Ընտանիքի պլանավորումը կրթական, բժշկական և հասարակական գործողությունների համպարփակ ամբողջականությունն է, որն անհատներին թույլ է տալիս ազատորեն որոշել իրենց երեխաների քանակը, դրանց ծնվելու միջև ընկած ժամանակահատվածը և ընտրել դրանք կարգավորելու միջոցները[1]։ Ընտանիքի պլանավորումը կարող է վերաբերել կնոջ որոշմանը՝ քանի երեխա ծնել կամ չծնել ընդհանրապես, ինչպես նաև այն տարիքը, որում նա որոշում է ծնել։ Դրա վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ամուսնական կարգավիճակը, կարիերան, ֆինանսական վիճակը, և հաշմանդամությունները, որոնք կարող են ազդել նրանց երեխա ծնելու ու մեծացնելու ունակության վրա։ Սեռական ակտիվության դեպքում ընտանիքի պլանավորման համար կարող են օգտագործվել հակաբեղմնավորիչներ և այլ միջոցներ՝ վերարտադրության ժամանակի դասավորությունը կազմակերպելու համար[2]։

1960 թվականին ներկայացված ամերիկյան ըմպելի համակցված հակաբեղմնավորիչը տասնամյակներ շարունակ առանցքային դեր է խաղացել ընտանիքի պլանավորման գործում

Ընտանիքի պլանավորման այլ հայեցակետերից են սեռական դաստիարակությունը, սեռավարակների կանխարգելումն ու կառավարումը, նախաբեղմնավորային բժշկական խորհրդատվությունը և անպտղության կառավարումը[2]։ ՄԱԿ–ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընտանիքի պլանավորման ուղղությամբ աջակցող գործունեություն են վարում։ Աբորտը չի համարվում ընտանիքի պլանավորման միջոց, սակայն հակաբեղմնավորիչների կիրառումը և ընտանիքի պլանավորումը նվազեցնում են աբորտի դիմելու կարիքը[3][4]։

«Ընտանիքի պլանավորում» հասկացությունը երբեմն օգտագործվում է որպես հոմանիշ հակաբեղմնավորմանը, սակայն ընտանիքի պլանավորումը դրան համատեղ ենթադրում է նաև այլ միջոցների կիրառում։ Հակաբեղմնավորիչներ կիրառող մարդիկ միշտ չէ, որ ընտանիք են պլանավորում, ինչպես օրինակ՝ ամուրիները, ամուսնացած զույգերը, որոնք հետաձգում են երեխայի ծնունդը կարիերայի կերտման համար ևն։ Ընտանիքի պլանավորում հասկացությունն օգտագործվում է ողջ տիրույթը պարփակելու համար, սակայն ժամանակակից իմաստով երևույթը վերաբերում է ծնելու վերաբերյալ կնոջ որոշմանը և պտղունակ զույգերի՝ զավակների քանակը սահմանափակելը և միջծննդաբերական ժամանակահատվածների կառավարումը։

Նպատակներ խմբագրել

 
Հոնգ Կոնգի ընտանիքի պլանավորման ընկերության պաստառը․ «Պլանավորեք ձեր ընտանիքը, քանի դեռ ուշ չէ»

1968 թվականի մայիսի 13–ին Թեհրանում անցկացվել է Մարդու իրավունքների միջազգային համաժողովը, որի ընթացքում ընդունվել է Թեհրանի հռչակագիրը, որը վերահաստատվել է 1974 թվականին Բուխարեստում, 1984 թվականին Մեխիկոյում և 1994 թվականին Կահիրեում[5][6]։ Դրա գլխավոր դրույթներից էր այն, որ զույգերը, կանայք և տղամարդիկ ունեն ընտանիքի պլանավորման ապահով, մատչելի, հասանելի, ընդունելի տեղեկատվության և միջոցների իրավունք։ Այդ միջոցները կարող են օգտագործվել բնական ծնունդի, սուրոգատության, արհեստական բեղմնավորման, որդեգրության համար։ Այն դեպքերում, երբ անձը չի ցանկանում երեխա ծնել, նա կարող է ուսումնասիրել միջոցները, որոնք կարող են կանխել հղիությունը, ինչպիսիք են բեղմնականխումը, հակաբեղմնավորիչները կամ ֆիզիկական պաշտպանությունը և կանխումը։

Երեխա մեծացնելը պահանջում է տարբեր ռեսուրսների ահռելի քանակ․ ժամանակային, սոցիալական, ֆինանսական և բնապահպանական[7][8][9]։

