Իոլանդա Արագոնցի (անգլ.՝ Yolande of Aragon, օգոստոսի 11, 1384, Սարագոսա, Իսպանիա - նոյեմբերի 14, 1442(1442-11-14)[1][2], Սոմյուր)[4], ամուսնության բերումով Անժուի դքսուհի և Պրովանսի կոմսուհի, որը հանդիսացել է Պրովանսի ռեգենտը իր որդու անչափահասության տարիներին։ Եղել է Արագոնի թագավոր Խուան I-ի և վերջինիս կնոջ` Իոլանդա դե Բարի դուստրը։ Վճռական դեր է խաղացել Ֆրանսիայի և Անգլիայի միջև ծավալված պայքարում և ազդեցություն ունեցել այնպիսի իրադարձությունների վրա, ինչպիսին է 1429 թվականին Ժաննա դ'Արկի բանակի ֆինանսավորումը, որի միջոցով իրավիճակը փոխվել է հօգուտ ֆրանսիացիների։ Հայտնի է նաև Իոլանդա դե Արագոն և Վիոլանտ դ՛Արագո անուններով։ Ավանդույթի համաձայն նա է պատվիրել հայտնի «Rohan Hours» ժամագիրքը։

Իոլանդա Արագոնցի
Yolande of Aragon.jpg
Ծնվել է՝օգոստոսի 11, 1384
ԾննդավայրՍարագոսա, Իսպանիա
Մահացել է՝նոյեմբերի 14, 1442(1442-11-14)[1][2] (58 տարեկան)
Վախճանի վայրՍոմյուր
Angers Cathedral
ՏոհմԱրագոնյան արքայատոհմ
քաղաքական գործիչ
ՀայրJohn I of Aragon?
ՄայրViolant of Bar?
ԵրեխաներՌենե Բարի[3][2], Louis III of Naples?[3], Charles, Count of Maine?[3], Marie of Anjou?[3][2] և Yolande of Anjou?[3]
Հավատքքրիստոնեություն

Ընտանիք և ամուսնությունԽմբագրել

Իոլանդան ծնվել է 1384 թվականի օգոստոսի 11-ին Արագոնի Սարագոսա քաղաքում և եղել Արագոնի թագավոր Խուան I-ի և վերջինիս երկրորդ կնոջ` Իոլանդա դե Բարի ավագ դուստրը։ Ունեցել է երեք եղբայր և երկու քույր, ինչպես նաև տարիքով ավելի մեծ հինգ խորթ քույր-եղբայր իր հայրիկի ու Մարթա Արմանյակցու հետ առաջին ամուսնությունից։ Իոլանդան հետագայում կարևոր դեր է խաղացել 15-րդ դարի առաջին կեսի Անգլիայի, Ֆրանսիայի և Արագոնի քաղաքականության մեջ։

 
Իոլանդայի և Լյուդովիկոս II Անժուացու ամուսնությունը, Ֆրուասարի տարեգրություն

1389 թվականին Լյուդովիկոս II-ը թագադրվել է որպես Նեապոլի թագավոր։ Նրա մայրը` Մարի դե Բլուան, բանակցություններ է սկսել իր որդուն Իոլանդայի հետ ամուսնացնելու համար, որով կկանխվեր թագավորի կողմից Արագոնում իր իշխանությունը կորցնելը։ Տասնմեկ տարեկանում Իոլանդան ստորագրել է մի փաստաթուղթ, որով մերժել է Լյուդովիկոս II-ի հետ իր ամուսնության դեսպանների կողմից տրված խոստումները։ 1395 թվականին Անգլիայի թագավոր Ռիչարդ II-ը նույնպես բանակցություններ է սկսել Իոլանդայի ձեռքն ստանալու համար։ Այդ ամուսնությունը կանխելու համար Ֆրանսիայի թագավոր Կառլ VI-ը Ռիչարդին առաջարկել է իր դստերը՝ Իզաբելա Վալուային։ Իոլանդայի հոր մահից հետո Մարի դե Բլուան համոզել է Իոլանդայի հորեղբորը՝ Մարտին I Արագոնցուն ամուսնացնել Իոլանդային Լյուդովիկոս II-ի հետ։ Իոլանդան բողոք է ստորագրել, բայց հետո ստիպված է եղել հետ կանչել այն։ Զույգն ամուսնացել է 1400 թվականի դեկտեմբերի 2-ին Առլ քաղաքում։ Չնայած Իոլանդայի ավելի վաղ առարկություններին և ամուսնու հետագա հիվանդություններին, ամուսնությունը հաջողված էր։

