Դարիա Դադվար Հորասանի (պարս.՝ دریا دادور خراسانی), (1971, Մաշհադ, Իրան), իրանցի օպերային սոպրանո քնարական-լեգգերո (իտալ.՝ Soprano lirico-leggero) ձայնածավալով, ապրում է Ֆրանսիայում։ Նա ծնվել է Մաշհադում ՝ գիլանական ծագում ունեցող ընտանիքում։ Դեռևս մանկուց դրսևորել է իր երգելու հակումը, և նրա մայրը, ով նկարիչ էր, այդ գործում մեծ դերակատարում է ունեցել։ 1991 թվականին ուսումը շարունակելու համար Դադվարը մեկնել է Ֆրանսիա, իսկ 2000 թվականին ստացել է բարոկկո երգեցողության ոճի դիպլոմ։

Դարիա Դադվար
Ծնվել է1971
Մաշհադ, Իրան
Երկիր Իրան
Ժանրերդասական երաժշտություն և Պարսկական ավանդական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Կայքdaryadadvar.com
 Darya Dadvar Վիքիպահեստում

Դադվարն իր անհատական ոճը զարգացրել է իրանական տեղական և ավանդական երգերը արևմտյան ոճերի հետ միախառնելով։ Որպես տեքս օգտագործում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից իրանական պոեզիան։ Բացի այդ, նա իր կենդանի կատարումներում օգտագործում է ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան գործիքներ, ինչպիսիք են՝ դաշնամուրը, ջութակը, ֆլեյտան, չենգը և դոհոլը (պարս.՝ دهل):

2018 թվականին թողարկել է 2 ալբոմ, երկուսն էլ ձայնագրվել է կենդանի կատարմամբ։ Առաջին ալբոմը ձայնագրվել է 2004 թվականին Բեռլինում, իսկ երկրորդը՝ 2008 թվականին՝ Տորոնտոյում։ 2002 թվականին Թեհրանում մասնակցել է «Ռոստամ և Զոհրաբ» օպերային, որը ուղեկցվում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, որում նա կատարել է Թահմինայի պարտիան։ Իր մենակատարողական գործունեությունից բացի, նա համագործակցել է նաև այլ երաժիշտների հետ, ինչպիսիք են Հոմայը և «Աշխարհի ձայնը» (պարս.՝ صدای صلح) երաժշտական խումբը։

Կենսագրություն խմբագրել

Դարիա Դադվարը՝ Նասրին Օրմագանի դուստրը, ծնվել է 1971 թվականին Մաշհենում։ Մինչև հինգ տարեկանը ապրել է ազգությամբ գիլան տատիկի և պապիկի հետ։ Հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան, որտեղ և մեծացել է[1]։ Նա իրեն համարում է և գիլանուհի, և մաշհադուհի[2]։ Երգելու հակումը դրսևորել է մանկությունից։ Նրա մայրը, որը տիկնիկային թատրոնի երգչուհի, կոմպոզիտոր և ռեժիսոր էր, դրանում ունեցել է իր անմիջական ազդեցությունը։ Մանկության տարիներին Դադվարը մասնակցել է դպրոցական համերգների։ Դադվարը հարցազրույցի ժամանակ հիշում է[3]

«Երգի մեր ուսուցիչը տիկին Սիմին Գադիրին էր, մի անգամ նա եկավ և դժգոհ ասաց. «Ցավոք երգի դասերն արգելված են, ես հեռանում եմ» և նույնիսկ հիշում եմ, թե ինչպես նա գրկեց ինձ և ասաց. «Խոստացիր ինձ, որ դու լավ երգչուհի կդառնաս»[2]։

1978 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, երբ երաժշտության բոլոր դասերը փակվեցին դպրոցներում, Դադվարը ստիպված էր երաժշտություն սովորել տանը՝ մոր հետ։ Նրա խոսքով՝ «Ես փորձում էի շաբաթական պարսկերեն կամ անգլերեն մեկ երգ սովորել»[3]։ : Դադվարը 1991 թվականից ապրում է Ֆրանսիայում, գնացել է հոր մոտ ֆրանսերեն սովորելու։ Ամուսնացած է , ունի երկու երեխա՝ Դարտան և Դալինան[1]։ 2005 թվականին Վանկուվերում (Կանադա)՝ համերգից հետո, ավտովթարի է ենթարկվել, որը նա անվանել է իր ամենադառը հիշողություններից մեկը[3]։ 2001 թվականից ապրում է Փարիզում ։ Նրա անունը առկա է «1000 ամենակարևոր կանայք Մերձավոր Արևելքում և Արաբական աշխարհում» ցուցակում, ինչպես նաև «Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի ամենաակնառու, ամենակարևոր և ամենաազդեցիկ կանայք» գրքում[4][5]։

