«Միզերի» (անգլ.՝ Misery), հոգեբանական թրիլեր ժանրի վեպ, որը գրել է ամերիկացի գրող Սթիվեն Քինգը։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին՝ Viking Press հրատարակչության կողմից։ Սյուժեի հիմքում ընկած է գրքի երկու հերոսների՝ հայտնի գրող Փոլ Շելդոնի և հոգեկան հիվանդ երկրպագուհի Էննի Ուիլքսի հարաբերությունները։ Ավտոճանապարհային պատահարից հետո Փոլը լուրջ վնասվածքներ է ստանում։ Նախկին բուժքույր Էննին քարշ է տալիս նրան իր տուն, որտեղ էլ հենց գրողը ստանում է ցավազրկողների չափաբաժիններ և բուժում։ Աստիճանաբար գրողը հասկանում է, որ ինքը կալանավոր է, ով ստիպված պետք է ենթարկվի իր հսկիչի քմահաճույքներին։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (փետրվարի 14, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Միզերի
անգլ.՝ Misery
Առաջին թողարկման շապիկը
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրsuspense in literature?, հոգեբանական թրիլեր և սարսափ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Paul Sheldon? և Annie Wilkes?
Նկարագրում էԲոուլդեր
ՆախորդՎիշապի աչքերը
ՀաջորդԹոմմինոքերները
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվհունիսի 8, 1987
Պարգև(ներ)
 Misery (novel) Վիքիպահեստում

Վեպի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «տառապանք», ունի մի քանի իմաստներ։ Մի կողմից այդ անունն է կրում Փոլ Շելդոնի գրքերի հերոսուհին, մյուս կողմից էլ հեղինակն այդպիսի զգացմունքով է նկարագրել իր հոգեվիճակը՝ ստեղծագործությունը գրելիս։ «Միզերի»-ի ստեղծման պատմությունը Քինգը շարադրել է իր գրականական հիշողություններում՝ հիշեցնելով, որ Էննի Ուիլքսի կերպարը և պատմության հանգույցն իր մոտ առաջացել են երազում։

Վեպն արժանացավ Բրեմ Սթոքերի մրցանակին, ինչպես նաև առաջադրվեց Համաշխարհային ֆենտեզի մրցանակաբաշխության «Լավագույն վեպ» անվանակարգում[1]։ «Միզերին» քննադատների կողմից ստացավ դրական արձագանքներ։ Գրախոսները ողջունեցին Քինգի գրքերում առկա դասական միստիցիզմը՝ հատկապես նշելով գրողի անձնական կյանքի համեմատությունը և «հայտնի և երկրպագու» հարաբերությունների թեմատիկայի հաջողված ուսումնասիրությունը։ Վեպը, որը տարվա բեսթսելլերների ցուցակում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, 1990 թվականին էկրանավորվեց ամերիկացի ռեժիսոր Ռոբ Ռայների կողմից[2]։

Սյուժե

խմբագրել
Երբ դու նայում ես անդունդին, անդունդն ինքն է նայում քեզ։

- Ֆրիդրիխ Նիցշեի աֆորիզմը՝ որպես գրքի առաջին մասի բնաբան[3]

Փոլ Շելդոնը հայտնի գրող է, ով գրել է վիկտորիական ոճի սիրային վեպեր, որոնք պատմում են Միզերի Չեսթեյն անունով մի կնոջ մասին։ Վերջացնելով բեսթսելլերների շարքը՝ հեղինակը սպանում է հերոսուհուն, որն արդեն իրեն հոգնեցրել էր։ Իր նոր աշխատանքի՝ «Արագ ավտոմեքենաներ» երկի ավարտելը, որը շատ էր տարբերվում իր նախկին գործերից, որոշում է նշել քաղաքից դուրս։ Նա գնում է ուղևորության և Լոս Անջելեսի երկնային ճանապարհին ընկնում ձնաբքի մեջ։ Ալկոհոլային խմիչքի չարաշահման և վատ եղանակի պատճառով նա ենթարկվում է ճանապարհատրանսպորտային պատահարի։ Նրան փրկում է նախկին բուժքույր Էննի Ուիլքսը, ով նրա հավատարիմ երկրպագուհին է։ Ձյան խցանումների պատճառով նա վիրավոր վարորդին տեղափոխում է իր տուն, որտեղ էլ տալիս է բժշկական օգնություն՝ ուղղելով ոտքերի կոտրվածքները։ Նա Փոլին է տալիս նովրիլ անունով ցավազրկող՝ պատրաստված կոդեինի հիմքով, որն առաջացնում է ուժեղ հարմարվողություն[Ն 1][4]։ Փոլն իմանում է, որ Էննին պահում է մի խոզ, որը կրում է իր կողմից հորինված հերոսուհու անունը։

Շուտով գրողն սկսում է տարօրինակություններ նկատել Էննիի վարքագծում։ Նա օգնություն չի խնդրել հիվանդանոցներից, երբ ձնաբուքն ավարտվել էր, և ոչ ոքի տեղյակ չի պահել, որ Փոլը գտնվում է իր տանը։ Երբեմն Էննին «անջատվում է»՝ լիովին փակվելով ինքն իր մեջ՝ չարձագանքելով իրադարձություններին։ Բացի այդ նրա մոտ լինում են անպատճառ զայրույթի սուր նոպաներ։ Դրանցից մեկի ժամանակ Էննին ապուրով լի ափսեն շուռ է տալիս պատին, հետո մաքրում պատը՝ քուրջը ցամաքացնելով դույլի մեջ, ապա ստիպում է Փոլին խմել կեղտոտ ջուրը։ Գնելով Միզերիի մասին հենց նոր լույս տեսած գիրքը՝ Էննին կարդում է մինչև այն տեղը, որտեղ Միզերին մահանում է, տեսարան է սարքում և շուտով երկու օրով հեռանում տնից՝ հիվանդին թողնելով առանց հացի, ջրի և հանգստացնող դեղամիջոցների։

Վերադառնալուց հետո Էննին թուլացած, հազիվ ողջ մնացած Փոլին ստիպում է վառել «Արագ ավտոմեքենաներ» վեպի ձեռագիրը, որը լի էր ոչ նորմատիվ բառապաշարով և բռնության տեսարաններով[5]։ Տոնավաճառից գնելով «Ռոյալ» մակնիշի հին տպագրական մեքենա, որում չկար «n» տառը, տպագրական թղթեր և հաշմանդամի սայլակ՝ Էննին Փոլի համար գրասենյակ է սարքում և ստիպում գրել վեպի շարունակությունը, որտեղ Միզերին ողջ կլինի։ Այդ ամենի հետ մեկտեղ նրա «վերածնումը» պետք է ունենար տրամաբանական արդարացում։ Փոլը ենթարկվում է նրա սպառնալիքներին։ Աշխատանքը գրավում է գրողին, քանի որ դրան գլխովին տրվելիս նա մոռանում է իր իրավիճակի մասին։

