Յուլիուս Պայեր

Արկտիկայի ավստրո-հունգարացի հետազոտող

Յուլիուս Պայեր (գերմ.՝ Julius Johannes Ludovicus von Payer, սեպտեմբերի 2, 1841(1841-09-02)[1] կամ սեպտեմբերի 2, 1842(1842-09-02)[2], Տեպլիցե[2] - օգոստոսի 30, 1915(1915-08-30)[2], Բլեդ, Սլովենիա), Արկտիկայի ավստրո-հունգարացի հետազոտող։ Ծովային սպա Կարլ Վայպրեխտի հետ 1872-1874 թվականներին «Ծովակալ Թեգեթհոֆ» (գերմ.՝ Admiral Tegetthoff) առագաստային շոգենավով ավստրո-հունգարական բևեառային գիտարշավի շրջանակներում հայտնաբերել է Ֆրանց Յոզեֆի երկիր կղզիների խումբը` կազմելով կղզեխմբի առաջին քարտեզը։ Արկտիկայով իր ճանապարհորդությունը Պայերը նկարագրել է «725 օր Արկտիկայի սառույցներում» գրքում (1876)[4]։

Յուլիուս Պայեր
գերմ.՝ Julius von Payer
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1841(1841-09-02)[1] կամ սեպտեմբերի 2, 1842(1842-09-02)[2]
ԾննդավայրՏեպլիցե[2]
Մահացել էօգոստոսի 30, 1915(1915-08-30)[2]
Մահվան վայրԲլեդ, Սլովենիա
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունԹերեզային ռազմական ակադեմիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, նկարիչ, քարտեզագիր, սպա, լեռնագնաց և բևեռախույզ
Պարգևներ և
մրցանակներ
 Julius von Payer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Յուլիուս Պայերը ծնվել է ուլանցի ռոտմիստր Ֆրանց Անտոն Ռուդոլֆ Պայերի ընտանիքում, ով մահացել է, երբ Յուլիուսը 14 տարեկան էր։ 1857 թվականին ավարտելով Կրակովից ոչ հեռու գտնվող փոքրիկ քաղաքի կադետական դպրոցը` ընդունվել է Թերեզիանայի ռազմական ակադեմիա, որն ավարտել է 1859 թվականին։ 2-րդ կարգի ունտեր-լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Իտալիայի հյուսիսում` Վերոնայի 36-րդ հետևակային գնդում։ Նույն թվականին 17-ամյա Յուլիուս Պայերը մասնակցել է Սոլֆերինոյի ճակատամարտին, որը իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմի խոշորագույն ռազմական բախումն էր 1859 թվականին։ Այն տեղի է ունեցել հունիսի 24-ին Ֆրանսիայի, Պիեմոնտի և Սարդինիայի միացյալ ուժերի և ավստրիական բանակի միջև։ 1860-1863 թվականներին ծառայել է Վերոնայի կայազորում։ 1863 թվականից Այզենշտադի կադետական դպրոցում դասավանդել է պատմություն։ 1-ին կարգի լեյտենանտի կոչում ստանալուց հետո տեղափոխվել է Վենետիկի կայազոր։

Գիտական կարիերայի սկիզբ խմբագրել

1862 թվականից տարվել է ալպինիզմով` իր ազատ ժամանակ ավելի քան 30 լեռնանվաճում կատարելով իտալական Ալպերում` Բարձր Թաուերնի շրջանում։ 1864-1868 թվականներին զբաղվել է Հարավային Կրաքարային Ալպերի Ադամելո և Օրտլես լեռնազանգվածների հետազոտմամբ։ Պայերն առաջինն էր աշխարհում, որ բարձրացել է Ադամելոյի գագաթ, որը Միջին Ալպերի բարձունքներից է` մոտ 3554 մ բարձրությամբ[5]։ Այս հետազոտությունների արդյունքում նա մանրամասն կազմել է տեղագրական քարտեզ` 1:56000 մասշտաբով։ Պայերի ջանքերը գնահատվել են ղեկավարության կողմից և շուտով նա տեղափոխվել է Վիեննայի Ռազմական քարտեզագրության ինստիտուտ։

1866 թվականի հունիսի 24-ին Յուլիուս Պայերը մասնակցել է Կուստոցի երկրորդ ճակատամարտին։ Մարտի ընթացքում ցուցաբերած մարտական արիության համար Յուլիուս Պայերը պարգևատրվել է Ռազմական խաչով։