Ակադեմիական կրթություն խմբագրել

Դադվարն իր ակադեմիական կրթությունը սկսել է Ֆրանսիայում, ուր գնացել էր 1991 թվականին՝ հորը տեսնելու։ Հարցազրույցի ժամանակ ասել է, որ սկզբում ցանկացել է սովորել բժշկական ֆակուլտետում, բայց հոր պնդմամբ հրաժարվել է այդ որոշումից[6]։ 18 տարեկանում Տուլոնում սկսել է օպերային երաժշտություն սովորել պորտուգալացի դասուսույց Մարիա Սարտովայի մոտ։ Այնուհետև նա իր մասնագիտական կրթությունը շարունակել է Թուլուզում։ Նրա երկրորդ ուսուցիչը Ժասմին Մարտորելն էր, իսկ Անն Ֆոնդևիլին նա համարել է իր վերջին՝ հիմնական ուսուցիչը[3]։ Դադվարի խոսքերով ուսման սկզբում նա կատարել է տարբեր աշխատանքներ, ինչպիսին էր ֆրանսիական ընկերությունում արվեստի ապրանքների վաճառքը։ Ուսման ավարտին սկսել է վոկալի դասեր տալ։ Այդ աշխատանքները Դադվարին հնարավորություն են տվել կուտակել հմտություններ իր մասնագիտական գործունեությունը սկսելու համար[1]։ Երաժշտական կրթությունը ավարտել է 2000 թվականին Թուլուզում։ Նա ունի նաև կերպարվեստի մագիստրոսի կոչում, որը ստացել է 1997 թվականին[3]։ Նրա իսկ խոսքով, այդ ոլորտում կրթությունն օգնել է իրեն ստեղծագործական մոտեցում զարգացնել սեփական աշխատանքում[7]։ Նա հաճախել է ամբողջ աշխարհի երաժշտության վարպետների մասնագիտական վարպետության դասերին, ինչպիսիք են Աննա Մարիա Բոնդին, Գաբրիել Բեյքերը, Չարլզ Բրեթը, Ռոբերտ Դումեթը, Ժիլ Ֆելդմանը[3]։

Ստեղծագործական ոճ խմբագրել

Պատկեր:Toronto Daryaa.jpg
Դարիա Դադվար
Տորոնտո

Դադվարի ձայնը գտնվում է սոպրանո լիրիկո լեգգերո ձայնածավալում[1]։ Նա իրանական երգերն ու ժանրերը խառնել է արևմտյան ձևերի հետ և ստեղծել է իր սեփական ոճը։ Օպերայի հետ նրա առաջին ծանոթությունը եղել է 14 տարեկանում, Պակիստան այցի ժամանակ[2]։ Տուլոնի դպրոցի աշխատակիցները, որտեղ նա ֆրանսերեն էր սովորում, ուսանողների շրջանում երաժշտական միջոցառումներ էին կազմակերպում։ Դադվարի ձայնը լսելուց հետո, նրան առաջարկել են ընդունվել կոնսերվատորիա[8]։ Դադվարը, հարցազրույցներից մեկում ասել է, որ նախընտրում է իրեն «օպերային երգչուհի» չասեն, բավական է «երգչուհի» ասելը, քանի որ, ըստ նրա, իր աշխատանքը տարբեր ժանրերի խառնուրդ է։

Նա սիրում է իրանական ժողովրդական երգերը, ինչպես նաև երգում է իրանցի հին երգիչների գործերը։ Նա իր վրա է վերցնում երգերի ընտրությունը, դրանց մշակումները, և նույնիսկ այն ժամանակ, երբ նա վերարտադրում է այլ կատարողների գործերը, դրանք վերափոխում է իր ոճով։ Նրա խոսքով իր վրա ազդել են այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Գամար-օլ-Մոլուկ Վազիրին (պարս.՝ قمرالملوک وزیری), Էլահեն (պարս.՝ الههخواننده), Դելկեշը և Շուշան (պարս.՝ شمسی عصار)։ Նա ունենալով բարոկկո վոկալ ոճի որակավորում՝ որոշ ժամանակ տրամադրել է միջնադարյան երաժշտությանը։ Նա միացրել է բարոկկո ոճը իրանական ավանդական երաժշտության հետ։ Դադվարի խոսքերով՝ «սկզբում բարոկկո երաժշտության վարպետները լավ չէին ընդունում այս նորամուծությունը, և 1990-ական թվականների սկզբին ոչ ոք դրական չէր վերաբերվում այս միաձուլմանը, բայց որոշ ժամանակ անց պայմանները փոխվեցին` կապված ոճերի և մեթոդների մշակութային աճի հետ։ Այժմ այդ երևույթը արմատավորվել է և գտել է իր հետևորդներին և աջակիցներին»[9]։