Նկրտումներ արագոնյան թագի հանդեպԽմբագրել

Որպես Արագոնի թագավոր Խուան I-ի դուստր պահանջել է Արագոնի թագն իր ավագ քրոջ՝ Ֆուայի դքսուհի Խուանայի ու հորեղբոր՝ թագավոր Մարտին I Արագոնցու մահից հետո։ Սակայն այդ ժամանակվա Արագոնի ու Բարսելոնի գահաժառանգման օրենքները նախապատվությունը տալիս էին արական գծով ժառանգներին (ահա թե ինչու Իոլանդայի հորեղբայրն էր ժառանգել գահը)։ Մարտինը մահացել է 1410 թվականին անժառանգ, և երկու տարի առանց թագավորի մնալուց հետո արագոնցիներն ընտրել են Խուան I Կաստիլիացու և Էլեանոր Արագոնցու երկրորդ որդուն՝ Ֆերդինանդ I-ին որպես թագավոր։

Արագոնի գահի անժուացի հավակնորդը Իոլանդայի ավագ որդի, Կալաբրիայի դուքս Լյուդովիկոս III Անժուացին էր, որի նկրտումները տապալվել են Կասպեի դաշնագրով։ Իոլանդան ու իր որդիներն իրենց համարել են ավելի մեծ իրավունքներ ունեցող ժառանգորդներ և սկսել են կրել Արագոնի թագավորի տիտղոսը։ Այս լրացուցիչ ժառանգության արդյունքում Իոլանդային անվանել են «Չորս թագավորությունների թագուհի», հավանաբար նկատի ունենալով Սիցիլիան, Երուսաղեմը, Կիպրոսն ու Արագոնը։ Թիվը կարող էր հասնել յոթի, եթե հաշվի առնվեին նաև Արագոնի բաղկացուցիչ թագավորություններ Մալյորկան ու Վալենսիան, ինչպես նաև Սարդինիան։ Սակայն իրականությունն այն է, որ Իոլանդան ու իր ընտանիքը միայն կարճ ժամանակով են ղեկավարել վերոնշյալ թագավորությունները, եթե ղեկավարել են ընդհանրապես։ Նրանց իրական թագավորությունը կազմել են Անժուի ֆեոդալություններն ամբողջ Ֆրանսիայում. նրանց անվիճելիորեն ենթարկվել են Պրովանս և Անժոու նահանգները, ինչպես նաև որոշ ժամանակներում՝ Բարի դքսությունը, Մեյնը, Տուրենն ու Վալուան։ Իոլանդայի որդի Ռենե Բարին դարձել է Լոթարինգիայի կառավարիչը՝ ամուսնանալով դքսուհի Իզաբելայի հետ։

Ֆրանսիա և Անժուի տոհմԽմբագրել

Հարյուրամյա պատերազմի երկրորդ փուլի սկզբում Իոլանդան նախընտրել է աջակցել ֆրանսիացիներին (մասնավորապես Արմանյակների կուսակցությանը) ընդդեմ անգլիացիների ու բուրգունդացիների։ 1413 թվականին Բուրգունդիայի դուքս Ժան Անվախի կողմից հրահրված Ֆրանսիայի գահաժառանգի վրա ամբոխի հարձակումից հետո նա և իր ամուսինը հրաժարվել են իրենց որդի Լյուդովիկոսի և Ժանի դստեր՝ Քեթրին Բուրգունդացու նշանադրությունից, որով վճռականորեն հայտնվել են Արմանյակների ճամբարում։ Նույն տարում Իոլանդան հանդիպել է Ֆրանսիայի թագուհի Իզաբելա Բավարացու հետ ու վերջնական տեսքի բերել իր դուստր Մարիի ու Իզաբելայի երրորդ որդի Կառլի ամուսնության պայմանագիրը։

