Խազագրություն, հայ միջնադարյան երաժշտական գրության արվեստն է։ Ձևավորվել է VIII դարից։ Գաղափարի ծագումն ու սկզբնական իրականացումը կապված են Ստեփանոս Սյունեցու անվան հետ։ Խազագրության հետագա մշակմանն ու զարգացմանը մասնակցել են Գրիքոր Գռզիկը (Այրիվանեցի), Անանիա Նարեկացին, Խաչատուր Տարոնացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Խալը, Գևորգ Սկևռացին, Թովմա Մեծոփեցին, Գրիգոր Խլաթեցին և ուրիշներ։

Խազեր
Շարականների խազերի տախտակն ըստ Ռ. Աթայանի
Շարականային մեղեդիի տրոհումը խազային պարզագույն հյուսվածքում (հորիզոնական գշիկները փոխարինում են խազ չկրող վանդակներին)
Խազագրության հիմնական նշանների միակցությունը (ըստ Ն. Թահմազյանի) և տառային լրացուցիչ նշումները

Պահպանվել է շուրջ 2000 գիրք (ավելի քան 1000-ը՝ Երեանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում) և շատ պատառիկներ, որոնք բովանդակում են հայ մասնագիտացված միաձայն երաժշտության դեռևս V դարից երգված բազմաթիվ ստեղծագործությունների խազագրումներ։ Դրանք, սակայն, առ այսօր լրիվ ընթեռնելի չեն, քանի որ չի հայտնաբերվել խազագրության սկզբունքը բացահայտող գրավոր շարադրված որևէ ամբողջական ուսմունք։ XVI - XVIII դդ. խազերը կարդալը հետզհետե մոռացվել է (թեև երգերը շարունակել են արտագրել, XVII դարից՝ նաև տպագրել), իսկ XIX դարի սկզբում դրանք իրենց տեղը զիջել են նոր-հայկական ձայնագրությանը։

Խազագրությունն ուսումնասիրել են եվրոպական մի շարք գիտնականներ (0ռ. Շրյոդեր, Շ. Վիլոտո, Հ. Պետերման, Ֆ. Ֆետիս, 0. Ֆլայշեր, Պ. Վագներ և ուրիշներ), առանց, սակայն, նշանակալի արդյունքի։ Հայերից հետազոտել են Գ. Գապասաքալյանը, Ե. Տնտեսյանը, Կոմիտասը և մի շարք սովետական երաժշտագետներ։ Խազագրությունն ընդգրկել է միմյանց հետ կապված առոգանության և բուն երաժշտական երեք համակարգ։ Նշանները գործածվել, կայուն ձև և տարբերակված իմաստ են ստացել աստիճանաբար։ Ամեն մի հաջորդ համակարգ նոր նշանակությամբ օգտագործել է նախորդի նշանները ևս, գրառվածը մեկնաբանելիս բոլոր համակարգերում ընդունվել է որոշ նորմերով կարգավորվող հանկարծաբանական ազատություն։ Առոգանության խազագրությունը վերծանել է (հայտնաբերված հնագույն նմուշը՝ IX դար) Կոմիտասը 1899 թվականին, սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները։ Ըստ Կոմիտասի, ավետարանական տեքստը առոգանությամբ ընթեռնելիս (կամ թվերգելիս) համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի ելևէջներ)։ Կան նաև հատուկ սկզբնաձևեր և ավարտաձևեր։

Երաժշտական խազագրության նախնական համակարգը (հնագույն նմուշը՝ IX դար) հիմնականում նման է վաղ-բյուզանդական նևմագրությանը. տարբեր խազերի քանակը խիստ սահմանափակ է, նշանագրվել են (երգչին հիշեցնելու համար) միայն մեղեդիական գծի առանձնահատուկ բեկումներն ու հանգույցները։ Հաջորդ՝ «Շարականների» (հնագույն օրինակը՝ X դար) և «Մանրուսման» (հնագույն օրինակը՝ XII դար) համակարգերը զարգացման ընթացքի մեջ բռնած տեղով համապատասխանում են միջին և ուշ բյուզանդական գրությանը, բայց զարգացել են այլ, ինքնուրույն հունով։ Նախնականի համեմատ սրանք ավելի մշակված են, մեկում և մյուսում տարբեր խազերի քանակը զգալիորեն ավելացել է։ «Մանրուսման» համակարգում, որով գրառված են Պատարագի երգերը, տաղերը, մեղեդիները, գանձարանների ու ճաշոցների ծանր-զարդոլորուն երգերը, կիրառված են շարականների խազերի բազմաթիվ նոր զուգորդումներ և հաջորդականություններ։

