Կարակալլայի արևելյան արշավանք

Կարակալլայի արևելյան արշավանք, Հռոմի Կարակալլա կայսեր անհաջող արշավանքը դեպի Արևելք, որը ընթացել է 216-217 թվականներին։ Այն նմատակամղված էր խարխլելու Պարթևստանի դերն ու ազդեցությունը տարածաշրջանում և ընդարձակելու կայսերական Հռոմի աշխարհագրական սահմանները։ Ինչպես հավաստում են հռոմեացի պատմիչները՝ «Կարակալլան բաղձում էր տիրել ամբողջ Արևելքին»[1]։ Այդ նպատակի իրագործման ճանապարհին զորավար-կայսեր գլխավորած հռոմեական լեգեոնները 215 թվականին Թրակիայից շարժվում են դեպի Մերձավոր Արևելք։ Կա վարկած, որ Կարակալլան ցանկանում էր ընդօրինակել Ալեքսանդր Մակեդոնացուն, մինչդեռ գործնականում վերջինիս առաջնային մղումը արևելյան բնակչության հարստահարումն ու թալանն էր։

Կարակալլայի արևելյան արշավանք
Թվական216-217 թվականներ
Մասն էՀռոմեա-պարթևական պատերազմներ
ՎայրՀայաստան, Սիրիա, Միջագետք
ԱրդյունքՀռոմեական կողմի նպատակային ձախողում
  • Status quo ante bellum
Հակառակորդներ
Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրությունՊարթևստան Պարթևստան
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն
Հրամանատարներ
Հռոմեական կայսրություն Կարակալլա
Հռոմեական կայսրություն Մակրինոս
Պարթևստան Արտավան Ե Պարթև
Արշակունիների թագավորություն Խոսրով Ա
Արշակունիների թագավորություն Տրդատ Բ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
ծանր կորուստներծանր կորուստներ

Պարթևստանին դաշնակցական միջավայրից զրկելու համար Կարակալլան նախ և առաջ զավթում է Եդեսիայի (Օսրոյենեի) թագավորությունը՝ ձերբակալելով այնտեղ իշխող Աբգար Ժ արքային։ Նույն տարում կայսրը բարեկամական նամակ է ուղարկում Մեծ Հայքում իշխող Խոսրով Ա Արշակունուն՝ վերջինիս հրավիրելով խորհրդակցության։ Ցանկանալով ապօրինաբար Հայաստանը դարձնել հռոմեական պրովինցիա՝ Կարակալլան ձերբակալում է Խոսրով Ա-ին և գերեվարում դեպի Հռոմ։ Հայքում բռնկվում է հուժկու հակահռոմեական ընդվզում։

216 թվականին Կարակալլան պահանջում է Արտավան Ե Պարթևի դստեր ձեքը, սակայն մերժում ստանալով ներխուժում է Պարթևստան։ Սկզբնական շրջանում հռոմեացիներն ունենում են բացառիկ հաջողություններ․ նրանց հաջողվում է զավթել և ավերել կայսրության հյուսիսային տարածքները, հրի ու սրի մատնել նվաճված տարածքների բնակչությանը։ Արբելայի գրավումից հետո հռոմեացիները քանդում են պարթևաց թագավորների գերեզմանները և կորցնում մասունքները։ Այս ամենն առաջացնում է Արտավան Ե արքայի և պարթևական հանրության վրեժխնդրությունը։ արդյունքում՝ պարթևները մեծ բանակով պատրաստվում են պատերազմ սկսել Հռոմեական կայսրության դեմ։ Իրավիճակի ողջ լրջությունը հասկանալով՝ կայսերական պրեֆեկտ պրետոր Մակրինոսը, ցանկանալով կանխել պատերազմը, հրամայում է սպանել Կարակալլային Եդեսիայից Հառան տանող ճանապարհին, որը կատարվում է 217 թվականի ապրիլի 8-ին։ Հռոմեա-պարթևական պատերազմի հերթական փուլն ավարտվում է անորոշ ելքով․ հռոմեացիների արևելյան հերթական արշավանքը պսակվում է անհաջողությամբ և ծանր ռազմական կորուստներով։

