Սթրես (անգլ. stress - «լարվածություն» բառից), օրգանիզմի ընդհանուր և առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան զանազան արտաքին և ներքին ազդեցությունների (սթրեսորների) նկատմամբ, ինչպես նաև օրգանիզմի նյարդային համակարգի համապատասխան վիճակը։

Սթրես

Տերմինի պատմությունը խմբագրել

«Սթրես» բառը շրջանառության մեջ է մտել 19-րդ դարից և մինչ օրս առօրեական խոսքի մեջ գործածվում է իր բացասական իմաստով։ Սթրես եզրը գիտական աշխարհում առաջին անգամ գործածել է Ու. Քենոնը։ Առաջացել է անգլերեն stress բառից, որ նշանակում է «ճնշում», «լարվածություն»։

Սթրեսի (ԸԱՀ) տեսություն խմբագրել

Սթրեսի (ընդհանուր ադապտացիոն համախտանիշ) կոնցեպցիան մշակել և զարգացրել է կանադացի բնագետ, էնդոկրինոլոգ և կենսաբան Հանս Սելյեն քսաներորդ դարի 30-ական թվականներին։ Նա սթրեսը սահմանեց որպես ընդհանուր ադապտացիոն համախտանիշ (ԸԱՀ), մեկընդմիշտ տարբերակեց էվսթրեսը (էուսթրես) դիսթրեսից տարանջատեց սթրեսի ընթացքի փուլերը, «սթրես» հասկացությունը բարձրացրեց մինչև կյանքի ցուցիչի աստիճանի։

Ըստ Սելյեի՝ սթրեսը օրգանիզմի ոչ յուրահատուկ (ոչ սպեցեֆիկ) պատասխանն է, ռեակցիան միջավայրի ցանկացած փոփոխության (յուրահատուկ ազդակներին)։ Օրգանիզմը պատասխան ռեակցիաներ է տալիս ներքին և արտաքին ազդեցություններին, որոնց վերջնական նպատակը միջավայրի պայմաններին հարմարվելն է՝ ադապտացիան։

Բջջի և օրգանիզմի հարմարողական բիոքիմիական ռեակցիաները զարմանալիորեն նման են անկախ ազդեցության բնույթից։ Հ․Սելյե

Ցանկացած պահանջ, որ ներկայացվում է օրգանիզմին, որոշ չափով յուրահատուկ է։ Բայց բոլոր ազդեցությունները ներկայացնում են մեկ ընդհանուր պահանջ՝ վերափոխման ոչ սպեցեֆիկ պահանջը, որը կայանում է ներկայացված դժվարությանը ադապտացվելու մեջ, ինչպիսին էլ այն լինի։ Ադապտացիոն ֆունկցիաներ իրագործելու պահանջը առաջացնում են մեր վրա ազդող բոլոր ազդակները, անկախ իրենց յուրահատուկ էֆեկտից։ Այդ ֆունկցիաները վերականգնում են օրգանիզմի նորմալ վիճակը, հոմեոստազը, հավասարակշռությունը, որ խախտել էր ազդակը։ Հենց այդ ոչ յուրահատուկ պահանջը, ըստ Սելյեի, կազմում է սթրեսի էությունը։

Տեսակներ խմբագրել

Ըստ Սելյեի հաճելի ապրումների հետ կապված սթրեսը էուսթրես է, տհաճ ապրումների հետ կապվածը՝ դիսթրես։ Ռիչարդ Լազարուսը՝ հոգեբանական սթրեսի կոգնիտիվ թեորիայի հեղինակը, էուսթրեսի և դիսթրեսի տարբերությունը հանգեցրել է այն բանին, որ առաջինի դեպքում մարդ, սուբյեկտիվորեն գնահատելով իրավիճակը և համեմատելով այն իր ուժերի ու կարողությունների հետ, համարում է, որ այն հաղթահարելի է, իսկ երկրորդ դեպքում՝ իրավիճակը դուրս է գալիս անհնարին՝ անհաղթահարելի, նախկին փորձում չհանդիպած։ Սթրեսի որակը կապ չունի իրավիճակի իրական, օբյեկտիվ անհնարինության և հաղթահարելիության հետ։

Սթրեսի փուլերը ըստ Հ.Սելյեի խմբագրել

Սելյեն առանձնացրեց սթրեսի 3 փուլ.

