ԼԳԲՏՔԻԱ+, հապավում, որը կազմված է լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր, ինտերսեքս, ասեքսուալ (անգլ.՝ lesbian, gay, bisexual, transgender/transsexual, queer/questioning, intersex, alied/asexcual/aromant) բառերի սկզբնատառերից։ Թվարկված հասկացությունները բնորոշում են անձանց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։ «+» նշանը ցույց է տալիս, որ հապավումը ընդգրկում է նաև այլ սեռական կողմնորոշումներ կամ գենդերային ինքնություններ՝ բացի նշվածներից։

ԼԳԲՏ դրոշի գույների բարձերով լողափը՝ Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում

Այս հապավման մեջ մտնում են՝

  • Լեսբի (նույնասեռական կին)-կին, ով գրավչություն է զգում նույն սեռի կամ գենդերի նկատմամբ։
  • Գեյ (նույնասեռական տղամարդ)-տղամարդ, ով գրավչություն է զգում նույն սեռի կամ գենդերի նկատմամբ։
  • Բիսեքսուալ/երկսեռական-մարդիկ, ովքեր կարող են գրավչություն զգալ իրենց կամ այլ սեռի և/կամ գենդերի մարդկանց նկատմամբ։
  • Տրանսգենդեր-մարդիկ, ում գենդերային ինքնությունը կամ արտահայտումը տարբերվում է ծննդյան պահին արձանագրված սեռից (կենսաբանական սեռՏերմինը երբեմն օգտագործվում է նաև որպես ընդհանրական տերմին՝ բնութագրելու համար ոչ ցիսգենդեր (ցիսգենդեր նշանակում է ունենալ գենդերային ինքնություն, որը համապատասխանում է ի ծնե արձանագրված սեռին) անձանց (օրինակ՝ բիգենդեր, քվիրգենդեր, ագենդեր ևն)։ Որոշ տրանսգենդեր մարդիկ դիմում են վիրահատությունների կամ օգտագործում են հորմոններ, որպեսզի իրենց մարմինը համապատասխանեցնեն իրենց գենդերային ինքնությանը, մյուսները՝ ոչ։
  • Քվիր-տերմին է, որը օգտագործվում է լեսբի, գեյ, բի, տրանս, և այլ մարդկանց անվանելու համար։
  • Ինտերսեքս-մարդիկ, ովքեր ծնվել են ֆիզիկական կամ կենսաբանական սեռի այնպիսի բնութագրիչներով (ներառյալ նաև սեռի անատոմիան, վերարտադրողական օրգանները կամ քրոմոսոմային հավաքը), որոնք չեն համապատասխանում արական կամ իգական սեռի բնութագրական հատկանիշներին։ Այդ բնութագրիչները կարող են ի հայտ գալ ծննդյան ժամանակ, կամ ավելի ուշ, ասենք՝ պուբերտատային տարիքում։
  • Ասեքսուալ-մարդիկ են, ովքեր չեն զգում սեռական գրավչություն որևէ սեռի/գենդերի անձանց նկատմամբ կամ այդպիսի գրավչություն զգում են խիստ հազվադեպ[1]։

Հապավումի պատմությունը խմբագրել

ԼԳԲՏ տերմինը մոտավորապես 1980-ականների կեսերից սկսեցին օգտագործել Միացյալ Նահանգներում իրենց իրավունքների համար պայքարող ակտիվիստները[2]։ Բայց մինչև 1990-ականները շարժման ներսում լեսբիները, գեյերը, երկսեռականները և տրանսգենդերները չէին արժանանում հավասարաչափ հարգանքի[3]։ Եվ չնայած ԼԳԲՏ համայնքը դիտարկվում էր որպես տարբեր խմբերի անդամների (երկսեռական, տրանսգենդեր անհատները, մասնավորապես, երբեմն մարգինալացվում էին ավելի մեծ ԼԳԲՏ համայնքում) հակասականորեն կապված ունիվեսալ միավորում, ԼԳԲՏ տերմինը մնաց նրանց միավորող սիմվոլ։ Ու թեև ԼԳԲՏ հապավումը չի ընդգրկում ավելի փոքր համայնքների բոլոր անհատներին, տերմինը գլխավորապես գործածվում է ներառելու համար նաև հետերոսեքսուալությունից տարբերվող այլ կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող անհատներին, ովքեր չեն «տեղավորվում» այդ hապավման մեջ։ Հետագայում արդեն հապավումը համալրվեց նոր տառերով (ԼԳԲՏՔԻԱ+), որոնք արտացոլում են նաև այն ենթախմբերի անդամների սեռական կողմնորոշումները, որոնք նախկինում մտցվում էին 4 տառի շրջանակներում[3][4]։

