Հայերը Ֆինլանդիայում
Հայերը Ֆինլանդիայում հաստատվել են գերազանցապես 20-րդ դարում, առավելագույն թիվը 21-րդ դարի առաջին քառորդում կազմել է 700 մարդ (այլ հաշվարկներով՝ մինչև 200)։ Նրանք այստեղ գաղթել են ԽՍՀՄ-ից (Ֆինլանդիային հարող շրջաններից), Միջին Արևելքից (պայմանավորված սիրիական ճգնաժամով), Հայաստանից, մասամբ՝ նաև Նորվեգիայից։ Նրանք բնակվում են մայրաքաղաք Հելսինկիում, Տուրկու և Տամպերե քաղաքներում[1]։
Ֆիննահայեր |
---|
հայկական խաչքար Ֆինլանդիայում |
Ընդհանուր քանակ |
200-700 |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
Հայերեն, Ռուսերեն, Ֆիններեն |
Հավատք(ներ) |
Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն
խմբագրելՀայ-ֆիննական հարաբերությունները սկիզբ են առել դեռևս ուշ միջնադարում՝ Ֆինլանդիայի անկախացումից առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ վաճառականները առևտրական կապեր են հաստատել Դանիայի (ներառում էր Նորվեգիան) և Շվեդիայի (ներառում էր Ֆինլանդիան) երկրների հետ։ Ռուսաստանից հայերը հաճախ են այցելել Ֆինլանդիա 19-րդ դարից սկսած, երբ ստեղծվեց ռուսահպատակ Ֆինլանդիայի մեծ իշխանությունը։ Շատ ռուսների նման որոշ հայեր այնտեղ ունեցել են ամառանոցներ։
1888 թվականին բողոքական քարոզիչ, թարգմանիչ և հոդվածագիր Աբրահամ Ամիրխանյանցը, որը հայտնի էր Ղուրանի՝ հայերեն թարգմանությամբ[2], իր ընտանիքով հաստատվել է Հելսինկիում։ Նրա որդիներից կոմպոզիտոր Նաթան Ամիրխանյանը ուսանել է Հելսինկիի կոնսերվատորիայում («Սիբելիուս ակադեմիա»), գրել շուրջ 200 աշխարհիկ և հոգևոր երգ (նաև շվեդ բանաստեղծների տեքստերով), հիմնել շվեդական և նորվեգական երգչախմբեր[3]։
20-րդ դարի առաջին կեսին Ֆինլանդիա են այցելել Ալեքսանդր Աբելյանը, Գարեգին Լևոնյանը, Լևոն Բաշալյանը, Ստեփան Շահումյանը, Վահան Տերյանը, Վահրամ Փափազյանը (Հելսինկիում «Օթելլոյի» 4 ներկայացում է բեմականացրել ֆինն դերասանների հետ)։ 1935 թվականին Ֆինլանդիա է այցելել Վիլյամ Սարոյանը։ Ներգաղթյալների առաջին գրանցումները եղել են 1930-ական թվականներին, հետագայում հիմնականում եղել են ներգաղթյալների ալիք Սիրիայից, Պարսկաստանից, Խորհրդային Միության երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Հայնտի են մասնավորապես գիտնականների այցերը և նրանց մշտական հաստատվելու դեպքերը Ֆինլանդիայում[4]։
Համայնքն այսօր
խմբագրել2005 թվականի սեպտեմբերին Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը այցելել է Ծիծեռնակաբերդ[5]։ 2021 թվականի հունիսին Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր Պյայվի Ռյասյանենը կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել հայոց ցեղասպանությունը[6]։ 2022 թվականի օգոստոսին ֆիննական «Ձախ երիտասարդություն» կազմակերպությունը ևս հորդորել է երկրի կառավարությանը՝ ճանաչել հայոց ցեղասպանությունը[7]։ Վերջինս, սակայն, տեղի չի ունենում տարբեր քաղաքական հանգամանքներով պայմանավորված․ 2022 թվականի մայիսի 18-ին Ֆինլանդիան դիմել է ՆԱՏՕ-ի կազմում գրանցվելու համար, որին անդամակցող Թուրքիան արգելել է Շվեդիայի գրանցումը[8][9]։