Իր երկու ավագ եղբայրների մահից հետո Իոլանդայի օգնությամբ Կառլը գահ է բարձրացել որպես Ֆրանսիայի թագավոր Կառլ VII։ Քանի որ Կառլի մայրը՝ Իզաբելան, դեմ է եղել նրա թագադրությանը, համարվում է, որ Իոլանդան է պաշտպանել դեռահաս փեսային ընդդեմ բոլոր տեսակի դավադրությունների և հանդես եկել որպես փոխարինող մայր։ Նա հեռացրել է Կառլին իր ծնողների արքունիքից և պահել նրան իր իսկ ամրոցներում, հատկապես Լուարայի հովտում գտնվող, որտեղ վերջինս ընդունել է Ժաննա դ'Արկին։ Իոլանդան կազմակերպել է Կառլի ամուսնությունն իր դստեր՝ Մարի Անժուացու հետ, որով էլ անձնական և կարևոր մասնակցություն է ունեցել Ֆրանսիայում Վալուաների տան պահպանման պայքարում։

1400 թվականին Առլում Իոլանդայի ամուսնությունը Լյուդովիկոս II-ի հետ կազմակերպվել էր Սիցիլիայի և Նեապոլի թագավորության վերաբերյալ Անժուի և Արագոնի տների միջև վիճահարույց պահանջները լուծելու նպատակով։ Իր կյանքի մեծ մասը Լյուդովիկոսն անցկացրել է Իտալիայում՝ պայքարելով Նեապոլի թագավորությանը հավակնելու համար։ Ֆրանսիայում Իոլանդան Անժուի դքսուհին էր ու Պրովանսի կոմսուհին։ Նա նախընտրել է արքունիք ունենալ Անժեում ու Սոմյուրում, ունեցել է վեց երեխա, իսկ իր երկրորդ որդի Ռենեի դուստրը՝ Մարգարեթ Անժուացին դարձել է Անգլիայի թագավոր Հենրի VI-ի կինը։

1415 թվականին Ազենկուրի ճակատամարտում ֆրանսիացիների դեմ անգլիացիների հաղթանակով վտանգվել է Անժուի դքսությունը։ Ֆրանսիայի թագավոր Կառլ VI-ը հոգեկան հիվանդ էր ու նրա թագավորությունը գտնվում էր քաղաքացիական պատերազմի մեջ բուրգունդացիների և օռլեանցիների (Արմանյակներ) միջև։ Իրավիճակը վատթարացրել է Բուրգունդիայի դուքս Ժան Անվախի, անգլիացիների և ֆրանսիական թագուհու՝ Իզաբելա Բավարիացու միջև դաշինքը․ վերջինս համաձայն էր Բուրգունդիայի դուքսի սխեմային, որով Կառլ VI-ի երեխաներին պետք է մերժվեր Ֆրանսիայի թագը։ Վախենալով Բուրգունդիայի դքսի թիկունքում բռնարար ուժի ձևավորումից՝ Լյուդովիկոս II-ն Իոլանդային երեխաների ու ապագա փեսա Կառլի հետ տեղափոխել է Հարավային Ֆրանսիայի Պրովանս նահանգը։

Ֆրանսիայի գահաժառանգԽմբագրել

1415 և 1417 թվականներին Ֆրանսիայի թագավոր Կառլ VI-ի երկու որդիները մահացել են միմյանց հաջորդելով՝ նախ Գիյենի դուքս Լյուդովիկոսը, ապա՝ Տուրենի դուքս Ժանը․ երկուսն էլ գտնվել են Բուրգունդիայի դքսի խնամակալության տակ։ Իոլանդան պաշտպանում էր իր փեսա Կառլին, որը դարձել էր Ֆրանսիայի նոր գահաժառանգը։ Նա մերժել է Իզաբելա թագուհու՝ Կառլին ֆրանսիական արքունիք վերադարձնելու պահանջները, ենթադրաբար պատասխանելով․ «Մենք այս մեկին չենք սնել ու պահպանել, որ դու նրան սպանես ինչպես իր եղբայրներին, կամ խելագարեցնես ինչպես իր հորը կամ էլ անգլիացի դարձնես քեզ նման։ Ես նրան ինձ եմ պահում։ Արի ու տար նրան, եթե համարձակվում ես»։