Տերմինաբանական հստակեցում խմբագրել

Ավելի լավ պատկերացնելու համար, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս համայնքը, նախ և առաջ կարևոր է մի քանի տերմինաբանական հստակեցումներ անել՝ կապված այն հարցի հետ, թե ինչ է նշանակում սեռ, գենդեր, սեռականություն, ինչ է սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը։
Սեռականությունը յուրաքանչյուր անձի մտավոր, վարքագծային, կենսաբանական և սոցիալական բնութագրիչների ամբողջությունն է, որը սահմանում է մարդու վարքագիծը, ինքնությունը, դերը՝ որպես անհատ և որպես հասարակության անդամ։ Սեռականությունը մարդու կյանքի կենտրոնական ասպեկտն է, որը ընդգրկում է նրա սեռը, գենդերային ինքնությունը, դերերը, սեռական կողմնորոշումը, էրոտիկությունը, ինտիմությունը, հաճույքը, և վերարտադրողականությունը։ Սեռականությունը կրում է կենսաբանական, հոգեբանական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային, պատմական, իրավական, կրոնական և հոգևոր մի շարք գործոնների ազդեցությունը[1][5]
Գենդեր տերմինը ավելի շատ նրա համար է, որ մենք կարողանանք տարբերակել մարդու սեռի կենսաբանական իմաստը սոցիալ-մշակութային այն բովանդակությունից, որը այն ստանում է՝ ապրելով այս կամ այն մշակութային միջավայրում։ Այն ավելի շատ որոշում է, թե տվյալ հասարակությունում ինչ բովանակություն ունի կանացիությունը և տղամարդկայինությունը։ Գենդերը մարդու սոցիալական սեռն է, այսինքն՝ այն արտացոլում է մարդու սեռի սոցիալական ասպեկտները։ Կենսաբանական սեռն այն է, որը գրանցվում է մեր ծննդյան պահին, իսկ սոցիալական սեռը՝ այն, ինչ որ ձեռք ենք բերում՝ ապրելով այս կամ այն հասարակությունում։
Գենդերային ինքնությունը սեփական գենդերի ներքին ընկալումն է, այն մասին է` ինչպես ենք մենք մեզ ընկալում՝ տղամարդ, կին, թե այլ գենդեր։ Գենդերային ինքնությունը ինքնագիտակցության ասպեկտ է, որը նկարագրում է մարդու՝ սեփական անձի ընկալումը՝ որպես որոշակի սեռի ներկայացուցիչ։ Ընդ որում այդ ընկալումը կարող է չհամապատասխանել նրա կենսաբանական սեռին (ներառյալ սեփական մարմնի զգացողությունը) և գենդերի այլ դրսևորումներին (ներառյալ հագուստը, խոսքը, մաներան)[1][6][7]։
Սեռական կողմնորոշումը հուզական, ռոմանտիկ և/կամ սեռական հակումն է տղամարդկանց, կանանց կամ երկու սեռի ներկայացուցիչների նկատմամբ էլ։ Այն նաև կապված է այդ հակման վրա հիմնված ինքնանույնականության, վարքաձևի, այդ հակումները կիսող մարդկանց համայքնին պատկանելիության հետ[8][9]։
Սեռական կողմնորոշումը բաղկցած է 3 էլեմենտներից՝

  1. սեռական գրավչություն,
  2. սեռական վարք,
  3. սեռական նույնականություն[1]։

Մի քանի տասնամյակների ընթացքում արված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ սեռական կողմնորոշումը ունի որոշակի տատանասահման, որի մի բևեռում հակումն է բացառապես հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ մյուս բևեռում՝ հակումը բացառապես նույն սեռի նկատմամբ։ Սակայն, որպես կանոն, այն դիտարկվում է 3 հիմնական կատեգորիաների տեսանկյունից՝

Վարքում և հակումներում առկա այս տարբերությունները հանդիպում են ամենատարբեր մշակույթներում և ազգերում՝ ամբողջ աշխարհով։ Սեռական կողմնորոշումը տարբերվում է սեռի և գենդերի մյուս բաղադրիչներից, այդ թվում և կենսաբանական սեռից (անատոմիական, ֆիզիոլոգիական և գենետիկական բնութարիչներ, որ կապված են իգական կամ արական սեռին պատկանելիության հետ), գենդերային նույնականությունից (իգական կամ արական սեռին պատկանելիության հոգեբանական զգացողությունն է), սոցիալական գենդերային դերից (մշակութային նորմեր, որ սահմանում են իգական և արական սեռի վարքը)։
Սովորաբար սեռական կողմնորոշումը դիտարկվում է որպես անձի բնութարիչ՝ կենսաբանական սեռի, գենդերային նույնականության կամ տարիքի նման, սակայն նման մոտեցումը այդքան էլ ճիշտ չէ։ Սեռական կողմնորոշումը որոշվում է մարդկանց հետ հարաբերությունների բնույթով։ Մարդիկ արտահայտում են իրենց սեռական կողմնորոշումը նրանով՝ ինչպես են իրենց դրսևորում այլ մարդկանց նկատմամբ՝ անգամ ամենապարզ գործողություններում, օրինակ, ձեռքը բռնելու կամ համբուրելու ժամանակ։
Այսպիսով՝ սեռական կողմնորոշումը անմիջականորեն կապված է ինտիմ միջանձնային հարաբերությունների հետ, որոնք հիմնվում են սիրո, կապվածության և մոտիկության բազային պահանջմունքների վրա։ Բացի սեռական վարքից, այս հարաբերությունները ներառում են նաև ոչ սեռական՝ ֆիզիկական կապվածություն զուգընկերների միջև, ընդհանուր նպատակներ, արժեքներ, փոխադարձ աջակցություն և մշտական նվիրվածություն։ Այդ պատճառով սեռական կողմնորոշումը պարզապես կոնկրետ անհատի անձի բնութագրիչ չէ, այլ ավելի շուտ արտացոլում է մարդկանց խումբը, որում մարդը կարող է գտնել լիարժեք ռոմանտիկ հարաբերություններ, որոնք բավարարում են իրեն և դա կարևոր բաղադրիչ է շատ մարդկանց անձնային նույնականության համար։
Համաձայն ժամանակակից գիտական մասնագիտական տվյալների՝ հիմնական հակումները, որոնք ձևավորում են հասուն սեռական կողմնորոշման հիմքը, որպես կանոն, առաջանում են միջին մանկական և վաղ պուբերտատային հասակում։ Հուզական, զգայական և սեռական հակվածության այս մոդելները կարող են դրսևորվել ավելի վաղ, քան անհատը սեռական փորձ ձեռք կբերի։ Մարդը կարող է ընդհանրապես չունենալ սեռական զուգընկեր և միաժամանակ հստակ գիտակցել իր սեռական կողմնորոշումը, լինի նա գեյ, լեսբի, թե երկսեռական։ Մյուսները կարող են վերջնականապես կողմնորոշվել իրենց սեռական կողմնորոշման մեջ՝ իրենց սեռի և հակառակ սեռի ներկայացուցչի հետ սեռական կապի մեջ մտնելուց հետո միայն[8]։