Հերթական անգամ բարկանալով Փոլի վրա այն բանի համար, որ նա ասում է, թե գնված թղթերը չեն համապատասխանում տպագրական մեքենայով աշխատելուն, Էննին հեռանում է։ Շելդոնը, վախենալով այն բանից, որ նա կրկին կմնա առանց ցավազրկողների, օգտվում է իր բանտապանուհու բացակայությունից, դուրս պրծնում իր սենյակից՝ մազակալը որպես բանալի օգտագործելով։ Նա ոչ միայն գտնում է նովրիլի բազմաթիվ տուփեր, այլ նաև թերթերից կտրատված Էննիի ալբոմը, որը ջրի երես է դուրս բերում նախկին բուժքրոջ ամբողջ անցած կյանքը, որի հաշվին կան մի շարք սպանություններ։ Դեռ մանուկ հասակում նա սպանել է իր հորը՝ այն թաքցնելով դժբախտ պատահարի անվան տակ, որից հետո դառնալով բուժքույր՝ կյանքից զրկել է ծանր հիվանդ մեծահասակներին և նորածին երեխաներին[6]։ Շուտով Էննին իմանում է նրա «զբոսանքների» մասին և որպես պատիժ կացնով կտրում է նրա ծունկը, որն այրում է զոդման լամպով։

Հենց այդ պահին էլ ոստիկանությունը զբաղվում է անհետացած Փոլի որոնումներով։ Ոստիկաններից մեկն այցելում է Էննիի բնակարան։ Նա նկատում է բանտարկյալին, և բուժքույրը խոտ հնձելու սարքով սպանում է իրավապահին։ Փոլին նկուղում փակելուց հետո նա հեռանում է ոստիկանական մեքենան անհայտ վայրում թաքցնելու համար։ Նկուղում Փոլը վերցնում է բենզինով լի մի փոքր տարա և լուցկիներ։ Արդյունքում Էննին որոշում է կրակել իր բանտարկյալի վրա և ինքնասպան լինել այն բանից հետո, երբ վերջինս կավարտի վեպը, որպեսզի իր սիրելի հերոսուհին ապրի անմահ։ Գրելով վերջին գլուխը՝ Փոլը թաքցնում է ձեռագիրը և սևագրերի վրա լցնում բենզինը՝ դրանք բնօրինակի տեղ դնելով։ Էննին, հասկանալով Շելդոնի մտադրությունը, ամբողջ ուժով փորձում է պաշտպանել վեպը, և նրանց միջև կռիվ է սկսում, որի ժամանակ Փոլը գրամեքենայով հարվածում է բուժքրոջը և վառված թղթերը լցնում նրա կոկորդը։ Անհավանական ջանքերի շնորհիվ նա վերջ ի վերջո սպանում է իր խելագար երկրպագուհուն[7]։ Ավելի ուշ բացահայտվում է, որ նա մահացել է գլխուղեղային տրավմայի հետևանքով՝ մառանում, որտեղ ցանկանում էր վերցնել սղոցը այն ժամանակ, երբ Փոլն առանց գիտակցության ընկած էր։ Արդյունքում վիրավոր և հիվանդ գրողին շուտով գտնում է ոստիկանությունը։ Բուժվելուց հետո նա կրկին ապրում է սովորական կյանքով, թողարկում Միզերիի մասին նոր վեպ, սակայն բուժքույր Ուիլիքսի տան իրադարձություններն իր վրա թողնում են անմոռանալի հետք․ նրան թվում է, որ Էննին դեռ ողջ է։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Մտահղացումից մինչև հրատարակում

խմբագրել
 
Սթիվեն Քինգը գրել է, որ իր սկզբնական մտահղացումը նման էր արևածաղկի սերմի, որը կարող էր վերածվել զվարճալի և վախենալու գրքի[8]

Վեպը գրվել է 1985 թվականի վերջին[9], իսկ առաջին անգամ տպագրվել է երկու տարի անց՝ 1987 թվականի հունիսին[10][Ն 2][11]։ Այն տպվել է 900 հազար օրինակով[12][Ն 3][13]։ Փափուկ կազմով տարբերակը հայտնվել է միայն մեկ տարի անց, որի տպաքանակը հասել է մինչև 3 միլիոնի[14]։ Գովազդների վրա կատարվող ծախսերը կազմել են 400 հազար դոլար[13]։ Անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «տառապանք», հեղինակի խոստովանությամբ նկարագրում է հենց իր՝ Քինգի հոգեվիճակը, ով այդ պահին տառապում էր թմրամոլությամբ և հարբեցողությամբ[9]։ Պատմության գրման գաղափարն առաջացել էր 1980-ական թվականների սկզբին[8]՝ Կոնկորդ ինքնաթիռով դեպի Լոնդոն թռիչքի ժամանակ և մասամբ ներշնչված էր Իվլին Վոյի «Մարդ, ով սիրում էր Դիքենսին» ստեղծագործությամբ[15]։ Սթիվենը քնել էր և երազ տեսել, որում հայտնի գրողը գերի էր ընկել իր խելագար երկրպագուհու մոտ, ով ապրում էր ֆերմայում։ Երազում առկա էր նաև Միզերի անունով խոզը և գրողի կոտրված ոտքը։ Արթնանալով Քինգը «American Airlines» ընկերության՝ կոկտեյլի համար նախատեսված անձեռոցիկի վրա գրում է տեսածը, որը շուտով կորցնում է։ Նա հատկապես հիշում էր այն բառերը, որոնք արտասանվել էին երկրպագուհու կողմից երազատեսության մեջ․ «Ո՛չ, պարո՛ն, ուղղակի չար կատակ էր, երբ ես խոզին անվանեցի Միզերի։ Խնդրում եմ այդպես չմտածել, պարո՛ն։ Ո՛չ, ես այսպես եմ անվանել իմ կարդացած կուռքի պատվին, որի հանդեպ տածած սերն աշխարհում ամենամաքուրն է։ Ձեզ ամենայն հավանականությամբ հաճելի կլինի»[8]։

Նշված տեղ հասնելով՝ Քինգն իր կնոջ՝ Թաբիթա Քինգի հետ տեղավորվել էր «Բրաունս» հյուրանոցում։ Գիշերը Քինգը ոչ մի կերպ չէր կարողանում քնել, որի հիմնական պատճառը նոր ծագած գաղափարն էր։ Այն բանից հետո, երբ գրողը դռնապանին հարցրել է, թե որտեղ կարող է հանգիստ աշխատել, վերջինս նրան ուղեկցել է աստիճանահարթակի մոտ, որտեղ էլ գտնվում էր Ռեդյարդ Կիպլինգին պատկանող սեղանը։ Խմելով մեծ քանակությամբ թեյ՝ ձեռքի նոթատետրում գրում է տասնվեց էջ։ Ավելի ուշ հեղինակը գրել է․