Նախապատմություն խմբագրել

 
Մեծ Հայքի թագավորությունը Կարակալլայի արշավանքների նախօրյակին։

Դեռևս Սեպտիմիոս Սևերոս կայսեր կառավարման տարիներին, հռոմեական լեգեոնները շարունակում էին էական սպառնալիք հանդիսանալ պարթևների համար։ Վերջիններս գրավել էին Պարթևստանի հետ սահման ունեցող Օսրոյենեի թագավորությունը՝ անմիջական վտանգ հանդիսանալով Արևելյան տարածաշրջանի համար։ Սեպտիմիոս Սևերոսին հաջորդում է նրա որդին՝ Կարակալլան, որը ևս համակված էր Արևելքը նվաճելու մտայնությամբ։ Արտաքին սպառնալիքի առկայության պայմաններում Պարթևստանում սրվում է նաև ներքաղաքական վիճակը, որի պատճառը Վաղարշ Ե-ի վիճարկելի իրավահաջորդությունն էր։ Սկզբում պարթևաց գահը վերցնում է մահացած արքայի եղբայր Վաղարշ Զ-ն, սակայն նրա մյուս եղբայր Արտավանը ապստամբության միջոցով կարողանում է հաստատել սեփական իշխանությունը։ Արտավան Ե-ին հաջողվում է բացարձակ հաղթանակ տանել երկրի ներսում, մինչդեռ արտաքին միջավայրում Հռոմեական կայսրությունը սկսել էր խարխլել պարթևական ազդեցության միջավայրը։ Նախքան հռոմեական արշավանքները՝ «կամակատար» տերություններ համարվող Մեծ Հայքն ու Օսրոյենեն վասալական կախման մեջ էին Պարթևական կայսրությունից։ Կարակալլան գիտակցում է ռազմավարական տեսանկյունից դաշնակցային միջավայրի կարևորությունը մարտադաշտում՝ փորձելով նախ և առաջ պարթևներին զրկել տարածաշրջանային առավելություններից։ Այսպիսով, նախքան Պարթևստան ներխուժելը Կարակալլայի ղեկավարության ներքո գտնվող հռոմեական լեգեոնները փորձում են հռոմեական պրովինցիայի վերածել Եդեսիան և Հայաստանը։
Հայ ականավոր պատմաբան Լեոն իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ անդրադառնում է Կարակալլայի հակումներին հետևյալ կերպ[1]

  Սեպտիմոս Սևերոսին հաջորդեց նրա որդի Անտոնինոս Կարակալլան, մի անառակ և բռնակալ մարդ, որի համար բարոյական սանձեր չկային։ Լցված նվաճողական փառատենչիկ տրամադրություններով, նա վերսկսեց պարթևական պատերազմը։ Նա մտադրվել էր ձեռք ձգել, ինչ գնով էլ լինի, ամբողջ Արևելքը։
- Լեո, «Հայոց պատմություն»
 

Արշավանքի սկիզբ խմբագրել

Կարակալլան 215 թվականին իր լեգեոններով շարժվում է դեպի Արևելյան Միջերկրական և իր կառավարման մնացյալ ժամանակահատվածում մնում հենց այս տարածաշրջանում։ արդյունքում՝ Անտիոքը դառնում է Հռոմեական կայսրության փաստացի (դե ֆակտո) մայրաքաղաքը։ Հերոդիանոսի պնդմամբ Կարակալլան ցանկանու էր վերականգնել Մակեդոնիայի աշխարհակալ արքա Ալեքսանդր Մեծի փառքը՝ «դառնալ Ալեքսանդր»։ Այսպիսով, Կարակալլան իր լեգեոններով անցնում է Մակեդոնիա պրովինցիան և շարժվում դեպի Փոքր Ասիա։ Ե՛վ Դիոն Կասսիոսը, և՛ Հերոդիանոսի հավաստում են այն մասին, որ Կարակալլան Ալեքսանդրի գերեզմանին հարգանքի տուրք մատուցելու նպատակով 215 թվականին մեկնում է Ալեքսանդրիա, սակայն տեղացիների կողմից ծաղրուծանակի ենթարկվելով ստիպված է լինում լքել Եգիպտոսը։ Ի պատասխան եգիպտացիների վերաբերմունքի՝ կայսրը արյունահեղություն է կազմակերպում, բարձր հարկեր սահմանում բնակիչների համար և կարգադրում ավերել փիլիսոփաների բնակատեղիները։

