Սատրապական Հայաստան
Սատրապական Հայաստան կամ Հայաստանի սատրապություն, վարչաքաղաքական միավոր Աքեմենյան պետության կազմում, որը ներառում էր գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 520-մ.թ.ա. 331: Ղեկավար պաշտոնը (սատրապ) զբաղեցրել են Երվանդունիները՝ նախասատրապական Հայաստանի հիմնադիր թագավորները։
Երկիր | Աքեմենյան պետություն |
---|---|
Կարգավիճակ | սատրապություն |
Մտնում է | Աքեմենյան պետություն |
Ներառում է | Մեծ Հայք Փոքր Հայք Ծոփք Կոմմագենե |
Վարչկենտրոն | Վան, Էրեբունի |
Հիմնական լեզու | Պարսկերեն, |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Զրադաշտականություն |
Տարածք | 300 000 քառ.կմ |
Հիմնադրված է | մ.թ.ա. 520-մ.թ.ա. 331 թ. |
Պատմական շրջան(ներ) | Հայկական լեռնաշխարհ |
Փոխարինեց | Վանի թագավորություն |
Հայաստանն Աքեմենյան սատրապություն
խմբագրելՄ.թ.ա. 6-րդ դարի 70-ական թվականներին Հայկական լեռնաշխարհում հիմնադրվել է համահայկական առաջին պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։ Այն, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը, այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։
Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. 6-5 դարերի Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։
Մարաստանի Աժդահակ թագավորի զորահրամանատար, պարսից և Անշանի թագավոր Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին՝ դաշնակցելով Հայաստանի Երվանդունի արքայատոհմի հետ, ապստամբել է Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ, տապալել նրան, գրավել մայրաքաղաք Եկբատանը, արքունի գանձերը և, դաշնակից հայերի հետ՝ նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դրել Արիական կամ Արյաց համադաշնություն, որը արդի գիտության մեջ դեռ շարունակում են անվանել Աքեմենյան պետություն։ Իրենք՝ պարսիկներն իրենց տերությանը անվանում էին Արյաց Տերություն՝ Ariyānām Xšaçam, բառացիորեն՝ Արյաց Աշխարհ, Արիների Երկիր։ Հենց Արիյանամ բառից էլ ծագում է Արիանա-Իրան երկրանունը[1][2][3][4][5]։
Պարսից արքունիքը, խորապես գնահատելով երկրի ռազմական ներուժը և խուսափելով նոր ապստամբություններից, ստիպված եղավ ճանաչել Երվանդականների իշխանությունը Հայաստանում։ Միաժամանակ պարսից թագավորը նրանց վերածեց պարսից սատրապների։ Սակայն երբեմն առ երբեմն սատրապական իշխանությունը հանձնվում էր պարսից ավագանու ներկայացուցիչներին։ Շուրջ երկու դար Հայաստանը հանդիսացել է Աքեմենյան Պարսկաստանի տերության սատրապություններից մեկը՝ զբաղեցնելով դրանց համակարգում կարևոր և պատվավոր տեղ։ Հայաստանը, լինելով պարսից XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ հարկ և պարսից բանակին հանձնել 20 հազար նժույգ, ինչը հավաստում է երկրի ոչ միայն մեծության, այլև հարստության մասին։ Որպես Աքեմենյան տերության հպատակներ՝ Հայոց թագավոր-սատրապներն իրենց զորքերով մասնակցել են Պարսից տերության մղած պատերազմներին։ Հատկապես հռչակված է եղել հայոց այրուձին։
Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչները՝ խնամիական կապերով կապված լինելով հանդերձ Աքեմենյան արքայատոհմի և պարսից մեծամեծ ընտանիքների հետ, մշտապես պահպանում էին իրենց արքայատոհմի սովորույթները և հայկականությունը[6]։
Հակապարսկական ապստամբությունը (Ք.ա. 522-521)
խմբագրելՄերձավոր Արևելքի քաղաքական վիճակն արմատապես փոխվեց Կյուրոս Մեծի և հայոց Տիգրան թագավորի մահից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը։
Դարեհի գահ բարձրանալուն որպես պատասխան ապստամբեցին պարսից տերության հպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը։ Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ Ա-ն, ի փառաբանություն՝ իր ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց Բեհիսթունյան ժայռի եռալեզու արձանագրությունը։ Վերջինիս պարսկերեն և էլամերեն մասերում Հայաստանն անվանվում է Արմինա, իսկ հայերը՝ արմինացի: Աքքադա-բաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել Ուրաշտու:
