Սուրբ Թարգմանչաց տոն
Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Աստվածաշնչի թարգմանությունը
խմբագրելՀայերեն առաջին թարգմանական գրականությունը եղել է Աստվածաշունչը։ Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) այն անվանել է «Թագուհի թարգմանչաց»։ Թարգմանիչներն Աստվածաշունչը թարգմանում էին լրացումներով, ինչպես նաև տարբեր թարգմանված եզրերի ներմուծմամբ։ Թարգմանության մի մասը կատարվել է ասորերենից, իսկ մյուս մասը՝ հունարենից։ Աստվածաշնչի գլխավոր թարգմանիչներն էին Սահակ Պարթևը, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղևոնդ Անանդեցին և Հովհաննես Եկեղեցացին։
Թարգմանչաց շարժում
խմբագրելԹարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի գյուտից անմիջապես հետո՝ 405 թվականին։ Այն նպատակ ուներ թոթափել երկիրը հունական ազդեցությունից, հիմնել հայկական դպրոցներ, թարգմանել հիմնական հոգևոր և աշխարհիկ գրականությունը, հայկականացնել եկեղեցական ծեսերն ու հիմնել ինքնուրույն հայալեզու դպրություն։ Ծայր առած շարժումը հետապնդում էր նաև որոշ պետական շահեր. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը։ Հարկ է նշել, որ բոլոր գործողությունները ղեկավարվում էին եկեղեցական և հոգևոր այրերի կողմից՝ արքա Վռամշապուհի անմիջական օժանդակությամբ։ Ընդհանուր առմամբ, V դ. 1-ին կեսին կատարված թարգմանությունները կարելի է դասակարգել հետևյալ բաժինների՝
- Լիտուրգիկա՝ ծիսական երկեր (Խորհրդատետր-Պատարագամատույց, Ժամագիրք և այլն)
- Պատրիստիկա՝ հայրախոսական գրականություն,
- Մարտիրոլոգիա և հագիոգրաֆիա՝ վկայաբանություն և վարքագրություն
- Կանոնական (եկեղեցական ժողովների և սուրբ հայրերի կողմից գրված կանոններ ու սահմանումներ)
- Պատմական երկեր
Հայ գրերի գյուտից մինչև 440-ական թթ. ասորերենից և հունարենից թարգմանվել են մեծ քանակությամբ գործեր։ Դրանցից հատկանշական են հետևյալները՝ Աստվածաշնչի թարգմանությունը (405–408 թվականներին և 430-ական թվականներ), Խորհրդատետր-Պատարագամատույցներ, Դիոնիսոս Թրակացու «Արուեստ քերականութեան», Փիլոն Եբրայեցու ճառերը, Պորփյուրի «Ներածություն»-ը, , Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը, Ժամագիրք, Հովհան Ոսկեբերանի ճառերը, քարոզներն ու մեկնությունները, Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները՝ նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս. Երրորդության մասին», նամակներ Նեստորին և 12 նզովքները, Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը՝ նվիրված Գործք առաքելոցին և Պողոս առաքյալի թղթերին, Հիերոնիմոսի մեկնությունը, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ը (416–420 թվականներին), Եպիփան Կիպրացու «Մարգարեների վախճանի մասին», Սեբերիանոս (Սեվերիանոս) Գաբաղացու ճառերը, Եվագր Պոնտացու ճառերն ու մեկնությունները, Եվսեբիոս Եմեսացու ճառերը, Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան»-ը, Բարսեղ Կեսարացու «Վեցօրյա արարչության մասին» աշխատությունը, նաև ճառերը, մեկնություններն ու խրատները, Պլատոնի աշխատությունները, Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը» (420–430 թվականներին), Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (430-ական թթ.), Պրոկղ եպիսկոպոսի թղթերը՝ ուղղված Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին (430-ական թթ.), Ակակիոս Մելիտենացու երկու թղթերը (430-ական թթ.), Եփրեմ Ասորու ճառերը, աղոթքները և Սուրբ Գրքի մասերին նվիրված մեկնությունները, Ս. Թադեոսի և Ս. Սանդուխտի վկայաբանությունը (430 թվականին, ), Մեթոդիոս Ոլիմպիացու «Անձնիշխանության մասին» երկը, Եպիփան Կիպրացու «Ընդդեմ աղանդոց» երկը, Հիպպոլիտոս Բոստրացու ճառերն ու մեկնությունները, «Բոլոր աղանդների հերքումը» (430–440-ական թթ., Գրիգոր Սքանչելագործի «Քրիստոսի ծննդյան մասին», Զենոբ Ամիդացու ճառը, Այիթալա Եդեսացու ճառը, Գրիգոր Նազիանզացու ճառերը, Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեի, Նեոկեսարիայի ժողովների և Նիկիայի Ա տիեզերական ժողովի կանոնները (430–440-ական թթ.)