ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ
ԽՍՀՄ նախարարների խորհուրդ (ռուս.՝ Совет министров СССР), պետական իշխանության բարձրագույն գործադիր կարգադրիչ մարմին, կառավարություն նախկին ԽՍՀՄ-ում։ Կազմավորվել է 1946-ին՝ ժողովրդական կոմիսարների խորհրդի փոխարեն։
ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ | |
---|---|
Մինիստրների խորհուրդի նախկին գրասենյակը Կրեմլում | |
Տեսակ | սովետներ |
Երկիր | ԽՍՀՄ |
Հապավում | ԽՍՀՄ ՄԽ |
Նախորդող | Ժողովրդական կոմիսարների խորհուրդ |
Հաջորդող | ԽՍՀՄ Կառավարություն |
Հիմնադրված | 1946 թ. մարտի 15 |
Լուծարված | 1991 թ. հունվարի 15 |
Գլխադասային գրասենյակ | Սենատի պալատ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ |
Տեղագրություն | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ (այժմ՝ ՌԴ) |
Տարածաշրջան | ԽՍՀՄ |
Նախագահ | Ի. Վ. Ստալին (առաջին) Ի. Ի. Ռիժկով (վերջին) |
Վերադաս կազմակերպություն | ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ |
Կազմվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից՝ հերթական գումարման առաջին նստաշրջանում, հետևյալ կազմով՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդի նախագահ, նախագահի առաջին տեղակալներ և տեղակալներ, ԽՍՀՄ մինիստրներ, ԽՍՀՄ պետական կոմիտեների նախագահներ։ Խորհուրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնել են նաև միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների նախագահները։ Խորհուրդն հանդես է եկել որպես ընդհանուր իրավասության մարմին, որի գերակայությունների մեջ է եղել լուծել ԽՍՀ Միության տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը, բացառությամբ ԽՍՀՄ Գերագույն սովետին և վերջինիս Նախագահությանը վերապահված հարցերի։
Կոչված է եղել ապահովել ժողովրդական տնտեսության և սոցիալ-մշակութային շինարարության ղեկավարումը, մշակել և իրականացնել միջոցառումներ ժողովրդի բարեկեցության և կուլտուրայի աճի ապահովման համար, զարգացնել գիտությունն ու տեխնիկան, ռացիոնալ օգտագործել և պահպանել բնական ռեսուրսները, ամրապնդել դրամական և վարկային համակարգը, գների, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության միասնական քաղաքականություն վարել, կազմակերպել պետական ապահովագրություն և հաշվառման ու վիճակագրության միասնական համակարգ, կազմակերպել արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական ձեռնարկությունների ու միավորումների, տրանսպորտի և կապի ձեռնարկությունների, բանկերի, ինչպես նաև միութենական ենթակայության այլ կազմակերպությունների ու հիմնարկների կառավարումը։
Խորհուրդն իրականացրել է նաև զինված ուժերի շինարարության ընդհանուր ղեկավարումը, որոշել իսկական զինվորական ծառայության համար զորակոչի ենթակա քաղաքացիների ամենամյա կոնտինգենտը, ապահովել արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը և այլն։ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը ԽՍՀՄ օրենքների, Գերագույն սովետի ու դրա Նախագահության այլ ակտերի հիման վրա, և ի կատարումն դրանց, հրատարակել է ԽՍՀՄ ողջ տերիտորիայում պարտադիր կատարման ենթակա որոշումներ ու կարգադրություններ, ստուգել դրանց կատարումը։ Առավել կարևոր համապետական հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունել է ԽՄԿԿ Կենտկոմի հետ համատեղ։ Միավորել և ուղղություն է տվել ընդհանուր միութենական և միութենական-հանրապետական մինիստրությունների և պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների աշխատանքին։ ԽՍՀՄ տնօրինությանը վերապահված հարցերում իրավունք է ունեցել կասեցնել միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների որոշումների ու կարգադրությունների կատարումը, չեղյալ հայտարարել ԽՍՀՄ մինիստրությունների, ԽՍՀՄ պետական կոմիտեների, իրեն ենթակա մյուս մարմինների ակտերը։ Մինիստրների խորհուրդներ ունեն նաև միութենական և ինքնավար հանրապետությունները։
ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի նախագահները
խմբագրելՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի (1946-ից՝ Մինիստրների խորհուրդի) նախագահներ են եղել՝
- Ալեքսանդր Մյասնիկյան (1921-1922),
- Սարգիս Լուկաշին (1922-1925),
- Սարգիս Համբարձումյան (1925-1928),
- Սահակ Տեր-Գաբրիելյան (1928-1935),
- Աբրահամ Գուլոյան (1935-1937),
- Մ․ Դանիելյան (1937-1938),
- Արամ Փիրուզյան (1938-1943),
- Աղասի Սարգսյան (1943-1947),
- Սահակ Կարապետյան (1947-1952),
- Անտոն Քոչինյան (1952-1966),
- Բադալ Մուրադյան (1966-1972),
- Գրիգոր Արզումանյան (1972-1976),
- Ֆադեյ Սարգսյան (1977-1989),
- Վլադիմիր Մարգարյանց (1989-1990),
- Վազգեն Մանուկյան (1990-1991)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 559)։ |