Ի՞նչն է ազդեցություն ունենում կոնկրետ որոշակի սեռական կողմնորոշման ձևավորման վրա խմբագրել

Գիտնականների շրջանում սեռական տարբեր կողմնորոշումների ձևավորման պատճառների և հանգամանքների մասին միասնական տեսակետ չկա։ Զարգացման առանձնահատկությունների, գենետիկական, հորմոնալ, սոցիալական և մշակութային գործոնների՝ սեռական կողմնորոշման վրա հնարավոր ազդեցությունը ուսումնասիրող բազմաթիվ հետազոտություններ թույլ չեն տալիս գիտնականներին միանշանակ եզրակացություն անել այն մասին, որ սեռական կողմնորոշումը որոշվում է ինչ-որ կոնկրետ գործոնով կամ գործոնների խմբով։ Շատերը մտածում են, որ դրանում դեր են խաղում ինչպես բնածին նախադրյալները, այնպես էլ դաստիարակությունը։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնության համար սեռական կողմնորոշումը գիտակցաբար իրականացվող կամավոր ընտրություն չէ[8][10]։

Ի՞նչ դեր են խաղում դատապարտումը և նախապաշարմունքները գեյերի, լեսբիների և երկսեռականների կյանքում խմբագրել

Նույնասեռականները և երկսեռականները ամբողջ աշխարհում բախվում են մի շարք նախապաշարմունքների, քննադատության և բռնության՝ իրենց սեռական կողմնորոշման պատճառով։ Լեսբիների, գեյերի և երկսեռականների հանդեպ ուժեղ բացասական նախատրամադրվածությունն առկա էր դեռևս 20-րդ դարի մեծ մասի ընթացքում։ 1970, 1980, 1990-ականներին տարբեր երկրներում հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության լայն շերտերի համար այս մարդիկ միշտ ծայրահեղ բացասական վերաբերմունքի օբյեկտ են եղել[9]։ Ընդ որում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդիկ նույնպես հանդուրժողական չէին միմյանց նկատմամբ։ Քանի որ լեսբի ֆեմինիստների համար կարևոր գերապատվություն էր սեռերի հավասարությունը, կանանց և տղամարդկանց միջև դերերի բաշխվածությունը դիտարկվում էր որպես հայրիշխանական/պատրիարխալ դրսևորում։ Լեսբի ֆեմինիստները խուսափում էին գենդերային դերերի խաղից, ու գեյերի շովինիզմից. նրանցից շատերը պարզապես հրաժարվում էին աշխատել գեյերի հետ[11]։ Իսկ այն լեսբիները, ովքեր առաջնորդվում էին էսենցիալիստական հայացքներով, հարում էին այն մոտեցմանը, որ իրենք նույնասեռական են ծնվել և օգտագործում էին լեսբի տերմինը՝ ընդգծելու համար իրենց սեռական կողմնորոշումը միայն, իրենց վերաբերմունքով տարբերվում էին ֆեմինիստ լեսբիների՝ գեյերի իրավունքների վերաբերյալ թունոտ վերաբերմունքից[3]։

Վերջերս հասարակական կարծիքը հաճախ է հանդես գալիս սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ քննադությունների դեմ. համայնքի ներկայացուցիչները հաճախ պաստառներով երթեր են իրականացնում՝ բարձրացնելու համար խնդրի գիտակցվածության աստիճանը, սակայն լեսբիների և գեյերի հանդեպ թշնամանքը նախկինի նման տարածված է ժամանակակից հասարակության մեջ։ Մոտավորապես այդպիսի մակարդակի վրա է նաև երկսեռականների դատապարտումը։ Փաստացի երկսեռականները կարող են դատապարտման ենթարկվել ինչպես որոշ լեսբիների և գեյերի կողմից, այնպես էլ հետերոսեքսուալ մարկանց կողմից։ Վերջիններիս քննադատող լեսբիները և գեյերը կարծում են, որ տրանսգենդեր մարդիկ ստերեոտիպեր են խաղարկում, իսկ երկսեռականները պարզապես գեյեր կամ լեսբիներ են, ովքեր վախենում են բացահայտվել և ազնիվ լինել իրենց նույնականության հետ[12]։ Յուրաքանչյուր համայնք պայքարում է՝ ձևավորելու համար իր իսկ նույնականությունը՝ ներառյալ նաև այն, թե արդյո՞ք հավասար է, և թե ինչպես հավասարվի մյուս գենդերների և սեռականության վրա հիմնված համայնքների հետ։ Ժամանակի հետ ներառելով այլ ենթախմբեր ևս, այս կոնֆլիկտը շարունակվում է մինչև մեր օրեր[3]։