։ 490-ական թթ. թարգմանվել է նաև Արիստոտելի «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» երկերը։ V դ. 1-ին կեսին են թարգմանվել մի շարք անվավեր ճանաչված բնագրեր, այդ թվում նաև «Պիղատոսի նամակը Տիբերիոս կայսեր», «Եդեսիա քաղաքի թագավոր Աբգարի նամակը», «Հակոբի ուղերձը Կոնդրատիոսին», «Քրիստոս Պոնտիոս Պիղատոսի առջև», «Առաքյալների վարդապետությունը»։ Թարգմանվել են նաև բազմաթիվ վկայաբանություններ և վարքագրություններ՝ և հունարենից, և ասորերենից։ Ողջ թարգմանական գրականությունը հիմքեր է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբան-դավանական, իմաստասիրական, պատմական և այլաբնույթ գրականության ստեղծման համար՝ Գրիգոր Ա Լուսավորչի (կամ նրան վերագրվող) «Հաճախապատում ճառերը», Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և այլ երկեր։
Թարգմանչաց շարժման ավանդույթները շարունակվել են նաև հետագա դարերում ({{Գրիգոր Մագիստրոս Պահլավունի]] և այլք), սակայն նոր թափ են ստացել հատկապես XIV դ. լատին միարարների (ունիթորություն) և նրանց հայ հետևորդների շնորհիվ։ Քռնայի և Ծործորի դպրոցներում լատիներենից թարգմանվել են Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի, Ժիլբեր Պոռետացու, Ալբերտ Մեծի, Բարդուղիմեոս Բոլոնիացու, Պետրոս Արագոնացու և այլ հեղինակների երկերը։ Թեև միարարների նպատակն էր հիմնավորել կաթոլիկության առավելությունը, սակայն նրանց գործունեությունը մեծապես նպաստել է եվրոպական քրիստոնեական մտքի նվաճումների յուրացմանը, որը հմտորեն իրագործել են Հայ եկեղեցու վարդապետներն ու գաղափարախոսները։ XVII դ., հոգևոր մշակույթի աշխուժացմանը զուգընթաց, վերականգնվել են Թարգմանչաց շարժման ավանդույթները։ Թարգմանչաց շարժումն իր սկզբնավորումից ի վեր խթանել է լուսավորականության, կրթության, գիտության, լեզվաշինության և նոր գաղափարների զարգացումը։
19-20-րդ դարերը նշանավորվել են համաշխարհային գրականության մի շարք հեղինակներիի թարգմանությամբ։ Հայ գրողներ Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը և ուրիշներ զգալի ավանդ են ունեցել համաշխարհային գրականությունը հայերենով ներկայացնելու գործում։ Շելլիի ստեղծագործությունները թարգմանվել են Հ. Թումանյանի և Ա. Չոպանյանի կողմից։ Վալտեր Սկոտի գործերից առաջինը հայերեն է թարգմանել Մ. Մամուրյանը, Հայնեի ստեղծագործությունները՝ Հ. Թումանյանը, Վ. Տերյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։
Երաժշտարվեստ
խմբագրելԹարգմանչական շարժումը սկիզբ է դրել նաև հոգևոր երաժշտության և տարբեր գործերի առաջացմանը։ Այսպես, թարգմանչաց շարժմանն ու սուրբ թարգմանիչներին է ձոնված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը՝ իր կանոնով։
Սուրբ Թարգմանչաց տոնի նշման ժամանակացույցը՝ ըստ տարիների
խմբագրելՍուրբ Թարգմանչաց տոնը նշվում է Խաչվերաց տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, հոկտեմբերի 8-ից 14-ի միջև օրերին։
- 09 հոկտեմբերի 1982/2010/2038
- 08 հոկտեմբերի 1983/2011/2039
- 13 հոկտեմբերի 1984/2012/2040
- 12 հոկտեմբերի 1985/2013/2041
- 11 հոկտեմբերի 1986/2014/2042
- 10 հոկտեմբերի 1987/2015/2043
- 08 հոկտեմբերի 1988/2016/2044
- 14 հոկտեմբերի 1989/2017/2045
- 13 հոկտեմբերի 1990/2018/2046
- 12 հոկտեմբերի 1991/2019/2047
- 10 հոկտեմբերի 1992/2020/2048
- 09 հոկտեմբերի 1993/2021/2049
- 08 հոկտեմբերի 1994/2022/2050
- 14 հոկտեմբերի 1995/2023/2051
- 12 հոկտեմբերի 1996/2024/2052
- 11 հոկտեմբերի 1997/2025/2053
- 10 հոկտեմբերի 1998/2026/2054
- 09 հոկտեմբերի 1999/2027/2055
- 14 հոկտեմբերի 2000/2028/2056
- 13 հոկտեմբերի 2001/2029/2057
- 12 հոկտեմբերի 2002/2030/2058
- 11 հոկտեմբերի 2003/2031/2059
- 09 հոկտեմբերի 2004/2032/2060
- 08 հոկտեմբերի 2005/2033/2061
- 14 հոկտեմբերի 2006/2034/2062
- 13 հոկտեմբերի 2007/2035/2063
- 11 հոկտեմբերի 2008/2036/2064
- 10 հոկտեմբերի 2009/2037/2065
Գրականություն
խմբագրել- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, Երևան, 2002
- Դպրոցական Մեծ Հանրագիտարան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, Երևան, 2008
- Թարգմանչաց տոն. - Ինչ է, ով է, 1985, հտ. 2, էջ 85.։
- Թարգմանչաց տոն. - ՀՍՀ, 1978, հտ.4, էջ 150։
- Մկրտչյան Լ. ․․․Իմանալ զբանս հանճարոյ. - Սովետահայ թարգմանական գեղարվեստական գրականություն գրքում.- Եր., 1983, էջ 5-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 150)։ |