Կրստո Հեգեդուշիչ (խորվ.՝ Krsto Hegedušić, նոյեմբերի 26, 1901(1901-11-26)[1][2][3][…], Պետրինյա, Sisak-Moslavina County, Խորվաթիա - ապրիլի 7, 1975(1975-04-07)[1] կամ ապրիլի 17, 1975(1975-04-17)[4], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ նկարիչ, գրաֆիկ: Գեղարվեստական առաջադեմ «Երկիր» միավորման հիմնադիրներից է, Հլեբինեի գյուղական գեղարվեստական դպրոցի («Հլեբինեի դպրոց») ստեղծողը:

Կրստո Հեգեդուշիչ
Krsto Hegedusic.JPG
Ծնվել էնոյեմբերի 26, 1901(1901-11-26)[1][2][3][…]
ԾննդավայրՊետրինյա, Sisak-Moslavina County, Խորվաթիա
Վախճանվել էապրիլի 7, 1975(1975-04-07)[1] (73 տարեկան) կամ ապրիլի 17, 1975(1975-04-17)[4] (73 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունFlag of Yugoslavia (1946-1992).svg Հարավսլավիա
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
Krsto Hegedušić Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1901 թվականին Հլեբինե գյուղում: 1910 թվականից ապրել է Զագրեբում, որտեղ 1920 թվականին ավարտել է բարձրագույն դպրոց: 1920-1926 թվականներին սովորել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում, իսկ այն ավարտելուց հետո՝ Փարիզում որպես ֆրանսիական կառավարության կրթաթոշակառու: Ինչպես ժամանակի շատ մտավորականներ, Հեգեդուշիչը ևս տարվել է ձախ հայացքներով և գեղարվեստում ազգային ինդնադրսևորման եղանակների որոնումով:

Վերադառնալով Զագրեբ՝ Հեգեդուշիչը դարձել է «Երկիր» գեղարվեստական առաջադեմ միավորման հիմնադիրներից: Ժամանակ առ ժամանակ ապրել է Հլեբինեում, որտեղ 1930 թվականին ուշադրություն է դարձրել երիտասարդ ինքնուս գյուղացի նկարիչներ Իվան Գեներալիչին ու Ֆրանյո Մրազային և սկսել է նրանց գեղարվեստական հնարքներ սովորեցնել: Նոր գաղափարների որոնումով տարված՝ որոշել է փորձարկում կատարել, որով կապացուցվեր, որ տաղանդը կախված չէ ծագումից: Այսպես հիմնադրվել է Հլեբինեի գեղարվեստական դպրոցը: 1931 թվականին գյուղացի ինքնուս նկարիչների աշխատանքները ցուցադրվել են Զագրեբում՝ «Երկիրի» ցուցահանդեսում: 1929-1939 թվականներին Կրստո Հեգեդուշիչը մասնակցել է ձախ ամսագրերի հրատարակմանը: Սոցիալիստական ցույցերին մասնակցելու համար մի քանի անգամ ձերբակալվել է: 1941 թվականին տեղափոխվել է Գոսպիչի համակենտրոնացման ճամբար, որտեղից հաջողվել է վերադառնալ ընկերների գործադրած ջանքերի շնորհիվ: 1937 թվականից դասավանդել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1950 թվականից հիմնադրել ու ղեկավարել է Վարպետների դպրոցը: 1957 թվականից ստանձնել է Հարավսլավիայի գիտությունների և արվեստի ազգային ակադեմիայի՝ գրաֆիկայի ինստիտուտի ղեկավարումը:

Կրստո Հեգեդուշիչը մասնակցել է միջազգային շատ ցուցահանդեսների՝ ներկայացնելով Հարավսլավիայի ժամանակակից արվեստը: Իր արվեստի համար պարգևատրվել է մի շարք մրցանակներով: Նրա աշխատանքները ցուցադրված են Զագրեբի Ժամանակակից պատկերասրահում, Ռիեկայի Ժամանակակից արվեստի թանգարանում, Բելգրադի Ժամանակակից արվեստի թանգարանում, Չեռնոգորիայի ազգային թանգարանում, Սկոպիեի Ժամանակակից արվեստի թանգարանում, Թեյթ Մոդեռն պատկերասրահում, Սան Պաուլոյի արվեստի թանգարանում, Հաագայի քաղաքային թանգարանում:

Ակտիվորեն մասնակցել է Հլեբինեում Նաիվ արվեստի թանգարանի կառուցման որոշման ընդունմանը ու շենքի կառուցմանը:

1987 թվականին Պետրինյա քաղաքում հիմնադրվել է հուշապատկերասրահ, որը կրում է Կրստո Հեգեդուշիչի անունը:

ՍտեղծագործությունԽմբագրել

 
«Սուտյեսկի ճակատամարտը» նամականիշի վրա

Կրստո Հեգեդուշիչն աշխատել է տարբեր տեխնիկաներով՝ նկարից մինչև որմնանկար, և չափերով՝ ոչ մեծ վինետից, փոքր ապակու վրա արված նկարներից մինչև մեծ բազմակերպար կտվները՝ գյուղական, սոցիալական թեմաներով, բնապատկերներ ու դիմանկարներ: Ներշնչվել է ֆլամանդական գեղանկարչությունից, ռեալիզմից, լավ յուրացրել է էքսպրեսիոնիզմի, կուբիզմի, ֆովիզմի, սյուրռեալիզմի հնարքները, ավելի ուշ տարվել է փոփ արտով ու աբստրակտ արվեստով:

Հեգեդուշիչը սիրել է փորձարկումներ անել՝ ինքնատիպ, բայց միևնույն ժամանակ «հասկանալի» գեղարվեստական լուծումներ փնտրելով, ինչն էլ ընկած է պրիմիտիվիզմով նրա հետաքրքրվելու հիմքում: Սոցիալական թեմայով նկարներում (քննադատներից մեկի կարծիքով նման է Ֆրանցիսկո Գոյայի ոճին) նա փնտրել է իր ազգային կոլորիտը: Չի ընդունել և բազմիցս քննադատել է սոցռեալիզմի արվեստը:

Վաղ շրջանի նկարներում (1920-ական թվականներ) ներկայացրել է մերժվածների աշխպարհը՝ մուրացկաններ, գործազուրկներ, աղքատ գյուղացիներ: 1920-1930-ական թվականներին գերիշխել է գյուղական թեման: Ժանրային տեսարանները պատկերված են պրիմիտիվիզմին մոտ ոճով՝ տեղային գունավորում, կոպիտ նկար, ընդհանրացնող ձևեր, ուրվագծեր, կոմպոզիցիոն լուծման ընդգծված դեկորատիվություն («Մենք հինգն էինք», «Մուրացկանները Սիգետեցից», 1927): Հեգեդուշիչի հետագա արվեստում ուժեղանում են սոցիալական քննադատության գծերը: «Ռեկվիզիցիա» նկարում (1929) պատկերված է գյուղ, որտեղ իշխանությունները դաժան հաշվեհարդար են տեսնում գյուղացիների հետ: Այս շրջանի հայտնի նկարներից են «Տոն Մոլվայում», «Տոնավաճառ Կոպրիվնիցում», «Գարուն» (1930), «Ջրհեղեղ» (1932), «Արդարադատություն» (1934):

Զագրեբում հրատարակված «Պոդրավյան մոտիվներ» (1933) նկարաշարում պատկերված է նկարչի ժամանակաշրջանի խորվաթական աղքատ գյուղ՝ քաղաքային արվարձանի անշուք կենցաղ: Այստեղ Կրստո Հեգեդուշիչը դիմում է գրոտեսկի, ծրագրված հակագեղագիտության՝ հատուկ կիրառելով կոպիտ ձևեր: Ժողովածուի նախաբանը, որը մեծ բանավեճի տեղիք է տվել, գրել է Միրոսլավ Կրլեժը, ում անունը կապվում է 20-րդ դարի 20-ական թվականներին խորվաթական գրականության վերածննդի հետ:

Հետպատերազմյան տարիներին նկարիչը հավատարիմ է մնացել իր նկարչական ոճին, սակայն փոխվել է աշխատանքների թեմատիկան: Զգալի տեղ են սկսել զբաղեցնել օկուպացիոն տարիների ծանր տպավորությունները՝ «Մեռյալ ջրեր» 1956, «Համակենտրոնացման ճամբարի պահակներ» (1963): Այլ ստեղծագործություններում իշխում են հոռետեսության նոտաները՝ «Մռայլ եղանակ» (1955), «Երաշտ» (երեք տարբերակներով, 1957, 1959, 1961), թշնամական աշխարհում միայնության թեման «Բակ» (1958):

1971-1973 թվականներին Հեգեդուշիչն աշխատել է Տիենտիշտի ֆրեսկոների շարքի վրա՝ նվիրված Սուտյեսկի ճակատամարտին[5]:

Նկարիչը զբաղվել է նաև գրքերի նկարազարդմամբ և թատերական դեկորացիաների ստեծումով:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В. М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.
  • Европейское искусство: Живопись. Скульптура. Графика: Энциклопедия. — М.: Белый город. Редактор Л. П. Анурова. 2006.
  • Krsto Hegedušić; предисловие Miroslav Krleža: Podravski motivi. Сборник рисунков. Zagreb 1933.
  • Miroslav Krleža; Vladimir Maleković; Darko Schneider: Krsto Hegedušić. Монография. Zagreb 1974.