Գեյերի, լեսբիների, երկսեռականների նկատմամբ դատապարտումը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով՝ ընդհուպ մինչև բռնություն՝ նրանց նկատմամբ։ Բացի այդ, լայնորեն տարածված է այս մարդկանց դատապարտումը աշխատանքային և բնակարանային ոլորտներում։ Եվս մեկ ոլորտ, որտեղ լեսբիները, գեյերը և երկսեռականները բախվում են բացասական նախապաշարմունքների և դատապարտման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պանդեմիան է[8]։

Առհասարակ նախապաշարմունքները և դատապարտումը ազդեցություն են ունենում ինչպես ամբողջ հասարակության, այնպես էլ առանձին անհատների վրա։ Սոցիալական մակարդակում նախապաշարմունքները և դատապարտումը լեսբիների, գեյերի և երկսեռականների հանդեպ կրում է այդ խմբերի մասին ամենօրյա ստերեոտիպային պատկերացումների բնույթ։ Այդ ստերեոտիպերը շարունակում են գոյություն ունենալ՝ չնայած, որ չեն ամրապնդվում ապացույցներով, և դրանք հաճախ օգտագործվում են՝ արդարացնելու համար լեսբիների, գեյերի և երկսեռականների՝ հասարակությունում ոչ ճիշտ ստատուսը։ Օրինակ՝ նման ստերեոտիպերով հաճախ արդարացվում է սեռական փոքրամասնությունների՝ աշխատանքային ոլորտում, երեխաների դաստիարակության, նրանց հարաբերությունների հասարակականորն ընդունման և լեգալության հարցերում սահմանափակումները[9]։ Անհատական մակարդակում այսպիսի նախապաշարմունքները և քննադատությունները նույնպես կարող են ունենալ բացասական հետևանքներ, հատկապես եթե լեսբիները, գեյերը և երկսեռականները փորձում են թաքցնել կամ մերժել իրենց սեռական կողմնորոշումը։ Դատապարտումը և նախապաշարմունքները կարող են նաև բացասական ազդեցություն ունենալ վերջիններիս առողջության և բարեկցության վրա։ Առանձին անձանց կամ խմբի վրա ստիգմաների ազդեցությունը կարող է նվազել կամ խորանալ այդ մարդկանց այլ առանձնահատկությունների պատճառով նույնպես, ինչպես, օրինակ, ռասսան, ազգությունը, կրոնը կամ հաշմանդամությունն է։ Սեռական կողմնորոշմանն ուղղված տարբեր դատապարտումները և նախապաշարմունքնեը կարող են նաև լուրջ վնաս հասցնել լեսբիների և գեյերի հոգեկան առողջությանը՝ դառնալով դիսթրեսսի, տագնապայինության, դեպրեսիայի, սեռական դիսֆունկցիայի, բացասական ես-պատկերի ևնի առաջացման նշանակալի աղբյուր։ Այս խնդիրների դեմ պայքարում որոշիչ նշանակություն ունի սոցիալական աջակցությունը, բայց թշնամանքի և դատապարտման պատճառով այս մարդկանց համար դժվար է գտնել այդպիսի աջակցություն[8][13][14]։

Համայնքի ներկայացուցիչների նկատմամբ բացասական վերաբերմունքը այնքան մեծ է, որ այն նկարագրող տերմիններ կան անգամ։

  • Հոմոֆոբիան տերմին է, որ օգտագործվում է նկարագրելու համար սեռական կողմնորոշման կամ գենդերային նույնականության վրա հիմնված դատապարտումը և կարող է ներառել վերբալ և ֆիզիկական վիրավորանք պարունակող գործողություններ։
  • Սակայն գործածության մեջ կա մեկ ուրիշ, ավելի ընդգրկուն տերմին՝ հետերոսեքսիզմ, նկարագրելու համար դատապարտման բոլոր ձևերը՝ ուղղված լեսբիներին, գեյերին կամ երկսեռականներին։
  • Տրանսաֆոբիան բացասական, արժեզրկող և դատապարտող վերաբերմունքն է այն անհատների նկատմամբ, ովքեր իրենց տեսքով կամ ինքնությամբ չեն համապատասխանում գենդերի մասին ավանդական պատկերացումներին և կամ նրանց հանդեպ, ովքեր չեն նույնականանում կամ չեն ցուցադրում իրենց կենսաբանական սեռը։ Տրանսաֆոբիան և հոմոֆոբիան փոխկապված են։ Որպես դատապարտման ձև՝ տրանսաֆոբիան կարող է լինել անհատական կամ համակարգային, դիտավորյալ կամ առանց դիտավորության[1]։