Տագնապի փուլ խմբագրել

Առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմի վրա սկսում է ազդել սթրեսորը (սթրես առաջացնող ազդակը)։ Այս փուլում օրգանիզմը փոխում է իր բնութագիրը, վերափոխում է ներքին ռեակցիաները, գործընթացները։ Տագնապի ժամանակ դիմադրությունը բավարար ուժեղ չէ, և եթե սթրեսորը ուժեղ լինի, օրգանիզմը կարող է մահանալ հենց այս փուլում։

Դիմադրության փուլ խմբագրել

Եթե սթրեսորի ազդեցությունը համատեղելի է ադապտացիայի հնարավորությունների հետ, օրգանիզմը սկսում է ակտիվ դիմադրություն ցույց տալ։ Տագնապի ռեակցիայի նշանները վերանում են և դիմադրման մակարդակը սովորականից նշանակալի բարձրանում է։ Այս փուլում օրգանիզմի կենսագործունեությունը չի տարբերվում սովորական պայմաններում կենսագործունեությունից։ Դիմադրության փուլի տևողությունը կախված է օրգանիզմի բնածին հարմարվողականությունից և սթրեսորի ուժից։

Հյուծման փուլ խմբագրել

Առաջանում է սթրեսորի երկարատև ազդեցության պատճառով և հակառակ դեպքում կարող է և չլինել։ Այս փուլի սկզբում օրգանիզմի ադապտացիոն ռեսուրսները կամաց-կամաց սպառվում են։ Ադապտացիոն էներգիայի պաշարները, ըստ Սելյեի, սահմանափակ են։ Այս փուլում կրկին հայտնվում են տագնապի ռեակցիայի նշանները, սակայն այժմ դրանք անդառնալի են և դրանց ամբողջական սպառման դեպքում անհատը մահանում է։

Սելյեն այս փուլերը համեմատում էր կյանքի փուլերի՝ մանկության, հասունության և ծերության հետ, որը ավարտվում է մահվամբ։

Ադապտացիոն հնարավորություններ խմբագրել

Ադապտացիոն էներգիան ժառանգականորեն պայմանավորված սահմանափակ կենսունակության պաշար է։ Ադապտացիոն հնարավորությունները անսպառ չեն։ Սելյեի հայացքների համաձայն՝ անհնար է լրացուցիչ ադապտացիոն էներգիա կուտակել, ներդնել ծնողականից ժառանգածի վրա։

Սելյեն առանձնացնում էր ադապտացիոն էներգիայի 2 մակարդակ։

  1. Մակերեսային էներգիայի առկայությունը մարդը գիտակցում է, մոտավորապես գիտի դրա չափսերի մասին և այն օգնության է գալիս առաջին իսկ անհրաժեշտության դեպքում։ Այն միշտ շատ թե քիչ օգտագործվում է։ Սրա սպառումից հետո հանգիստը հնարավորություն է տալիս վերականգնել դիմադրողականությունը և ադապտացիայի հնարավորությունը գրեթե մինչև նախկին մակարդակ։ Սակայն լրիվ վերականգնում երբեք չի լինում, ցանկացած բիոլոգիական գործունեություն թողնում է անդարձելի «քիմիական սպիներ»։
  1. Մակերեսային էներգիայի վերականգնումը տեղի է ունենում ադապտացիոն էներգիայի խորը պաշարների հաշվին՝ ռեզերվի շնորհիվ։ Խորը ադապտացիոն ռեսուրսների գոյության մասին մարդը հաճախ չգիտի, դրանք չեն գիտակցվում։ Սակայն երբ սպառվում է մակերեսային էներգիան, օրգանիզմը սկսում է օգտվել խորը պաշարներից։ Այս էներգիայի պաշարները չեն վերականգնվում և լիակատար սպառումը հանգեցնում է մահվան։

Սթրեսի կանխարգելման և սթրեսային իրավիճակում ինքնակարգավորման մեթոդները խմբագրել

Սթրեսի կանխարգելման և սթրեսային իրավիճակում ինքնակարգավորման մեթոդները բաժանվում են 2 մասի՝ բնական և արհեստական։

Բնական-ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սպորտ, զբոսանք, ֆիզիկական կուլտուրա և այլն,

  1. ջրային-լող, վաննա, սաունա,
  2. հետաքրքրություն, որը օգնում է թուլանալ և հաճույք ստանալ,
  3. ժամանակ առ ժամանակ անել այն ինչը դուրեկան է,
  4. հաղորդակցվել հանգիստ և օպտիմիստաբար տրամադրված մարդկանց հետ։

Արհեստական - պրակտիկ հոգեբանության կողմից ստեղծված մեթոդներ։ Լարվածության թուլացման վարժությունները կատարում են հանգիստ իրավիճակում 10-15 րոպեի ընթացքում։

Ֆիզիոլոգիական սթրես խմբագրել

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Selye, H. A Syndrome Produced by Diverse Nocuous Agents Արխիվացված 2008-01-07 Wayback Machine. Nature. vol. 138, July 4 (1936), p. 32.
  • Սելյե, Հ., «Սթրես առանց դիսթրեսի», Երևան, 1983
  • Кокс Т. Стресс Москва, 1981 г., - 216 с.
  • Л.А. Китаев-Смык Психология стресса, Москва, Академический Проект, 2009