Հայաստանը Դարեհ թագավորի զորքերին ցույց տվեց համառ ու կատաղի դիմադրություն։ Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո, որոնց վայրերը հայտնի չեն։ Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ մի պարսիկ։ Բեհիսթունյան արձանագրությունից պարզվում է, որ և ոչ մի երկիր այնպիսի համառ դիմադրություն ցույց չի տվել պարսկական զավթիչներին, ինչպես Հայաստանը։ Պարսից զորավարները որոշակիորեն պարտություն են կրել չորս ճակատամարտերում և միայն հինգերորդ ճակատամարտից հետո երկիրը ճանաչել է Աքեմենյան Պարսկաստանի իշխանությունը։ Դատելով ամեն ինչից՝ ապստամբության պատճառներից մեկն այն էր, որ պարսից արքունիքը վերացրել էր Հայոց թագավորությունը։ Սակայն ապստամբությունը ճնշելուց հետո՝ նոր հուզումների տեղիք չտալու համար, պարսից թագավորը վերականգնում է Երվանդականների հպատակ թագավորությունը՝ որպես Աքեմենյա սատրապություն, որին ի տարբերություն մյուս սատրապությունների տրվեց որոշակի արտոնություններ՝ Հայկական սատրապության կառավարիչները համարվում էին սատրապ - թագավորներ, և այն հիմնականում ժառանգաբար իրականացնում էին Երվանդունիների արքայատան ներկայացուցիչները։
Բաբելոնիայում հակապարսկական ապստամբությունը ղեկավարել է նույնպես հայազգի Արախան[7]։
Սատրապական Հայաստանն ըստ Քսենոփոնի
խմբագրելՊարսից արքա Քսերքսեսի եղբայր Կյուրոս Կրտսերը մ.թ.ա. 401 թվականին ապստամբում է նրա դեմ, սակայն նա պարտվում է և սպանվում վճռական ճակատամարտում։ Նրա զորքերի մեջ էր գտնվում հույն վարձկանների 10 000-անոց (բյուր) զորաբանակ։ Վերջինս Կյուրոսի սպանությունից հետո ստիպված էր երկիր վերադառնալ ոչ թե եկած երթուղով, որը բռնված էր պարսկական զորքերով, այլ նահանջել դեպի Սև ծովի ափերը Միջագետքի և Հայաստանի վրայով։ Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը, որի «Անաբասիս» աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը։ Հայոց թագավորությունը, որ շարունակում էր մնալ պարսկական սատրապություն, այդ ժամանակ բաղկացած էր երկու մասից, որոնք համապատասխանաբար կոչվում էին Արևելյան ու Արևմտյան Հայաստան։ Առաջինի կենտրոնն Էրեբունին էր (Երևան), երկրորդինը՝ Վանը։
Մ.թ.ա. 5-րդ դարի վերջում Հայաստանի ղեկավարն էր սատրապ Երվանդը (մ.թ.ա. 404 – մ.թ.ա. 360), ով ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ։ Նա շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը։ Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր։ Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայաստանով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել։ Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում։ Քսենոփոնը նկարագրում է գյուղական տները, որոնք գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով։ Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը։ Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը։
Աքեմենյանների տիրապետության վերջին շրջանում կամ վերջինիս անկումից հետո Հայաստանը վարչականորեն բաժանվում է երկու անհավասար մասերի, որոնցից մեծը ստանում է Մեծ Հայք, իսկ փոքրը՝ Փոքր Հայք անունը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ V.Jayaram (2007 թ․ հունվարի 9). «The Concepts of Hinduism – Arya». Hinduwebsite.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Iranian Languages». LSS.wis.edu. 2006 թ․ փետրվարի 21. էջեր 26–7. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «"Iran – The Ancient Name of Iran", N.S. Gill». Ancienthistory.about.com. 2010 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Bailey, Harold Walter (1987). «Arya». Encyclopaedia Iranica. Vol. 2. New York: Routledge & Kegan Paul. էջեր 681–683.
- ↑ MacKenzie, David Niel (1998). «Ērān, Ērānšahr». Encyclopedia Iranica. Vol. 8. Costa Mesa: Mazda.
- ↑ «Հայաստանն Աքեմենյան սատրապություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Հայաստանն ըստ Քսենոփոնի նկարագրության». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |