Հատիս (լեռ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հատիս (այլ կիրառումներ)
Հատիս, հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան մասում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում[1][2][3][4]։ Հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք[2]։ Բարձրությունը կազմում է 2528 մետր։ Գտնվում է Կապուտան գյուղից 2.5 կիլոմետր հեռավորության վրա։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն կոչվող աղբյուրները։
Հատիս | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հանգած հրաբուխ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Կոտայքի մարզ |
Լեռնաշղթա | Գեղամա լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2528 մ |
Երկարություն | 40.307745 |
Լայնություն | 44.726088 |
Հրաբուխի ձև | Կոնաձև |
Նյութ | Պալեոգենի լավաներ, պեռլիտներ, |
Անուն
խմբագրելԼեռան առավել տարածված անունը Հատիս է։ Օգտագործվել են նաև Ատիս, Հադիս, ինչպես նաև Շամիրամ, Շամիրամի լեռ անվանաձևերը[3][4]։
Գոյություն ունեն լեռան Հատիս կամ Հադիս անվանաձևերի ծագման մի շարք մեկնաբանություններ։ Դրանցից մեկի համաձայն Հատիս անվան հիմքում ընկած է փռյուգիական բնության մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը[3], որն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է հայոց թագավոր, աստված Արա Գեղեցիկին։ Ներկայացվածից բխում է, որ լեռը նախապես կապված է եղել Արայի պաշտամունքի հետ։Լեռն ունի անվանվան այլ տարբերակներ ևս։ Կոչում են Ատիս, Հադիս, Շամիրամի լեռ։
Լեռան Շամիրամ անվան ծագումը պայմանավորված է Հատիսի՝ Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և խորհրդանշում է Արա գեղեցիկի ու Շամիրամի ավանդապատումի ձևավորման ակունքները[4]։
Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, կա նաև փոքրիկ մի քարանձավ։
Ֆիզիկաաշխարհագրական նկարագիր
խմբագրելԼեռը հանդիսանում է հանգած հրաբուխ և ունի 2528 մ բարձրություն։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով, կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[1][3][4]։
Հարավային ստորոտի լավային ծածկույթի տակից բխում է և սկիզբ առնում Քառասունակն աղբյուրները, որոնք դասվում են խմելու բարձրորակ ջրերի շարքին։ Ընդհանուր ելքերը կազմում են մոտ 1450 լիտր/վայրկյան։ Ջուրը սառնորակ է (7, 3 - 9 °C)։ Հենց այս աղբյուրներից է սկիզբ առել 1912 թվականին Երևան քաղաքի խմելու ջրի առաջին ջրագիծը։ Ներկայում Քառասունակնի ջրերը նույնպես օգտագործվում են մայրաքաղաք Երևանի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար։ Քառասունակնից է սկիզբ առնում Գետառ գետը[1][3][4]։
2008 թվականից Հայաստանի կառավարության որոշմամբ հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք[2]։
-
Տեսարան դեպի Գեղամա լեռներ Արա լեռից, առջևի աջ կողմում Հատիս լեռն է, 04․11․2016թ․
-
Հատիս լեռը Գութանասարից, 10․01․2021թ․
-
Տեսարան Հատիս լեռան լանջից, 0․05․2021թ․
-
Քառասունակն աղբյուրների մի վտակը,
-
Հատիս լեռը Արամուս գյուղից, 17․08․2012թ․
-
Հատիս լեռն Աբովյան քաղաքի մարզադաշտից
-
Հատիս լեռը Երևանի Ավան վարչական շրջանից
Ավանդություններ
խմբագրելԸստ ավանդության այստեղ է Արա Գեղեցիկը հանդիպել Շամիրամին[3]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՀատիս լեռան գագաթին և լանջերին են գտնվում շուրջ 20 պատմամշակութային հուշարձաններ։ Լեռան գագաթին է գտնվում վաղ բրոնզեդարյան ամրոցի ավերակները։
Հիսուս Քրիստոսի արձան
խմբագրելՀամաձայն 2022 թվականի հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ կառավարությունը դրական եզրակացություն է տվել Գագիկ Ծառուկյանի կողմից մտահղացած այն գաղափարին, ըստ որի, Հատիս լեռան գագաթին կառուցվելու է Հիսուս Քրիստոսին ներկայացնող հսկայական արձան[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007 թվական։
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի Հանրապետության կառավարության 14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն որոշում Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը որոշելու մասին, հաստատված 2008 թ. սեպտեմբերի 1-ին վարչապետ Տ․Սարգսյանի կողմից (որոշման թվային տարբերակ), (արխիվացված 10․07․2022թ․)։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 3 (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001 թվական։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հատիս լեռան մասին տեղեկություններ armgeo.am կայքում, (արխիվացված 10․07․2022թ․)։
- ↑ Հիսուս Քրիստոսի արձանը կմեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատիս (լեռ)» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 272)։ |