Եկատերինա Պավլովնա Պոլտորացկայա, ի ծնե՝ Բակունինա (ռուս.՝ Екатерина Павловна Полторацкая, Бакунина, փետրվարի 9 (20), 1795 - դեկտեմբերի 7 (19), 1869, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուսական արքունիքի պալատական ազնվական օրիորդ, սիրողական նկարչուհի, Ա. Պուշկինի առաջին պատանեկան սերը, որը նրան ոգեշնչել է՝ ստեղծելու լիրիկական բանաստեղծությունների մի ամբողջ շարք։

Եկատերինա Բակունինա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9 (20), 1795
Մահացել էդեկտեմբերի 7 (19), 1869 (74 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինԱլեքսանդր Պոլտորացկի
Ծնողներհայր՝ Պավել Բակունին, մայր՝ Եկատերինա Բակունինա
 Ekaterina Pavlovna Poltoratskay (Bakunina) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գործող սենեկապետ Պավել Բակունինի ((1766-1805), որոշ ժամանակ ղեկավարել է Գիտությունների ակադեմիան) և Եկատերինա Սաբլուկովայի (1777-1846) դուստրն է։ Հոր կողմից եղել է դիվանագետ Դ. Տատիշչևի եղբոր աղջիկը, մոր կողմից` սենատոր Ա. Սաբլուկովի թոռնուհին։ Հեղափոխական Միխայիլ Բակունինը եղել է նրա զարմիկը։

Ստացել է տնային շատ լավ կրթություն։ 1798 թվականից ծնողների հետ ապրել է արտերկրում, նախ՝ Գերմանիայում և Շվեյցարիայում, ապա՝ Անգլիայում։ 1804 թվականին միջոցների սղության պատճառով Բակունինները վերադարձել են Ռուսաստան։ 1805 թվականի դեկտեմբերին` հոր մահից հետո, նրան և եղբայրներին` Ալեքսանդրին և Սեմյոնին, դաստիարակել են մայրը և պապը՝ Ա. Սաբլուկովը, որը նշանակվել է պաշտոնական խնամակալ։ Նրանք ապրել են Թաիրովի տան վարձակալած բնակարանում՝ Նևա գետի ափին։

Ծանոթություն Պուշկինի հետ խմբագրել

1811 թվականին Ալեքսանդր Բակունինը ընդունվել է նորաբաց Ցարսկոյե սելոյի լիցեյ, որտեղ ընկերացել է Պուշկինի հետ։ Եկատերինան մոր հետ հաճախ է այցելել եղբորը, իսկ ամռանը նրանք անընդհատ ապրել են Ցարսկոյե սելոյում։ «Վեդոմոստի լիցեյը» արձանագրել է նրանց այցելությունները. 1811 թվականին՝ չորս, 1814 թվականին՝ երեսունմեկ, 1815 թվականին՝ տասնյոթ, 1816 թվականին՝ վեց, 1817 թվականին՝ ութ անգամ։

16-ամյա գեղեցկուհի Եկատերինա Բակունինան լիցեյի շատ ուսանողների ուշադրության առարկա է եղել, որոնց թվում էին Պուշկինը, Պուշչինը և Իվան Մալինովսկին։ «Նրա հմայիչ դեմքը, հիանալի իրանը և սքանչալի վերաբերմունքն ընդհանուր ուրախություն պատճառեցին լիցեյի բոլոր պատանիներին»,- հիշատակել է Ս. Կոմովսկին։

1815 թվականին սիրահարված Պուշկինը «Գեղանկարչին» բանաստեղծության մեջ պատկերել է Բակունինայի գեղեցկությունը։ Նրա խոսքերի հիման վրա լիցեյի ուսանող Ն. Կորսակովը երաժշտություն է ստեղծել և դարձրել հանրաճանաչ սիրերգ։ Նրա անունը ներառված է Պուշկինի դոնժուանյան ցուցակում։ Ըստ բազմաթիվ հետազոտողների՝ Պուշկինն ստեղծել է քսանից ավելի լիրիկական բանաստեղծություններ՝ Բակունինայի հետ հանդիպումների տպավորությամբ։ Պուշկինի աշխատություններում նրա կերպարը հայտնվել է մինչև 1825 թվականը։

Արքունիքում խմբագրել

 
Եկատերինա Բակունինա (1828)

1817 թվականի հոկտեմբերի 24-ին Եկատերինա Բակունինան դարձել է Ելիզավետա Ալեքսևնայի պալատական ազնվական օրիորդը և հաստատվել թագավորական արքունիքում։ Շատերը երկիմաստորեն են ընկալել նրա նշանակությունը հասարակության մեջ։ Ն. Մուրավյովը գրել է իր մորը. «Ես շատ զարմացա, որ դու գրում ես Բակունինայի մասին։ Ի՞նչ գործով են նրան հրավիրել և ինչպես` դա շատ տարօրինակ է»[1]։

Հետագայում Բակունինան դարձել է կայսրուհու սիրելի պալատական ազնվական օրիորդը։ Բակունինան 1818 թվականին՝ կարճ ճանապարհորդության ժամանակ, ուղեկցել է նրան Դարմշտադտում և Վայմարում, այնուհետև՝ Մյունխենում և Կարլսրուեում։ Ժամանակակիցների հավաստմամբ «գեղեցիկ պալատական ազնվական օրիորդ Բ.»-ն առանձնացել է հատուկ շնորհքով` պալատական պարերեկույթին պարելիս։ Նա ընկերացել է Վ. Ժուկովսկու հետ և գեղանկարչության դասեր է ստացել պալատական նկարիչ Ա. Բրյուլովի մոտ։ Լինելով տաղանդավոր սիրողական նկարիչ՝ նա շատ է կրկնօրինակել, և նրա սիրելի ժանրը եղել է դիմանկարը։ Նրան նկարել են շատ հայտնի նկարիչներ՝ Օ. Կիպրենսկին, Պ. Ֆ. Սոկոլովը և Ա. Բրյուլովը։

Արքունիքում գտնվելու ընթացքում պալատական ազնվական օրիորդ Բակունինան ունեցել է լուրջ սիրավեպեր, ուստի 1821 թվականի դեկտեմբերին ժամանակակիցներից մեկը գրել է. «Բակունինայի արկածները ծայրաստիճան ռոմանտիկ են։ Կարող ենք միայն հուսալ, որ Բակունինայի սիրավեպը կշարունակի, նա հմայիչ է և արժանի է լավ խաղ կատարել»։ Այնուամենայնիվ, նա ամուսնացել է շատ հասուն տարիքում։ 1834 թվականի մարտին Ն. Պուշկինան գրել է դստերը[2].

  Ի՞նչ նորություններ կարող եմ ասել ձեզ, օրիորդ Բակունինան ամուսնանում է պարոն Պոլտորացկու՝ տիկին Կերնի հորեղբոր տղայի հետ, հարսանիքը կլինի Զատիկից հետո։ Նա 40 տարեկան է, երիտասարդ չէ, այրի է՝ առանց երեխաների և հարստության, ասում են, որ նա արդեն երկու տարի սիրահարված է։  

Ամուսնություն խմբագրել

 
Ալեքսանդր Պոլտորացկի

Եկատերինայի ընտրյալը դարձել է նրա վաղեմի ծանոթը՝ պաշտոնաթող կապիտան Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Պոլտորացկին (1792-1855)։ «Նա այնքան ուրախ է, որ ուրախությունից լաց է լինում»,- մի առիթով գրել է պալատական ազնվական օրիորդ Շերեմետևը` գալիք ամուսնության մասին[3]։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 1834 թվականի ապրիլի 30-ին Սանկտ Պետերբուրգում՝ Տրիմիֆունտսկի Սուրբ Սպիրիդոնի՝ Դեպարտամենտի կալվածքում[4]։ Կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան անձամբ է օրհնել հարսնացուին ամուսնության համար։ Շուտով Եկատերինան ամուսնու և մոր հետ հեռացել է մայրաքաղաքից։