Դարիա Դադվարը կարողանում է խոսել պարսկերեն, ֆրանսերեն (օրինակ, երգեր Բեատրիս Քարամովի հետ) և անգլերեն, երգում է ժողովրդական երգեր Իրանում տարածված բազմաթիվ լեզուներով և բարբառներով, ինչպիսիք են հայերենը, քրդերենը և գիլաներենը։ 2011 թվականի հարցազրույցում նա հաստատել է, որ կատարում է երգեր տասներկու տարբեր լեզուներով[10]։ Հարցին, թե ինչպես է դա անում, նա պատասխանել է․

  Քանի որ օպերային երգեցողության ուսման ընթացքում մեզ ստիպում էին սովորել հինգ հիմնական օպերային լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և լատիներեն, և երգել այս լեզուներով, մենք սովորեցինք վերլուծել այդ լեզուները։ Իրականում, մենք այդ լեզուներով չէինք խոսում, բայց սովորում էինք վերլուծել յուրաքանչյուր բառ և նախադասություն, դրանց իմաստը, որն իր մեջ կրում է յուրաքանչյուր բանաստեղծությունը... ուստի ստիպված էինք վերլուծել այդ ամենը։ Դա աշխարհի տարբեր լեզուներին արագորեն մարզվելու հմտություն էր տալիս։ Հետագայում, երբ ինձ տալիս եբրայերեն կամ իսպաներեն, ադրբեջաներեն կամ քրդերեն երգ, ես կարող էի առանց ընդգծված առոգանության երգել, և այժմ էլ չեմ կորցրել այդ ունակությունը։  

Դադվարը հիշում է երկու մյուզիքլ՝ «Երաժշտության ձայնը» և «Իմ չքնաղ լեդի», որոնք նրա վրա մեծ ազդեցություն են թողել։ 12 տարեկանում նա կարող էր արդեն երգել բոլոր այն անգլերեն և պարսկերեն երգերը, որոնք կային այդ ֆիլմերում։

Հակված լինելով ժամանակակից երգեր երգելուն, այնուամենայնիվ նա ասում է, որ իրեն ոգեշնչում են նաև ավանդական իրանական երաժշտական ստեղծագործությունները։ Իր երգերի տեքստերի համար նա ընտրում է ինչպես ժամանակակից բանաստեղծների, ինչպիսիք են Ֆերեյդուն Մոշիրին, Մեհդի Ախավան Սալեսը, Իրաջ-Միրզան, այնպես էլ դասական բանաստեղծների՝ ինչպիսին է Հաֆեզ Շիրազին, ստեղծագործությունները[11]։

Իր ստեղծագործություններում նա հիմնականում դաշնամուր է օգտագործում և իր հետաքրքրությունը բացատրում է նրանով, որ «այս գործիքը չի հոգնեցնում մարդկանց, և երբեմն այն կարող է փոխարինել ամբողջ նվագախմբին, երբեմն այն ռիթմի դեր է կատարում, և երբեմն էլ երգերին տալիս է հարմոնիա կամ մեղեդայնություն, և ոչ մի այլ գործիք չունի այդ հատկությունը»։ Նա օգտագորխում է նաև այլ գործիքներ՝ ջութակ, ֆլեյտա, չենգ, դոհոլ և դուդուկ[12]։

Համերգային գործունեություն խմբագրել

Դադվարի խոսքերով՝ իր առաջին պրոֆեսիոնալ համերգը տեղի է ունեցել 1999 թվականին Կոմպիենեի կայսերական թատրոնում։ Դրանք Էթյեն Մեգյուլի «Իոսիֆը Եգիպտոսում» օպերայից սոլո հատվածներ էին։ Նույն թվականին Ավինյոնում (Ֆրանսիա) տեղի է ունեցել իրանական ժողովրդական երգերի նրա առաջին համերգը[3]։ 1999 թվականին Թուլուզի ազգային տարածաշրջանային կոնսերվատորիայի կողմից ստացել է ոսկե մեդալ՝ քնարական սոպրանո ժանրում, իսկ 2000 թվականին՝ մագիստրոսի կոչում բարոկկո երգեցողության ոլորտում[13]։

