու ոսպնյակներով։ Դրանցից վեր տարածված են նույնպես հզոր ավազակավային և կարբոնատային ապարներ՝ վերին սարմատի ֆաունայի մասնակցությամբ։

Վերին միոցենից հետո Հայաստանի տարածքը մտնում է ընդհանուր առանցքային բարձրացման մեջ և վերջնականապես ձեռք բերում ցամաքային զարգացման ռեժիմ։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հրաբխային մարզում լայնորեն տարածված են միոտիս-պոնտի և միջին պլիոցենի հրաբխածի Նեոգեն նստվածքային ապարներ։ Վերին պլիոցենը ներկայացված է ծածկոցային տիպի դոլերիտային բազալտներով, անդեգիտաբազալտներով։ Հրաբխային գործունեության հետևանքով ստեղծվել են հսկայական հրաբխային հարթավայրեր։ Թթու էֆուգիաները առաջացրել են էքստրուզիվ կոներ (Արտենի, Հատիս, Իշխանասար

Նեոգենի ամենակարևոր օգտակար հանածոն նավթն է։ Միջլեռնային և նախալեռնային իջվածքների հզոր նստվածքների հետ են կապված նավթի խոշոր հանքավայրեր ԽՍՀՄ-ում (Ադրբեջան, Թուրքմենիա), Ռումինիայում, Իրաքում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Արգենտինայում։ Հայտնի են նաև այրվող գազերի, գորշ ածուխների և աղերի (գիպս, քարաղ) կուտակումներ։ Մի շարք ծալքավոր շրջանների մագմատիկ ինտրուզիաների հետ են կապված պղնձի, ցինկի, մոլիբդենի, վոլֆրամի, սնդիկի հանքավայրեր։ ՀԽՍՀ-ում կան քարաղի (Մերձերևանյան շրջան) և դիատոմիտի (Իջևանի, Սիսիանի շրջաններ) կուտակումներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Neogene Dictionary.com կայքում
  2. Международная стратиграфическая шкала (версия за январь 2013) Շերտագրության միջազգային հանձնաժողովի կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 225  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեոգեն» հոդվածին։