Արդյո՞ք նույնասեռականությունը հոգեկան խանգարում է խմբագրել

Նույնասեռականությունը ո´չ հիվանդություն է, ո´չ հոգեկան խանգարում, ինչը փաստում են հոգեկան առողջության առաջատար կազմակերպությունները։ 1973թ. Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդը հանել է «նույնասեռականությունը» հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկից (DSM-II), որով ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում առաջնորդվում են հոգեկան և վարքային խանգարումներն ախտորոշելիս։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս 1990թ. մայիսի 17-ին հեռացրել է «նույնասեռականություն» ախտորոշումը հիվանդությունների միջազգային դասակարգման (ICD-10) հոգեկան խանգարումների շարքից, որով առաջնորդվում են նաև մեր երկրի հոգեկան առողջության մասնագետները[14][15][16]։

Հետազոտությունները ոչ մի կապ չեն բացահայտել սեռական կողմնորոշման և պաթոլոգիկ անձնային և հոգեկան փոփոխությունների միջև։ Ինչպես հետերո- այնպես էլ նույնասեռական վարքը մարդկային սեռականության նորմալ դրսևորումներ են։ Ներկայումս բացակայում են գիտական հետազոտությունները, որոնք ցույց կտային, որ թերապիան, որի նպատակը սեռական կողմնորոշման փոփոխությունն է, անվտանգ կամ արդյունավետ է։ Բացի այդ, շատ հավանական է, որ նման բնույթի թերապիայի խրախուսումը կամրապնդի ստերեոտիպերը և կնպաստի լեսբիների, գեյերի և երկսեռականների համար բացասական մթնոլորտի ձևավորմանը։ Դա առավելապես վերաբերում է նույնասեռական մարդկանց, ովքեր մեծացել են կոնսերվատիվ կրոնական միջավայրում[9]։

ԼԳԲՏՔԻԱ+ համայնքի վերաբերյալ ընդհանուր իրավական դրությունը Հայաստանում խմբագրել

1922 թվականին նորակազմ Խորհրդային Միությունում նույնասեռականությունը դադարեց լինել քրեորեն պատժելի[17]։ Սակայն 1961 թվականին այն նորից ընդգրկվեց հայկական քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածում՝ որպես հանցագործություն։ Նշված հոդվածում ասվում է, որ տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ (արվամոլություն) պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով[18]։ Հետաքրքրական է, որ օրենքը անդրադարձ է կատարում միայն տղամարդկանց նույնասեռ հարաբերություններին և կարգավորումներից դուրս է թողնում կանանց նույնասեռ հարաբերությունները։ Հայաստանում նույնասեռականությունը վերջնականապես ապաքրեականացվել է 2003 թ.-ին՝ Հայաստանում քրեական նոր օրենսգրքի ընդունմամբ[19]։
Հայաստանը նաև վավերացրել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարի բանաձևերը՝ կապված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության բացառման հետ։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանի Սահմանադրությունը[20] սահմանում է խտրականության արգելք՝ անկախ անձի որևէ անձնական կամ սոցիալական բնույթի հատկանիշից։ ՀՀ-ն վավերացրել է նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային պայմանագրեր, որոնցով ստանձնել է պարտավորություն՝ պաշտպանելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքները՝ առանց որևէ խտրականության։ Վավերացնելով այդ պայմանագրերը՝ ՀՀ-ն միջազգային պարտավորություններ է ստանձնել հարգելու մարդու իրավունքները, ձեռնպահ մնալու նրանց նկատմամբ իրականացվող ոչ իրավաչափ միջամտություններից, պաշտպանելու մարրդու իրավունքները և ապահովելու մարդու իրավունքների իրացման միջավայրը։ Այնուամենայնիվ հայաստանյան իրականությունում շատ են իրավախախտումները հենց ԼԳԲՏՔԻԱ+ համայնքի ներկայացուիչների նկատմամբ, ինչը մի կողմից պայմանավորված է այն հանգամանքով, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը Հայաստանի օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված չեն որպես խտրականությունից պաշտպանող հատկանիշներ, մյուս կողմից՝ նրանով, որ ՀՀ-ն չունի խտրականությունն արգելող միասնական և համապարփակ իրավական ակտ, այլ առկա է միայն նման օրենքի նախագիծ[21], և վերջապես՝ ՀՀ օրենսդրության մեջ առկա նորմերի գործարկման համար ստեղծված չեն պատշաճ մեխանիզմներ։ Ահա այս պատճառներն են ընկած այն բանի հիմքում, որ Հայաստանում ԼԳԲՏՔԻԱ+ անձանց իրավունքները խախտվում են հասարակական կյանքի մի շարք ոլորտներում՝ աշխատանքային իրավահարաբեություններում, պետության և այլ անձանց հետ հարաբերություններում։
ԼԳԲՏՔԻԱ+ անձանց նկատմամբ բռնություն և խտրականություն է դրսևորվում նաև նրանց ընտանիքներում։ ԼԳԲՏՔԻԱ+ անձանց ծնողները և այլ հարազատներ, տեղեկանալով նրանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին, վիրավորում և նվաստացնում են նրանց, սկսում են վերահսկողություն իրականացնել անձնական կյանքի, նամակագրության, ընկերիների հետ շփման հարցերում։ Լինում են նաև դեպքեր, երբ ընտանիքի անդամները ծեծում կամ սպառնում են սպանել ԼԳԲՏՔԻԱ+ անձանց։

Կապված իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ վերաբերմունքի ու գնահատականների հետ՝ ԼԳԲՏՔԻԱ+ անձիք մեծամասամբ խուսափում են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ վախենում են, որ այդտեղ իրենց նույնպես կարող են ծաղրել, նվաստացնել, նույնիսկ ֆիզիկական բռնության ենթարկել[22]։

