Ճարմանայի ճակատամարտ
Ճարմանայի ճակատամարտ, ռազմական բախում մի կողմից Մարզպանական Հայաստանի և Վրաց մարզպանության, իսկ մյուս կողմից Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 482 թվականին Ճարմանայն դաշտում։ Վրաց մարզպանությունը վերստին նվաճելու և Վախթանգ թագավորի ապստամբությունը ճնշելու նպատակով, 482 թվականի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ, Միհրանի հրամանատարությամբ, Աղվանքի վրայով ներխուժում է Վրաստան և բանակում Ճարմանայն դաշտում։ Վախթանգ թագավորը ռազմական օգնություն է խնդրում դաշնակից հոներից և հայերից։ Հայկական զորքը, Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ, անցնում է Կուրը,սակայն հասնելով պատերազմի դաշտ Վահան Մամիկոնյանը նկատում է որ բացակայում են և՛ Հոները,և՛ վրաց ուժերը։Հակառակորդի հսկայական զորաճամբարի դիմաց հայերը մնում են միայնակ։ ։ Վահան Մամիկոնյանը փոքրաթիվ զորքերի մարտակարգը դասավորում է աջ և ձախ թևերի, կենտրոնի և պահեստազորի։ Ճակատամարտը վերջանում է հայերի պարտությամբ։[1]։
Թվական | 482 թվական |
---|---|
Մասն է | Վահանանց պատերազմ |
Վայր | Ճարմանայն դաշտ |
Արդյունք | Սասանյան Պարսկաստանի հաղթանակ |
Հակառակորդներ | |
![]() Վրաց մարզպանություն | ![]() |
Հրամանատարներ | |
![]() | ![]() |
Կողմերի ուժեր | |
Ռազմական կորուստներ | |
Ծանր | Թեթև |
Ընդհանուր կորուստներ |
Նախապատմություն
խմբագրելԱրևելյան Վրաստանում թագավոր Վախթանգ Գորգասալ ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից դրածո բդեշխ Վազգենին։ Նա նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր՝ Շուշանիկի ամուսինը, որն ուրացել էր քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես կրոնափոխ լինի, բայց նա չէր ուրացել և նահատակվել էր դրա համար։ Այս սպանությունից հետո ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում սկսվում է ապստամբություն։ 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել։ Ստեղծվում է նոր կառավարություն՝ երկրի մարզպան է դառնում Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։ Այս ամենի հետևանքով Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքում և ներխուժում Հայաստան[2]։
Ատրվշնասպի զորքի թիվը հասնում էր 7 հազարի, իսկ հայ ապստամբներինը՝ 400-ի։ Հայ ապստամբներին առաջնորդում էր Վահան Մամիկոնյանի եղբայրը՝ Վասակը, որը հասկանալով, որ անհնար է բաց տեղանքում պարսիկների այսպիսի թվային առավելության դեպքում հաղթանակ տանել, ընտրում է մի հարմար տեղանք՝ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղը։ Տեղի ունեցած ճակատամարտում հայերը լիակատար հաղթանակ են տոնում, սպանվում է նաև պարսից հրամանատար Ատրվշնասպը, իսկ Վասակը հանդիսավոր վերադառնում է Դվին[3][4]։ Ակոռիի ճակատամարտից հետո հայոց իշխանական զորքը շտապ առաջխաղացում է ցուցաբերում՝ փորձելով թույլ չտալ պարսիկներին ներխուժել երկրի Միջնաշխարհ։ Հաջորդ ճակատամարտը տեղի է ունենում Ավարայրի դաշտից քիչ հեռու գնվող Ներսեհապատ գյուղում, որտեղ պարսիկները նախահարձակ են լինում։ Սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հակահարված տալ հակառակորդին և հաղթանակ տոնել[4]։
Ճակատամարտ