  Ավարտելով ․․․ ես կանգ առա ընդունարանում՝ դռնապանին ասելու․ «Շնորհակալություն, պարոն Կիպլինգի սեղանից օգտվելու թույլտվություն ստանալու համար»։ «Ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ»,- պատասխանեց նա։ Ինչպես նաև ծածուկ ժպտաց, իբրև թե գիտեր գրողին։ «Կիպլինգը նույնիսկ մահացել է այս սեղանի առջև։ Հարվածից։ Աշխատանքի ժամանակ»։ Ես վերև բարձրացա մի քանի ժամով քնելու համար, սակայն ճանապարհին մտածեցի, թե ինչքան հաճախ են մեզ փաստեր ներկայացնում, առանց որոնց մենք հրաշալիորեն կապրեինք[8]։  

Ստեղծագործության սկզբնական տարբերակը պետք է կազմված լիներ երեսուն հազար բառից[8]՝ «Էննի Ուիլքսի առաջին թողարկումը»։ Քինգի նախնական մտահղացումը մի փոքր այլ էր․ Ուիլքսը պետք է սպաներ Փոլին, նրանով կերակրեր խոզին և նրա կաշվից կարեր հենց իր գրած գրքի կազմը[16]։ Մյուս չիրագործված միտքն ավելի մարդասիրական էր։ Այդ անգամ որպես գրքի կազմ էր օգտագործվելու խոզի կաշին։ Քինգը, դեռ հյուրանոցում գրելով հանգույցը, ինքն իրեն պարզ պատկերացնում էր դեպքերի հետագա զարգացումը։ Փոլի ոսկորները կարելի էր թաղել ցախատան հետևում, իսկ «ամենահամեղ մասերով» կերակրել խոզին։ Իր երևակայության մեջ Սթիվենը վառ կերպով տեսնում էր նաև այն սենյակը, որտեղ պետք է պահվեր Շելդոնը՝ պատված թերթերում տպված «Սիրված վեպերի հեղինակը դեռ չի գտնվել» վերնագրերով հատվածներով[8]։

Քինգի խոստովանմամբ սյուժեի բոլոր դետալները բնակազմական են, իսկ գրելու պրոցեսը՝ զվարճալի[9]։ Գիրքը, որը մի կողմից նաև համարվում է զվարճացնող, աշխատել է մեկից ավելի ընդունման աստիճանում[17]։ Գերբնական տարրերի բացակայության պատճառով Քինգը որոշեց գիրքը թողարկել իր գրական կեղծանվան՝ Ռիչարդ Բախմանի անվան տակ, սակայն շուտով հրաժարվեց այդ մտքից[3][18]։ Իր կարծիքով պատմությունը հիշեցնում է թատրոնի ներկայացում[19]։ Սթիվենը համագործակցել է երեք բժիշկների՝ ֆելդշեր Ռասս Դորրի, բուժքույր Ֆլորենս Դորրի և հոգեբույժ Ջենեթ Օրդուեյի հետ, ովքեր մատակարարում էին փաստացի տվյալներ[4]։ Վեպը դառնում է հինգերորդ ստեղծագործությունը, որը տպագրվում է տասնչորսամյսա ցիկլի ընթացքում[20]։

«Միզերի»-ն նվիրված է Ստեֆանի և Ջիմ Լեոնարդներին։ Ստեֆանին «Քասլ Ռոք» թերթի խմբագիրն էր, ում պարտականությունը կայանում էր երկրպագուների կողմից ստացված նամակների հետ աշխատանքը։ Հարցազրույցի ժամանակ նա հայտարարում է, որ տեղյակ է եղել այն բոլոր դեպքերի մասին, որոնք ոգևորել են Քինգին գրելու գրքեր[20]։ Ստեղծագործության հիմքում ընկած են գրողի անձնական ապրումները։ Քինգը ցանկանում էր դուրս գալ սովորական ժանրի շրջանակից և տեսնում երկրագուների մի մասի դժգոհությունն իր նոր գրքի նկատմամբ։ Որոշ երկրպագուներ վեպն ընդունեցին բացասական, կարծելով, որ գրոտեսկային Էննի Ուիլքսը նվաստացնում է իրենց զգացմունքները։ Մինչդեռ ինքը՝ հեղինակը, հեռու է կանգնում նմանատիպ համեմատություններից։ Նա հայտնում է, որ սիրում է իր մշտական ընթերցողներին և հիշեցնում, որ նրանցից մի քանիսի պահվածքն իրեն վախեցնում է[16]։ 2016 թվականից վեպի տպագրման իրավունքները պատկանում են «Scribner» հրատարակչությանը, որի հետ Քինգը համագործակցել է «Ոսկորներով պարկը» վեպի թողարկումից հետո[21]։

Հերոսները՝ երկու կերպարներ տանը

խմբագրել
 
Բրաունս հյուրանոցը, որտեղ էլ հենց սկսել է գրել «Միզերի»-ն՝ գրողին թվում էր հանգիստ ու հյուրասեր[8]

Ինքը՝ գրողը, վեպը դասում էր պատահարայինների շարքին, ինչպիսիք են «Ջերալդի խաղը» և «Աղջիկը, ով սիրում էր Թոմ Գորդոնին»-ը։ Նա կենտրոնացավ «երկու կերպարներ տանը» պարզ ֆորմուլայի վրա[8][Ն 4][17]։ Էննիի կերպարը շատ դեպքերում հավաքական է։ Նրանում գտան բոլոր վախեցնող երկրպագուների արտացոլանքները։ Քինգը գրել է․ - «Իմ ստեղծած բոլոր կերպարներից, որոնք հայտնի են ընթերցողներին, Էննի Ուիլքսն իմ ամենասիրելին է։ Նա մշտապես ինձ զարմացնում էր, միշտ իրեն դրսևորում էր անկանխատեսելի, հենց դրանով էլ նա իմ աչքին ընկավ։ Նրանում կա ավելի խորություն, և ես չէի պատկերացնում, որ նրան կմոտենամ խղճահարությամբ»[16]։ Էննին դարձավ ավելի ազդեցիկ դեմք, քան ինքն իրեն պատկերացնում էր հեղինակը։ Լինելով կին, նրբորեն կապվելով «աքլորային սերնդին»` նա առանց ավելորդ վարանելության կարողացավ կոտրել իր սիրած գրողի ոտքը։ Ստեղծագործության վերջում կարելի է նրանից ոչ միայն վախենալ, այլ նաև խղճալ[9]։

Էննին վեպում ներկայացվում է որպես հսկայական, անդուր և ճարպակալմամբ տառապող կին։ Այդ մահացու տենդենցները նրա մոտ առաջ են եկել դեռևս պատանեկական տարիքից։ Նա սպանել է այն երեխաներին, որոնց վստահված էր հետևել, ավելի ուշ սպանել է հորը, նույն սենյակում բնակվող հարևանուհուն և հիվանդանոցում եղած տասնյակ հիվանդներին։ Լինելով մոլեռանդ ընթերցասեր` իր խելագար պատկերացումներում նա իրեն համարում է Շելդոնի սիրուհին, ուսուցիչն ու մուսան։ Անտագոնիստուհու սանձարձակ նախընտրությունները ողջամտության հավասարակշռության սահմանից վերածվում են մահացու ցասման[6]։

Չնայած հոգախտաբանությանը, նա խոհուն է և գիտակից։ Ուիլքսն իսկապես համարվում է հերոսուհի, ով փորձում է իր իսկ ստեղծած աշխարհում գոյատևել։ Տրամադրության կտրուկ անկումները Սթիվենը երբեք ուղիղ կերպով չի պատկերել, հերիք էր միայն ցուցադրել չլվացած մազերով լռող կնոջը, ով ագահորեն կուլ էր տալիս կոնֆետներն ու թխվածքաբլիթները՝ մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի հերթական ֆազային հասնելու համար։ Նյութի մատուցման հենց այդ ձևն էլ ստիպեց ընթերցողին հասկանալու նրա խելագարությունը և նույնիսկ նույնացնել ինքն իր հետ։ Արդյունքում Էննին դարձավ ավելի իրական, ինչից էլ ավելացավ նրա սարսափելիությունը։ Իր պատկերացնումներում գրողը պահել էր մի տարբերակ, ըստ որի նա պետք է երևար ինչպես ծեր ագռավ։ «Ո՞վ կցանկանա ծանոթանալ այդպիսի թթված ջադու կնոջ հետ։ Էննի Ուիլքսի այդ տարբերակն արդեն հնացել էր այն ժամանակ, երբ դուրս եկավ «Օզի անհավանական կախարդը»»[22]։ Քինգի կենսագիր Լայզա Ռոուգեկը կարծում էր, որ հերոսուհին հենց Քինգի սեփական թմրանյութային կախվածությունն է[16]։ Այդպես էր մտածում նաև հեղինակը։ Նա կերպարին համեմատեց ալկոհոլի և կոկայինի հետ, որոնցից հրաժարվեց օգտագործել, որոշելով,․- «Հերիք է ես լինեմ իր ձեռքի գրողը»[9]։

Փոլը, լինելով հայտնի վիպագիր, հաջողության հասավ մի այնպիսի կերպար ստեղծելուց հետո, որը «գրավեց» իր ողջ կարիերան։ Միզերի Չեսթեյնն իրեն դարձրեց հայտնի, սակայն Շելդոնը ցանկանում էր լինել ավելին, քան հայտնի գրքերի շարքի հեղինակ։ Նա ցանկանում էր ազատվել գրականական հաջողության աչքերից։ Լինելով Էննիի բանտարկյալը, Փոլը հասկանում է, որ իր մահը բուժքրոջ ձեռքերում է և միայն ժամանակի հարց[6]։ Քինգը համեմատեց Փոլ Շելդոնին իր հետ։ Մի կողմից գրողը համաձայնում է, որ իրենց միջև կա նմանություն, սակայն միայն այն պատճառով, որ իր ստեղծած յուրաքանչյուր կերպար իր մեջ կրում է հեղինակի մի մասը։ Իր կարծիքով Էննի լինելը հետաքրքիր էր ու հեշտ։ Ավելի դժվար էր դառնալ հենց Փոլ։ «Նա սովորական է, ես սովորական եմ, ոչ մի ուղևորություն դեպի Դիսնեյլենդ», - սաստիկ վշտանում էր գրողը[22]։ Մի շարք գրականագետներ կարծեցին, որ կերպարի անվանումը պարզ ակնարկ է Քինգի մրցակից, ամերիկացի գրող և սցենարիստ Սիդնի Շելդոնին[23]։ Ընդհանուր առմամբ գրքում են առկա են հարյուրավոր կերպարներ, որոնց շարքում մասնակիորեն հիշատակվոմ են «Օվերլուկ» հյուրանոցի ձմեռային պահակ Ջեք Թորենսը և «Փայլատակում» վեպի ևս մի գործող կերպար[24]։ Փոլին, որպես սիրային վեպերի հեղինակ, նաև կարելի է հանդիպել «Գրադարանային ոստիկանություն»[25], «Ռոզա Մարենա»[26] և «Հուսահատություն» ստեղծագործություններում[6]։ Շելդոնը մեծացել է Քասփբրակների ընտանիքի կողքին, որը պատկերվում է «Դա» վեպում[27]։

Զուգահեռ

խմբագրել

Երկրպագուների հանդեպ վախը Քինգի մոտ պատահական չէ։ 1991 թվականի ապրիլի 20-ին, պատուհանը կոտրելով, գրողի տուն է մտնում ոմն Էրիկ Քինը։ Աղմուկի պատճառով Թաբիթա Քինգը մտնում է խոհանոց, որտեղ էլ բացահայտում է Քինին, ով թափահարում էր կրեմագույն տուփը, որի մեջ, ըստ իր խոսքերի՝ ռումբ էր։ Հանցագործը սպառնում էր պայթեցնել տունն այն պատճառով, որ Քինգն իբրև իր մորաքրոջից գողացել է «Միզերի»-ի սյուժեն, ով հեռացված էր բուժքույրի աշխատանքից։ Գրողի կինը վազում է դուրս՝ մոտ գտնվող տներում ապրող հարևաններից օգնություն խնդրելու համար, որտեղից էլ զանգում է ոստիկանություն։ Տունը զննող ոստիկանները հանցագործին գտնում են ձեղնահարկում։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ տուփում առկա էր երկու տասնյակից ավելի մատիտներ և թղթե ամրակներ։ Քինին ձերբակալում են և դատապարտում մեկուկես տարվա ազատազրկմամբ։ Այդ դեպքից հետո Քինգերի ընտանիքը ուժեղացնում է տան հսկողությունը և դեպքից վախեցած՝ դադարում դուրս գալ մինչև տարվա վերջ[20][28]։ Քինգի արվեստի հետազոտող Սթենլի Ուեյթերը նաև զուգահեռներ է անցկացրել մի այլ պատմության հետ, որը տեղի է ունեցել 1980 թվականին։ Անծանոթներից մեկը, ով ներկայացել էր որպես «համար առաջին երկրպագու», մոտեցել էր Սթիվենին՝ գրքերից մեկի վրա ստորագրելու խնդրանքով։ Ենթադրաբար նա եղել է Մարկ Դևիդ Չեմփենը, ով սպանել էր Ջոն Լեննոնին[6]։

Վեպը նաև այլ արտացոլանք է գտել գրողի անձնական կյանքում։ 1999 թվականի հունիսի 19-ին Սթիվենը զբոսնում էր Լավելլայի հյուսիսային մասի № 5 մայրուղով՝ կարդալով քայլում։ Dodge բեռնատարը այս ու այն կողմ անելով գնում է դեպի նրա կողմը։ Գրողը փորձում է դուրս պրծնել, սակայն հարվածից խուսափել չի կարողանում։ Վարորդը՝ 42-ամյա Բրայան Սմիթը կանչում է շտապօգնություն։ Քինգին վերջույթների ամենածանր վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոց։ Գրողի մոտ հայտնաբերվել էր առաջին ծնկի վնասվածք, ուսի, չորս կողոսկրերի կոտրվածքներ, գանգի խորը կտրվածք և ողնաշարի ութ ողերի վնասվածքներ։ Ինը տեղից փշրված ոտքը բժիշկները սկզբում ցանկանում էին անդամահատել։ Երկրորդ վիրահատությունից հետո Քինգը բացահայտեց, որ գտնվում է կաթիլայինի տակ, որին միացված էր մորֆին։ Նա մտածեց․ - «Աստվա՜ծ իմ, ես կրկին դարձել եմ թմրամոլ»։ Քինգին խնամող բոլոր բուժքույներին հրահանգվեց, որպեսզի նրանք իրենց թույլ չտան ոչ մի կատակներ «Միզերի»-ի հետ կապված, սակայն նրանցից մեկն այնուամենայնիվ խոսել էր։ «Քինգը գնահատեց աղջկա անկեղծությունը և հավատացրեց նրան, որ աղջիկներից ոչ ոք դեռ չի խոսացել այդ թեմայի շուրջ, սակայն կարող է և իզուր, հաշվի առնելով գրողի մեծ սերը դեպի սև հումորը», - գրել է Ռոուգեկը[29]։

Ընդունում և վերլուծություն

խմբագրել

Գիրքը զբաղեցրեց տարվա բեսթսելլերների ցուցակի չորրորդ հորիզոնականը՝ ըստ «Նյու Յորք Թայմս» թերթի[12]։ Բեսթսելլերների վարկանշային աղյուսակում այն մնաց 30 շաբաթ շարունակ[30][31]։ Այս ցանկում են հայտնվել Քինգի մյուս ստեղծագործությունները՝ «Վիշապի աչքեր»՝ 9-րդ և «Թոմմինոքերները»՝ առաջին հորիզոնականում[32]։ Վեպը 1987 թվականին ստացավ «Բրեմ Սթոքերի մրցանակ»[33][34]։ «Rolling Stone» ամսագրի քվեարկությունում վեպը զբաղեցրեց հեղինակի տասը լավագույն վեպերի 5-րդ հորիզոնականը[35]։ Գիրքը ստացավ հիացական մի շարք արձագանքներ[36][37]։ «Վաշինգտոն Փոստ»-ի տեսաբան Քերոլին Բենքսը նշեց, որ ստեղծագործությունը համարվում է Քինգի ամենահզոր ինքնակենսագրական աշխատանքը, որում առկա են սև հումորի զգալի տարրեր[36][38]։ Շերոն Դելեմոդոն կարծում էր, որ վեպը պատմում է հեղինակի բեսթսելլերների և իր սեփական պոռթկումների կռվի մասին։ Փոլ Շելդոնի համար գրական ժանրի հարցերը դառնում են գոյատևման հարցեր։ Կառուցված պոստմոդեռնիստական ֆրագմենտացիայով, ստեղծագործությունը կոտրում է ընթերցողի և տեքստի միջև պատնեշը, միավորում է ժանրերը և երևում որպես բարձրագույն գրականության և գռեհիկ բովանդակությամբ գրքի խառնուրդ[3]։

Թոնի Մեջիսթրեյլը նշեց, որ վեպը ավելի շատ հիշեցնում է դասական հունական դրամա, որտեղ իրար են հաջորդում բնապատկերային ետնանկարներ և հերոսների սակավ քանակ, որոնք ելույթ են ունենում թատրոնի հանդիսատեսի առջև։ «Միզերի»-ի թողարկումը համարվում է գրողի կարիերայի փոփոխությունների նախակարապետը, քանի որ վեպը հիմք դրեց իր հիմնական սեռական պրոբլեմատիկային։ Ստեղծագործությունը նշանավորվում է իր փոփոխությամբ, որն ընդգծում է իգական սեռի կերպարների նոր նշանակությունը։ «Միզերի»-ում ընթերցողը հանդիպում է ցասումով և անկախ կնոջ ստեղծելու Քինգի առաջին փորձին, ով ո՛չ սուրբ է, ո՛չ էլ անբարոյական։ Ի տարբերություն Դոնի Թրենտոնի՝ պասսիվ զոհի, ով ակտիվանում է միայն այն իրավիճակում, երբ որդուն վտանգ է սպառնում, Էննի Ուիլքսը դառնում է Սթիվեն Քինգի գեղարվեստական գրականության այն միակ կանանցից մեկն, ով ոչ միայն տիրապետում է իրական իշխանությանը, այլ նաև չի կարողանում այն օգտագործել գիտակցաբար։ Չնայած վեպը զուրկ է ֆեմինիզմից, ուժի և խելքի տեսանկյունից Էննին դառնում է վեհապանծ նախատիպ։ Նրան կարելի է դիտարկել որպես իր հիվանդության անմեղ զոհ[7][30]։

 
Կատցենբախն ընդգծեց Էդգար Ալլան Պոյի, Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթի և Ամբրոզ Բիրսի հիմնած ավանդույթների հեռավորությունը

Վադիմ Էրլիխմանը հայտարարեց, որ Քինգի գաղտնիքն ամենալավը բացահայտվում է նեղ տարածքում։ «Միզերի»-ում հեղինակին հաջողվեց արտասովոր ուժով պատկերել Էննիի խելագարությունը և գերու տառապանքները։ Սթիվենն արտացոլեց ոչ միայն ֆիզիկական ցավը, այլ նաև հոգեկանը, որն ավելի վառ կերպով երևաց կիսագրագետ բուժքույրի հրամանով Շելդոնի տեքստի ուղղման տեսարանում։ Էրլիխմանը նաև նշեց այն ոչ պատահականությունը, որտեղ նկարագրվում են ցավազրկողների օգտագործման տեսարանները՝ կապված հեղինակի անձնական կյանքի հետ։ Թաբիթա Քինգը կարծում էր, որ ստեղծագործությունը նվիրված է գրողի և ընթերցողի, հայտնի մարդու և իր երկրպագուի դեպի վատ կողմով ընթացող հարաբերությունները[18]։ «Publishers Weekly»-ի գրախոս Սիբիլ Շտեյնբերգը բարձր գնահատեց «Միզերի»-ն, նշելով, որ վախենալու րոպեները վառ կերպով հետևվում են գրողի և իր հանդիսատեսի կողմից[39]։ Քերեն Լիբերեյտորը՝ «San Francisco Chronicle»-ի աշխատակիցը գիրքն անվանեց լավ սարսափ, որտեղ Շելդոնի տառապանքները դարձան Քինգի փոխաբերական դժբախտությունները[40]։ Բրիտանական ամսագիր «New Statesman»-ի բնագիր Քիմ Նյումանը կարծեց, որ Քինգն իր վեպում բացում է կոմպլեքսների և նևրոզների մի ամբողջ շրջան։ Իր կողմից ստեղծված Էննի Ուիլքսը դառնում է ամենասարսափելի հրեշը․ - «Բացարձակ չարություն՝ բացարձակ տափակության մեջ», - գրում էր տեսաբանը[41]։