Նրանք բնակություն են հաստատել Տամբովի մարզի Ռասկազովո քաղաքում գտնվող Պոլտորացկու կալվածքում։ «Նա թաղել է իրեն ինչ-որ մի գյուղում,- գրել է պարոն Մ. Կորֆը,- այս ամուսնությունը նրան զրկել է իր պալատական ազնվական օրիորդությունից` 3900 ռուբլի ռուբլի ռոճիկով, բայց հարազատների գնահատականներով՝ նրանք երջանիկ են»[5]։ 1837 թվականին Ա. Պոլտորացկին Տամբովի մարզում ընտրվել է ազնվականության առաջնորդ, իսկ Եկատերինա Պավլովնան հաճախ ազնվականների ժողովներում պարահանդեսների ու երեկոների տիրուհին էր։ Նրա կյանքն անցել է երեխաների դաստիարակության և գեղանկարչությամբ զբաղվելու մեջ։ Նա ստեղծել է հարազատների և մոտիկ մարդկանց դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ։ Նրա աշխատանքները պահվել են ընտանիքում, փոխանցվել սերնդեսերունդ, իսկ ավելի ուշ ցուցադրվել են բազմաթիվ թանգարանների հավաքածուներում։

1846 թվականին մահացել է Եկատերինա Պավլովնայի մայրը, իսկ 1855 թվականիի մարտի 13-ին՝ ամուսինը։ Նա թաղվել է Սանկտ Պետերբուրգում՝ Նովոդևիչի վանքում։ 1859 թվականից Պոլտորացկայան ամուսնացած դստեր հետ ապրել է Կոստրոմայում, ամռանը մեկնել է Բակունինների կալվածք և միայն երբեմն այցելել Ռասկազովո։ 1868 թվականին՝ որդու մահից հետո, նա գույքը հանձնել է յոթ տարեկան թոռանը՝ Ալեքսանդրին։ Եկատերինա Պավլովնան մահացել է 1869 թվականի դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում` ուղեղային այտուցից, թաղվել է ամուսնու կողքին։

Երեխաներ խմբագրել

  • Պավել Ալեքսանդրովիչ (1835-1835)
  • Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (1837-1867), հուսարական գնդի կոռնետ (հեծելազորային սպայական առաջին աստիճան), պորուչիկ, 1858 թվականին հրաժարական է տվել, ապրել է Ռասկազովոյի կալվածքում, զբաղվել է տնտեսությամբ։ Կինը Յուլյա Նիկոլաևնա Չիխաչյովան է, նրանք ունեցել են չորս երեխա։
  • Եկատերինա Ալեքսանդրովնա (1838-1917), ամուսնացել է գործող փաստացի պետական խորհրդական Իվան Լևաշովի (մահացել է 1900 թվականին) հետ, նրանց երեխաներն են` Ալեքսանդրը (1859-1914), Նիկոլայը (1860-1913) և Եկատերինան (1861-1957, ամուսնացել է Ա. Պոլտորացկու հորեղբոր տղայի հետ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Н. М. Муравьев. Письма декабриста 1813—1826. — М., 2001.
  2. Мир Пушкина. Фамильные бумаги. — Т. 1. — СПб.: Из-во «Пушкинский фонд», 1993. — С. 213.
  3. Архив села Михайловского. Т.2. Вып. 1. — СПб., 1902. — С. 38.
  4. ЦГИА СПб. ф.1797. оп.1. д.5. с. 83. Метрические книги церкви департамента уделов.
  5. Барон Модест Корф. Записки. — М.: Захаров, 2003. — 720 с.

Գրականություն խմբագրել

  • В. Сысоев. Поэта первая любовь. Екатерина Павловна Бакунина. — Тверь, 2006. — 176с.: ил.
  • Л. А. Черейский. Бакунина // Черейский Л. А. Пушкин и его окружение / АН СССР. Отд. лит. и яз. Пушкин. комис. Отв. ред. В. Э. Вацуро. — 2-е изд., доп. и перераб. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1989.