Արաբական գարնան հետ կապված՝ Մերձավոր Արևելքից բազմաթիվ քրիստոնյաներ տեղափոխվեցին Սկանդինավյան երկրներ, այդ թվում՝ 2012 թվականից որոշ սիրիահայեր հաստատվեցին Ֆինլանդիայում։ 2013 թվականից իր ակտիվ գործունեությունն է սկսել «Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիան»։ Վերջինիս նպատակն է համախմբել հայերին, ստեղծել միասնականության մթնոլորտ, կազմակերպել մշակութային միջոցառումներ, ստեղծել հայոց լեզվի և մշակութային խմբակներ երեխաների համար։ Ասոցիացիան համագործակցում է նաև Ֆինլանդիայում և Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև էստոնահայ և շվեդահայ համայնքների հետ։ 2015 թվականին՝ հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյակի հետ կապված, Ֆինլանդիայում լույս են տեսել թեմատիկ գրքեր[10]։
2023 թվականի օգոստոսի 21-ին[11] hայկական համայնքի ջանքերով Ֆինլանդիայում կանգեցվել է հայկական խաչքար[12], որը Հին Ջուղայում Ադրբեջանի կողմից ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակն է[13]։ Այն տեղադրվել է Էսպոո քաղաքի Տապիոլա ուղղափառ եկեղեցու բակում։
Նշանավոր ֆիննահայերից են ճարտարապետ Միսակ Թերզիբաշյանը, շախմատիստ Միքայել Հակոբովը և ուրիշներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ այցելած ֆինները տպավորված են վերադառնում. Ֆինլանդիայի հայերը ջանք չեն խնայում Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում». armenpress.am. 2017 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ «Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է արևելահայերեն և արևմտահայերեն». armenpress.am. 2014 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ «Ֆինլանդիայի հայ համայնք». hayernaysor.am. 2013 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Բնապահպանության հայ փորձագետների այցը Ֆինլանդիա». Արխիվացված է օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
- ↑ «President of Finland Tarja Halonen visits the Memorial Complex of Armenian Genocide Tsitsernakaberd». photolure.am. 2005 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ «Päivi Räsänen vaatii Suomea tunnustamaan Armenian kansanmurhan – jopa 1,5 miljoonaa armenialaista tapettiin toisen maailmansodan aikana». www.suomenmaa.fi (ֆիններեն). 2021 թ․ հունիսի 16.
- ↑ «Suomen on tunnustettava armenialaisten kansanmurha». vasemmistonuoret.fi (ֆիններեն). 2022 թ․ օգոստոսի 26.
- ↑ «Finlandiya ve İsveç resmen NATO'ya başvurdu». Cumhuriyet (թուրքերեն). 2022 թ․ մայիսի 18.
- ↑ «Turkey blocks start of NATO talks on Finland's and Sweden's applications». Washington Times (անգլերեն). 2022 թ․ մայիսի 18.
- ↑ «Ֆինլանդիայում լույս են տեսել Հայոց ցեղասպանության մասին գրքեր». artsakhpress.am. 2015 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2023-11-12-ին. Վերցված է 2023-09-29-ին.
- ↑ «Հայ-ֆիննական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող. օծվեց և բացվեց Ֆինլանդիայում առաջին հայկական խաչքարը». armenpress.am. 2023 թ․ օգոստոսի 21.
- ↑ ««Հայկական ջազ, ֆիննական տանգո» ներկայացումը բեմադրվել է Հելսինկիում». hy.armradio.am. 2023 թ․ ապրիլի 3.
- ↑ «Հայ-ֆիննական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող. օծվեց և բացվեց Ֆինլանդիայում առաջին հայկական խաչքարը». hayernaysor.am. 2023 թ․ օգոստոսի 21.