Ըստ Քեթլին Լենթի, վեպն ավելի շատ համարվում է խելքի ուժի և ստեղծագործական պրոցեսի վրա հանդիսատեսի ճնշման թեմատիկայի մանրազնին հետազոտություն։ Իր կարծիքով «Միզերի»-ի թողարկման պահին Քինգը հասել էր ճգնաժամի՝ իր հանդիսատեսի հետ հարաբերություններում։ Իր ստեղծագործությունում Սթիվենը դուրս թափեց ամենաուժգին զայրույթը, որը կուտակվել էր իր ընթերցողների նկատմամբ՝ ստեղծելով խելագար երկրպագուհի Էննի Ուիլքսին, ով համարվում է ամենավատ երևակայությունների մարմնավորումը։ Այդ «համար առաջին» երկրպագուհին վնաս է հասցնում աշխատանքին, այլասերում է ոճը և նույնիսկ վտանգի տակ դնում գրողի կյանքը։ Գրքի ամենասարսափելի մասերի շարքին Քեթլինը դասում է Փոլ Շելդոնի մտավոր և ֆիզիկական տառապանքները[36]։

«The New York Times»-ի քննադատ Ջոն Կատցենբախն ասաց, որ «Միզերի»-ն հետաքրքրություն է առաջացնում նույնիսկ առանց Քինգի գրական ֆենոմենի։ Գրախոսն ընդգծեց հեղինակի սատանիստական, վամպիրիստական և դարձորյակիստական թեմատիկաներից անցումը։ Փաստացի գիրքը պատկանում է ուրիշ ժանրի, որը կենտրոնանում է միայն երկու կերպարների վրա, իսկ գործողությունների մեծ մասը տեղի են ունենում մի փոքր սենյակում։ Իր կարծիքով երկրպագուներին պետք է ոգևորի Էննիի և Փոլի հարաբերությունների ամբողջ սարսափը։ Իր վեպում Քինգը նմանվում է Շահրազադային։ Մտորելով գրականության ազդեցության մասին, ստեղծագործության ընթացքում առաջանում է միտք, որ արվեստը գործողություն է, որում արարիչը դառնում է գերի։ Հոգեբանության մեջ խորանալով այն դառնում է Քինգի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Կատցենբախը հայտարարեց, որ երկու գործող դեմքերից ավելի լավ էր մշակված Փոլ Շելդոնը, մինչ բուժքույր Ուիլքսը ողջ գրքի ընթացքում մնում էր սարսափի անշեղ աղբյուր։ Իմի բերելով խոսքը, լրագրողը գնահատեց վեպի ռեալիստականությունը, որն էլ վերջինիս լարվածություն է հաղորդում[13]։

Սթենլի Ուեյթերը տեղեկացրեց, որ գրողը որպես գլխավոր հերոս, Քինգի ստեղծագործություններում հայտնվել է «Թոմինոքերներ»-ում, «Մռայլ կես»-ում և «Ոսկորներով պարկ»-ում, սակայն միայն «Միզերի»-ն դարձավ ամենանշանավոր վեպը, որը կենտրոնացել էր այդ մասնագիտության վրա։ Իր խոսքերով, ոչ ոք չէր կարող գրել հայտնի մարդու մասին՝ հետապնդված խելագար երկրպագուների կողմից, որքան բեսթսելլերների հեղինակը՝ շրջապատված գժված ֆանատներով։ Ուեյթերը Էննիին անվանեց «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի» կանացի տարբերակը։ Նա կարծում էր, որ նրա մահն իզուր էր։ «Առանց նրա Միզերի Չեսթեյնը երբեք մեռածներից չէր վերակենդանանա՝ ի ուրախություն միլիոնավոր երկրպագուների»[6]։

Ադապտացիա

խմբագրել

Վեպն էկրանավորվել է 1990 թվականին՝ Ռոբ Ռայների կողմից։ Նախկինում ռեժիսորն աշխատել է «Մարմին» վիպակի հիման վրա նկարահանված «Մնա ինձ հետ» ֆիլմի նկարահանումների վրա։ Կինոշղթան պատրատվում էր «Նելսոն էնթերթեյնմենթ» անկախ ստուդիայում։ Որպես պրոդյուսեր հանդես եկավ Էնդրյու Շեյնմանը, իսկ սցենարի աշխատանքները ստանձնեց Ուիլիամ Գոլդմենը։ Ռայները բացատրեց, որ ֆիլմում որոշել է ազատվել գրքում առկա ամենաարյունոտ տեսարաններից և կենտրոնանալ գրողի և երկրպագուհու միջև «շախմատային պարտիայում»[42]։ Էկրանավորման սյուժեն դուրս եկավ ավելի «թեթևամիտ»։ Նշանակալի չափով կրճատվել էր Փոլի կախվածությունը նովրիլից, իսկ հուսահատությունը, որը վեպի հիմնական տարրն էր, ֆիլմում այն փոխարինվում է փրկության ճանապարհների մշտական փնտրտուքներով։ Կինեմատոգրաֆիական Էննին ավելի քիչ դաժան է, քան իր գրքային տարբերակը։ Ֆիլմում նաև հայտնվում է շերիֆ Բաքսթերը և իր կին Վիրջինիան, որոնք երկուսն էլ բացակայում են վեպից։ Էկրանավորման մեջ նրանց առկայությունը հաղորդում է կոմիկական տարր և Էննիի և Փոլի հարաբերությունների հակադրությունը[7]։

Էրլիխմանի կարծիքով ֆիլմում հրաշալի կերպով պահպանված է օրիգինալ սյուժեի լարվածությունը, ինչը Ռայների աշխատանքը նմանեցրեց Հիչքոքի ստեղծագործություններին։ Էննիի դերը տրվեց Քեթի Բեյթսին, իսկ Փոլինը՝ Ջեյմս Կաանին։ Բեյթսը լավագույն կանացի դերի համար ստացավ «Օսկար» և «Ոսկե գլոբուս»։ Ընդհանուր առմամբ Քինգն այդքան էլ գոհ չէր ստացված ֆիլմից․ - «Վեպն ավելի շատ այն մասին է, թե ինչպես կարող է գրողը ողջ մնալ՝ թաքնվելով իր իսկ երևակայությունների մեջ, ինչպես քարանձավում։ Ֆիլմում այդ թեման ընդհանրապես ներկայացված չէ, այդ պատճառով էլ այն 12-գլանանոց մեքենայի տեսք ունի, որում աշխատում են միայն 9 գլանները»։ Չնայած այդ ամենին, նա կինոնկարն անվանեց հրաշալի[43]։ Ֆիլմն ունեցավ կոմերցիոն հաջողություն՝ 20 միլիոն բյուջեով այն հավաքեց 61 միլիոն դոլար[44]։ Rotten Tomatoes ագրեգատորի կայքում ֆիլմի վարկանիշը 100 առավելագույնից կազմել է 93%։ Կայքի բնագիրը․ - «Սթիվեն Քինգի լավագույն ադապտացիան՝ այսօրվա դրությամբ»[45]։ «Միզերի»-ն դարձավ «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի պարոդիայի օբյեկտը՝ «Երեք արքաներ» սերիայում[46]։