1417 թվականի ապրիլի 29-ին Լյուդովիկոս II Անժուացին մահացել է հիվանդությունից՝ 33-ամյա Իոլանդային թողնելով Անժուի տան կառավարումը։ Նա հանդես է եկել որպես իր որդու ռեգենտ, նաև իր ձեռքում է եղել Վալուաների ֆրանսիական արքայական տան ճակատագիրը։ Նրա երիտասարդ փեսան՝ գահաժառանգ Կառլը բացառապես խոցելի վիճակում էր․ նա իրեն աջակցող այլ միջոցներ չուներ, բացի Անժուի ու ավելի փոքր Արմանյակի տները։

1419 թվականին Մոնտրոյում Ժան Անվախի սպանությունից հետո վերջինիս որդին՝ Ֆիլիպ Բարին է հաջորդել նրան որպես Բուրգունդիայի դուքս։ Անգլիայի թագավոր Հենրի V-ի օգնությամբ նա հոգեկան հիվանդ Կառլ VI-ին պարտադրել է Տրուայի պայմանագիրը (21 մայիսի, 1420), որի համաձայն Անգլիայի թագավորը հանդիսանում էր «Ֆրանսիայի ռեգենտը» և ֆրանսիական գահի ժառանգորդը։ Սրա արդյունքում 1421 թվականին գահաժառանգ Կառլը ժառանգազրկված է հայտարարվել։ Երբ 1422 թվականին միմյանց հաջորդելով մահացել են և՛ Անգլիայի թագավոր Հենրի V-ը, և՛ Ֆրանսիայի թագավոր Կառլ VI-ը (օգոստոսի 31-ին և հոկտեմբերի 21-ին համապատասխանաբար), 19-ամյա գահաժառանգ Կառլը դարձել է Ֆրանսիայի օրինական թագավոր Կառլ VII։ Կառլի տիտղոսը վիճարկել են անգլիացիները և նրանց բուրգունդյան դաշնակիցները, որոնք պաշտպանում էին Անգլիայի թագավոր Հենրի V-ի ու Կառլի քրոջ՝ Քեթրին Վալուայի մանկահասակ որդու՝ Հենրի VI-ի թեկնածությունը որպես Ֆրանսիայի թագավոր։ Սա նախադրյալ է ստեղծել հարյուրամյա պատերազմի վերջին փուլի համար՝ «Կառլ VII-ի պատերազմի»։

Այս պայքարում Իոլանդան կարևոր դեր է խաղացել երիտասարդ Վալուաս թագավորին Անժուի տան հետ կապված խորհրդականներով և ծառաներով շրջապատելու գործում։ Նա հրահրել է Բրետանիի դուքս Ժան VI-ին խզել դաշինքն անգլիացիների հետ, ինչպես նաև բրետոնյան դքսերի ընտանիքից զինվոր Արտուր դե Ռիշմոնին 1425 թվականին դարձրել Ֆրանսիայի մարշալ։ Ժաննա դ'Արկին իր անվերապահ աջակցության շնորհիվ նպաստել է վերջինիս՝ իրադարձությունների կիզակետում հայտնվելուն։ Իոլանդան վարել է իրատեսական քաղաքականություն։ Օգտվելով մարշալ դե Ռիշմոնի ծառայություններից՝ բռնությամբ ազատվել է Կառլ VII-ի մի քանի խորհրդականից․ 1433 թվականին հարձակվել և արքունիքից հեռացվել են Լա Տրեմույները։ Իոլանդան չի խորշել գեղեցիկ կանանց ներգրավել ու նրանց ազդեցիկ տղամարդկանց սիրուհիներ դարձնելով՝ իր համար լրտեսություն անել տալուն։ Այսպիսի կանանց ցանց է ունեցել Լոթարինգիայի, Բրետանիի և իր փեսայի արքունիքներում։