Երեխայի ծնունդն էական ազդեցություն չունի մարդկանց բարեկեցության վրա, սակայն սոցիալական որոշ խմբեր կարող են իրենց ավելի լավ զգալ առանց երեխաների։ Երեխայի որդեգրումից հետո շատ ընտանիքներ ավելի երջանիկ են դարձել[10]։ Որդեգրումը նաև ավելի արդյունավետ կաորղ է լինել երեխա ունենալ ցանկացող ավելի տարեց մարդկանց համար, ովքեր ավելի հակված են անառողջ երեխա բեղմնավորել[11][12]։

Ռեսուրսներ խմբագրել

Ծնողների առավել բարձր կրթական մակարդակը և բարձր վարձատրությունը թույլ են տալիս ավելի բարեկեցիկ դարձնել ամեն երեխայի կյանքը։ Ավելի քիչ հարազատ քույր–եղբայր ունեցող երեխաներն հակված են ստանալ լիարժեք կրթություն։ Ընտանիքի պլանավորումը թույլ է տալիս կանխել բնակչության անկառավարելի աճը՝ ազգային և մարզային զարգացման խոչընդոտներից մեկը[13]։

Առողջություն խմբագրել

Մոր առողջության՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան ժամանակաշրջանում կնոջ առողջության պահպանությունն է։ Թեև հղիությունը դրական և հաճելի փորձ է կանանց համար, սակայն շատ կանանց համար հղիությունը կարող է լինել տառապանքի, վատառողջության և մահվան պատճառ։ Մայրական մահերի 99%–ը պատահում է թույլ զարգացած երկրներում, հիմնականում անդրսահարյան Աֆրիկայում և Հարավային Ասիայում[14]։

Վաղ և ուշ տարիքում հղիությունը մեծացնում է առողջական ռիսկը։ Մինչև տասնութ տարեկան հասակում հղիանալը կարող է հանգեցնել բարդացումների և մահվան հավանականությունը։ Երեխայի ծնունդից հետո մինչև հաջորդ երեխայի բեղմնավորման նվազագույն անվնաս ժամանակամիջոցը 2 տարի է, առավելագույնը՝ 5 տարի, վիժումից հետո՝ առնվազը 6 ամիս[15]։

Ժամանակակից միջոցներ խմբագրել

 
Ընտանիքի պլանավորման կենտրոն Մալայզիայում
 
Պատկերատախտակ Եթովպիայում, որը ցույց է տալիս ընտանքի չպլանավորման բացասական հետևանքները
 
Պատկերատախտակ Եթովպիայում, որը ցույց է տալիս ընտանքի պլանավորման դրական հետևանքները

Ընտանիքի պլանավորման ժամանակակից միջոցներն են բեղմնականխումը, արհեստական բեղմնավորումը և ընտանիքի պլանավորման ծրագիրը։

Հակաբեղմնավորիչներն անցանկալի հղիության կանխարգելման առավել հասանելի և գործուն միջոցներից են։ Ընտանիքի պլանավորման պետական ծրագրերը նպաստում են աղքատ ընտանիքներում ծնելիության նվազմանը[16]։ Երեխաների որդեգրումը երեխա ունենալու տարբերակներից մեկն է, որի դեպքում պետք է պահանջվում է յոթ քայլ․ որդեգրման որոշում, որդեգրման համար դիմում, որդեգրող տան քննություն, որդեգրման թույլտվություն, որդեգրի և որդեգրողի համապատասխանելիություն, որդեգրի տեղափոխությունն, որդեգրման օրինականացում[17]

Բեղմնականխում խմբագրել

Անցանկալի հղիությունը կանխելու համար կան բազմաթիվ միջոցներ։ Կան բնական և քիմիական միջոցներ, որոնք ունեն իրենց դրական և բացասական կողմերը։ Վարքագծային միջոցներից են սերմնաժայթքման կանխումը և դաշտանային շրջափուլերի հաշվարկումը, որոնք անվճար են և հասանելի։ Ավելի երկար գործողությամբ միջոցներից են ներարգանդային պարույրը և իմպլանտները, որոնք արդյունավետ են, հեշտ տեղադրվող, սակայն՝ ռիսկային։ Պահպանակները գործուն միջոց են, որոնք պաշտպանում են նաև սեռավարակներից։ Վիրահատական միջոցներն (արգանդափողերի կապում, վազէկտոմիա) ապահովում են անշրջելի արդյունք[18]։