1999 թվականի Դադվարը մասնակցել է Օմանի մշակույթի փառատոնին, 2000 թվականին՝ Թուլուզում երգեհոնային երաժշտության փառատոնին։ 2004 թվականին նա պարսկերենով մենահամերգ է տվել Լինքոլն կենտրոնում[14]։

2002 թվականին Թեհրանում մասնակցել է «Ռոստամ և Զոհրաբ» օպերային՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ[13], որում նա կատարել է Թեհմինայի պարտիան։ Նա՝ ինքը, նույնիսկ «չէր հավատում», որ նման բան կարող է պատահել, և այդ մասին ասել է, որ «մինչև բեմ բարձրանալու պահը, ես չգիտեի, թե արդյո՞ք ինձ թույլատրվել է դա անել։ Չգիտեի, դա պարզապես կատակ էր, թե՞ իրոք նման բան պատահում է»։ Եվ ավելացրել է․ «Ես շատ ուրախ էի, քանի որ ինձ համար այլ նվիրական երազանք չէր կարող լինել, քան երգել իմ հայրենակիցների առաջ, իմ երկրում»։

Այնուհետև նա ելույթ է ունեցել Ազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ռուդակի համերգասրահում, կրկին Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ։ Իր հարցազրույցում նա ասել է, որ Իրանում համերգների հիշողությունները համարում է «իմ համերգային գործունեության ամենահիշարժան պահերից մեկը»[3]։ Դարիա Դադվարին ընտրելու պատճառը նշվել է այն, որ նա ունի «փոփոխվող ձայն»։ Չնայած այն հանգամանքին, որ տոմսերը վաճառքի էին հանվել մի քանի երեկոների համար, ի պատասխան Բասիջ զինված կազմակերպության որոշ անդամների բողոքների, միայն առաջին երեկո է համերգ տվել, այնուհետև այն չեղարկվել է[15][16]։ Դադվարը, որը ելույթ էր ունենում Իրանի երաժշտական կենտրոնի պաշտոնական թույլտվությամբ, նշում է, որ չեղարկման պատճառը իր «երիտասարդությունն» է․ «Հնարավոր է, որ եթե ես այդ ժամանակ 70 տարեկան լինեի, առարկություններ չլինեին, բայց իմ երիտասարդության պատճառով ծրագիրը չեղարկվեց»։

Նա Իրանում կանանց մենակատարման արգելքի պատճառը անվանել է «քաղաքականություն», և հայտարարել է, որ «եթե Իրանում իմ գործիքը չկոտրեին, ես երբեք չէի վերադառնա երաժշտություն և, ամենայն հավանականությամբ, բժշկության հանդեպ իմ հետաքրքրության պատճառով ես կդառնայի բժիշկ ...բայց հենց այդ սահմանափակումն էր, որ հաստատեց երաժշտությամբ զբաղվելու իմ որոշումը, և պատճառ հանդիսացավ, որ երբ ես արտագաղթեցի Ֆրանսիա՝ ազատ աշխարհ, երաժշտությունը դարձրեցի իմ մասնագիտությունը»[17]։

2005 թվականին նա համերգներ է ունեցել Վանկուվերում (Կանադա), Գերմանիայում, Ֆրանսիայում, Լոնդոնում (Անգլիա), ինչպես նաև Բի Բի Սի-ի ուղիղ եթերում։ 2006 թվականին Սան Խոսեում և Նյու Յորքում, ինչպես նաև Իսպանիայում կայացել է մի քանի համեգներ։ Նա համագործակցել է նաև այլ արտիստների հետ, ինչպիսիք են Հոմայը (պարս.՝ پرواز همای) և «Աշխարհի ձայնը» («صدای صلح») երաժշտական խումբը[18][19]։

2012 թվականին տված իր հարցազրույցում Դարիան ասել է, որ իր անձնական զբաղվածության պատճառով, վերջին տարիներին նա ավելի քիչ ուշադրություն է դարձնում համերգային գործունեությանը։ 2011 թվականի մարտին տված հարցազրույցում Դադվարը ասել է, որ իր հանդիսատեսները հիմնականում երիտասարդներ են, չնայած այն հանգամանքին, որ նա ավելի մեծ ուշադրություն է ակնկալել ավագ սերնդից[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դարիա Դադվարը թողարկել է երկու ալբոմ։ Այլ նյութեր կան տեղադրված նաև նրա պաշտոնական կայքում, ինչպես նաև YouTube-ում և այլ կայքերում։ Իրանի առաջին ազգային օրհներգի վերակատարումը նրա կողմից մեծ իրարանցում է առաջացրել և տասնյակ հազարավոր դիտումներ հավաքել YouTube- ում։ Նրա մյուս նշանավոր գործերից են Ֆերեյդուն Մոշիրիի «Սրտերի արքա» (պարս.՝ «سطان قلبها») և «Ծառուղի» (պարս.՝ «کوچه») երգերը[6][20]։

2015 թվականի օգոստոսի 17-ին իր նոր ալբոմի թողարկման հետ կապված հարցազրույցում Դադվարն ասել է, որ «Շվեդիայում շրջագայությունից հետո ալբոմը ձայնագրվեց կենդանի կատարմամբ»[6] , և որ այն պետք է թողարկվի ապագայում։ Առաջին ալբոմը, որը ձայնագրվել է ուղիղ եթերում՝ 2004 թվականին Բեռլինում կայացած համերգի ժամանակ, իրենից ներկայացնում է իրանական ավանդական երաժշտությունը դաշնամուրի և ջութակի նվագակցությամբ։ Երկրորդ ալբոմը, որը ձևավորվել է նրա ներկայիս ոճով, իրանական ավանդական երաժշտության ջազ ու բլյուզ ոճերի խառնուրդ է։ Այդ ալբոմը ձայնագրվել է 2008 թվականին Տորոնտոյի Տիրգանի փառատոնի ժամանակ կայացած համերգի ուղիղ եթերում[1][6]։

Կենդանի կատարում Բեռլինում (2004) խմբագրել

Երգի անվանումը երգի տևողություն
1 «Ծաղիկը խոտի ստվերում» 6:39
2 «Մութ գիշեր» 5:23
3 «Լուսնի ճակատը» 4:23
4 «Սիրուն գարուն» 3:46
5 «Ցավալի» 6:06
6 «Դաշնամուրի և ջութակի սիմֆոնիա» 5:17
7 «Ջինգե ջան» 2:47
8 «Ես ուզում եմ սարեր գնալ» 5:55
9 «Դուք ունեք երկու սև աչք» 6:16

Կենդանի կատարում Տորոնտոյում (2008) խմբագրել

Երգի անվանումը երգի տևողություն
1 «Սիրունիկ ծիծեռնակ» 4:06
2 «Մանուշակագույն ճոճանակ» 4:48
3 «Հիշիր ինձ» 6:24
4 «Լուսնի ճակատը» 4:24
5 «Նորություն» 6:34
6 «Իմ երկիրը» 6:24
7 «Ջինգե ջան» 3:24
8 «Ես ուզում էի» 1:45

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Tamoss magazine Toronto interview with Darya Dadvar دریا دادور». web.archive.org. 2013 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 «رادیو زمانه». web.archive.org. 2018 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: Text "آهنگ زمانه" ignored (օգնություն); Text "خوانندگان ایرانی" ignored (օգնություն); Text "صدای زن ایرانی خاموش نمشود" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  4. Lafayette, Maximillien De. (2013). Greatest, the most important and the most powerful women of the middle east. [Place of publication not identified]: Lulu Com. ISBN 1-304-49145-5. OCLC 923261594.
  5. «WebCite query result». www.webcitation.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 «تیرگان». رادیو‌ شهرزاد (պարսկերեն). 2015 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: Text "قسمت هفتم" ignored (օգնություն); Text "مهمان برنامه: دریا دادور" ignored (օգնություն)
  7. «BBC Persian». web.archive.org. 2014 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «دریا دادور ستاره‌ای در آسمان اپرای ایران» (պարսկերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  10. 10,0 10,1 «Darya Interview Sweden April 2011 - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. «Արխիվացված պատճենը». web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. «Wayback Machine». web.archive.org. 2014 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  13. 13,0 13,1 «رادیو زمانه». web.archive.org. 2018 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: Text "آهنگ زمانه" ignored (օգնություն); Text "خوانندگان ایرانی" ignored (օգնություն); Text "صدای زن ایرانی خاموش نمی‌شود" ignored (օգնություն)
  14. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2013 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  15. Resistance in contemporary Middle Eastern cultures : literature, cinema and music. New York: Routledge. 2012. ISBN 978-0-415-89337-4. OCLC 730404019.
  16. «تلاهای تازه برای جلوگیری از «خوانندگی زنان» در ایران». web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. «تلاش‌های تازه برای جلوگیری از «خوانندگی زنان» در ایران». web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  18. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  19. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  20. «ریشها، دلتنگها و ترانها در گفتگو با دریا دادور». web.archive.org. 2015 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: Text "کیهان لندن" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարիա Դադվար» հոդվածին։