Ցավալի փաստ է, որ համաձայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետազոտությունների՝ Հայաստանը եվրոպական 49 երկրների շարքում ԼԳԲՏԻՔԱ+ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԼԳԲՏՔԻԱ+ անձանց համար նախատեսված իրավական և քաղաքական պրակտիկաների առումով 47-րդ տեղում է՝ առաջ անցնելով միայն Ադրբեջանից և Թուրքիայից և մեկ քայլով զիջելով Ռուսաստանին[23]։

ԼԳԲՏՔԻԱ+ համայնքի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում խմբագրել

Հայաստանում բացասական բուռն արձագանք են գտնում բոլոր այն իրադարձությունները, որոնք վերաբերում են կամ այս կամ այն կերպ առնչություն են ունենում ԼԳԲՏՔԻԱ+ համայնքի հետ՝ ինչպես հասարակ բնակչության, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից։ Նմանատիպ իրադարձություններից էր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը ԱԺ-ում, «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպական խորհրդի (Ստամբուլյան) կոնվենցիայի վավերացման գործընթացը, «Ֆեմ» գրադարանի առկայությունը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը ևն[22]։

Ավելի վաղ՝ 2011 թվականին (հարցի վերաբերյալ ավելի ուշ արված համապարփակ հետազոտություններ դեռևս չկան) Երևանում, Գյումրիում և Վանաձորում արված հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը սահմանափակ են ընկալվում հասարակությունում, քիչ են տրանսգենդեր և երկսեռական անձանց մասին տեղեկությունները, որ համայնքի մասին պատկերացումները գլխավորապես կարծրատիպային բնույթի են և չունեն գիտական հիմնավորվածություն։ Հարցվածների 18,6%-ը ոչ ավանդական սեռական կողմնորոշումը հիվանդություն է դիտարկում, 12,7%-ը կարծում է, որ դա արևմտյան երկրների բացասական ազդեցության հետևանք է։

Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի 39 երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնասեռականության ընդունումը կապված է երկրի տնտեսական և կրոնական դրության հետ։ Կրոնականության բարձր մակարդակ ունեցող աղքատ երկրներում շատերն են մերժում նույնասեռականության ընդունումը։ Բացի այդ՝ պարզվում է, որ հարցվողների տարիքը և գենդերը նույնպես ազդեցություն ունեն նույնասեռականության նկատմամբ վերաբերմունքի վրա։ Մասնավորապես ավելի երիտասարդ հարցվողները և կանայք նվազ բացասական տեսակետ ունեն հարցի վերաբերյալ, ի տարբերություն տարեցների և տղամարդկանց։

Հայաստանյան հասարակությունում 2011 թվականին իրականացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարցվածների 96%-ի կարծիքով նույնասեռականությունը երբեք չի կարող արդարացվել։ Եթե նախորդ հետազոտությունում արդյունքները վկայում էին այն մասին, որ շատ երկրներում տարիքը և գենդերը ազդեցություն են ունենում նույնասեռականների նկատմամբ վերաբերմունքի և նրանց ընկալումների վրա, ապա Հայաստանում և հարևան Վրաստանում ու Ադրբեջանում այս գործոնները որոշիչ ազդեցություն չեն ունենում նույնասեռականներին ընդունելու հարցում։ Այս տվյալները հաստատվում են այլ ուսումնասիրությունների արդյունքում նույնպես, որը ցույց է տալիս, որ երիտասարդ հարցվողների ընդամենը 30%-ն է կարծում, որ մարդկանց պետք չէ «դատապարտել» իրենց սեռական կողմնորոշման համար, 16,5%-ը հանդուրժող է սեռական փոքրամասնությունների հանդեպ, 86,5% չէր ցանկանա, որ իր հարևանը «գեյ» լիներ։

Սոցիոսկոպ և Փինք Արմենիա ՀԿ-ների կողմից իրականացված մեկ այլ հետազոտություն ցույց տվեց, որ հարցվողների 72,1%-ը բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏԻ անձանց հանդեպ։ 27,4%-ը ԼԳԲՏԻ անձանց մասին խոսում է վիրավորական բառերով և հայհոյանքներով, իսկ 17,7%-ը բացասական պիտակներ է կպցնում[24]։

ԼԳԲՏՔԻԱ+ շարժումը Հայաստանում խմբագրել

Դժվար է խոսել Հայաստանում ԼԳԲՏՔԻԱ+ համակարգված շարժման առկայության մասին։ Չնայած Հայաստանում նույնասեռականությունը ապաքրեականացված է, իսկ իրավահավասարությունը սահմանված է օրենսդրությամբ, այնուամենայնիվ Հայաստանում տեղի չեն ունենում ԼԳԲՏՔԻԱ+ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնամասշտաբ բաց միջոցառումներ (ինչպես, օրինակ, հպարտության շքերթներ, կլոր-սեղան քննարկումներ, և այլ հավաքներ), ԼԳԲՏՔԻԱ+ անձինք խուսափում են հանրայնացնել իրենց սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը, հանդես գալ որպես միասնական համայնք։ Այնուամենայնիվ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները որոշակի քայլեր են իրականացնում ԼԳԲՏՔԻԱ+ համայնքը մոբիլիզացնելու և շարժում ստեղծելու ուղղությամբ։