Բևեռային գիտարշավներ խմբագրել

1868 թվականին Յուլիուսը գերմանացի աշխարհագրագետ Ավգուստ Պատերմանի կողմից հրավեր է ստացել մասնակցելու գերմանական երկրորդ բևեռային գիտարշավին, որ տեղի էր ունենալու 1869-1870 թվականներին Գրենլանդիայի ափերի մոտ[6]։ 1871 թվականին Պեյերը Կարլ Վայպրեխտի հետ, ով Ավստրո-Հունգարիայի ռազմածովային ուժերի կապիտան-լեյտենանտ էր, փորձնական գիտարշավ է կատարում Նոր երկրի և Շպիցբերգենի ափերի մոտ[5]։ Վերջապես 1872 թվականին Վայպրեխտի գլխավորությամբ արշավախումբը մեկնարկում է իր աշխատանքը` նպատակ ունենալով հասնել Շպիցբերգենի և Նոր երկրի միջև գտնվող ամենահյուսիսային հատվածին։ Այս արշավախմբի արդյունքները Պայերին ճանաչում բերեցին։ 1872 թվականի օգոստոսի 22-ին «Թեգեթհոֆը» ճեղքում է սառույցը և մոտ մեկ տարի դրեյֆում հյուսիսային ուղղությամբ։ 1873 թվականի օգոստոսի 30-ին արշավախումբը դուրս է գալիս անծանոթ ցամաք[6]։ Դրանից մի քանի օր առաջ խումբը նշում էր ավստրիական կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի ծննդյան օրը, ում պատվին էլ անվանում են հայտնաբերված երկիրը։ Երկու ձմեռումների ընթացքում Պայերը սահնակներով մի քանի ուղևորություն է կատարում կղզեխմբում։ Դրանցից ավելի երկարատևն ու կարևորը 1874 թվականի գարնանային ուղևորությունն էր, երբ Պայերին հաջողվել է հասնել հյուսիսային լայնության 82° 5' կետին։ Այս ուղևորության արդյունքում ստեղծվել է Ֆրանց Յոզեֆի երկրի առաջին քարտեզը, չնայած ինչպես հետագա հետազոտությունները ցույց տվեցին, Պայերի քարտեզը բավական թերի էր[5]։ 1874 թվականի մայիսի 20-ին հետազոտողները որոշում են ընդունում վերադառնալ մայրցամաք։ Մոտ երեք ամիս ձգված անցման ժամանակ արշավախումբը դուրս է գալիս բաց ծով, որտեղից էլ ուղևորվում են Նոր երկրի ափեր։ Նոր երկրում Պայերի աշխավախմբի անդամներին ընդունել է ռուսական երկկայմ առագաստանավը, որը ճանապարհորդներին հասցրել է նորվեգական Վարդյո` Վարանգեր ֆյորդի հյուսիսային նավահանգիստ[6]։

Կյանքը գիտարշավից հետո խմբագրել

Նույն 1874 թվականին Պայերը հեռացվում է բանակի շարքերից հավանաբար իր դեմ նյութված քաղաքական ինտիգների և շատ աստիճանավորների` իր բացահայտումները չընդունելու արդյունքում։ 1874 թվականի հոկտեմբերին Պայերին պետական մրցանակ է շնորհվում 44 գուլդենի չափով, իսկ երկու տարի անց` 1876 թվականի հոկտեմբերի 24-ին, նա ընդգրկվում է ավստրիական ազնվականության մեջ` իր և իր սերունդների համար ստանալով ասպետի կոչում։ Այդ ժամանակից Պայերի ամբողջական անունը հնչում է հետևյալ կերպ` Յուլիուս Յոհանես Լյուդովիկուս ռիտեր ֆոն Պայեր։

1877 թվականին Յուլիուսն ամուսնանում է Մայնի Ֆրանկֆուրտի բանկիրներից մեկի նախկին կնոջ հետ, և միասին ունենում են երկու երեխա` Յուլիուս և Ալիս։ 1877-1879 թվականներին նա գեղանկարչություն է սովորում Մայնի Ֆրանկֆուրտում` 1880-1882 թվականներին ուսումնառությունը շարունակելով Մյունխենում։ 1883 թվականին նրա «Ֆրանկլինի արշավախմբի վերջը» նկարն արժանանում է Մյունխենի մրցանակի։ Ուսումն ավարտելուց հետո նկարիչ է աշխատել Փարիզում։ 1890 թվականին Պայերն ամուսնալուծվում է և վերադառնում Վիեննա, որտեղ բացում է նկարչական դպրոց աղջիկների համար։

1912 թվականին Պայերը ծրագրել էր սուզանավով գիտարշավ կազմակերպել դեպի Հյուսիսային բևեռ, սակայն նրա ծրագրերը կյանքի չեն կոչվում։

Մահացել է 1915 թվականին Վիեննայում։ Ֆրանց Յոզեֆի երկրի հայտնաբերումը նա նկարագրել է «725 օր Արկտիկայի սառույցներում գրքում» (1876)։

Հիշատակ խմբագրել

  • Պայերի կղզի - կղզի Ֆրանց Յոզեֆի կղզեխմբի կենտրոնական մասում, մտնում է Զիչի կղզիների մեջ։
  • Պայերի սառցաբեկոր - խոշոր սառցաբեկոր Ալեքսանդրի երկրի կղզում։
  • Պայեր լեռ - Բևեռային Ուրալի ամենաբարձր գագաթը։ Գտնվում է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում` Տյումենի շրջանում։
  • «Ծովակալ Թեգեթհոֆ» երկկայմ առագաստանավի պատվին, որով Պայերը կատարել է իր բացահայտումները, անվանակոչվել է հրվանդան Հալի կղզու հարավային մասում։
  • 2005 թվականին Ավստրիայում թողարկվել են հուշադրամներ` նվիրված Յուլիուս ֆոն Պայերին և Կարլ Վայպրախտին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  4. Пайер Юлиус հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  5. 5,0 5,1 5,2 «Пайер, Юлий». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,0 6,1 6,2 Открыватели мира | ПАЙЕР Юлиус фон(չաշխատող հղում)

(գերմ.՝ Hugo Laurenz Hoffmann von Hofmannsthal,

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Պայեր» հոդվածին։