Թատրոն

խմբագրել

Վեպը մեկ անգամ չէ որ ադապտացվել է որպես թատրոնի ներկայացում։ Պրոդյուսերներից մեկը, ով ցանկանում էր ադապտացիան ցուցադրել Բրոդվեյում, Քինգին ուղարկեց գլխավոր դերի հիմնական թեկնածուներին։ Նրանց շարքում տեսնելով Ջուլիա Ռոբերթսին, Քինգը միանգամից մերժեց նրա թեկնածությունը, ասելով, որ Էննին մարմնեղ կին է և այդ դերը «Սիրունիկի» համար չէ[47]։ 2005 թվականին «Միզերի»-ն սկսեց ցուցադրվել լոնդոնյան թատրոն՝ «King's Head Theatre»-ում։ Փոլի դերը մարմնավորեց Մայքլ Փրեյդը[48]։ Վեպի հիման վրա պիեսը մշակվել է Warner Bros. Entertainment-ի թատրոնային մասնաճյուղի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Նյու Հոուփ քաղաքում գտնվող «Bucks County Playhouse» թատրոնում։ Սցենարը գրվել է Ուիլիամ Գոլդմենի կողմից։ Այն պատրաստվել էր Ուիլ Փրերսի և բրոդվեյան այնպիսի գործիչների կողմից, ինչպիսիք են Օսկարակիր Էնն Ռոթը, ով հագուստի պատասխանատուն էր, և կոմպոզիտոր Մայքլ Ֆրիդմանը[49]։

Ըստ Ուիլ Ֆրերսի, ներկայացման հիմքում ընկած է երկու տխուր ու հուսահատված մարդկանց մասին ողբերգական մի պատմություն։ Ադապտացիայի վրա աշխատելիս ստեղծողներն իրենց հարց տվեցին՝ արժե՞ արդյոք գործողությունները տեղափոխել ժամանակակից աշխարհ, սակայն արդյունքում հասկացան, որ երկրպագուների մշակութային սովորույթները տասը տարվա ընթացքում փաստացի փոփոխություններ չեն կրել և որոշեցին ետ չմնալ աղբյուրից[50]։ 2015 թվականի հոկտեմբերին ներկայացումը սկսեց ցուցադրվել Թոնի մրցանակաբաշխությանը երկու անգամ հաղթանակած Լորի Մետքալֆի և Բրյուս Ուիլիսըի մասնակցությամբ։ Ուիլլիսի համար, չհաշված երիտասարդ տարիքում խաղացած փոքր բյուջեով թատրոնների դերերը[51], այս մեկով նա կատարեց իր թատրոնային դեբյուտը[52]։ Իր դերը նա նկարագրել է այսպես․ - «85 րոպե անկողնում և ընդամենը մի քանի ակնթարթ դրանից դուրս»[53]։ Բեմականացումը ցուցադրվել է 16 շաբաթ շարունակ[54]։