Այդպիսի կազմակրպություններից է «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել է 2007 թվականին՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից և ծառայում է համայնքի առաջնային կարիքներին, խթանում ԼԳԲՏՔԻԱ+ անձանց՝ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը և նպատակ ունի նպաստել համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հանրային քաղաքականության դրականապես փոփոխմանը՝ ամենատարբեր իրազեկող միջոցառումների միջոցով։

Կազմակերպությունը իրավաբաական աջակցություն է տրամադրում ԼԳԲՏՔԻԱ+ համայնքի այն ներկայացուցիչներին, ում իրավունքները ոտնահարվել են սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և/կամ գենդերային արտահայտման հիմքով և հանդես է գալիս որպես ԼԳԲՏՔԻԱ+ համայնքի շահերի ներկայացուցիչ՝ տեղական, պետական, ինչպես նաև միջազգային մակարդակներում[25]։

Մեկ այլ կազմակերպություն է «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը, որը նպատակ ունի խթանել իրավահավասարություն, արդարադատություն բազմազանություն, արժանապատվություն և բարեկեցություն՝ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության միջոցով[26]։

ԼԳԲՏ համայնքին աջակցող ևս մեկ կազմակերպություն է «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը։ Վերջինս նպատակ ունի հասնել տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների բարօրությանը, պաշտպանվածությանն ու հավասարությանը՝ առաջ քաշելով սոցիալ-մշակութային և իրավական փոփոխություններ՝ համագործակցելով պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների հետ։ Այն առաջին և միակ հասարակական կազմակերպությունն է Հայաստանում և Հարավային Կովկասում, որը կառավարվում է տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների կողմից, ի շահ տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց։ «Իրավունքի կողմը» գործունեություն է իրականացնում ազգային մակարդակով՝ այդ թվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում[27]։

Հայաստանում ԼԳԲՏ շարժման մոբիլիզացիայի շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 17-ին և 18-ին Լոռու մարզում «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվեց ԼԳԲՏ ֆորում՝ «Ծիածան» անվամբ, որը նպատակ ուներ քննարկել համայնքին առնչվող հիմնահարցերը և մշակել ռազմավարություն ու քայլեր՝ Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար։ Ֆորումի անցկացումը հույսով լցրեց մասնակիցներին Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ. հուսադրղ էր հատկապես այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայինորեն ազնվանալ[28][29]։

Մեկ տարի անց՝ 2016 թվականի հուլիսին, Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանում ԼԳԲՏ համայնքի երկրորդ «Ծիածան» ֆորումը, որը ավելի բազմամարդ էր (50 մարդ), քան առաջին ֆորումն էր։ Ֆորումը նախորդից տարբերվում էր նրանով, որ այս անգամ չկար այն ուժեղ բացասական արձագանքը, որը առկա էր առաջին ֆորումի պարագայում, և ֆորումի մասնակիցների նկարների՝ համացանցում հայտնվելը չուղեկցվեց նրանց նկատմամբ հետապնդումներով[30]։

Արդեն հաջորդ՝ 2017 թվականի հուլիսի 14-16-ը Աղվերանում տեղի ունեցավ «Ծիածան» ԼԳԲՏ 3-րդ ֆորումը, որին մանակցում էր 59 հոգի։ Ֆորումի ընթացքում քննարկվող թեմաներից էին ԼԳԲՏ անձանց նկատմամբ վախերի հարցերը և դրանց դիմադրելու ձևերը, ԼԳԲՏ անձանց խնդիրները մարզերում, ԼԳԲՏ անձանց ընտանիքների հետ կապված խնդիրները, և այլ իրավական և սոցիալական պաշտպանվածության հարցեր[31]։

2018 թ.ի հոկտեմբերի 12-14-ը Ծաղկաձորում անկացվեց ամենամյա 4-րդ «Ծիածան» ֆորումը։ Այս անգամ միջոցառմանը մասնակիցների թիվը աննախադեպ էր։ Ֆորումին մասնակցում էին 64 հոգի՝ ինչպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ համախոհներ։ Ներկա էին նաև առողջապահական ոլորտի մասնագետներ և բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ, լրագրողներ, իրավաբաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, ակտիվիստներ և այլ ոլորտի մասնագետներ։ Քննարկվող թեմաները հիմնականում առնչվում էին ԼԳԲՏ մարդկանց՝ քաղաքականությունում ունեցած դերին, քաղաքական ուժերի՝ իրենց շահերի համար նույնասեռականության թեմաների շահարկումներին և դրանց նկատմամբ դիմադրությունների ձևերին, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի մարզային զարգացմանը, ֆեմինիստական և ԼԳԲՏ շարժումների հատվող ուղիներին։ Շոշափվող կարևոր թեմաներ էին նաև առողջապահական հարցեր, ինչպես՝ ՄԻԱՎ-ին առնչվող խնդիրներն ու հանրային առողջության քաղաքականության հարցերը, բժշկական և հոգեբանական մասնագիտական դաշտում առկա խնդիրները։ Ֆորումը ներառում էր նաև հանդիպում համայնքի ներկայացուցիչների ծնողների հետ[32]։

Ի վերջո՝ 2019 թվականի նոյեմբերի 8-10-ը կազմակերպվեց «Փինքի» 5-րդ հոբելյանական «Ծիածան» ֆորումը։ Մոտ 60 մասնակիցների թվում էին ինչպես ԼԳԲՏ անձինք, այնպես էլ նրանց ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ակտիվիստներ, իրավաբաններ, առողջապահական և հարակից ոլորտի մասնագետներ։