Մեծ Հայքի թագավորությունում խմբագրել

 
Արևելք ներխուժամ Հռոմի կայսր Կարակալլայի դիմաքանդակը։

215-216 թվականների ձմեռվա անցումային ամիսները Կարակալլան իր զորքի հետ անցկացնում է Նիկոմեդիայում՝ այդ ընթացքում նախապատրաստվելով հայերի և պարթևների դեմ պատերազմի։ Միջերկրականի մեղմ ձմեռն անցկացնելուց հետո Կարակալլայի լեգեոնները ճանապարհ են բռնում դեպի Մեծ Հայքի թագավորություն։ Վերջինս դեռևս նախորդ տարի Անտիոքում հայտարարել էր «Արմենիա»-ն հռոմեական պրովինցիա դարձնելու իր մտայնության մասին։ Միևնույն ժամանակ Կարակալլան ամեն կերպ ցանկանում էր զերծ մնալ հայկական զորքի հետ անմիջական առճակատումից և բաց պատերազմի կործանարար հետևանքներից, ուստի որոշում է նախաձեռնությանը տիրել դիվանագիտական խարդավանքների միջոցով։ Միևնույն ժամանակ անհաշտություն էր առաջացել հայոց արքա Խոսրով Արշակունու ընտանիքում և համապատասխան առիթը գտնելով՝ Կարակալլան Հայքի արքայական ընտանիքին հրավիրում է բարեկամական բանակցությունների։ Այդ ժամանակ հայ-հռոմեական հարաբերությունները բարձրակետի վրա էին և ամրապնդվել էին Կարակալլայի հոր՝ Սեպտիմիոս Սևերոսի օրոք։

Այսպիսով, Խոսրով Ա-ն համաձայնվում է ընդառաջել Հռոմի կայսերը, մինչդեռ Կարակալլան շեղվում է հանդիպման ձևաչափից՝ ապօրինաբար ձերբակալելով Մեծ Հայքի գահակալին։ Այսպիսով, Խոսրով Ա-ն գերեվարվում է դեպի Հռոմ, իսկ հռոմեական լեգեոնները կտրում են Մեծ Հայքի թագավորության սահմանները։ Հայ-հռոմեական հարաբերությունները ապրում են խոր ճգնաժամ, որի գործնական հետևանքն էլ դառնում է Հայաստանում բռնկված հակահռոմեական հուժկու ապստամբությունը։ Նրա որդիներից Տրդատին հաջողվում է փախնել գերությունից և վերադառնալ Հայաստան, այնուհետև՝ ստանձնել համազգային ապստամբության ղեկը։ Երկրի գահը թափուր չթողնելու նպատակահարմարությունից ելնելով ապստամբական ուժերը Տրդատին հռչակում են Մեծ Հայքի թագավորության միապետ։ Կարակալլան այստեղ է ուղարկում իր ամենասակավաթիվ լեգեոնները, որոնք ջախջախիչ պարտություն են կրում և կազմալուծվում։ Մշտական սպառնալիք համարվող հռոմեացիներին Արևելքից դուրս մղելու համար Տրդատը պատգամախոսներ է ուղարկում պարթևաց արքունիք՝ Արտավան Ե-ի հետ, ռազմական համագործակցության շուրջ քննարկելու և օժանդակություն ստանալու ակնկալիքով։ Սա Հռոմի համար դառնում է պատերազմ սկելու շարժառիթ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լեո (1966). «Հայոց պատմություն». Երևան, ՀԽՍՀ: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 358-359 (առաջին հատորից).