Արհեստական բեղմանավորում խմբագրել

Այն կանայք, ովքեր ի վիճակի չեն բնական ճանապարհով հղիանալ, կարող են դիմել արհեստական բեղմնավորման։ Արհեստական բեղմնավորման ամենատարածված միջոցներից է սուրոգատ մայրությունը, որի դեպքում կինը համաձայնվում է հղիանալ և ծնել երեխա այլ զույգի համար։ Սուրոգատային մայրության երկու տեսակ կա՝ ավանդական և գեստացիոնալ։ Ավանդական սուրոգատության (հայտնի է նաև որպես մասնակի, բնական կամ ուղիղ սուրոգատ մայրություն) ժամանակ, բեղմնավորման համար օգտագործվում է սուրոգատ մոր ձվաբջիջը և հայրական կամ դոնորի սերմնահեղուկը։ Բեղմնավորումը կարող է տեղի ունենալ բնական կամ արհեստական բեղմնավորման միջոցով։ Օգտագործելով դոնորի սերմնահեղուկը՝ երեխան չի ունենում ծնող(ներ)ի գենետիկական հատկանիշները։ Եթե նախատեսված է բեղմնավորման համար օգտագործել հայրական սերմնահեղուկը, ապա երեխան կունենա հայրական և սուրոգատ մոր գենետիկական հատկանիշները[19]։ Որոշ դեպքերում բեղմնավորումը կարող է տեղի ունենալ մասնավորապես կողմերի համաձայնությամբ, առանց բժշկի կամ իրավաբանական կողմի միջամտության։ Որոշ իրավասություններով, դոնորային սերմնահեղուկ օգտագործող՝ «հանձնարարող ծնողները» պետք է անցնեն որդեգրման գործընթաց, որպեսզի ստանան երեխայի օրինական ծնողական իրավունքները։ Շատ կենտրոններ, որտեղ կատարում են բեղմնավորումներ՝ սուրոգատ մայրության միջոցով, կողմերին աջակցում են իրավական գործընթացները կազմակերպելուն։ Գեստացիոնալ սուրոգատությունն (հայտնի է նաև որպես սեփական կամ ամբողջական սուրոգատություն[20]) առաջին անգամ կիրառվել է 1986 թվականին[21]։ Այն տեղի է ունենում, երբ արտամարմնային բեղմնավորված սաղմը տեղադրվում է սուրոգատ մոր օրգանիզմ, երբեմն սուրոգատ մորն անվանում են գեստացիոնալ հղիություն կրող։ Գեստացիոնալ սուրոգատությունը ունի մի քանի ձև և յուրաքանչյուրի ժամանակ երեխան գենետիկորեն կապ չունի սուրոգատ մոր հետ։

Սերմնահեղուկի դոնորությունն արհեստական բեղմնավորման մեկ այլ տեսակ է։ Դրա դեպքում դոնորական սերմնահեղուկը ներարկվում է կնոջ ձվաբջջի մեջ։ Դա կարող է արվել նաև սեռական հարաբերության միջոցով, ինչը կոչվում է բնական սերմնավորում։

Ֆինանսներ խմբագրել

Ընտանիքի պլանավորմանն ուղղված պետության ծախսերը նվազեցնում են պետության հետագա ծախսերը մանկական առողջապահության վրա։ Ընտանիքները մեկ երեխայի վրա ծախսում են իրենց եկամուտների մոտ 20-25%–ը։ Մեկ երեխայի վրա ծախսվող գումարը 24%–ով ավելի է այն ընտանիքներում, որտեղ երեխաների թիվը փոքր է երեքից։

Մեդիաարշավ խմբագրել

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կա կապ ընտանիքի պլանավորմանն ուղղված մեդիաարշավների և հակաբեղմնավորիչների օգտագործման միջև։ Քենիայում և Տանզանիայում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ կանայք, ովքեր իմացել են ընտանիքի պլանավորման մասին ռադիոյի, թերթերի կամ հեռուստատեսության միջոցով, ավելի հակված են եղել օգտագործել հակաբեղմնավորիչներ[22]։

Տրամադրողներ խմբագրել

Պետական աջակցություն խմբագրել

Ընտանիքի պլանավորման ուղղակի պետական աջակցությունը կատարվում է պետական հիմնարկությունների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, բժշկական և սոցիալական աջակցության կենտրոնների միջոցով։ 2013 թվականին 197 պետություններից 160–ում ընտանիքի պլանավորման պետական ուղղակի աջակցություն է իրականացվել, իսկ մնացած 37–ից 20–ում աջակցությունն իրականացվել է միջնորդավորված՝ հասարակական կազմակերպությունների միջոցով[23]։

Մասնավոր աջակցություն խմբագրել

Մասնավոր աջակցություն են կատարում հիմնականում հասարակական և դավանական կազմակերպությունները։ Դրանք անվճար կամ սուբսիդավորված ծառայություններ են մատուցում բժշկական կենտրոններին, դեղագործարաններին և դեղատներին։

Դեղատներն ապահովում են հակաբեղմնավորիչների մատակարարումն այն տարածքներում, որտեղ քիչ են կամ չկան հիվանդանոցներ։

Աշխատավայրերում տարվող բացատրական աշխատանքները ևս նպաստում են ընտանիքի պլանավորման մասին տեղեկատվության տարածմանը։ 1997–2000 թվականների ընթացքում Եթովպիայում բեղմնականխումը 11%–ից աճել է 90%–ի[24]։