խմբագրելՎահանանց պատերազմի երկրորդ ճակատամարտից հետո, Վրաց մարզպանությունը վերստին նվաճելու և Վախթանգ թագավորի ապստամբությունը ճնշելու նպատակով, 482 թվականի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ, Միհրանի հրամանատարությամբ, Աղվանքի վրայով ներխուժում է Վրաստան և բանակում Ճարմանայն դաշտում։ Վրաց արքա Վախթանգը, իմանալով այդ մասին, օգնության է կանչում հայերին։
Վահան Մամիկոնյանը չի կարողանում մերժել վրաց թագավորի խնդրանքը, ուստի հայոց բանակն ամռանն ուղևորվում է Վրաստան։
Ճակատամարտից առաջ հայոց սպարապետը զորքը բաժանում է 3 մասի․
- Կենտրոնի հրամանատարությունը հանձնվում է Ներսեհ և Հրահատ Կամսարականներին, իսկ որպես օգնական նշանակվում է Դնունյաց իշխանը։
- Ձախ թևը հանձնվում է Վախթանգ թագավորին։
- Աջ թևը հանձնվում է Բարշղ Վահունուն, իսկ որպես օգնական նշանակվում է Սոտոնի Գաբեղյանը։
- Պահեստազորի հրամանատարությունը հանձնվում է Սահական Բագրատունուն, իսկ որպես օգնական՝ Բաբկեն Սյունուն։
Ճակատամարտը սկսվում է փոխադարձ գրոհներով։ Կամսարականները, զարգացնելով կենտրոնի նախաձեռնությունը, հաղթում են իրենց դեմ կռվող զորամասին և նվաճում Կուրի աջ ափը։ Սակայն աջ և ձախ թևերը չեն կարողանում զարգացնել այդ հաջողությունը։ Ձախ և աջ թևերը, առանց լուրջ դիմադրության, խուճապահար նահանջում են։ Օգտվելով իրավիճակից՝ պարսից Միհրան զորավարը վերադասավորում է ուժերը և կարողանում հաղթել ճակատամարտը։ Կռվի ընթացքում զոհվում են Վահան Մամիկոնյանի եղբայր Վասակը և սպարապետ Սահակ Բագրատունին, գերի են վերցվում Հրահատ Կամսարականը, Սյունյաց սեպուհ Յազդը և ուրիշներ։ Հայկական զորքերը պարտությունից հետո նահանջում են Տայք։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունենում Բասենի Դու գյուղի մոտ, որտեղի բանակցությունների ընթացքում Միհրանը ցանկանում էր համոզել Վահանին, որպեսզի նա վերջ տա հայերի և պարսիկների միջև թշնամությանը և հնազանդվի նրան՝ խոստանալով բարձր պաշտոններ և պատիվներ։ Միհարնը հայոց սպարապետի կողմից մերժում է ստանում, սակայն նրանց միջև կռիվ տեղի չի ունենում, քանի որ Միհրանը կանչվել էր հեփթաղների դեմ ուղարկվելու համար։ Ներսեհ Կամսարականը, հետապնդելով Պարսկաստան վերադարձող զորաբանակին, Բագրևանդ գյուղի մոտ անսպասելի գրոհով կարողանում է ազատել եղբորը՝ Հրահատին։ Պարսից ուժերի հեռանալուց հետո Վահան Մամիկոնյանը աշնանը վերադառնում է Դվին և վերակառուցում բանակը։
արդյունքներ
խմբագրելԱյս և ապստամբության այլ ճակատամարտերի արդյունքում (Ներսեհապատի, Դվինի) կնքվում է Նվարսակի պայմանագիրը, ըստ որի[5]՝
- Վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար։
- Սասանյան Պարսկաստանի թագավորի և հայերի միջև այսուհետ միջնորդներ չպետք է լինեին։
- Չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ «երկերեսանի, բախտախնդիր անձանց» ամբաստանություններին, ունկնդրել «ուղղամիտ» մարդկանց խորհուրդները։
- Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը կարևոր դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 291
- ↑ Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 113.
- ↑ Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 114.
- ↑ 4,0 4,1 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 79–85.
- ↑ Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 27-33
- ↑ Լեո, Երկեր, հ. 2, Երևան, 1967թ., էջ 126-128։