Խազագրության զարգացած փուլը նկատի ունենալով՝ Կոմիտասը 1910 թվականին ամփոփել է «խազաբանության տարրերը», որոնք հաստատում են, որ X - XII դդ. գրառումը ավելի ճշգրտված է եղել։ Երաժշտական խազերի ուսումնասիրությունն ընթացել է հնագույն գրչագրերում նրանց մասին հայտնաբերվող տեղեկությունների պատմական հետազոտության, բուն խազագրությունների ներքին օրինաչափությունների բացահայտման, ազգային մոնոդիկ երաժշտության էական տարրերի էվոլյուցիայի վերականգնման, պահպանված հայ հոգևոր երաժշտության և միջնադարյան երաժշտական գրության այլ համակարգերի հետ համադրման ու այլ ուղիներով։ Պարզաբանվել են ստեղծման ժամանակը, զարգացման փուլերն ու անկման շրջանը, ճշգրտվել նշանները, հաստատվել է խազերով գրառված երգերի (մասնավորապես՝ շարականների) և 1870-ական թթ. բանավոր կատարումից Ն. Թաշճյանի վերաձայնագրած նույն երգերի զգալի համապատասխանությունը, լուսաբանվել են խազագրության հիմնական տարրերը, որոշ խազերի նշանակության ընդհանուր բնույթը, մեղեդիների տրոհության և չափա-կշռութային կողմի գրանցումը, հաստատվել է երգերը վերարտադրելիս ավանդական ձայնեղանակների որոշիչ նշանակությունը, հանկարծաբանական ազատության դերը և այլնն։ Խազերի վերծանումը կարևոր է ոչ միայն հայկական, այլև ողջ մերձավորարևելյան միջնադարյան երաժշտության և համաքրիստոնեական եկեղեցական երաժշտության վաղ շրջանների ուսումնասիրման առումով։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Խաչատուր Էրզրումեցի, Համառօտ ական իմաստասիրութիւն..., հ. 2, Վնտ., 1711, էջ 529 - 35։
  • Գրիգոր Գապասաքալյան, Գրքոյկ, որ կոչի նուագարան, ԿՊ, 1794։
  • Տնտեսյան Ե., Տեսությունք Շարականի երգոց խազերուն, «ժամանակ», 1864, № 45 (հավելված)։
  • Նույնի, Նկարագիր երգոց..., ԿՊ, 1874։
  • Կոմիտաս, Շարականի խազերի նշանակությունը, տես նրա «Հոդվածներ և ուսումնասիրություններ», Ե., 1941։
  • Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959։
  • Թահմիզյան Ն., Հիմնական խազերի միակցությունը, «ԲՄ», 1969,
  • № 9։ Նույնի, Պարզագույն խազագրությունների վերծանության Փորձ, «ՊԲՀ», 1971,
  • № 2։ Նույնի, Խազագրության արվեստը իր պատմական զարգացման մեշ, «ԲՄ», 1977,
  • № 12; Aтаян P., Apмянская средневековая нотопись, «Myзыка народов Азии и Африки», 2., M., 1973;
  • Taгмизян Н., Teopuя музыки в древной Армении, E., 1977;
  • Komitas Kevorkian, Die armenische Kirchenmusik «Sammelbande der Internationale Musikgeschaft», 1899,
  • Heft 1, Wellesz E., Die armenische Messe und ihre Musik, «Jahrbuch des Musikbibliothek Peters, fur 1920», Lpz., 1921;
  • Ataian R., Armenische Chasen, «Belt՝rage zur Musikwissenschaft», (B.), 1968,
  • Heft 1/2; Tahmizian NLes anciens manuscrits Musicaux Armeniens, «Revue des Etudes Armeniennes», (P.), 1970, . 7.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 701