Նատալենա Անդրիանովնա Կորոլյովա (ուկրաիներեն՝ Королева Наталена Андріанівна, մարտի 3, 1888(1888-03-03), Monastery of San Pedro de Cardeña, Castrillo del Val, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - հուլիսի 1, 1966(1966-07-01), Մելնիկ), ուկրաինացի բանաստեղծուհի, բառարանագիր, եգիպտագետ, հնագետ և թատերական դերասան[1], կոմսուհի։

Նատալենա Կորոլյովա
Ծնվել էմարտի 3, 1888(1888-03-03)
ԾննդավայրMonastery of San Pedro de Cardeña, Castrillo del Val, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Վախճանվել էհուլիսի 1, 1966(1966-07-01) (78 տարեկան)
Վախճանի վայրՄելնիկ
ԳերեզմանHřbitov svatého Václava
Մասնագիտությունգրող, հնագետ, օպերային երգչուհի, նկարչուհի և թատրոնի դերասանուհի
Լեզուուկրաիներեն
ԿրթությունՊետերբուրգի հնագիտական ինստիտուտ
Գիտական աստիճանդոկտոր
Ժանրերվեպ և վիպակ
ԱմուսինՎասիլի Կորոլիվ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1888 թվականի մարտի 3-ին, Սան Պեդրո դե Կարդենյա (իսպ.՝ San Pedro de Cardeña) վանքում, Կաստիլիյա-Լեոն պրովինցիայի Կաստիլյո դել Վալ քաղաքում։ Նրա ամբողջական անունն, ըստ իսպանական սովորույթի, Կարմեն Ալֆոնսա Ֆերնանդա Էստրելյա Նատալենա էր։ Նատալենայի մայրը՝ Մարիա-Կլարա դե Կաստրո Լաչերդա Մեդինասելին, սերում էր հին իսպանական տոհմից, մահացել էր ծննդաբերության ժամանակ, հայրը` լեհ կոմս Ադրիան Յուրի Դունին-Բորկովսկին, զբաղվում էր հնագիտությամբ և հիմնականում բնակվում էր Ֆրանսիայում։ Հայրը Նատալենային դաստիարակության է տվել ֆրանսիական Նոտր Դամ դե Սիոն վանքում, որտեղ նա մնացել է տասնմեկ տարի։ Այստեղ Նատալենան սովորել է օտար լեզուներ, փիլիսոփայություն, պատմություն, բժշկություն և երաժշտություն։ Այդ ժամանակ հայրը երկրորդ անգամ ամուսնացել է ծագումով չեխ ազնվական տոհմից Լյուդմիլո Լոսի հետ, որը կալվածք ուներ ներկայիս Լվովի մարզի Կրասնոյե բնակավայրում։ Երբ խորթ մայրը բնակություն հաստատեց Կիևում, նա ցանկացավ, որ Նատալենան իր ուսումը շարունակի այնտեղ, և 1904 թվականի աշնանը աղջիկը տեղափոխվեց Կիև։ Չտիրապետելով ռուսերենին, բայց հիշելով ուկրաիներեն և մի փոքր էլ լեհերեն, Նատալենան ընդունվում է Կիևի ազնվաբարո աղջիկների ինստիտուտ և սովորում ռուսերեն։ Երկու տարի հետո ավարտում է ինստիտուտը և Կիևում երաժշտական դասեր է ստանում ուկրաինացի կոմպոզիտոր Նիկոլայ Լիսենկոյի մոտ։