Հասարակական կազմակերպություններ խմբագրել

Հասարակական կազմակերպություններն աշխատում են այն բնագավառներում, որտեղ պետությունը կարող է չաշխատել։ Այն երկրներում, որտեղ պետությունը չի աջակցում կամ նույնիսկ արգելում է ընտանիքի պլանավորումը, հասարակական կազմակերպությունները կատարում են ծրագրեր և տեղեկատվություն են հասցնում մարդկանց[25]։

Միջազգային վերահսկողություն խմբագրել

Վերարտադրողական առողջության ծրագրեր իրականացնող գլխավոր միջազգային կառույցը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն է, որը սահմանել է մի քանի նպատակներ․ վերարտադրողական առողջության հասանելիություն, հիմնական կրթության հասանելիություն բոլորի համար, մայրական և մանկական մահացության կրճատում, կյանքի միջին տևողության ավելացում, սեռավարակների նվազեցում[26]։

Ընտանիքի պլանավորման ուղղությամբ աշխատանքներ են կատարում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային բանկը[27]։

Ստիպողական միջամտություն ընտանիքի պլանավորմանը խմբագրել

Հարկադիր ստերջացում խմբագրել

Պարտադիր կամ հարկադիր ստերջացման ծրագրերը կամ պետական քաղաքականությունը ստիպում է մարդկանց իրենց կամքին հակառակ ենթարկվել վիրահատական ստերջացման։ Լուսանցքային խմբերի մարդիկ առավել ենթարկված են հարկադիր ստերջացման վտանգին[28]։ Վերջին ժամանակներում հարկադիր ստերջացումներ իրականացվել են Արևելյան Եվրոպայում՝ գնչուների նկատմամբ և Պերույում՝ կեչուաների նկատմամբ[29][30]։ Չինաստանում տարվող մեկ երեխայի քաղաքականության շրջանակներում երբեմն կիրառվում էր հարկադիր ստերջացում։

Սեռական բռնություն խմբագրել

Բռնաբարությունը կարող է պատճառ դառնալ հղիության։ Բռնաբարությունը կարող է պատահել տարբեր իրավիճակներում, ներառյալ պատերազմի ժամանակ տեղի ունեցող կամ ամուսնական բռնաբարությունները, ստիպողական մարմնավաճառությունը ևն։

Ռուանդայի ցեղասպանության ընթացքում բռնաբարված կանանցից ծնվել է 2․000–10․000 երեխա[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. National Child Abuse and Neglect Data System Glossary
  2. 2,0 2,1 Family planning
  3. Family planning
  4. Effectiveness of Family Planning Policies: The Abortion Paradox
  5. Final Act of Tehran Conference
  6. UN Weltbevölkerungskonferenz in Kairo, 1994
  7. Expenditures on Children by Families, 2007
  8. Economic Evaluation of Family Planning Interventions in Low and Middle Income Countries; A Systematic Review
  9. The climate mitigation gap: education and government recommendations miss the most effective individual actions
  10. 92 percent of families with adopted children are satisfied with their decision
  11. Is advanced paternal age a health risk for the offspring?
  12. The health and development of children born to older mothers in the United Kingdom: observational study using longitudinal cohort data
  13. Family planning/Contraception
  14. Maternal mortality
  15. «Healthy Timing and Spacing of Pregnancy». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  16. Family planning: Federal program reduced births to poor women by nearly 30 percent
  17. Getting started
  18. «Birth control methods fact sheet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  19. Bhatia, Kalsang; Martindale, Elizabeth A.; Rustamov, Oybek; Nysenbaum, Anthony M. (2009). «Surrogate pregnancy: an essential guide for clinicians». The Obstetrician & Gynaecologist (անգլերեն). 11 (1): 49–54. doi:10.1576/toag.11.1.49.27468. ISSN 1744-4667.
  20. Imrie, Susan; Jadva, Vasanti (2014 թ․ հուլիսի 4). «The long-term experiences of surrogates: relationships and contact with surrogacy families in genetic and gestational surrogacy arrangements». Reproductive BioMedicine Online. 29 (4): 424–435. doi:10.1016/j.rbmo.2014.06.004. PMID 25131555.
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  22. The Impact of Multimedia Family Planning Promotion On the Contraceptive Behavior of Women in Tanzania
  23. Abortion Policies and Reproductive Health around the World
  24. «Partnering with the private sector to strengthen provision of contraception» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  25. Role of voluntary and non-governmental organizations in the national family planning programme.
  26. «UNFPA (United Nations Population Fund)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  27. Promises to Keep: The Toll of Unintended Pregnancies on Women's Lives in the Developing World
  28. Forced/Coerced Sterilization
  29. Czech regret over sterilisation
  30. Peru women fight for justice over forced sterilisation
  31. Caring for Children Born of Rape in Rwanda