Ակոռիի ճակատամարտ
Ակոռիի ճակատամարտ, ռազմական բախում Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 481 թվականին Այրարատ նահանգի Մասյացոտն գավառի Ակոռի գյուղի մոտ։ Հայկական կողմի հրամանատարն էր սպարապետ Վասակ Մամիկոնյանը, իսկ պարսկական կողմինը՝ մարզպան Ատրվշնասպը։
Թվական | 481 թվական |
---|---|
Մասն է | Վահանանց պատերազմ |
Վայր | |
Արդյունք | Մարզպանական Հայաստանի հաղթանակ |
Հակառակորդներ | |
![]() | ![]() |
Հրամանատարներ | |
![]() | ![]() |
Կողմերի ուժեր | |
400 | 7000 |
Ռազմական կորուստներ | |
թեթև | ծանր |
Ընդհանուր կորուստներ |
Վահանանց ապստամբության շրջանակներում տեղի են ունեցել նաև ՆԵրսեհապատի, Ճարմանայի, Դվինի և մի շարք այլ ճակատամարտեր ու կռիվներ, որոնց հետևանքով 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Նվարսակի պայմանագիրը։ Այդ պայմանագրով պարսիկները վերջնականապես հրաժարվել են Հայաստանի բնակչության կրոնափոխության մտադրությունից, իսկ հայ իշխանները՝ ստանում են ներքին ինքնավարություն։ 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն և ստանում Հայաստանի տանուտերի, իսկ ավելի ուշ՝ մարզպանի պաշտոնները։
Նախապատմություն
խմբագրելԱրևելյան Վրաստանում թագավոր Վախթանգ Գորգասալը ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից դրածո բդեշխ Վազգենին։ Նա նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր՝ Շուշանիկի ամուսինը, որն ուրացել էր քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես կրոնափոխ լինի։ Վերջինը չէր ուրացել և նահատակվել էր դրա համար։ Այս սպանությունից հետո ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում սկսվում է ապստամբություն։ 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել։ Ստեղծվում է նոր կառավարություն։ Երկրի մարզպան է դառնում Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։ Այս ամենի հետևանքով Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքում և ներխուժում Հայաստան[1]։
Ճակատամարտ
խմբագրելԱպստամբությունը դեռևս անկազմակերպ դրության մեջ էր, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով հայերը ստիպված են լինում ներգրավվել պատերազմական գործողություններում։ Ատրպատական փախած հայ դավաճաններն Ատրվշնասպին խորհուրդ են տալիս հարձակվել հայերի վրա, և նա արագ 7 հազարանոց բանակ է հավաքում ու շարժվում դեպի Հայաստան։ Հեղափոխական կառավարությունը, որը սկզբնապես որոշել էր տեղափոխվել Տայք, մնում է Դվինում և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանի հրամանատարությամբ մի ստորաբաժանում ուղարկում Արաքս գետի ափ։ հրամանատարությունը որոշել էր ամրանալ Կռվակք գյուղում, սակայն Ատրվշնասպ մարզպանն ավելի շուտ է հասնում այնտեղ։
Հայկական զորաբաժինն այդ ժամանակ չէր գերազանցում 400 հոգին։ հրամանատարությունը որոշում է ընդունում ամրանալ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղի մոտ։ Ճակատամարտից առաջ հայոց սպարապետը զորքը բաժանել էր չորս մասի։
Բախման սկզբում պարսիկների կողմն է անցնում Գարջույլ Խորխոռունին իր հարյուր մարդկանցով։
Հայերն իրենց ուժերը հավաքելով՝ վերջնական հարձակումն են տալիս պարսիկներին և հաղթանակ տանում։ Հաղթանակից հետո հայերը հետապնդում են պարսիկներին, սպանվում է նաև մարզպան Ատրվշնասպը։ Վրացիներն այդ ընթացքում իրենց երկրի տարածքում հաղթում են պարսիկներին, որից հետո հայերի և դրացի վրացիների միջև սերտ կապեր են հաստատվում։ Վրաց Վախթանգ թագավորը 300 հոգուց կազմված զորաբաժին է ուղարկում, սակայն, տեղ չհասնելով, նրանք ետ են վերադառնում Վրաստան։ Ապստամբության առաջին հաղթանակից հետո հայոց սպարապետը պատգամավորություններ է ուղարկում նահանգների իշխանների մոտ, որոնց արդյունքում ապստամբությանն են միանում որոշ իշխաններ։
արդյունքներ
խմբագրելԱպստամբության ընթացքում հաջորդող Ներսեհապատի, Ճարմանայի, Դվինի ճակատամարտերի արդյունքում կնքվում է Նվարսակի պայմանագիրը, ըստ որի[2]՝
- Վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար։
- Սասանյան Պարսկաստանի թագավորի և հայերի միջև այսուհետ միջնորդներ չպետք է լինեին։
- Չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ «երկերեսանի, բախտախնդիր անձանց» ամբաստանություններին, ունկնդրել «ուղղամիտ» մարդկանց խորհուրդները։
- Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը կարևոր դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 1967. էջ 113.
- ↑ Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 27-33
- ↑ Լեո, Երկեր, հ. 2, Երևան, 1967թ., էջ 126-128։
Աղբյուրներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 229)։ |