Ֆորումը նպատակ ուներ ամփոփել ԼԳԲՏ շարժման անցյալը, քննարկել ընթացիկ աշխատանքները, մարտահրավերները և առաջընթացները և համայնքի նպատակներն ու ակնկալիքները՝ շարժման զարգացման և դրական փոփոխությունների համար։

Ֆորումի շրջանակներում քննարկվող հարցերը առնչվում էին այն բանին, թե ինչպես է սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքն անդրադառնում ԼԳԲՏ անձանց ու նրանց հարազատների կյանքի վրա։ Քննարկվեցին մի շարք խնդիրներ՝ կապված հասարակությունում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի, տարբեր լրատվամիջոցների, քաղաքական գործիչների ու ուժերի կողմից ԼԳԲՏ թեմաների շահարկման ու մանիպուլյացիաների հետ։

Ֆորումը նաև հնարավորություն էր տալիս համայնքի ներկայացուցիչների ծնողներին կիսվել իրենց ապրումներով ու փորձով՝ իրենց ու իրենց զավակների հարաբերությունների վերաբերությամբ[33]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FAQ on Health and Sexual Diversity. An Introduction to Key Concepts
  2. Research, policy and practice: Annual meeting, American Educational Research Association Verlag AERA, 1988
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bisexuality and Transgenderism: InterSEXions of the Others.Jonathan Alexander, Karen Yescavage Psychology Press, 2003 - Всего страниц 298
  4. The Handbook of Lesbian, Gay, Bisexual, and Transgender Public Health: A Practitioner's Guide to Service. Michael D. Shankle Harrington Park Press, 2006 - Всего страниц 373
  5. «Սեռականություն։ Հեղինակներ` Թամար Շիրինյան, Սևակ Կիրակոսյան և Լիլիթ Ավետիսյան, Խմբագրական անձնակազմ` Մարինե Մարգարյան, Լուսինե Սաղումյան, Նիկոլայ Հովհաննիսյան և Նվարդ Մարգարյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Գենդեր և գենդերային ինքնություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  7. Клецина Сергеевна, Ирина (1998). Гендерная социализация. СПб.: Издательство РГПУ им. А.И. Герцена,. էջ 92.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Ответы на вопросы. О СЕКСУАЛЬНОЙ ОРИЕНТАЦИИ И ГОМОСЕКСУАЛЬНОСТИ
  9. 9,0 9,1 9,2 9,3 Sexual Orientation & Homosexuality
  10. Gender Identity and Same-Sex Orientation, Attraction, and Behaviours,Professor Dinesh Bhugra, Drs Kristen Eckstrand (USA), Petros Levounis (USA), Anindya Kar (India), Kenneth R Javate (Philippines)
  11. Faderman, Lillian (1991). Odd Girls and Twilight Lovers: A History of Lesbian Life in Twentieth Century America. Penguin Books. էջեր 210–211.
  12. Ubaldo Leli, Drescher Jack, Taylor & Francis (2004). Transgender Subjectivities: A Clinician's Guide. էջ 162.
  13. CPA Policy Statement on Conversion/Reparative Therapy for Sexual Orientation
  14. 14,0 14,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  15. WMA STATEMENT ON NATURAL VARIATIONS OF HUMAN SEXUALITY Adopted by the 64th General Assembly, Fortaleza, Brazil, October 2013
  16. Position Statement of The Hong Kong College of Psychiatrists on Sexual Orientation
  17. ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԿԱՐԻՔ ՀԿ (ՓԻՆՔ ԱՐՄԵՆԻԱ) (2016). ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԳԲՏԻ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ԵՐԵՎԱՆ. էջեր 15–16. ISBN 978-9939-1-0381-5.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ։ 01.07.1961
  19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ։ (Ընդունված է 2003 թվականի ապրիլի 18-ին)
  20. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  21. ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
  22. 22,0 22,1 ԼԳԲՏ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2019Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ Տարեկան զեկույց
  23. «Հայաստանը կրկին վերջին տեղերում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  24. ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ԿԱՐԻՔ ՀԿ (ՓԻՆՔ ԱՐՄԵՆԻԱ) (2016). ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԳԲՏԻ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. էջեր 17–19. ISBN 978-9939-1-0381-5.
  25. «Մեր մասին – Փինք Արմենիա». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  26. «Գլխավոր». New Generation Humanitarian NGO. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  27. «Ով ենք մենք». Right Side (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  28. Հայաստանում տեղի է ունեցել ԼԳԲՏ-ի առաջին ֆորումը
  29. ԼԳԲՏ շարժումը Հայաստանում (անգլերեն), Վերցված է 2020-07-29-ին
  30. «ԼԳԲՏ հայերի կյանքում 2016թ-ին տեղի ունեցած ուրախ բաները». ԻՆՉՊԵՍ ԴՈՒ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  31. «Տեղի է ունեցել ԼԳԲՏ ամենամյա ֆորումը – Փինք Արմենիա». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  32. «Տեղի է ունեցել 4-րդ «Ծիածան» ֆորումը – Փինք Արմենիա». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  33. «Անցկացվեց 5-րդ ամենամյա «Ծիածան» ֆորումը – Փինք Արմենիա». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.