Նշումներ

խմբագրել
  1. Ըստ հեղինակի՝ դեղամիջոցը հորինված է, որը, սակայն, ունի իր բնօրինակը։
  2. Աուդիոգիրքը, որը ընթերցում է Լինդսի Կրաուսը, հայտնվել է միայն 1995 թվականին։
  3. Այլ տեղեկությունների համաձայն՝ տպաքանակը կազմում էր 1 միլիոն։
  4. Անձնական հարցազրույցներում ֆորմուլան անվանեց մի փոքր այլ կերպ՝ «երկու կերպարներ ննջասենյակում»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «1988 թվականի Համաշխարհային ֆենտեզի մրցանակաբաշխության հաղթողներն ու անվանակարգվածները». Worlds Without End. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.
  2. Slusser, George Edgar; Rabkin, Eric S., eds. (1992). Ստեղծման ոճերը։ Աէսթետիկ տեխնիկան և գեղարվեստական աշխարհների ստեղծումը. University of Georgia Press. էջ 177. ISBN 9780820314914.
  3. 3,0 3,1 3,2 George Edgar Slusser, Eric S. Rabkin (Sharon Delemedo). Գլուխ 13. Born of Misery: (En)Gendered Text // Styles of Creation: Aesthetic Thechnique and the Creation of Fictional Worlds. — University of Georgia Press, 1992. — С. 172-173, 177. — 271 с.
  4. 4,0 4,1 Սթիվեն Քինգ Վեպի սկզբնական խոսքը // Միզերի. — Москва: АСТ, 2004. — С. 7. — 381 с. — (Համաշխարհային դասականներ). — 4000 экз. — ISBN 5-17-025547-0
  5. Սթիվեն Քինգի գոթական աշխարհը։ Մղձավանջների բնապատկերները. — Popular Press, 1987. — С. 13-15. — 143 с. — ISBN 0879724110
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 45. Միզերի // The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — New York: Macmillan, 2006. — С. 354-358. — 544 с. — ISBN 978-0-312-32490-2
  7. 7,0 7,1 7,2 Թոնի Մեջիսթրեյլ Հոլիվուդի Սթիվեն Քինգը. — Նյու Յորք: Palgrave Macmillan, 2003. — С. 61-71. — 233 с. — ISBN 0-312-29320-8
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Սթիվեն Քինգ Ինչպես գրել գրքեր․ գլուխ 5 // Ինչպես գրել գրքեր։ Հիշողություններ = On Writing. — Москва: АСТ, 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Սթիվեն Քինգ Կյանքի նկարագրություն. Գլուխ 36 // Ինչպես գրել գրքեր։ հիշողություններ կյանքից = On Writing. — АСТ, 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7
  10. «Միզերի» (անգլերեն). Stephenking.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  11. «Միզերի» (անգլերեն). Stephenking.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  12. 12,0 12,1 Ռոուգեկ, 2011, с. 247-248.
  13. 13,0 13,1 13,2 John Katzenbach. (1987 թ․ մայիսի 31). «Ամառային ընթերցանություն։ Շելդոնը գլխատվեց» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  14. Մինչև մահ վախեցնել մեզ։ Սթիվեն Քինգի բախումը ժամանակակից մշակույթի հետ. — Second. — Wildside Press LLC, 1997. — С. 51. — 168 с. — (Milford series: Popular writers of today). — ISBN 0930261372
  15. «Միզերի։ Ոգեշնչում» (անգլերեն). Stephenking.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Роугек, 2011, с. 256—258.
  17. 17,0 17,1 Christopher Lehmann-Haupt, Nathaniel Rich. «Սթիվեն Քինգ, վիպագրության արվեստ No. 189» (անգլերեն). The Paris Review. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  18. 18,0 18,1 Միզերի // Սթիվեն Քինգ։ Ա-ից Ֆ։ Իր կյանքի և աշխատանք հանրագիտարանը. — Կանզաս Սիթի: Andrews McMeel Publishing, 1998. — С. 138-140. — 257 с.
  19. «Սթիվեն Քինգի հարցազրույցը՝ չկտրված և չհրապարակված» (անգլերեն). The Guardian. 2000 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  20. 20,0 20,1 20,2 Stephen J. Spignesi Համար 7. Միզերի // Եթերային Սթիվեն Քինգը։ Աշխարհի ամենահայտնի գրողի ամենահանճարեղ վեպերի, պատմվածքների, ֆիլմերի և այլ ստեղծագործությունների վարկանիշերը. — Franklin Lakes: Career Press, 2001. — С. 37-40. — 359 с.
  21. Gary Price. (2015 թ․ հոկտեմբերի 12). «Publishing: Scribner/Simon & Schuster Acquires Majority of Stephen King's Body Of Work» (անգլերեն). Library Journal. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  22. 22,0 22,1 Սթիվեն Քինգ Ինչպես գրել գրքեր. գլուխ 8 // Ինչպես գրել գրքեր։ Հիշողություններ = On Writing. — Москва: АСТ, 2002. — 316 с. — ISBN 5-17-007777-7
  23. Սերգեյ Կուդրավզեվ Միզերի. թրիլլեր՝ առակի տարրերով // Книга кинорецензий «3500». А-М. — Твердый переплет. — Москва: Печатный двор, 2008. — Т. 1. — 687 с. — 3000 экз. — ISBN 978-5-9901318-1-1
  24. ««Միզերի»-ի կերպարների ցանկը» (անգլերեն). Stephenking.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  25. «Library Policeman, The Characters List» (անգլերեն). Stephenking.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  26. «Rose Madder Characters List» (անգլերեն). Stephenking.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  27. James Smythe. (2013 թ․ հուլիսի 30). «Կրկին կարդալով Սթիվեն Քինգին, գլուխ 24․ Միզերի» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  28. Ռոուգեկ, 2011, с. 278.
  29. Ռոուգեկ, 2011, с. 334—341.
  30. 30,0 30,1 Tony Magistrale. Գլուխ 1։ Գրողի կյանքը։ Սթիվեն Քինգի կենսագրությունը // Սթիվեն Քինգ․ Ամերիկայի հեքիաթասածը. — Սանտա Բարբարա: ABC-CLIO, 2010. — С. 17-18. — 181 с. — ISBN 978-0-313-35228-7
  31. Doreen Carvajal. (1997 թ․ հոկտեմբերի 27). «Who Can Afford Him?; Stephen King Goes in Search of a New Publisher» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  32. Edwin McDowell. (1988 թ․ հունիսի 1). «1987 թվականի բեսթսելլերները» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  33. «Բրեմ Սթեքերի մրցանակաբաշխություն» (ռուսերեն). Ֆանտաստիկայի լաբորատորիա. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  34. «Անցյալ Բրեմ Սթոքերի մրցանակաբաշխության անվանակարգվածներն ու հաղթողները» (անգլերեն). Horror.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  35. Andy Greene. (2014 թ․ նոյեմբերի 5). «Ընթերցողների քվեարկություն։ Սթիվեն Քինգի 10 լավագույն վեպերը» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  36. 36,0 36,1 36,2 Kathlenn Margaret Lant. The Rape of Constant Reader: Stephen King's Construction of the Female Reader and Violation of the Female Body in Misery // Blooms modern critical views: Stephen King. Updated edition / Harold Bloom. — Նյու Յորք: Infobase Publishing, 2006. — С. 141-164. — 237 с. — ISBN 978-1-4381-1348-7
  37. Michael Gray Baughan. Սթիվեն Քինգ. — Նկարազարդված թողարկում. — Նյու Յորք: Infobase Publishing, 2009. — С. 79-80. — 136 с. — (Who Wrote That?). — ISBN 978-0-7910-9852-3
  38. Carolyn Banks. Միզերի(անգլ.) // Վաշինգտոն Փոստ : Թերթ. — Վաշինգտոն: Washington Post Company, 14 июня 1987.
  39. Sybil Steinberg. Միզերի(անգլ.) : Նորությունների ամսագիր. — ԱՄՆ: PWxyz LLC, 1 мая 1987. — С. 52.
  40. Karen Liberatore. Միզերի(անգլ.) // San Francisco Chronicle : Газета. — Սան Ֆրանցիսկո: Hearst Corporation, 29 мая 1987.
  41. Գլուխ 11. վերջաբանի իմաստը // Սթիվեն Քինգ։ Կենսագրությունը. — Վեսթպորտ: ABC-CLIO, Greenwood Press, 2008. — С. 83. — 216 с. — ISBN 978-0-313-34572-2
  42. Ուիլիամ Գոլդմեն Ի՞նչ սուտ եմ ես պատմել։ Ավելի շատ արկածներ կինոնկարում. — Vintage, 2001. — С. 40. — 512 с. — ISBN 0-375-70319-5
  43. Էնդի Գրին (2014 թ․ հոկտեմբերի 31). «Սթիվեն Քինգ։ The Rolling Stone-ի հարցազրույցը» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  44. «Միզերի» (անգլերեն). Powergrid. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  45. «Միզերի (1990)» (անգլերեն). Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  46. Ասան Հաք (2009 թ․ մայիսի 11). «Family Guy: "Three Kings" Review» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  47. Մարշայլ Ֆայն (2007 թ․ հուլիսի 18). «Ինչպես է ապրում մռայլ կեսը» (անգլերեն). Daily News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  48. Մայքլ Փրեյդ (2005). «Նորություններ». Մայքլ Փրեյդի պաշտոնական կայքը. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  49. Patrick Healy. (2012 թ․ սեպտեմբերի 24). «ARTSBEAT; Stephen King's 'Misery' Is Resurrected» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  50. «Exclusive InDepth InterView: William Goldman & Will Frears Discuss MISERY Onstage - Is Broadway Next?» (անգլերեն). Broadwayworld.com. 2012 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  51. «Բրյուս Ուիլլիսն իր դեբյուտն է անում Բրոդվեյում» (ռուսերեն). Российская газета. 2015 թ․ մարտի 5. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  52. Broadway.com Staff. (2015 թ․ օգոստոսի 3). «Բրոդվեյում Սթիվեն Քինգի «Միզերի» ներկայացման տոմսերն արդեն հասանելի են պատվիրելու համար։ Գլխավոր դերերում՝ Բրյուս Ուիլլիս և Լորի Մետքալֆ» (անգլերեն). Broadway.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  53. Ալեքսիս Սոլոսկի (2015 թ․ սեպտեմբերի 10). «Անկողնում Բրյուս Ուիլլիսի հետ (Բրոդվեյում)» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  54. Գորդոն Կոքս (2015 թ․ հունիսի 23). «Այս աշնանը Լորի Մետքալֆը կմիանա Բրյուս Ուիլլիսին՝ Բրոդվեյում խաղալու Սթիվեն Քինգի «Միզերի» վեպը» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • StephenKing.com. — Վեպի էջը Սթիվեն Քինգի պաշտոնական կայքում«Միզերի» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզերի (վեպ)» հոդվածին։