Բովեի եպիսկոպոս, մատենագիր Ժան Ժուվենել դեզ Յուրսենը (1433–44) Իոլանդային բնութագրել է որպես «թագավորության ամենագեղեցիկ կին»։ Անժուների տան ժամանակագիր Բուրդինյեն նրա մասին ասել է․ «ասում էին, որ նա քրիստոնեական աշխարհում ամենաիմաստուն ու ամենագեղեցիկ արքայադուստրն էր»։ Հետագայում Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ը նշել է, որ իր տատիկն ունեցել է «տղամարդու սիրտ կանացի մարմնում»։ Քսաներորդ դարի ֆրանսիացի հեղինակ Ժեհան դ՛Օռլիակը Իոլանդայի մասին հատուկ աշխատություն է գրել ու նշել, որ դքսուհին շարունակում է չգնահատված մնալ իր հանճարի և Կառլ VII-ի օրոք ունեցած ազդեցության հարցում։ «Նրա մասին հպանցիկ է նշվում, սակայն նա քառասուներկու տարվա ընթացքում Ֆրանսիայի բոլոր կարևոր իրադարձությունների առանցքն է եղել, մինչդեռ Ժաննա դ՛Արկն ընդամենը տասնմեկ ամիս է եղել հասարակության ուշադրության կենտրոնում»։

Իոլանդան հանգստի է անցել Անժեում, հետո Սոմյուրում, սակայն շարունակել քաղաքականությամբ զբաղվել։ Երբ Անժեում թափուր է մնացել եպիսկոպոսությունը, նա Կառլ VII-ի թեկնածուին սպառնացել է գլխատել, եթե հայտնվի քաղաքում։ Թագավորը հետ է քաշվել, ու նրա քարտուղարն է զբաղեցրել պաշտոնը։ Առնվազն 1439 թվականից ի վեր նրա թոռնուհի Մարգարեթ Անժուացին ապրել է նրա մոտ։ Տատիկը նրան ո՛չ միայն վարվելակարգ ու գրականություն է սովորեցրել, այլ նաև՝ հաշվեմատյաններ ստուգել։ Մահվանից առաջ նրա վերջին գործը եղել է Մարգարեթին սուրբ Հռոմեկան կայսր Ֆրեդերիկ III-ի հետ ամուսնության նախապատրաստումը․ նա ընդունել է վերջինիս դեսպաններին ու թոռնուհուն ներկայացրել նրանց։ Մահացել է 1442 թվականի նոյեմբերի 14-ին Սոմյուրի քաղաքային տանը[5]։

Ամուսնություն և զավակներԽմբագրել

Լյուդովիկոս II-ի հետ ամուսնությունից ունեցել է հինգ զավակ․

  1. Լյուդովիկոս III Անժուացի (25 սեպտեմբերի, 1403 – 12 նոյեմբերի, 1434), Անժուի դուքս, Նեապոլի տիտղոսակիր թագավոր։ Որդեգրվել է Նեապոլի թագուհի Ջովաննա II-ի կողմից։ Ամուսնացել է Մարգարեթ Սավոյացու հետ, մահացել է առանց զավակներ ունենալու։
  2. Մարի Անժուացի (14 հոկտեմբերի, 1404 – 29 նոյեմբերի, 1463)։ 1422 թվականին ամուսնացել է Ֆրանսիայի թագավոր Շառլ Հաղթանակողի հետ, զավակների թվում էր նաև թագավոր Լյուդովիկոս XI-ը։
  3. Ռենե I Նեապոլցի (16 հունվարի, 1409 – 10 հուլիսի, 1480), Անժուի և Բարի դուքս, Լոթարինգիայի դուքս-կոնսորտ, Սիցիլիայի և Նեապոլի տիտղոսակիր արքա։ Ամուսնացել է Լոթարինգիայի դքսուհի Իզաբելայի հետ․ Անգլիայի թագուհի Մարգարեթ Անժուացին նրանց դուստրն էր։
  4. Իոլանդա Անժուացի (13 օգոստոսի, 1412 – 17 հուլիսի, 1440)։ 1431 թվականին ամուսնացել է Բրետանիի դուքս Ֆրանցիսկոս l-ի հետ։
  5. Կառլ Անժուացի (14 հոկտեմբերի, 1414 – 10 ապրիլի, 1472), Մենի դուքս, ամուսնացել է նախ Քոբելա ռուֆոյի, ապա՝ Գիզի կոմսուհի Իզաբել դե Սեյնթ փոլի հետ․ երկու ամուսնություններից էլ զավակներ է ունեցել։

Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջԽմբագրել

Թագուհի Իոլանդայի կերպարը հանդիպում է Ժան Անույի հանրաճանաչ The Lark ներկայացման մեջ, որտեղ նրան մարմնավորել է Դենիս Պերետը, ինչպես նաև Catherine հեռուստասերիալում, որտեղ նրա դերը կատարել է ֆրանսիական թատրոնի մեծ դերասանուհի Ժենեվևա Կազիլը։
Իոլանդան հիշատակվել է նաև 1999 թվականին նկարահանված «Ժաննա դ'Արկ» ֆիլմում, որտեղ նրան մարմնավորել է դերասանուհի Ֆեյ Դանաուեյը։

Մարիա Քրիստինա ֆոն Ռեյբնիցի հեղինակած «Չորս թագավորությունների թագուհի» պատմավեպի գլխավոր հերոսուհին է, ինչպես նաև Օլաֆ Մագնուսի կյանքի մասին պատմող Միլյա Կաունիստոյի հեղինակած գիրք-եռագրության կարևոր երկրորդական հերոսուհի։

Գրականության ցանկԽմբագրել

  • Zita Rohr, "Lifting the Tapestry: The Designs of Yolande of Aragon (1381-1442)", in Anthony McElligott, Liam Chambers, Ciara Breathnach, Catherine Lawless (dir.), Power in History : From Medieval Ireland to the Post-Modern World, Dublin / Portland, Oregon, Irish Academic Press, coll. "Historical studies" (n° 27), 2011, XVI-314 p. (9780716531081), pp. 145–166.
  • Zita Eva Rohr, Yolande of Aragon (1381-1442). Family and Power: The Reverse of the Tapestry, Basingstoke/New York, Palgrave Macmillan, 2016. (9781137499127)
  • Philippe Contamine, "Yolande d'Aragon et Jeanne d'Arc : l'improbable rencontre de deux parcours politiques", in Éric Bousmar, Jonathan Dumont, Alain Marchandisse et Bertrand Schnerb (dir.), Femmes de pouvoir, femmes politiques durant les derniers siècles du Moyen Âge et au cours de la première Renaissance, Bruxelles, De Boeck, coll. "Bibliothèque du Moyen Âge", 2012, 656 p. (978-2-8041-6553-6), pp. 11–30.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families — P. http://fmg.ac/Projects/MedLands/ANJOU,%20MAINE.htm.
  4. Philippe Contamine, "Yolande d'Aragon et Jeanne d'Arc : l'improbable rencontre de deux parcours politiques", in Éric Bousmar, Jonathan Dumont, Alain Marchandisse et Bertrand Schnerb (dir.), Femmes de pouvoir, femmes politiques durant les derniers siècles du Moyen Âge et au cours de la première Renaissance, Bruxelles, De Boeck, coll. "Bibliothèque du Moyen Âge", 2012, 656 p. (978-2-8041-6553-6), p. 11.
  5. "Yolande ... mourut à Saumur, en l'hôtel du seigneur de Tucé, le 14 novembre 1442": Albert Lecoy de La Marche, Le roi René, sa vie, son administration, ses travaux artistiques et littéraires, d'après les documents inédits des archives de France et d'Italie (Paris: Firmin-Didot, 1875) vol. 1 p. 226