Երբ ընտանիքը տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ, Նատալենան շարունակում է ուսումը՝ ավարտելով հնագիտության ինստիտուտը ստանում հնագիտության դոկտորի աստիճան լիտվական պատմության աշխատության համար, այնուհետև հրապուրվում է եգիպտագիտությամբ, միաժամանակ սովորում է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում և ավարտելուց հետո ստանում «ազատ նկարչի» դիպլոմ։ Ծնողները տեսնելով, որ իրենց դուստրը արդեն հասունացել է, նրա համար փեսացու են գտնում, որը ռուսական բանակի ռոտմիստր էր։ Սակայն աղջիկը չի ցանկանում ամուսնանալ և ընդունվում է Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոն, այնուհետև պայմանագիր է կնքում Մոսկվայում հյուրախաղերով հանդես եկող փարիզյան «Théâtre du Gymnase»-ի հետ։ Սակայն Նատալենայի թատերական կարիերան չկայացավ նրա թույլ առողջության պատճառով։ Թողնելով բեմը՝ նա բուժվում էր Անդրկովկասում, այնուհետև մեկնեց Արևմտյան Եվրոպա՝ բուժումը շարունակելու, արվեստով և հնագիտությամբ զբաղվելու համար։ Շրջագայում է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, որոշ ժամանակ հանդես գալիս Փարիզի և Վենետիկի օպերային թատրոններում, Պոմպեյում և Եգիպտոսում մասնակցում հնագիտական պեղումների։ 1909 թվականից Նատալենա Կորոլյովան ֆրանսիական գրական և գիտական ամսագրերում սկսեց հանդես գալ գեղարվեստական ստեղծագործություններով և գիտական հոդվածներով։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կորոլյովան գտնվում էր Կիևում՝ հիվանդ հոր մոտ, որը շուտով մահացավ։ Որպես արտերկրից եկած քաղաքացի՝ նա չկարողացավ հետ վերադառնալ և ռուսական բանակում դարձավ Կարմիր խաչ ընկերության գթության քույր։ Գրեթե երեք տարի նա գտնվել է ռազմաճակատում, ստացել է Գեորգիևյան խաչ (թշնամու գնդակոծության ժամանակ մնալով դիրքերում՝ վիրավոր զինվորների հետ), երեք անգամ վիրավորվել է, հիվանդացել տիֆով և թոքերի բորբոքմամբ։ Պատերազմի ժամանակ ամուսնացել է ռուսական բանակի սպա, Իրանի քաղաքացի՝ Իսկանդեր Հակհամանիշ իբն Կուրուշի հետ, ով ծառայում էր «Վայրի դիվիզիայում» և զոհվեց Վարշավայի մատույցներում։ Ամուսնու աճյունը Իրան ուղարկելուց հետո Կորոլյովան վերադարձավ Կիև՝ խորթ մոր մոտ, որը շուտով հիվանդացավ և մահացավ։ Նատալենան, մնալով առանց ծնողների, մեկնել է Պրահա, որտեղ աշխատել է ժողովրդական կրթության համակարգում։ Այստեղ նա հանդիպել է ուկրաինացի գրող Վասիլի Կոնստանտինովիչ Կորոլիվի հետ, ում ճանաչում էր դեռևս Կիևից։ Նրանք ամուսնացել են, փոքրիկ տնակ գնել Պրահայի մոտակայքում գտնվող Մելնիկ քաղաքում։ Այստեղ ամուսիններն ապրել են մինչև իրենց կյանքի վերջը։ Վասիլի Կորոլիվը մահացել է 1943 թվականին։ Նատալենա Կորոլյովան իր հետագա ողջ կյանքը նվիրել է գրական գործունեությանը՝ սկսելով գրել ուկրաիներենով։

Նատալենա Կորոլյովան մահացել է 1966 թվական հուլիսի 1-ին չեխական Մելնիկ քաղաքում։ Թաղված է սուրբ Վացլավի գերեզմանատանը։

2010 թվականին գրող Յուրի Վիննիչուկը Լվովում ներկայացրեց Նատալենա Կորոլյովայի ուկրաինական շարքի վերջին հրատարակություններից մեկը՝ «Սպադշչինան» («Ժառանգություն»)[2]։

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

Լեգենդների հավաքածու

  • «Во дні они» (1935),
  • «Легенди старокиївські» (1941—1943).

Վիպակ

  • «1313» (1935),
  • «Без коріння» (1936),
  • «Предок» (1937),
  • «Сон тіні» (1938),
  • «Quid est veritas?» (1961).

Հրատարակություններ խմբագրել

  • Королева Наталена. Без коріння. Во дні они. Quid est Veritas?- Дрогобич: Видавнича фірма «Відродження», 2007.- 672 с., з іл.- (Український модерн).- ISBN 978-966-538-185-3.
  • Королева Н. 1313: Повість з середньовіччя.- Львів, 1935.- 113 с.
  • Королева Н. Quid est veritas? (що є істина?): історична повість- Чікаґо: Вид-во М. Денисюка, 1961.- 451с.
  • Королева Наталена. Предок: Іст. повісті; Легенди старокиївські.- К. : Дніпро, 1991.- 670 с.

Գրականություն խմբագրել

  • Микитенко О. І. Королева Наталена Андріанівна // Українська літературна енциклопедія: У 5 т. -К.: Українська енциклопедія ім. М. П. Бажана, 1990. — Т. 2. -С. 570.
  • Биковський Л. Наталена Королева (її життя і творчість) // Визвольний шлях. — 1962. — № 1. -С. 65-71.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել